Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Մեզ համար չկա ոչ կարևոր կամ ամայի տարածք, մեզ համար կա միայն ազատագրման ենթակա հայրենիք»

«Մեզ համար չկա ոչ կարևոր կամ ամայի տարածք, մեզ համար կա միայն ազատագրման ենթակա հայրենիք»
27.05.2016 | 00:30

Թուրքիայում ընթացող իրադարձությունների, ինչպես նաև ապրիլյան պատերազմի մասին զրուցում ենք թուրք-քրդական հակամարտության հարցերով փորձագետ ԿԱՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ։

-Ի՞նչ իրավիճակ է այսօր Թուրքիայում։ Ներքին լարվածությունը, հատկապես քրդերի նկատմամբ բռնաճնշումները շարունակվո՞ւմ են։
-Թուրքիայում կարծես նոր թափ է առնում թուրք-քրդական ռազմական հակամարտությունը: Քրդերի այս պայքարը թուրքական պետության դեմ պարտիզանական անվանելը կլինի միամտություն: Թուրքիան թուրք-քրդական ողջ հակամարտության ընթացքում առաջին անգամ օգտագործում է ռազմօդուժը՝ ավիահարվածներ հասցնելով Հաքքարի, Նուսայբին քաղաքներին: Թուրքիայում առաջին անգամ կազմավորվում են թուրքական կամավորական ջոկատներ, որոնք պաշտպանում են իրենց բնակավայրերը քուրդ զինյալներից: Այդպիսի 750 հոգուց բաղկացած կամավորական ջոկատներ այսօր Սևծովյան տարածաշրջանի Գիրեսուն նահանգի վարչական սահմանները պաշտպանում են Երզնկայի քուրդ զինյալներից, ովքեր ունեն հեռահար նպատակներ, այն է՝ ելք դեպի ծով: Բացի հակամարտության սրումից, հակամարտությունը նաև ընդգրկել է աշխարհագրական նոր տարածքներ կամ մինչև հիմա ավելի պասիվ տարածքներ: Սարիղամիշում և Կարսում PKK-ի զինյալներին առայժմ հաջողվում է թուրքական բանակին հասցնել զգալի վնասներ: Կարելի է ասել՝ քրդերը փոխել են մարտավարությունը և փորձում են վերահսկողության տակ վերցնել ռազմական կարևորագույն օբյեկտները, հարձակվում են թուրքական ռազմակայանների վրա: Օրինակ, Հաքքարի նահանգի Շեմդինլի շրջանի լեռներում տեղակայված թուրքական ռազմակայանի վրա PKK-ի զինյալները հարձակվեցին և փաստացի վերացրին այդ ռազմակայանը՝ թուրքական ռազմուժերին պատճառելով մարդկային և նյութական մեծ կորուստներ: Քրդերը կարողացել են խոցել թուրքական բանակի Cobra AH-1W ռազմական ուղղաթիռ, որն օգնության էր շտապում քրդերի կողմից հարձակման ենթարկված մեկ այլ ռազմաբազայի: Քրդերը կարողացել են Դիարբեքիրում իրենց վերահսկողության տակ վերցնել նաև ջրամբարներ, որոնք ունեն ռազմավարական կարևոր նշանակություն: Թուրքիան, զգալով, որ քրդական գործոնը աստիճանաբար ավելի է ուժեղանում, մեջտեղ բերեց օդից հարվածելու տարբերակը, ինչպես նաև փորձ է անում քաղաքական դաշտից ընդհանրապես դուրս մղելու քրդական գործոնը՝ խորհրդարանում վավերացնելով պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու հարցը:
-Թուրքիայում զբաղեցրած պաշտոնից հեռացավ վարչապետը։ Արդյոք Թուրքիայում վարչապետի փոփոխությունը կապվա՞ծ է արտաքին քաղաքականության, մասնավորապես՝ Սիրիայի հարցի հետ։
-Արդեն նախկին վարչապետ Դավութօղլուի և Էրդողանի միջև հակասություն կար ինչպես արտաքին քաղաքականության, այնպես էլ ներքին քաղաքականության հարցերում՝ սկսած 2015-ի օգոստոսից: Դավութօղլուն մի քանի անգամ ակնարկել է, որ համաձայն չէ Էրդողանի այն քաղաքական կուրսին, որը նա վարում է քրդերի նկատմամբ: Դավութօղլուի այս հայտարարությունը, որը նա կատարել էր անցած ամռանը, վերջնականապես վճռորոշ եղավ Էրդողան-Դավութօղլու հարաբերությունների սրման հարցում: Ես համոզված էի, որ նա հրաժարական է տալու, քանի որ Էրդողանը արտահերթ խորհրդարանական ընտրությունների պատգամավորների ցուցակից հանել տվեց Դավութօղլուի մարդկանց՝ այսպիսով նրան զրկելով խորհրդարանում որոշակի դիրք ունենալուց, ինչը, բնականաբար, դուր չեկավ Դավութօղլուին, ով էլ իր հերթին փորձ արեց կառավարությունից դուրս թողնել Էրդողանի մարդկանց:
-Թուրքիան մայիսի 21-ը հայտարարել է չերքեզական աքսորի ժամանակ տեղի ունեցած սպանդի զոհերի հիշատակի օր: Ի՞նչ իրադարձություններ էին դրանք, և արդյոք այդ օրը հիշատակելով՝ Թուրքիան քար չի՞ նետում ՌԴ ուղղությամբ։
-Թուրքիան չերքեզական աքսորի ժամանակ տեղի ունեցած սպանդի մասին հանկարծ հիշեց անցած տարվանից: Անխոս Թուրքիան փորձ է անում միջոցներ գտնել և զսպաշապիկ հագցնել Ռուսաստանին՝ մեղադրելով այնպիսի հարցերում, որոնցում Ռուսաստանն ու աշխարհի շատ երկրներ մեղադրում են Թուրքիային: Հատկանշական է, որ ընտրվել է մայիսի 21-ը: Անցած տարի մայիսի սկզբներին Ռուսաստանը հայտարարեց, որ պաշտպանում է Ասադին ու կարող է նաև ռազմական աջակցություն ցույց տալ ահաբեկիչների դեմ պայքարում: Թուրքիան մի քանի օր անց մայիսի 21-ը հայտարարեց Ռուսական կայսրության կողմից չերքեզներին իրենց հայրենիքից աքսորելու և սպանդի ենթարկելու հիշատակման օր, իսկ հիշատակման արարողություններն ինչպես անցած, այնպես էլ այս տարի անցկացվել են Թուրքիայի Հաթայ նահանգի Ռեյհանլի քաղաքում, որը սահմանակից է Սիրիային: Ըստ թուրքերի՝ հենց այս տարածքում են հանգրվան գտել աքսորված չերքեզները: Թուրքիան փաստացի Ռուսաստանին սկսում է մեղադրել ազգերի ցեղասպանության, ահաբեկչական կառույցներին` տվյալ դեպքում քրդերին, ի դեմս PKK-ի, օժանդակելու և զինելու մեջ: Ի դեպ, նման հայտարարություն արեց Թուրքիան ԱԳՆ-ի մամլո խոսնակի մակարդակով, երբ PKK-ի զինյալները խոցեցին թուրքական բանակի ուղղաթիռը:
-Հարավային Կովկասը ռուս-թուրքական հակամարտության համար ամենակարևոր տարածաշրջաններից մեկն է, արդյո՞ք ապրիլյան իրադարձությունները հրահրված չէին Թուրքիայի կողմից և ավելի շատ աշխարհաքաղաքական որոշ հարցերի լուծմանը չէին ուղղված։
-Ես միշտ համոզված եմ եղել, որ մեր տարածաշրջանում Թուրքիան է խոչընդոտում Արցախի հակամարտության կարգավորմանը: Նրան ձեռնտու չէ, որ տարածաշրջանում լինի խաղաղ, զարգացող Հայաստան: Թուրքիային բացարձակ չի հետաքրքրում Ադրբեջանի շահը, նա այստեղ միայն իր շահի մասին է մտածում, դրա վառ օրինակն է Նախիջևանը: Նախիջևանի բնակիչ ազերիները շատ մեծ խնդիրներ ունեն Թուրքիայում՝ կապված կեցության, բիզնեսի ծավալման հետ, սակայն նույնը չէի ասի ադրբեջանաբնակ ազերիների մասին: Սակայն, ի տարբերություն ադրբեջանաբնակ ազերիների, Նախիջևանի ազերիները շատ հեշտությամբ ստանում են Թուրքիայի քաղաքացիություն՝ պայմանով, որ կբնակվեն Իգդիր, Կարս և Աղըր նահանգներում: Սա ի՞նչ է նշանակում, հանուն իր ծրագրերի նա դատարկում է Նախիջևանը։ Ինչպես հայտնի է, Նախիջևանում Թուրքիան ունի ռազմաբազա, այնպես որ՝ այնտեղի բնակչությունը նրա համար խանգարող հանգամանք է, որպեսզի այն դառնա իր երկրի համար կարևոր ռազմաբազա:
-Դուք ապրիլյան առաջին օրերին Արցախում էիք, խնդրում եմ՝ մի քանի բառով փոխանցեք այն իրավիճակը, ոգին, շունչը, որ կար առաջնագծում։ Ինչի՞ կարիք ունի առաջնագծի զինվորը, և ի՞նչ պետք է անենք մենք՝ թիկունքում գտնվողներս։
-Այդ օրերը Հայաստանը մի քանի տարով առաջ տարան: Ընդունված բան է, որ պատերազմը երկիրը մի քանի տարով հետ է տանում, բայց մեր դեպքում այդպես չեղավ, մենք առաջ գնացինք: Սահմանին կանգնած Հայոց բանակի 18-20 տարեկան զինվորն այնպիսի վստահություն ուներ իր, իր ընկերների ու հրամանատարության նկատմամբ, որ միայն զարմանալ կարելի էր: Այդ անբեղ ու անմորուս տղաները, ովքեր մեր աչքերին երեխաներ էին, իրենց փոքրիկ մարմնով ու հասակով այնպիսի մեծ գործեր էին կատարում, որ աննկարագրելի էր: Տանկ խոցելուց հետո նորից շտապ դիրքավորվելն ու հաջորդ առաջադրանքին անցնելն այնպես կարգ ու կանոնով էին անում, այնպիսի ճշգրտությամբ ու առանց ավելորդ շարժումների, որ մտածում էիր, թե հերթական ռազմաուսումնական միջոցառում է ընդամենը, այլ ոչ թե իրական պատերազմ: Մենք ունենք շարքային զինվոր, որի մարտական ոգին, մարտական պատրաստականությունը, ռազմական գործի գաղտնիքներին տիրապետելու ունակությունը չունի անգամ թշնամու բարձրաստիճան սպայական կազմը: Ապրիլյան պատերազմին դեմ առ դեմ կանգնած, իրականում պատերազմ չտեսած սերունդը կարողացավ պատվով կատարել իր գործը: Թիկունքում գտնվողներս այս լուսավոր դարում պետք է զերծ մնանք նախ և առաջ բամբասանքի մակարդակին հասնող լուրերի տարածումից, որից իսկապես շատ են նեղվում առաջնագծում: Որքան հնարավոր է, մենք պետք է սատար լինենք մեր բանակին, կարևոր չէ՝ հենց նյութապես կամ ֆինանսապես: Զինվորի, նրա ընտանիքի նկատմամբ մեր վերաբերմունքը պետք է ցույց տանք ամեն տեղ ու ամեն րոպե: Նկատում եմ, որ մեր շրջապատում կան տաքսիստներ, որ զինվորին սպասարկում են անվճար: Դա մեծ բան է արդեն:
-Այսօր շատ է խոսվում ապրիլյան օրերին հակառակորդին զիջած տարածքների կարևոր-ոչ կարևոր լինելու մասին։ Այդ տարածքներն իրո՞ք այդքան ոչ էական են, որ անհանգստանալ պետք չէ, ինչպես նշում են իշխանության ներկայացուցիչները։
-Ռազմագիտության մեջ կան տերմիններ, որոնք անընդունելի են մեզ՝ հայերիս համար: Մենք գտնվում ենք աշխարհաքաղաքական այնպիսի դիրքում, որ մեզ համար մեկ մետրն անգամ շատ մեծ նշանակություն ունի: Այս օրերին ինչ պիտակավորում ասես չտրվեց թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներին՝ էլ ոչ կարևոր նշանակություն ունեցող, էլ ամայի տարածք և այլն: Միայն այն, որ այսօր այդ տարածքների պատճառով թալիշցին չի կարողանում վերադառնալ իր բնօրրան, լիուլի հերիք է, որպեսզի հասկանանք, թե ինչ կարևոր տարածքներ են դրանք: Իսկ եթե մի պահ վերցնենք, որ դրանք այդքան էլ կարևոր չէին, ապա ինչո՞ւ ժամանակին ավելի կարևորների վրա չամրապնդվեցին, որպեսզի խուսափեինք այդ տարածքում այդքան զոհերից: Դուրս է գալիս, որ դա եղել է ռազմական սխալ, ինչի պատճառով ունեցանք զոհեր: Իսկ եթե այդպես է, ո՞վ պետք է պատասխան տա այդ ռազմական սխալի համար: Մեզ համար չկա ոչ կարևոր նշանակություն ունեցող կամ ամայի տարածք, մեզ համար կա միայն ու միայն ազատագրման ենթակա հայրենիք:
-Դուք նախաձեռնել եք «Հայոց հզոր բանակ» ծրագիրը։ Ի՞նչ նպատակներ այն ունի։
-«Հայոց հզոր բանակ» ծրագիրը նախաձեռնել եմ ինքս՝ խորհրդակցելով վիրտուալ տիրույթում գտնվող սրտացավ, ազգասեր ու հայրենասեր ընկերներիս հետ: Այն ունի երկու հիմնական նպատակ: Նախ` գլխավոր նպատակն է ամեն կերպ աջակցել դիրքապահ զինվորին, որքան հնարավոր է հենց ուղիղ նրան հասցնել այն, ինչը կոչված է էլ ավելի ամրապնդելու նրա անվտանգությունն ու առողջությունը: Երկրորդ նպատակն այն է, որ կարողանամ ստեղծել ուղիղ կապ աշխարհասփյուռ հայության և դիրքապահ զինվորի միջև: Այսինքն՝ այն անձը, ով իր աջակցությունն է բերում դիրքապահ զինվորին, անձամբ ինֆորմացված լինի, թե որքան օգուտ տվեց իր այդ աջակցությունը տվյալ զինվորի անվտանգության ամրապնդմանը՝ իհարկե չխախտելով ռազմական գաղտնիության նորմերը: Մեր բանակն օգնության կարիք չունի, իսկ աջակցության կարիք շատ ունի: Բանակը մի այնպիսի կառույց է, որտեղ անվտանգության տեխնոլոգիաների ներդրումն անվերջ գործողություն է: Օրինակ, այս պատերազմում թշնամին օգտագործեց ԱԹՍ-ներ, արդեն մենք կարիք ունենք դրանցից պաշտպանվելու միջոցների:
Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ իմ շնորհակալությունը հայտնել բոլոր այն հայերին, ովքեր իրենց աջակցությունն են բերում այս կարևոր ծրագրին, ովքեր, իմանալով բանակում առկա ֆինանսական չարաշահումների մասին, միևնույն է, փորձ են անում ամեն կերպ աջակցել բանակին:


Զրուցեց
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 2983

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ