Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Դժվարը բոլորին առաջին մրցանակ չտալն է»

«Դժվարը բոլորին առաջին մրցանակ չտալն է»
24.05.2016 | 01:38

Հայտնի են Էդվարդ Միրզոյանի անունը կրող պատանի կոմպոզիտորների հանրապետական 3-րդ մրցույթի հաղթողները: Կրտսեր ենթախմբում հաղթող ճանաչվեց Ալեքսանդր Տոնիկյանը, ավագ ենթախմբում՝ Ալեքսանդր Հարությունյանը: Վերջինս, մասնակցելով 2014-ին կայացած միրզոյանական առաջին տոնին, դարձյալ նվաճել էր հաղթողի կոչումը: Այս տարի մրցութային փուլին մասնակցել են 16 պատանիներ:


Հանրապետության մասշտաբով եզակի այս նախաձեռնության հեղինակը կոմպոզիտոր ԷԴՄՈՆԴ ՄԱԿԱՐՅԱՆՆ է: Մեզ հետ զրույցում նա ասաց, որ մրցույթը տարեցտարի կատարելագործվում է, նշաձողը վեր բարձրացնելով` շարժվում են առաջ: Ամեն տարի նոր մասնակիցներ ու նոր բացահայտումներ են ունենում: Իրենց ուժերը փորձում են նաև անցյալ տարիներին հայտ ներկայացրած և մրցանակային տեղեր գրաված պատանի երաժիշտները. «Պատանիներին դրսևորվելու և կոմպոզիտորական ընտանիքի մի մասնիկը դառնալու հնարավորություն է տրվում: Բացի այդ, մրցույթի հանձնախմբում ընդգրկված էին այնպիսի մեծանուն երաժիշտներ, որոնց կարծիքը պատանիների համար, վստահ եմ, շատ կարևոր է»: Էդմոնդ Մակարյանը ասաց նաև, որ կոմպոզիտորների միությունը շարունակելու է համագործակցել հաղթող մասնակիցների հետ: Մտածում են նաև համերգաշարի տեսքով նախագծերի մասին, սակայն փակագծերն առայժմ չեն ուզում բացել:


ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակների դափնեկիր, կոմպոզիտոր ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆԻ կարծիքով` ունենք լավ երեխաներ, որ շատ են սիրում երաժշտություն և ստեղծագործական միտք ունեն։ «Նաև լավ նվագել գիտեն` բոլորն անխտիր և հետաքրքիր գործեր են գրում»,- ասաց նա: Անդրադառնալով մեր հարցին` դժվա՞ր էր հանձնախմբի համար ընտրություն կատարելը, ասաց, որ դժվարը բոլորին առաջին մրցանակ չտալն է, երկրորդ, երրորդ մրցանակ չտալը. «Բոլորը կստանան մրցանակ, բայց՝ խրախուսական: Այնքան լավ երեխաներ են, ոչ մեկին չես ուզում որևէ մերժողական ժեստ անգամ անել, ամենաաննշան մերժողական շարժում: Բոլորն էլ արժանի են բարձր գնահատանքի, ամեն մեկը յուրովի, ամեն մեկն իր նախընտրության մեջ: Մրցանակները տրվել են հանձնաժողովի արդար ընտրության արդունքում»:
«Ժամանակի հետ ամեն ինչ փոխվում է, նոր ստեղծվող երաժշտությունը նո՞ւյնպես կրում է ժամանակի դրոշմը»` հետաքրքրվեցի: Մաեստրոն ասաց, որ վերջին տասնամյակներին մեր դասական երաժշտության ձեռքբերումները, անշուշտ, անհետ չեն կորել: Երեխաները դրանք յուրացրել են, իրենցն են դարձրել և շատ լավ, ստեղծագործաբար երբեմն կրկնում են, երբեմն հիշեցնում, որ այսինչ երաժշտի ստեղծագործությանը ծանոթ են. «Երեխաները ծանոթ են մեր ձեռքբերումներին և շարունակում են դրանք: Սա այլևս իմ երիտասարդ տարիների սերունդը չէ, սա նոր սերունդ է»:


Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ ԱՐԱՄ ՍԱԹՅԱՆՆ իր խոսքում նշեց, որ տաղանդավոր սերունդ է մեծանում, և կարևոր է նրանց դրսևորվելու հնարավորություն տալը: Նրա բնորոշմամբ` բոլոր մասնակիցները հաղթող են. «Կարծում եմ՝ հնարավորություն ունեք դառնալու մեծանուն կոմպոզիտոր, և վերջապես, կարծում եմ, որ ձեր հաջողությունը ողջ հայ ժողովրդի հաջողությունն է»:


«Իրատեսը» զրուցեց նաև ավագ ենթախմբում երկրորդ հորիզոնական զբաղեցրած Լեո Բաղդասարյանի հետ, ով ներկայացել էր «Արցախ» անսամբլային ստեղծագործությամբ: Լեոն նախորդ մրցույթներում զբաղեցրել է երրորդ հորիզոնականը: Սովորում է Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում: Ասաց, որ ուզում է հայ մշակույթի մի մասնիկը դառնալ, սկիզբն էլ դրել է այս ժողովրդական երաժշտությամբ: «Արցախը հոգուցս բխող վերնագիրն էր: ՈՒզում էի Արցախի անունը ևս մեկ անգամ շոշափվեր»,- ասաց ծնունդով արցախցի 15-ամյա երաժիշտը: Հավելեց, որ շատ է հավանել ընկերների ստեղծագործությունները, ուրախ է, որ մրցույթը շարունակական է, նաև հպարտություն է զգում, որ իրեն լսում են Տիգրան Մանսուրյանը, Երվանդ Երզնկյանը և մյուս մեծանուն երաժիշտները:
Հավելենք, որ Միրզոյանի անունը կրող պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթն այս տարի իրականացավ Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Մրցանակակիրներին խրախուսական նվերներ էր պատրաստել ՀՀ մշակույթի նախարարությունը:


Զրուցեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2201

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ