Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

«Հիմա հաշվեք, տեսեք` ինչ են ուզել, ինչի են հասել»

«Հիմա հաշվեք, տեսեք` ինչ են ուզել, ինչի են հասել»
24.05.2016 | 00:30

Ողջ քաղաքական դաշտն ընկղմված է 800 հեկտար տարածք կորցնելու խոսքուզրույցի մեջ: Կորուստը շա՞տ է, թե՞ քիչ: Հայաստանում կարծիքները խիստ տարբեր են: Ի՞նչ են մտածում Արցախում: «Իրատեսի» հետ զրույցում ԼՂՀ նախագահի խոսնակ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԸ Արցախում տիրող տրամադրությունները փոխանցեց:


-800 հեկտար տարածքի գերակշիռ հատվածը չեզոք տարածքում է։ Պարզապես ադրբեջանցիները որոշ մասերում իրենց հենակետերը չեզոք գոտու հաշվին առաջ են բերել: Ռազմաքաղաքական հավասարակշռությունը տարածաշրջանում ընդհանրապես չի փոխվել, մեկ-երկու հենակետ առաջ տանելով այդ հավասարակշռությունը չի փոխվում: Նրանք նպատակ ունեին բլիցկրիգով գրավելու ողջ Արցախը, կապիտուլյացիայի ենթարկելու հայոց երկու պետությունները և ցեղասպանություն իրականացնելու, հայաթափելու Արցախը: Նրանց այս պլանը լիակատար ձախողվեց, տվեցին մարդկային բազմաքանակ զոհեր, ունեցան տեխնիկայի կորուստներ: Հիմա հաշվեք, տեսեք` ինչ են ուզել, ինչի են հասել: Ընդամենը չեզոք գոտում իրենց հենակետերը մի քիչ առաջ են տարել: Եթե սա էր բլիցկրիգի արդարացումը, ուրեմն կատարյալ ֆիասկո ապրեցին: Իրենք մտածում էին վերցնել առնվազն 15-20 հազար քառակուսի մետր տարածք, եթե այս դիտակետից եք հարցին մոտենում, ակնհայտ է նրանց պարտությունը: Վերլուծությունը պետք է օբյեկտիվ լինի:
-Հայաստանում ոմանք կարծում են, որ այդ կորցրած տարածքների հետևանքով գյուղեր են դատարկվել ու շատ խոցելի դարձել:
-Այն գյուղերը` Թալիշը, Մատաղիսը, որոնք բավականին մոտ էին սահմանին, միգուցե ժամանակին էլ 93-94-ին հետ տային, հատկապես որ քանդված, ավերված վիճակում էին: Բայց այն ժամանակ էլ խնդիր էր դրված պատմական գյուղերը վերականգնելու: Գյուղերի դատարկվելը ժամանակի խնդիր է, մարդիկ հաստատապես վերադառնալու են այնտեղ: Եթե այս թեման ուղղակի շահարկումների համար են օգտագործում, հասկանալի է դրա ուռճացումը, Երկրորդ աշխարհամարտի պարտության պես մի բան սարքելը: Ի՞նչ է եղել նրանց ուզածը` Մարտակերտը, Քարվաճառը, Ստեփանակերտը գրավելը, իրենց դրոշը Շուշիում բարձրացնելը: Սակայն արդյունքում ստացել են հեկտարներ չեզոք գոտում:
-Նախագահների հանդիպումից հետո Ադրբեջանն արդեն պայմանավորվածություններից հետ կանգնելու մասին է հայտարարում: Դիվանագիտական հարթությունում էլի շարունակում ենք գնալ նույն ճանապարհո՞վ:
-Ադրբեջանն արդեն քսաներկու տարի շարունակում է խախտել զինադադարը և այդպես էլ վարվելու է: Կարևորն այն է, որ միջազգային հանրությունը հստակորեն նշել է` պատերազմական գործողությունները անթույլատրելի են: Երբ զինադադարի խախտման մեխանիզմները ֆիքսվեն, այդ ժամանակ Ադրբեջանի համար դժվար կլինի խախտումներ անել:
-Ադրբեջանը կպահի՞ այդ պայմանավորվածությունը:
-Կարծում եմ, միջազգային հանրությունը պետք է համապատասխան ճնշում գործադրի, որպեսզի Բաքուն իր մոտեցումը վերանայի և փոխի ապակառուցողական դիրքորոշումը:
-Բանակցային սեղանի շուրջ հայկական կողմն ի՞նչ նախապայման պետք է առաջնային համարի:
-Պետք է սկսեն մշակել զինադադարի խախտման դեմ միջոցառումները:
-Ժամանակը չէ՞, որ Ղարաբաղը նորից վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ:
-Երբ այդ մեխանիզմները ներդրվեն, Ադրբեջանի կամքից անկախ, Ղարաբաղն ինքնաբերաբար կդառնա ակտիվ բանակցային կողմ:


Ճեպազրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2160

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ