Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Գառնեցիները վարչապետին չեն հաղթել, հաղթել են իրենց նման հողի մշակներին

Գառնեցիները վարչապետին չեն հաղթել, հաղթել են իրենց նման հողի մշակներին
27.05.2016 | 01:14

Մինչ գառնեցիների հաղթանակի մասին խոսելը կցանկանայի մտաբերել ոչ հեռավոր անցյալն ու վերհիշել…
Իրոք, այնքա՜ն հիշելու բաներ կան և ուսանելի բաներ, մինչդեռ այնքան հեշտությամբ մոռանում ենք և դասեր չենք քաղում մեր սխալներից: Ժողովուրդը երբեք չի կարող դասեր քաղել իր անցյալի սխալներից, որովհետև ժողովրդին միշտ ուղղորդում են ամեն կարգի քաղաքական ինչ-որ ուժերի կողմից թելադրվող բախտախնդիրները, հասարակական կազմակերպությունները և զանգվածային լրատվական միջոցները, որոնք առաջնորդվում են ոչ թե հասարակության, երկրի, ազգի շահով, այլ անձնական, ոմանք գործում են վրեժխնդրությունից դրդված, ոմանք էլ չըմբռնելով և չհասկանալով հարցի էությունը, նշանակությունը, արձագանքում են համարյա այնպես, ինչպես ամբոխը, չգիտակցելով իրենց արարքի ողջ պատասխանատվությունը (հրապարակում լսեց հանցագործի կոչն ու գոռաց.
-Մա՛հ Քրիստոսին):


Հիմնավորեմ ասելիքս: Այսօր ո՞ւր են նրանք, ովքեր տարիներ առաջ ամեն կարգի ապուշ հիմնավորումներով տապալեցին Եղվարդի ջրամբարի շինարարությունը:
Ո՞Ւր են նրանք, որ գոռում էին՝ փակել «Նաիրիտը», որովհետև աղտոտում է Երևանի օդը, և կանայք չբեր են դառնում, իսկ տղամարդիկ ամլանում: Ի՜նչ ստոր մեթոդներով էին լրատվական միջոցներն ազդում առօրյա կյանքում «ա»-ն «բ»-ից չտարբերող մարդու ենթագիտակցության վրա: Եվ այդ մարդկանց դիվային կամքը դարձավ իրականություն. «Նաիրիտի» նման գործարանը քիչ-քիչ լափելով փակեցին, իսկ տարիների ընթացքում մասնագետ կադրերը բարոյապես ոչնչացվեցին:


Մի՞թե այսօր մոռացել են իրենց ստոր արարքների մասին նրանք, որոնց ջանքերով հիմնահատակ ավերվեց Ալավերդու պղնձի գործարանը: Որքան ուզես կարելի է շարունակել այն ստոր գործերի շարքը, որոնք կատարել են Հայաստանում հասարակական կազմակերպությունները, սուտ բնապահպանները, վայ-լրատվամիջոցները: Մի բնապահպանի, որի անունը չեմ ցանկանում նշել, ցանկանում եմ հարցնել. բնապահպանությամբ զբաղվում ես ձեռքի հե՞տ, թե՞ հիմնովին, թե՞ հիմնականում օծանելիքի վաճառքով և ձեռքի հետ էլ բնապահպանությամբ:


Չեմ հիշում որևէ դեպք, որ բնապահպանները դեմ չեն եղել Հայաստանում իրագործվող այս կամ այն ծրագրին: Գոռում էին Թեղուտի հանքերի վնասակար հետևանքների մասին, եթե այն շահագործվի: Թող թույլ տրվի հարցնել, այդ ո՞ր արտադրությունն է, ո՞ր հանքի շահագործումն է, որ չի վնասում բնությանը: Հետևաբար հարցը ոչ թե այս կամ այն հանքի արտադրության արգելումը պիտի լինի, այլ նրա շահագործումը, որն անհրաժեշտ է երկրի զարգացման համար, բայց այդ շահագործումը պիտի լինի անվտանգ: Ավտոմեքենան պոտենցիալ վտանգ է, եթե շահագործողը չի գիտակցում նրա վտանգավորությունը:


Հիշում եմ, տարիներ առաջ ԳԴՀ-ի Հալլե քաղաքում կանգնած էինք ցեմենտի գործարանից փոքր-ինչ հեռու, և եթե մեզ չասեին այդ գործարանի գոյության մասին, ապա մենք չէինք էլ նկատի, որովհետև շրջապատում ցեմենտի փոշի չկար, ինչը չէի ասի Հրազդանի ցեմենտի գործարանի մասին։ Հրազդանի ցեմենտի փոշին քամոտ օրերին Երևան էր հասնում:
Ձկնաբուծությունը Հայաստանում պիտի զարգանա և ոչ թե ոչնչացվի, բայց այն պիտի զարգանա ոչ բնական ռեսուրսների ոչնչացման հաշվին: Բնապահպանները միայն մի բան գիտեն` արգելել: Սակայն մոռանում են՝ արգելելով ո՞ւր պիտի հասնենք: Մինչդեռ խնդիրը ոչ թե արգելելն է, այլ շահագործման կանոնները պահպանելը: Ձկնաբուծությունը չպիտի արգելել, այլ պիտի ստիպել արտադրողին, որ ֆիլտրեր տեղադրի, որպեսզի օգտագործի նույն ջուրը և ոչ թե ընդերքի։ Չէ՞ որ ջուրը միանվագ օգտագործելով այն վատնում է:
Բնապահպանները, լրատվական միջոցները պետք է ամենօրյա ճնշում գործադրեն երկրի կառավարության, նախագահի վրա, որպեսզի բնապահպանական խնդիրները լինեն մշտական ուշադրության կենտրոնում: Ամեն ինչին ոչ ասելով հարցը չի լուծվում: Ժողովուրդը կարող է տեր կանգնել իր երկրին միայն հարցի խելացի հարցադրումով:
Անցած դարի յոթանասունականներին հայտնի Մերգելյան ինստիտուտում ժողովրդական վերահսկողության կազմակերպության ժողովն էր: Երկրում ծաղկում էին կաշառակերությունը, մարդու իրավունքների ամենօրյա խախտումը, անտարբերությունը, պետական ունեցվածքի գողությունը և շատ նման բացասական երևույթներ: Հիշում եմ իմ ելույթը:
-Ժողովուրդ, տեր կանգնենք մեր երկրին: Լավ իմացեք՝ ո՛չ Ֆադեյ Տաճատիչի երեխան է սոված մնալու (այդ ժամանակ նա Մերգելյան ինստիտուտի դիրեկտորն էր) և ոչ էլ շրջկոմի քարտուղար Մինասյանի թոռը: Մեր երեխաներն են սոված մնալու:


Ես սիրում էի իմ հայրենիքը և սրտի ցավով էի զգում նրա կործանումը: Այդպես էլ եղավ. այսօր Ֆադեյ Տաճատիչի թոռը` Ֆադեյ Չարչօղլյանը, դեսպան է Քուվեյթում, իսկ շրջկոմի քարտուղար Մինասյանի թոռը` Միքայել Մինասյանը, Վատիկանում դեսպան է: Սոված առայսօր ժողովուրդը մնաց: Ինչո՞ւ հիշեցի այդ դեպքը. մտաբերեցի որպես պատասխան լրատվական այն միջոցներին, որոնք հաճույքով գրում էին, թե գառնեցիները հաղթեցին վարչապետին: Ինչպիսի՜ ծաղր, մի՞թե այդ ջրագիծը չանցկացնելով՝ վարչապետի ընտանիքը կամ նրա թոռը սոված են մնալու: Ես չգիտեմ, թե վարչապետը որքան հող ունի Նարեկում, և տեղին է հարցնել՝ այդ ջրագծի չանցկացնելով նրա հողերը չե՞ն ջրվելու: Բացի այդ, կուզեի հարցնել՝ այսօր Աբրահամյանը վարչապետ է, վաղը սովորական քաղաքացի, իր հողերը ջրելու իրավունք չունի՞: Ստիպված եմ ասել, վարչապետն այդ հողերը չջրելով սոված չի մնա, իսկ այն հարյուրավոր հեկտար հողերի սեփականատերերը հաստատ սոված կմնան: Այնպես որ գառնեցիները վարչապետին չեն հաղթել, հաղթել են իրենց նման հողի մշակներին:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հ. Գ. Ես հայ մարդ եմ, և ինձ համար աշխատող հայ մարդու շահը վեր է ամեն ինչից: Այսօր, երբ տեսնում եմ, թե ինչպես է Ազատ գետի ջրամբարից օրական հարյուրավոր խորանարդ մետր ջուրը գնում դեպի Արաքս, և հայ գյուղացուց այս ամիսներին ջրի փող են ուզում, մտածում եմ՝ մինչև ե՞րբ կարելի է անխոհեմ գործել: Գառնեցիները միամիտ մարդիկ չեն, որ իրենցից ջուրը խլեն (գառնեցիները կիսասոված վիճակում 1921 թվականի փետրվարին հանուն իրենց ընկերների ձեռնոց նետեցին Խորհրդային Միությանը և Հայաստանում 40 օրով տապալեցին խորհրդային կարգերը. որևէ գնահատական այդ արարքին չեմ ցանկանում տալ), այնպես որ, սակավաջուր տարում նրանցից ոչ ոք չի կարող խլել իրենց կենսական ջուրը: Բայց տապալել մի ծրագիր, որը հաստատվել է փորձաքննությամբ (անհրաժեշտության դեպքում կարելի է անցկացնել անկախ փորձաքննություն) և շահարկել վարչապետի անունը, այնքան էլ բարոյական չէ: Հարցը պետք է դրվի այսպես՝ այդ ջրագիծը պե՞տք է, թե՞ ոչ, և ջրագծի տնտեսական օգուտները շոշափելի՞ են, թե՞ ոչ: Թե չէ, եթե ամեն համայնք ասի՝ էս սարն իմն է, էս ծառն իմն է, մնացածի հերն էլ անիծած... ամենևին պետական մոտեցում չէ հարցին: Հետևաբար, գառնեցիների հաղթանակը, եթե միայն իրենց շահն է հետապնդում, կհամարեի պյուռոսյան հաղթանակ:

Դիտվել է՝ 3404

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ