Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Դիմահարդարային հեղաշրջում. առակս զի՞նչ ցուցանե

Դիմահարդարային հեղաշրջում. առակս զի՞նչ ցուցանե
27.05.2016 | 09:01

ԱՆԲԱՆՆԵՐԻ ԲԱՆԱՆԸ
(զավեշտալի նախաքննություն)


Մի ամպամած հինգշաբթի օր վերադասը խրոխտ ավետեց՝ ո՜վ հայ ժողովուրդ, փրկությունդ ներկրումն է։ Յուրաքանչյուրը կարող է ներկրել սրտի ուզածը, օրինակ՝ գազ և մաստակ, շաքարավազ ու լոլիկ, շոկոլադի սալիկ և անգամ բանան, եթե անբանի մեկը չէ։ Ես մտադիր եմ դաբաղի դեղ ներկրել՝ վերացնելով հանրապետության դաբաղադեղային մենաշնորհը։ Դուք էլ փորձեք։ Այսպես, մշակույթի գործիչները թող որ փշրեն շաքարավազային մենաշնորհի ողնաշարը՝ սեփական ընտանիքի և դրկիցների շաքարավազը ներկրելով սեփական ձեռքով։
Զարմանալի բան անցավ մտքովս, գուցե «Գազպրոմ Արմենիայի» գազաներկրմանը հակադարձեն մեր ազատամարտիկնե՞րը։ Այսօր ունենք անտերության մատնված տասնհինգ հազար ազատամարտիկ, եթե նրանք գնդեր կազմեն և զբաղվեն գազի ներկրմա՞մբ։
Միևնույն հաջողությամբ ՀՀ ԳԱԱ երկրաբանության ինստիտուտը կարող է զբաղվել մաստակի ներկրմամբ։ Մի խոսքով, ձերբազատվում ենք անբանության կապանքներից և ողջ ժողովրդով սկսում ենք ներկրել նախ բանան։ Հետո ներկրված բանանի համը կփաղաքշի մեր ըմբոստ բերանը, և ողջ հայությունը կզբաղվի ներկրումներով։ Ինքս հայտնեցի նախընտրությունս՝ ներկրելու եմ դաբաղի շիճուկ։ Ասում են՝ նշյալ շիճուկը պարունակում է մի հավելանյութ, որը հենց քսում են կաղնեփայտե աթոռի թիկնակին, աթոռագրավյալ բարձրաստիճան պաշտոնյան, իր կամքից անկախ, չի կողոպտում երկիրը, ծառայում է պետությանը։

Վերադասը հաճախ է պլստում սեփական պլպլան խոստումների ճահճում։ Ընդ որում, որքան անիրագործելի է իշխանակառավարական խոստումը, նույնքան անուշ է խոստումնատուի մեղուշ ժպիտը։ Գուցե ՀՀ քաղաքական մարմինները երկիր ներկրեն «ստի դետեկտո՞ր» և դրանով ստուգեն վերադասի յուրաքանչյուր խոսք։ Նշյալ սարքին խաբելն անհնար է, այն նախ՝ կոռումպացված չէ, և երկրորդ՝ ապաքաղաքական է։ Այսօր վերադասը՝ սրտով անկեղծ, մտքով պայծառ, հայտարարում է՝ երբևէ պետությունը չի արտոնել մենաշնորհները։ Չի արտոնել, սակայն խրախուսում է այնքան բուռն, որ մնում է ենթադրել՝ մենաշնորհը հայոց ներկա վերադասի հոգևոր և մարմնական միակ սնունդն է, և եթե այն վերանա, վերին դասը կհայտնվի ճամփաբաժանում. կամ կհեռանա երկրից, կամ կապրի քրիստոնեավայել կյանքով։ Ի դեպ, եթե մենաշնորհներով կապանքված մի 100 մարդ (օլիգարխները զանազան ու չինովնիկները զարմանազան) այսօր լքի երկրի սահմանները, ի պատասխան նրանց խիզախումի, հենց հաջորդ օրը հանրապետություն կվերադառնա 100 հազար արտագաղթյալ։ Կշենանա՞ երկիրը։ Իհա՛րկե։ Առայժմ սա հեքիաթ է, մինչև այժմ հայրենիքը հայ արտոնյալների մենաշնորհային գուրգուրանքից մղկտում է, ձմեռն ու աշունը կարծես փոխել են տեղները, խաղողն առատ է, թե սակավ, ջրավազանները պռնկեպռունկ լի են, թե դատարկ են կիսով չափ, միևնույն է, բարոյական սակավարյունությամբ տառապող վերին դասը սահմանել է մեր կեցության խաղադրույքը՝ 3-րդ ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետությունը օր օրի ապազգայնացող տնտեսակարգի պահապանն ու հանգրվանն է։ 25 տարի վերնադասը կերտեց մեր պետականության այս մահարձանը, վրան հստակ փորագրված՝ հանրապետության իշխանական օղակներն ու մենաշնորհային պնդօղակները մի մարմին են ու մի հոգի։ Բնականաբար, նրանց վիրահատական զատումն է մեր փրկությունը։

Բանանային գեներալ-մանչը կարծես բարձրացվել է զոհասեղան։ Զոհասեղա՞ն։ Իսկ եթե նա հանկարծ դառնա երկրափրկիչ մի տառապյալ և բազմեցվի պատվանդանի՞ն։ Չէ՞ որ օֆշորացված սույն պետայրը մարմելադաբանանային քաղցր խյուսով է պատել տնտեսակարգի մարմինն ու հոգին։ Է, օֆշորային հակակարգը մի՞թե փուռը կտա իր հաճկատար սլաքավարին։ Տեսնե՜նք, տեսնենք։


Սակայն, ոմանց փուռը տալով, այլոց էլ զոհասեղանին խաչելով, անկեղծ լինենք, մի՞թե ջուր չենք լցնում թուրանական ջրաղացին։ Հողմաղացն աղաց այս հողմը և մաքրամաքուր աղուն է մատուցում մեր սեղաններին, նաև մի գեղաշեն գաթա, որի խորիզում փայլաթիթեղով փաթաթված մի ոսկեգիր բանաձև կա. «Առաջիկա հնգամյակում պետությունը պետք է դառնա ներկրողն ամեն բանի՝ մաստակի ու գազի, շաքարավազի և այլնի։ Մասնավորը պիտի միայն արտահանի»։

ՇՈԳԵՔԱՐՇԻ ՄՐՈՏ ԿԱԹՍԱՆ
(զարզանդելի հետաքննություն)


Քաղաքականության մեջ մի հնագույն հնարք կա, քաջ հայտնի և՛ ինձ, և՛ ձեզ։ Երբ շոգեքարշի մրոտ կաթսան կեղծ մազութից բորբոքվում է, նշանակում է՝ առկա է վտանգը՝ այն կարող է տարուբերվել մերթ աջ, մերթ ձախ ու ինքնասպանվել, այսինքն՝ պայթել։ Հետևաբար կաթսայի շոգին իսկույն ևեթ պետք է բաց թողնել։ Հակակարգը համակարգվել է և գարշաբույր շոգի է բաց թողնում։

Արդի պոետ Վիգենը Ղազարյան մի «ստիխ» է թխել.
-Խուլ փողոցում
անխոս ասֆալտ էին գցում
Ակնոցավոր մի հայ և
երկու մալական։
Ներկա վարչաբյուրոկրատական-գիշանգղային երամից այս օրերին մի երկու դժգույն փետուր են պոկում և աղաղակում են խանդավառ՝ տեսեք, զմայլվեք և գնահատեք, վարչական ապարատի ուռճացված ծախսերը նվազում են, կրճատեցինք N քանակի ծառայողական մեքենա, նույնքան անպիտան չինովնիկ և վարորդ հանեցինք փողոց և գլխավորը՝ թոզ ենք փչում ժողովրդի աչքին։ Բարի, բայց ինչո՞վ են զբաղվելու վարչակազմի այս խորթ զավակները, չէ՞ որ նրանց խնայողություններն ամիսներ անց կսպառվեն, նրանցից ոմանք կզբաղվեն բիզնեսով, մնացած 5-7 հարյուրը կամ կհամալրեն աղանդավորական որջերը, կամ էլ, անշուշտ, կարտագաղթեն։ Որքա՜ն դիվորեն խելահաս եք, տիարք և տիկնայք իշխանավորներ։ Խելահաս, սակայն ինքնահավան։ Սրբադասվեք և պետությանն անվերադարձ հանձնեք ձեր շարժակազմերը, օգնականներին և մյուս պարազիտային բարիքները։ Ի դեպ, եթե վարչական վերադասը հրաժարվի ծառայողական շքեղ մեքենայից և հեծանիվով հասնի աշխատավայր, կշահենք ազգովին, քանզի նրա գիրուկ գլամուրային մարմինը կպնդանա հանց ընկույզ, և նա, իր կամքից անկախ, կզբաղվի օգտաշատ հանրային աշխատանքով։ ՈՒ դեռ քանի՜ անգամ պետք է շոգի բաց թողնեք դարն ապրած և խափանված շոգեքարշի մրոտ կաթսայից։ Սակայն չէ՞ որ դեռ քառորդ դար առաջ շոգեքարշը գծից ընկել և պատմության փակուղում է հայտնվել, կորցրել է մի շատ թանկ բան՝ իրականության զուլալ զգացողությունը, անընդմեջ բանսարկում է ու երբ ձախողվում է, կրակ կտրած կրակում է երկրի ու նրա գալիքի ուղղությամբ։

Ասում են՝ ձուկը գլխից է նեխում, սակայն վերևներում այն մաքրում են պոչից՝ բութ դանակով և գողլիկ ձեռքով։ Մի խոսքով, իշխանադասը փորձում է երերել իր արյունակից հենարանները։ Այս փորձը հաստատ փորձանք է մեր գլխին, քանի որ արդեն մտահղացման պահին ձախողված է և շինծու։ Մի խոսքով, իշխանադասը, մեզ շփոթելով ներկրված Վանա տառեխի հետ, մաքրում է պոչից, փորձելով լուծել իր գերագույն խնդիրը՝ հավերժանալ։
Այնուամենայնիվ, մի՛ վհատվեք, տիարք-տիկնայք իշխանավորներ, Հայաստանում և Արցախում կթագավորեն արդարն ու բարին, եթե, բութ դաշույնը մի կողմ դրած, իշխան ձուկը մաքրեք գլխից՝ արծաթե դաշույնով։

ԴԱՏԱՎՃԻՌ


Տիարք և տիկնայք իշխանադաս, հողմաղացն անողոք է։ Չէ՞ որ ժողովրդին հավերժորեն հիմարացնելն անհնար է։ Մեր համբերության թասը վաղուց է լցվել պռնկեպռունկ և կարող է (մեկ էլ տեսար) դատարկվել հենց ձեր վերնադասային իմաստուն գլխին։ Հիշեք «100 դրամի» հաղթարշավը, մի շրջանցեք «Բաղրամյանի ընդվզումը», երեկ Գառնի գյուղը գետնեց երկրի կառավարությանը։ Համապետական դիմակայության ճակատն է ձևավորվում։ Դուք ազատարար հորձանքը մի՞թե չեք զգում։ Մի վարանեք և իմաստությամբ լեցուն... ինքներդ գլխավորեք համազգային դիմակայությունը՝ վերացնելով մենաշնորհները, ամորձատելով վարչական դևին։ Հակառակ դեպքում Հայաստանում իսկապես կմնան-կապրեն և ասֆալտ կգցեն ակնոցավոր մի հայ և երկու մալական։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2876

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ