ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Կիսատության ազգային սինդրոմը

Կիսատության ազգային սինդրոմը
24.05.2016 | 00:48

Նկատե՞լ եք, որ մենք մեզ պահում ենք գերտերության պես: Մենք ունենք միջանկյալ դիրք, որ կարող են իրենց թույլ տալ ներքին ու արտաքին սպառնալիքներ չունեցող տերությունները իրենց լավագույն ժամանակներում, երբ չեն վախենում, որ իրենց քաղաքականությունը կարող է հանգեցնել տնտեսական թուլացման, քաղաքական դիմազրկման ու նույնականության կորստի: Ոչ, նման սպառնալիքները մեզ համար չեն, մենք իսկապես գերտերություն ենք, բայց չենք բարձրաձայնում, որ չիմանան: Առաջ կոչվում էր կոմպլեմենտարիզմ, հետո ասացին՝ փոխլրացման քաղաքականություն: Փոքր պետությունների համար գոյության գյուտ է, որ արժանի է Նոբելյան մրցանակի դեռ չսահմանված մրցակարգում՝ ինչպես գոյատևել գլոբալ աշխարհում, որտեղ փոխհարաբերությունների հիմքում ոչ թե համակեցությունն է, ոչ էլ անգամ մրցակցությունը, այլ դիմակայությունը, որ վերածվում է առճակատման: Ահա այս փոքրի՛կ փաստն է, որ մենք չենք նկատել, փորձում ենք չնկատել ու գերադասում ենք ոտքի տակ չընկնել մեր ինքնուրույն որոշումներով: Այդպես համարվում է անվտանգ, հեռանկարային, անգամ խելամիտ: Մինչդեռ հենց դա է ոտքի տակ ընկնելու ուղիղ ճանապարհը:

Մխիթարություն ենք հնարել՝ մենք մեղավոր չենք, որ աշխարհը չի գնում այն ճանապարհով, որը մեզ հարմար էր: Գործընթացները կառավարել մենք չենք կարող, ոչ ոք չի կարող, ու մենք փորձում ենք անվերջ մանևրել, որ՝ ի՞նչ: Հայաստանի նախագահին հաճախ են մեղադրում, որ 2013-ի սեպտեմբերի 3-ին անսպասելի որոշում ընդունեց, ինչը հակասում էր եվրաասոցացման գործընթացի տրամաբանությանը: Հաճախ են հռետորական հարցեր տալիս, թե ինչո՞ւ երեք-չորս տարի ժամանակ վատնվեց, եթե Հայաստանը ժողովրդավարության զարգացման մոդելից գերադասելու էր եվրասիական կիսաբռնապետական-կլանային մոդելը, որտեղ մյուսների համեմատ Հայաստանը իր բոլոր պրոբլեմներով ժողովրդավարության դրոշակակիր է: Բայց գերադասում են մոռանալ, որ երկար ժամանակ Ռուսաստանն ինքն էր փորձում ինտեգրվել ԵՄ-ին ու եվրաասոցացման սեփական ծրագրերն էր առաջարկում Բրյուսելին՝ Վանկուվերից Վլադիվոստոկ, հաշվարկելով արևմտյան տեխնոլոգիաների, կառավարման մոդելների, ռուսական հումքի ու էժան աշխատուժի համադրման հսկայական շահույթները:

Այդ շրջագծում նախկին ԽՍՀՄ պետությունների եվրաասոցացման գործընթացները օրինաչափ ու ճիշտ էին համարվում Մոսկվայում՝ համընթաց քամի ռուսական առագաստներին: Երբ Դմիտրի Մեդվեդևի պայմանական նախագահությունից հետո, որ Արևմուտքը լուրջ էր ընդունել, Կրեմլ վերադարձավ Վլադիմիր Պուտինը, խաղը փոխվեց: Արևմուտքը համոզվեց, որ ռուսական հոգին իր համար մութ անտառ է, որտեղ ավելի շուտ կմոլորվի, քան լուսավոր բացատ դուրս կգա: Մաքսային միությունը այդպես վերածվեց եվրասիականի ոչ թե հանուն տնտեսական ինտեգրման, այլ քաղաքական ու աշխարհաքաղաքական շահերի սպասարկման: Արևմուտքը ի սկզբանե արգելակեց ԵԱՏՄ-ի նախնական մոդելը, ու սկսվեց ՈՒկրաինայի ճգնաժամը: Սոչիի օլիմպիական խաղերից հետո բոլորը հանեցին քաղաքական դիմակները, ու գլոբալ առճակատումը վերածվեց հիբրիդային, համակարգային պատերազմի: Սրանք բոլորին լավ հայտնի փաստեր են, որ, սակայն, հակասական մեկնություններ են ստանում: Նայած՝ ում ինչ է պետք հիմնավորել: Սոփեստությունը քաղաքականության զինանոցում երբեք չժանգոտող զենք է, բայց պետության քաղաքականությունը չի կարող և չպետք է փորձագիտական մակարդակ ունենա: Փոխլրացման քաղաքականությունը, ավելի ճիշտ, լարախաղացությունը երկու ճոպանի վրա, իրեն արդարացնում է, երբ ճոպանները զուգահեռ են, երբ բևեռները միմյանց հետ հակասություններ չունեն: Երբ ճոպանները սկսում են խաչվել, լարախաղացը պիտի ընտրի՝ որի վրա է շարունակում ընթացքը: Գլոբալ առճակատման պայմաններում հնարավոր չէ հավասարակշռություն պահպանել, գալիս է պահ, երբ ոչ թե բևեռները քեզ համարում են կամուրջ, այլ դառնում ես երկուսի համար էլ անվստահելի՝ մյուսի հետ քո կապերի պատճառով, ու հայտնվում ես կրկնակի հարվածի տակ: Փոխլրացման քաղաքականության պատճառով մենք զարգացրել ենք կիսատության սինդրոմ՝ ոչ այստեղ ես, ոչ այնտեղ, ոչ օտար ես, ոչ յուրային:

Ոչ քո խաղն ես խաղում, ոչ ուրիշի, ոչ կաս, ոչ չկաս:
Մի քանի հայտնի փաստեր ևս՝ համադրելու ու մտածելու համար:


1. Հայաստանը հայտարարեց, որ կճանաչի ԼՂՀ-ն ու այս հարցում էլ դիմեց կիսատության ավանդույթին՝ «եթե» դնելով: Հայտարարեց Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև ռազմաքաղաքական դաշինք կնքելու մասին ու նորից հարցը կախեց՝ պրոբլեմներ կան: Ո՞վ էր ասում, որ չեն լինելու, իսկ հիմա պրոբլեմներ չկա՞ն: Եթե դա ԼՂՀ ճանաչման կես քայլն է, մյուս կեսը ո՞վ է անելու: Ե՞րբ է անելու՝ «պատեհ պահը» ո՞րն է: Երբեք ինչ-որ քայլի համար 100 %-ով անհրաժեշտ պայմանները չեն լինում, միշտ էլ կա ռիսկը, 50/50 հավանականությունը: Մենք մեր անելիքների մասին մտածելու փոխարեն մտածում ենք՝ ուրիշներն ի՞նչ կանեն: Ի՞նչ կասեն: Ինչպե՞ս կարձագանքեն:
2. Երևանում ԵԱՏՄ վարչապետները հավաքվեցին ու նիստ գումարեցին: Ներկա էին բոլորը, նաև նրանք, որ ապրիլին վախեցան Բաքվին նեղացնել: Ի՞նչ փոխվեց Հայաստանի համար, երբ ԵԱՏՄ վարչապետները մայիսի 20-ին համատեղ լուսանկարվեցին: Երբ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց. «ԵԱՏՄ շրջանակում արդեն ստեղծվել է ամուր պայմանագրային հիմք, մշակվում են փոխգործակցության մեխանիզմներ: Այս ուղղությամբ համաձայնեցված աշխատանքը, անկասկած, իր ներդրումը կունենա մեր երկրների սոցիալ-տնտեսական զարգացման գործում, կբարձրացնի մեր տնտեսությունների մրցունակության մակարդակը և համաշխարհային տնտեսության մեջ դրանց ներգրավման աստիճանը», երբ կարևորեց միջազգային և տարբեր ձևաչափերով համագործակցության ընդլայնումը, ԵԱՏՄ-ի սերտ առևտրատնտեսական համագործակցությունն առանձին երկրների հետ, երբ առանձնացրեց Չինաստանի հետ համագործակցության հարցը: ԵԱՏՄ-ից առաջ չէ՞ր իբրև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Պեկին գնում: Երկկողմ հարաբերությունները պարտադիր պիտի միջնորդավորված լինե՞ն բազմակողմ կաշկանդիչ կանոնակարգերով: ԵԱՏՄ-ում մնալու են միայն Հայաստանը, Ռուսաստան ու Թաիլա՞նդը, որ ուսումնասիրում է ԵԱՏՄ-ի շենշող հնարավորությունները: Ինչո՞ւ է ԵԱՏՄ-ից բողոքում հիմնադիր անդամ Բելառուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովը. «ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի շուրջ բանակցությունների շարունակական հետաձգումը հանգեցնում է պայմանավորվածությունների վերանայմանը, արդյունքում՝ դոփում ենք տեղում, եթե հետ չենք գլորվում: Անհրաժեշտ է սահմանել ժամանակային հստակ կողմնորոշիչներ, վերջնաժամկետ»: Որովհետև Բելառուսի նախագահը երկրի տնտեսության փրկությունը որոնում է Արևմուտքո՞ւմ՝ հույսը Ռուսաստանից կտրած:
Նորանդամ Ղրղզստանի վարչապետ Սորոնբայ Ժենեբեկովն էլ բողոքում է. «Եվրասիական ինտեգրացիոն միավորման շրջանակում մեր երկիրը բախվել է մեծ թվով տարաբնույթ արգելապատնեշների: Ղրղզստանը հույս ունի բաց երկխոսություն վարել միության իր գործընկերների հետ և պատրաստ է ԵԱՏՄ շրջանակում փնտրել մեր տնտեսությունների մրցունակության բարձրացման նոր ուղիներ: Հարկ է, որ ԵԱՏՄ անդամ-երկրները զերծ մնան այնպիսի գործողություններից, որոնք կարող են վտանգի տակ դնել միության հիմնական նպատակները և սկզբունքները»: Ինչո՞ւ է բողոքում, որովհետև ԵԱՏՄ մտնելով՝ կորցրեց Չինաստանի հետ ապրանքաշրջանառությունն ու առևտրատնտեսական կապերի կեսը: Իսկ Ղազախստանի վարչապետ Կարիմ Մասիմովը ասել է, որ Աստանան առաջարկել է 2016-ը հայտարարել առանցքային՝ երրորդ երկրների հետ տնտեսական հարաբերությունների զարգացման և ինտեգրացիոն գործընթացների ընդլայման ուղղությամբ՝ Հնդկաստան, Եգիպտոս, Իրան, Չինաստան: Ադրբեջանի անունը կամ չի տվել, կամ չեն արձանագրել: Նաև չի ասել՝ ի՞նչ է կատարվում իր երկրում, ընտրություններից հետո ի՞նչ բողոքի ցույցեր են, ո՞ւմ դեմ և ինչիո՞ւ: Հարց՝ եթե ԵԱՏՄ-ում բոլորը կամ բողոքում են, կամ ելքը տեսնում են այլ երկրների հետ կապերի մեջ, միությունը ի՞նչ է տալիս, օգոստոսի 12-ին Սոչիում ինչո՞ւ են հանդիպելու: Ամա՞ռ է, ծո՞վ, արև՞:
3. Մինչ վարչապետը Առինջ-Գառնի երթուղու վրա էր, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Երևանի կենտրոնում՝ Սպիտակ տանը, ազդարարում էր Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար 2015-2018-ի գործողությունների ծրագրի մեկնարկը, հընթացս նշելով Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 15-ամյակը, ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատայնի-Դրագոնի, ԵԽ դեսպանների ներկայությամբ։ Ասում էր՝ «Հայաստանում իրականացվող բարեփոխումներին ԵԽ աջակցությունը կառույցի հետ մեր բազմակողմանի հարաբերություններում կարևոր տեղ է զբաղեցնում։ Հայաստանը շարունակական բարեփոխումներ է իրականացնում՝ առաջ մղելու ժողովրդավարական արժեքները, ամրապնդելու մարդու իրավունքների պաշտպանությունը և ապահովելու օրենքի լիակատար գերակայությունը։ Եվ այս առումով շնորհակալ ենք ԵԽ-ին այս գործընթացում մշտական աջակցության համար»։ Ասում էր. «Այս տարի նշում ենք ԵԽ-ին մեր երկրի անդամակցության 15-ամյա հոբելյանը։ Վստահ եմ, որ ինչպես մենք, այնպես էլ ԵԽ-ն գնահատում է այս մեկուկես տասնամյակը՝ որպես ամուր քայլերով զարգացող հարաբերությունների, ժողովրդավարության կառուցման շուրջ արդյունավետ համագործակցության ժամանակաշրջան։ Այս 15 տարիներին Հայաստանը դարձել է ԵԽ-ի, դրա տարբեր կառույցների անբաժանելի մաս և ակտիվ դերակատար»։ Դուք նրա անկեղծությանը հավատո՞ւմ եք: Ես՝ ոչ: Հատկապես՝ շարունակական բարեփոխումների ու ժողովրդավարական արժեքների մասով:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. Մեկ տարի մնաց խորհրդարանական ընտրություններին, որ հանրաքվեից հետո նույնացել են նախագահական ընտրություններին: Ապրիլյան քառօրյա պատերազմի ներքին ու արտաքին դասերը հաշվի առնելով՝ բոլոր նրանց, ում համար 5-10-15-20 հազար դրամը ապագա չէ, առաջարկում եմ կողմնորոշվել.
1. Շարունակե՞լ կիսատության ազգային սինդրոմին ապավինել, թե՞ ապաքինվել պետությունը կաշկանդող համաճարակից, երբ որևէ հարց չի ստանում ամբողջական լուծում, երբ երբեք չի գալիս «պատեհ պահը» ու «խելամիտ ժամանակը», երբ պետության ինքնիշխանությունը ի սպաս է դրվում իշխանական ու անձնական շահին:
2. Ձեր ապագան տեսնում եք եվրասիակա՞ն, թե՞ եվրոպական տարածքում: Հիշեք, որ Լուկաշենկոն կնախագահի այնքան, մինչև որդին մեծանա, Նազարբաևը իշխանությունը կփոխանցի դստերը, ու՝ այդպես: Դե, իսկ Պուտինը անվերջ է ու անդադար:
3. Համարո՞ւմ եք ՀԱՊԿ-ը անվտանգություն ապահովող հուսալի կառույց, որ ծառայում է ոչ թե ՌԴ աշխարհաքաղաքական շահերին, այլ Հայաստանի պաշտպանությանը: Եվ՝ ումի՞ց: Ռուսաստանի՞ թշնամիներից, թե՞ Հայաստանի:
4. Գործող կուսակցություններին համարո՞ւմ եք ունակ համակարգային փոփոխությունների՝ մենակ կամ կոալիցիայով: Ո՞ր կուսակցությունն է իշխանություն դառնալու դեպքում ի զորու դուրս գալու այսօրվա քաղաքական ու տնտեսական կուրսից ու, ասենք, պայմանագիր կնքելու Իրանի հետ գազ գնելու ու Հայաստանի տարածքով գազամուղ անցկացնելու հարցով:
5. Համակարգային փոփոխությունները համարում եք համակարգի՞ խնդիրը, թե՞ այլընտրանքային համակարգ է պետք: Մտածե՞լ եք՝ ինչո՞ւ են քաղաքական կուսակցություններին փոխարինել հասարակական շարժումները ընդդիմադիր դաշտում, որովհետև ավելի ակտի՞վ են, թե՞ կառավարելի:
6. Հավատո՞ւմ եք ընտրություններով իշխանափոխության, եթե ոչ, ի՞նչ եք անելու:
7. Պատրա՞ստ եք փոփոխությունների, թե՞ ձեզնից ոչինչ կախված չէ, դուք շարքային քաղաքացի եք, միջին վիճակագրական հայ, ընտրազանգվածի մաս, որ ոչ ձայն ունի, ոչ դեմք, ոչ կամք: Ոչ էլ՝ երազանք:

Դիտվել է՝ 1585

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ