Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Տնային առաջադրանք» Վիեննայից հետո

«Տնային առաջադրանք» Վիեննայից հետո
27.05.2016 | 00:47

Մոտ մեկ ամիս առաջ, երբ խորհրդարանի փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը հանդես եկավ շատերին շոկի մեջ գցող հայտարարությամբ՝ բացահայտորեն խոսելով Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման փոխզիջման տարբերակի մասին (ի դեպ, ամբողջովին բխող Հայաստանի կողմից տարիներ առաջ հավանություն ստացած Արցախի հարցի լուծման Մադրիդյան սկզբունքներից), բավականին լուրջ բողոքի ալիք բարձրացավ Հայաստանում։ Նույնիսկ հասարակական ընդվզում առաջացավ, թեև Հայաստանում հասարակական ընդվզում ասվածը բավականին հարաբերական հասկացություն է։ Ընդդիմադիր առաջնորդների, քաղաքական ընդդիմության գրեթե բացակայության պայմաններում բողոքելու այլ ասպարեզ չունենալու պատճառով այդ ընդվզումը հիմնականում ֆեյսբուքյան է, շատ դեպքերում նաև՝ կառավարելի։

Երբ Հերմինե Նաղդալյանը բավականին լուրջ քննադատության թիրախ դարձավ, այդ թվում՝ ուղղորդված, քանի որ նրան սուր կերպով անդրադառնում էին նաև իշխանական աղբյուրները, որոշ փորձագետներ պնդում էին, թե դժվար է պատկերացնել, որ տիկին Նաղդալյանի նման գործիչը, որը 1995 թվականից իշխանական շրջանակներում է և հասել է փոխխոսնակի պաշտոնին, շատ լավ տիրապետում է ներիշխանական ինտրիգներին ու բարքերին, կարող էր նման բացթողում անել։ Ոմանք նշում էին, որ դա իշխանության կողմից հասարակական կարծիքի մտածված զոնդաժ է։ Ընդ որում՝ բավականին բարձր պաշտոնյայի մակարդակով։ Եվ այդ զոնդաժի նպատակն էր
ա) իսկապես հասկանալ հասարակության այսօրվա վերաբերմունքը փոխզիջման գաղափարի շուրջ, որը շատ վաղուց շրջանառվում է որպես Արցախի հարցի լուծման տարբերակ,
բ) կանխատեսելով նման սուր արձագանքները՝ միջազգային հանրությանը և աշխարհաքաղաքական կենտրոններին հասկացնել, որ Հայաստանում պատրաստ չեն փոխզիջումների, առավել ևս ապրիլյան արյունալի պատերազմից հետ։
Ամեն դեպքում հասկանալի է, որ նման հայտարարությունը չէր կարող լինել զուտ Հերմինե Նաղդալյանի նախաձեռնությունը։ Ճիշտ է, ինչ-որ չափով դա փոխխոսնակի հեղինակության հաշվին էր, սակայն իշխանական բարքերն այնպիսին են, որ եթե հանձնարարվել է, ապա պետք է արվի։
Այն, որ Հերմինե Նաղդալյանի քայլերը լավ հաշվարկված ու մշակված սցենարի բաղկացուցիչն են, ցույց տվեցին Վիեննայի հանդիպումից հետո հետդարձի ճանապարհին օդանավում երկրի առաջին դեմքի հայտարարությունները։ Երկրի նախագահն ազատագրված տարածքները, որոնք, ի դեպ, ԼՂՀ Սահմանադրությամբ ամրագրված են որպես այդ երկրի տարածք, բաց տեքստով անվանեց անվտանգության գոտի, կորցված հեկտարները բնորոշեց մարտավարական և ռազմավարական տեսակետներից անպիտան և ի վերջո հասկացրեց, որ այդ «անվտանգության գոտին» հետագայում հիմնականում փոխզիջման համար է։ Սերժ Սարգսյանի հարցադրումն էր՝ արժե՞ մարդկային զոհեր տալ նման անպիտան տարածքների համար։ Իհարկե, արդարացի լինելու համար պետք է ասել, որ այս թեզերը Սերժ Սարգսյանի «ռեպերտուարում» ամենևին էլ նոր չեն։ Դեռևս 2000-ականների սկզբներին նա հանդես է եկել նման հայտարարություններով, մասնավորապես, հայտնի է նրա՝ «Աղդամը մեր հայրենիքը չէ» խոսքը։ Փաստացի ասվում էր, որ այդ տարածքները ժամանակին վերցվել են Արցախի շուրջ անվտանգության գոտի ստեղծելու համար։
Բնականաբար, ՀՀ նախագահի այս թեզերը մեկնարկային կետ էին իշխանության ներկայացուցիչների համար, որոնք սկսեցին նույն գաղափարը շրջանառության մեջ դնել։ Դրանցից ամենասկանդալայինը ՀՀԿ խմբակցության նախագահ Վահրամ Բաղդասարյանի հայտարարությունն էր, որը շտապեց որակել այդ հողերը ամայի վայր և մինչև հատակ իջեցրեց ԼՂՀ Սահմանադրությամբ ամրագրված տարածքների նշանակությունը։ Ակնհայտ է դառնում, որ ՀՀ իշխանությունները Վիեննայից հետո սկսել են մի գործընթաց, որի նպատակը ժողովրդին փոխզիջման պատրաստելն է, ինչի մասին, ի դեպ, նշում էին նաև ռուսական մամուլի որոշ հրապարակումներ։
Հասկանալու համար, թե ինչ է կատարվում, դիտարկենք ռուսաստանյան որոշ իշխանական շրջանակների կարծիքը փոխանցող լրատվամիջոցների հրապարակումները։ Ռուսական ԶԼՄ-ները Վիեննայի հանդիպումից ընդամենը մի քանի օր անց սկսեցին հանդես գալ բանակցությունների, ինչպես նաև աշխարհաքաղաքական կենտրոնների միջև ձեռք բերված անդրկուլիսյան զարգացումների վերաբերյալ բավականին հետաքրքիր մանրամասներ պարունակող վերլուծություններով։ Ամենաուշագրավ նյութերից մեկը զետեղվել է EurAsia Daily (http://eadaily.com/) գործակալության կայքում՝ փոքր-ինչ բացելով փոխզիջման բանաձևը։
Թերևս բոլորն էլ հասկանում են, որ Վիեննայի հետպատերազմյան բանակցությունները չէին կարող շարքային լինել, քանի որ աշխարհաքաղաքական կենտրոնների կողմից բավականին լուրջ նախապատրաստական աշխատանքներ են տարվել։ Մասնավորապես, գրեթե ամեն օր այս թեմայով միմյանց հետ շփվում էին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և ՌԴ արտգործնախարար Լավրովը։ Ընդ որում, հետաքրքրական է, որ արցախյան թեման գրեթե միշտ զուգորդվում էր Սիրիայի մասին բանակցություններով։ Աշխարհաքաղաքական այսօրվա խառնաշփոթի մեջ միշտ ժամանակ է գտնվել նաև ԼՂՀ հարցի համար։ Սա հուշում է, որ ամեն ինչ դիտարկվում է աշխարհաքաղաքական վերադասավորումների ու կարգավորումների ընդհանուր փաթեթի մեջ, և կողմերի դիրքորոշումները փոխկապակցված են՝ ասենք Սիրիայի և ԼՂՀ հարցերում։ ՈՒստի այս համատեքստում չեն բացառվում ռուս-ամերիկյան որոշակի փոխզիջումներ և սակարկություններ։


ՈՒշագրավ էր նաև Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունը. ինչպես նշել է նա, այն, ինչ գիտի հանրությունը, սառցաբեկորի միայն երևացող մասն է։ Հետաքրքիր է, որ ռուսական շրջանակները հանդիպումից անմիջապես հետո որոշեցին խաղը պարզեցնել՝ փոքր-ինչ բացելով նաև այդ «սառցաբեկորի» ստորին հատվածը՝ ամենայն հավանականությամբ մի կողմից նպատակ ունենալով պարզեցնել որոշ խաղաքարտեր, նաև որպեսզի բացառեն կողմերի հետընթացի ճանապարհը Վիեննայում ձեռք բերված բանակցությունների արդյունքներից։ Մյուս կողմից փորձ է արվում օգնելու Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին ՝ տեղեկացնելով հասարակություններին այն բանակցային նյուանսների մասին, որոնք նախագահներից դժվար կլիներ ինքնուրույն կատարել թեմայի գերզգայուն լինելու պատճառով:


Առաջնորդվելով վերոհիշյալ լրատվամիջոցի հրապարակմամբ՝ կարելի է ասել, որ արցախյան հարցի կարգավորումը բաժանված է փուլերի։ Եվ որպես գլոբալ մոտեցում ընդունվում է այն գաղափարը, որ «քանի դեռ բոլոր դետալները համաձայնեցված չեն, համաձայնեցված չէ ոչինչ»։ Իհարկե լուծման փաթեթը դիտարկվում է ամբողջությամբ, սակայն միևնույն ժամանակ, ինչպես ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն է հայտարարել, յուրաքանչյուր փուլում կոմպրոմիսն առանձին է լինելու։ Այսինքն՝ յուրաքանչյուր փուլում ամեն կողմի զիջման դիմաց մյուս կողմը պետք է հանդես գա որոշակի փոխզիջմամբ։ Այս առումով հատկանշական է, որ Լավրովը, ըստ էության, բացահայտ հայտարարել է, որ առաջին փուլի համար կոմպրոմիսը փաստացի ավարտին է հասցված, առաջին փուլի քայլերը համաձայնեցված են։ Եվ այսպես՝ ըստ վերոնշյալ աղբյուրի՝ փոխզիջումների առաջին փուլը պարունակում է երեք կոնկրետ ու հստակ քայլ.


ա) կրակի դադարեցում, շփման գոտում ԵԱՀԿ դիտորդական առաքելության ավելացում և մշտադիտարկման սարքերի տեղադրում, որի մասին մենք գիտենք, և որը մեզանում համարվում է հայկական դիվանագիտության մեծ հաջողություն,
բ) հայկական զորամիավորումների հետքաշում Աղդամից և Ֆիզուլիից,
գ) Ադրբեջանը ապաշրջափակում է Հայաստան տանող տրանսպորտային կոմունիկացիաները, սակայն միայն նրանք, որոնք շրջանցում են Լեռնային Ղարաբաղը։ Եվ ըստ արտահոսքի՝ ճանապարհներից մեկը Դաղստանից Հայաստան ուղղվող ավտոճանապարհն է, որով հնարավոր կլինի բեռներ տեղափոխել, այդ թվում՝ ՀՀ հյուսիսարևելյան շրջաններ, ինչը, բնականաբար, հնարավորություն կտա համալրելու զինտեխնիկայով և այլ անհրաժեշտ սարքավորումներով նաև Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազան։
Ինչևէ, նախատեսվում է, որ արդեն հունիսին կայանալիք նախագահների հանդիպմանը պետք է վերջնական տեսք տրվի առաջին փուլի պայմանավորվածություններին։ Բնականաբար, հաջորդ փուլերում արդեն նախատեսված են փոխզիջման այլ տարբերակներ, որոնց մասին դեռևս լռություն է պահպանվում, քանի որ մտավախություն կա՝ խաղաքարտերը բացելու դեպքում գուցե դրանք չընդունվեն հանրության կողմից, կամ նույնիսկ կարող է տապալվել արդեն ձեռք բերված փխրուն համաձայնությունը։


Ինչպես eadaily.com կայքն է նշում և՛ ադրբեջանական, և՛ հայկական կողմին տրվել է «տնային առաջադրանք»՝ սեփական հասարակությանը նախապատրաստել փոխզիջումների։ Բայց ամեն դեպքում, ըստ ռուսական աղբյուրների, հայկական կողմը յուրաքանչյուր զիջման դիմաց ակնկալում է անկախության հանրաքվեի կոնկրետ ժամկետ։ Ընդ որում, բուն հանրաքվեի շուրջ բավականին հետաքրքիր ու անակնկալ վարկած է առաջ քաշվում։ Ըստ այդմ՝ Երևանը, ըստ էության, պետք է երաշխիքներ տա, որպեսզի հանրաքվեում արցախցիները նախապատվությունը տան ոչ թե Արցախի անկախության, այլ Հայաստանին վերամիավորվելու տարբերակին։ Այս հարցում, ըստ ռուսաստանյան աղբյուրի, ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համակարծիք են։

Ըստ դրա՝ ճանաչելով Արցախի միավորումը ՀՀ-ի հետ՝ պատերազմը գրեթե բացառվում է, չեզոքացվում է նաև փախստականների խնդիրը։ Ըստ ռուսական արտահոսքի՝ ՀՀ իշխանությանը «հանձնարարություն» է տրված հանրությանը հասկացնելու, որ այսօրվա ստատուս քվոն դրական երևույթ չէ, դա պատերազմի ու զոհերի է հանգեցնելու, և Հայաստանին պետք է ոչ թե պատերազմ, այլ խաղաղություն։ Նույն հրապարակման մեջ, ի դեպ, բավականին գոհունակությամբ նշում են, որ ՀՀ նախագահն իր առջև դրված խնդիրը, փաստորեն, սկսել է կատարել՝ արդեն օդանավում հարցազրույց տալով և նշված գաղափարները բարձրաձայնելով։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահին, ապա նրան հանձնարարություն է տրվել իր երկրում հասարակական կարծիք ձևավորել, որ երկիրը ոչ թե պատերազմով, այլ խաղաղ բանակցությունների միջոցով կարող է տարածքներ վերադարձնել։ Բայց նաև պետք է աստիճանաբար պատրաստի այն հեռանկարին, որ Արցախն այլևս երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում։


Այսպիսով՝ յուրաքանչյուր կողմ ստացել է իր տնային աշխատանքը, և այժմ այդ առաջադրանքների կատարման փուլն է։ Ըստ լավատեղյակ աղբյուրների՝ նույն թեզերը Սերժ Սարգսյանն արծարծել է նաև ԼՂ ռազմաքաղաքական վերնախավի առջև, ինչն այնքան էլ հարթ չի ընդունվել։ Այնպես որ՝ Սերժ Սարգսյանին գեոքաղաքական կենտրոնների հանձնարարած «տնային աշխատանքը» բավականին բարդ է, որը նախ և առաջ պետք է գլուխ բերել Ղարաբաղում, հետո նաև Հայաստանում։


Իսկ որ դա ծանր աշխատանք է, երևում է նաև հասարակական և քաղաքական որոշ շրջանակների սուր ընդվզումից, հատկապես պատերազմական ուղին անցած անձանց մոտ։ Մասնավորապես, հանրահայտ Կոմանդոսը բավականին կտրուկ է հանդես եկել նշված սցենարի դեմ։ Իսկ Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սէֆիլյանը նախաձեռնել է կամավորների հավաքագրում և ստանձնել կորցրած տարածքները վերադարձնելու պատասխանատվությունը։ Արցախի զինվորականության որոշ մասի տրամադրությունների մասին է խոսում, օրինակ, վերջին շրջանում մեծ աղմուկ բարձրացրած Վահան Բադասյանը, որը ՀՀ իշխանություններին սթափվելու կոչ է արել։ Բավականին կոշտ գնահատականներ հնչեցին նաև Արցախի հերոս գեներալ Վիտալի Բալասանյանի շուրթերից: Առաջանում է մի բևեռ, որը թեև պաշտոնական բանակը չէ, սակայն արտահայտում է վետերանական, բանակային, նաև քաղաքական որոշակի շրջանակների տրամադրություններ։
Բավականին լուրջ գործոն կարող է դառնալ Սամվել Բաբայանի վերադարձը Մոսկվայից։ Բաբայանն արդեն հասցրել է հարցազրույց տալ և բավականին բաց տեքստով հասկացրել, որ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը, առնվազն 2011 թ. սկսած, այսինքն՝ կազանյան բանակցություններից հետո, այն բանով չի զբաղվել, ինչով պետք է զբաղվեր՝ ի տարբերություն Ադրբեջանի։ Եվ այդ ամենը հանգեցրել է Հայաստանի ռազմաարդյունաբերական և ռազմական թուլացմանը։ Պաշտպանության բանակի նախկին հրամանատարը նաև հայտարարել է, որ Հայաստան է վերադարձել Լեռնային Ղարաբաղի հարցում օգտակար լինելու համար։
Թերևս նույն բարդությունների հավանականությունը կա նաև Ադրբեջանի նախագահի մոտ: Գուցե ընկալելով ու ըմբռնելով նախագահների դժվարությունները, այս գործընթացի գլխավոր «կնքահայրերը» փորձում են ուշադրության կենտրոնում պահել պրոցեսները երկու երկրներում: Եվ պատահական չէ, որ հենց այն օրը, երբ Երևանում էր ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, իր ներկայությունն արձանագրեց նաև ԱՄՆ-ն՝ ի դեմս ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի, որը խնդրո առարկայի շուրջ հանգամանալի հեռախոսազրույց ունեցավ թե՛ Սերժ Սարգսյանի, թե՛ Իլհամ Ալիևի հետ:


Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4281

Մեկնաբանություններ