Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Կառչենք անսասան ժայռին, որ մեր նախնիների լույս հավատքն է

Կառչենք անսասան ժայռին, որ մեր նախնիների լույս հավատքն է
24.05.2016 | 01:06

Համարձակաբար կարող ենք այս ամիսը կոչել բույլ սրբոց կամ տոնամիս, քանզի Տեր Հիսուսի հարությունից հետո Համբարձումն ու Հոգեգալուստն է տոնվել, այս շաբաթ Հռիփսիմյան ու Գայանյանց սրբուհիների հիշատակություններն են, ու կարծես տոն օրերի շքերթ է սկսվում մեր եկեղեցու տոնացույցում, մինչև տարվա վերջ։


Իսկ հիմա մանրամասնենք։ Մեր եկեղեցական օրացույցում այս ամիս սրբերի տոների առատություն է. սրբուհի Հռիփսիմեի տոնին հաջորդում է սրբուհի Գայանեի տոնը, ապա սուրբ Հովհաննեսի ու Գրիգոր Լուսավորչի` Խոր վիրապից ելնելու տոնը, իսկ ամսվա վերջին՝ Սուրբ Էջմիածնի տոնը: ՈՒշադիր ընթերցողն անշուշտ հասկացավ, որ բոլոր տոները մեր Առաքելական եկեղեցու հաստատման հետ են կապված։ Այդպես էլ կա, քանզի Տերն Իր սկսած գործը կիսատ չի թողնում։


Հայտնի է, որ Տերը Իր համբարձումից առաջ պատվիրեց առաքյալներին ու աշակերտներին. «Գնացե՛ք ամբողջ աշխարհով մեկ և քարոզեցե՛ք Ավետարանը բոլոր մարդկանց» (Մարկոս 16.15): Այդպես էլ եղավ, Տիրոջ կենարար խոսքը սերմանվեց աշխարհով մեկ՝ բոլոր ազգերին: Բայց ով սերմանում է, բերքի հույսով է սերմանում: Տերը սպասեց երեք հարյուր տարի, մինչև Իր առաքյալների՝ Թադեոսի ու Բարդուղիմեոսի սերմանած ավետարանի խոսքերը առաջինը հայոց ազգը պտղակալեց ու դարձավ Սուրբ Հոգու բերքի առաջին երախայրին: Իսկ հետո Հռիփսիմյանց կույսերը, իրենց երկրում հալածվելով, նախ Հռոմ գնացին, ապա Սուրբ Հոգու թելադրմամբ՝ Երուսաղեմ, որտեղ և Տիրոջից առաջնորդություն ստացան, որ գան Հայաստան աշխարհ, արդեն սերմանվածը փխրեցնելու և պարարտացնելու իրենց սեփական արյան ոռոգումով, քանզի այդ էր Արարչի կամքը: Կուսածին Որդու մեծ ու փառավոր անունը կրելու համար դրախտաբույր այդ երկիրը պետք է ոռոգվեր սուրբ ու անարատ կույսերի արյունով: Եվ երբ դա կատարվեց, ու երեսունչորս կույսեր նահատակվեցին Տրդատ թագավորի հրամանով, Արարատյան դաշտավայրը ոռոգվեց սրբուհիների կուսական արյունով, և տեղում աճեցին ու հառնեցին ապագա Սուրբ Էջմիածնի այժմյան եկեղեցիները։ Կա մատենագրական փաստագրում, որ երբ թագավորի զինվորները սպանում ու սրախողխող են անում սրբուհիներին, նրանք մունջ գառների նման իրենց հանձնում էին սպանողներին, որպես հայոց ազգին մատաղացու։ Իսկ երբ նրանց նահատակված դիերը թողեցին ամայի դաշտում, որպես թափառող կենդանիներին կեր, հեթանոսական այդ զազրելի սովորությունը նույնիսկ կենդանիները խախտեցին, կույսերի մեռած մարմիններին ոչ մի գազան կամ շուն չմոտեցավ, ու այդպես մնացին ինն օր դաշտում ընկած, առանց ապականության նշույլների, մինչև որ Տերն Իր սկսած գործը կշարունակեր: Դեռևս հեթանոս հայորդիներից ոչ ոք իհարկե չէր հասկանում, որ կույսերի անապական սուրբ արյունով ապագա քրիստոնեական Հայաստանի հավատքի հիմքերն են ոռոգվում։ Անցնում է ինն օրը՝ երկնային հրեշտակների նույնքան դասերի չափով, մինչև որ կկատարվեր մեկ այլ խորախորհուրդ իրադարձություն. թագավորի քրոջ՝ Խոսրովդուխտի հնգապատկված երազներին անսալով, պալատական արքունիքը գնում-հանում է Խոր վիրապից տասներեք տարվա մահապարտ Գրիգոր Պարթևին՝ ապագա Լուսավորչին, ով պետք է առաջին Հայոց հայրապետը դառնար ու մի գահ հաստատեր, որ մինչև Հիսուս Քրիստոսի Երկրորդ գալուստը անսասան ու հաստատուն մնար։ Այդպես էլ եղավ, այդպես էլ կա և կլինի։ Իսկ երբ Գրիգորն իմանում է, թե իր ելքից առաջ ինչ է կատարվել, առաջին հերթին գնում և քրիստոնեավայել թաղում է սրբուհիների անվնաս ու անապական մնացած մարմինները, ինչը ապագա հրաշքների դուռն էր բացելու Հայաստան աշխարհի հավատքի հաստատման համար։ Դրանցից առաջինը եղավ այն, որ Գրիգոր Լուսավորչի աղոթքով դիվահարությունից ազատվեց Տրդատ արքան, ով մինչև իսկ խոզի կերպարանք էր ստացել իր անմարդկային դաժանության համար։


Այս առիթով մի թաքնված խորհուրդ ևս կա. երբ կույս աղջնակ Հռիփսիմեն մարտնչում էր ամեհի ու զորավոր Տրդատի դեմ, այդ պահին խորախորհուրդ պայքար էր գնում «կույս» ու անարատ, ՝ արտաքնապես տկար թվացող քրիստոնեության և բիրտ ու մարմնավոր հեթանոսության միջև: Եվ ամոթահար պարտվեց ամեհի Տրդատը՝ իր հետ և հեթանոսությունը՝ ծնկելով Կուսածին Քրիստոսի առաջ, Նրան Տեր ու Աստված դավանելով: Երկնեց Սիոնը ու Արարատի կուսական փեշերին Սուրբ Հոգին ծնեց Քրիստոսի սուրբ անունը դավանողներից անդրանիկ ազգին: Դեռ նոր վերահաստատված Տրդատի թագավորությանը բախտ վիճակվեց առաջինը Քրիստոս Աստծո համար խաչը վերցնել ու Նրան հետևել, պատերազմելով հռոմեական իշխանության դեմ ու հաղթելով: Բայց սատանան իր ոխը մինչև վերջ պահեց քաջ ու նվիրյալ Աստծո ծառայի՝ Տրդատի հանդեպ և նրան իր դեռևս հեթանոս ու պղծասեր նախարարների ձեռքով մահաթույն խմեցրեց՝ խավարեցնելով Հայաստան աշխարհը: ՈՒ չտարակուսենք Տիրոջ նախասահմանյալ խորհուրդների թողտվության համար, քանզի ինչպես կանանցից ծնվածներից ամենամեծը՝ Հովհաննես Մկրտիչը, կնոջ ձեռքով գլխատվեց, այդպես էլ հեթանոս արքաներից ամենաքաջը մի կույս աղջնակով պարտության մատնվեց և վերջում էլ հեթանոս հայորդիների ձեռքով նահատակության բաժակն ըմպեց: Այդպես է՝ մարդկային մտքից ու իմաստությունից վեր է Տիրոջ գործելակերպը, քանզի Նրա ծրագրերը հավիտենականությունից են բխում:


Երկրորդ ավանդությունը կապված է Տրդատ թագավորի հետ, ով նույնպես սիրում էր այդ հրաշագործ վայրը և հաճախակի այցելությունների էր գալիս, իր մահից հետո էլ թաղվում է նույն տաճարին կից: Այդ վայրում նաև կուսաստան է եղել, որտեղ աղոթքով իրենց հրեշտակային կյանքն են ապրել Հռիփսիմյանց կույսերը: Հետագայում Գրիգոր Լուսավորիչն այդ վայրը ընդարձակելով մի հրաշալի վանք է կառուցում, իսկ Տրդատ արքան էլ, որպես ապաշխարություն իր մեղքերի, հզոր թիկունքին դրած Արարատի փեշերից հսկայական քարեր էր կրում ապագա Մայր Տաճարի շինարարության հիմքերի համար. հիմքեր, որոնք անսասան ու հաստատում էին մնալու, ի հեճուկս ամենակուլ ժամանակի ու գալիք բարբարոսների, որոնք ասպատակելու էին մեր երկիրը, բայց մինչև հիմքեր չէին սասանելու։ Մի աներևույթ զորություն, ում անունն է Հիսուս Քրիստոս, մեր տկար աղոթքներով դեռևս պահում ու պահպանում է այս փոքրիկ ածուն՝ Հայոց ազգը, մինչև որ կկատարվի Ավետարանի Խոսքը. «Ձեզ համար լավագույն հարստություն ունեք երկնքում, ուր այն միշտ մնում է: Արդ, մի՛ կորցրեք ձեր վստահությունը, որի մեջ մեծ վարձատրության հատուցում կա: Ձեզ համբերություն է պետք, որպեսզի, Աստծո կամքը կատարելով, հասնեք Նրա խոստմանը, քանի որ մի փոքր, շատ փոքր ժամանակ ևս, և գալու է Նա, Ով պիտի գա և չպիտի ուշանա» (Եբրայեցիներին 10.34-37):


Հայորդի մեր ընթերցող, մեր ազգային հիմքերը զորացնելու, ամրացնելու և հաստատուն պահելու համար այժմ էլ են մշակներ ու աղոթողներ պետք, քանզի մենք շրջապատված ենք մեր դեմ թշնամացած ու մեր Փրկիչ Աստծուն մերժած ազգերով, որոնց կրոնը պարտադրում է օրը հինգ անգամ նամազ անել: Աշխարհը ալեկոծվում է ավերող փոթորիկներից, մարդկային արյունը գետի պես է հոսում։ Մեզնից առավել զորեղ ազգեր մեկը մյուսի հետևից ծնկի են գալիս մի աներևույթ կործանող ուժի առջև, և այդ ուժը Նեռի իշխանությունն է, որ իր թագավորությունն է ուզում հաստատել աշխարհում։ Մեր ազգի փոքրիկ նավակը չի կարող դիմանալ այդ փոթորիկներին, եթե խարսխված չլինի հաստատուն ժայռին, իսկ այդ ժայռի անունն է Հիսուս Քրիստոս՝ Որդին Աստծո, Ով Իր Խաչով հաղթեց այս աշխարհի իշխանին՝ սատանային։


Մենք պետք է հավատքով կառչենք այդ անսասան Ժայռին, որը մեր նախնիների լույս հավատքն է՝ սուրբ Խաչով կնքված ու սուրբ մեռոնով օծված։
Տերը օրհնի և հաստատ պահի մեր Հայաստան աշխարհը այստեղ հիշատակված Իր բոլոր հաղթող սրբերի բարեխոսությամբ. ամեն։


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2168

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ