«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Ռիխարդ Վագների «Զիգֆրիդ-իդիլիա» սիմֆոնիկ պատկերը

Ռիխարդ Վագների «Զիգֆրիդ-իդիլիա» սիմֆոնիկ պատկերը
27.05.2016 | 09:18

Վագները Գերմանիային ազգային երաժշտություն տվավ, իսկ օտարներին՝ դաս։
ԿՈՄԻՏԱՍ

Որպես մեծ արվեստագետ և մարդ՝ Ռիխարդ Վագները չէր կարող չմտահոգվել համայն մարդկության ճակատագրով, ապագայով։ Կոմպոզիտորը չէր կարող չանդրադառնալ մարդկությանը հուզող հավերժահարցերին՝ աշխարհում տիրող անարդարությանը, բռնությանը, կեղծիքին, իշխանատենչությանը, նյութապաշտությանը և մարդկանց պառակտող այլ արատներին, որոնք խոչընդոտում են ընթացքին դեպի լույս։ Ահա այս ամենը Վագներն արտահայտել է իր արվեստում՝ օպերաներում, մասնավորապես, «Նիբելունգի մատանին» քառապատումում։


Հյուսիսգերմանական էպոսի և այլ ասքերի միջոցով նա մարմնավորել է իր տեսլականը։ Ի դեմս էպոսի հերոս Զիգֆրիդի, նա տեսնում էր այն առաջնորդին, որը պիտի ազատեր մարդկությանը չարի, «դեղին սատանայի», այսինքն՝ ոսկու իշխանությունից, ինչի խորհրդանիշը էպոսում նիբելունգի ոսկե մատանին է։


Զիգֆրիդի կերպարը ներկայացված է քառապատումի նույն անունը կրող երրորդ օպերայում, ինչպես նաև շարքը եզրափակող «Չաստվածների մթնշաղը» օպերայում։ Վագների նամակներից տեղեկանում ենք, թե նյութական և հոգեբանական ինչ ծանր պայմաններում է նա ապրել ու արարել։ Ահավասիկ իշխանուհի Էդիտ Ռադենին ուղղված նրա նամակից մի հատված. «...Ես ցավով պայքարում եմ։ Ապրելու ցանկությունը, ոգուս կորովն այնքան են նվազել, որ հաճախ կայծակի պես միտք է ծագում, թե ինչ հեշտությամբ ես հրաժեշտ կտայի այս կյանքին» (Письма зарубежных музыкантов, Л., 1967, стр. 133)։ Փառք Աստծո, գտնվեց մեկը, որն օգնության ձեռք մեկնեց հիսնամյա Վագներին։ Դա Բավարիայի թագավոր Լյուդվիգ 2-րդն էր, որի մասին կոմպոզիտորը գրել է. «Երիտասարդ արքան սրբասուրբ խորաթափանցությամբ հասկացավ ինձ և իմ կարիքները։ Նա ինձ ընդմիշտ ազատեց ամենայն հոգսից» (անդ, էջ 146)։ Եվ Վագների կյանքում բեկում տեղի ունեցավ։ Նա սկսեց ավելի ակտիվ ստեղծագործել։


Հատկապես արգասաբեր ու երջանիկ տարիներ էին 1869-1871 թվականները։ Այդ ժամանակ էր, որ կոմպոզիտորն աշխարհին պարգևեց իր տքնաջան աշխատանքի պտուղը՝ «Զիգֆրիդ» օպերան։ Իսկ կինը՝ Կոզիման, Վագներին պարգևեց մի արու զավակ՝ նույնպես Զիգֆրիդ անունով։ Եվ այս իրադարձությունը նշանավորելու համար Վագները «Զիգֆրիդ» օպերայի 3-րդ գործողության 2-րդ պատկերի հիման վրա կերտեց իր «Զիգֆրիդ-իդիլիա» սիմֆոնիկ պատկերը։
1870-ի դեկտեմբերի 25-ին Վագներն իր առանձնատանը անակնկալ մատուցեց Կոզիմային՝ նրա լուսաբացը դիմավորելով «Զիգֆրիդ-իդիլիայի» կատարումով (որպես սերենադ)։ Սա ծրագրային երաժշտության մի գլուխգործոց է, որի նախատիպը կարելի է համարել Բեթհովենի «Հովվերգական սիմֆոնիայի» հավքերի փոխկանչերին նմանակող իդիլիկ տեսարանները, Կառլ Մարիա Վեբերի «Ազատ նետաձիգը» օպերայի այն բնապատկերները, որոնք բնութագրվում են որպես «անտառային ռոմանտիկա»։


Այժմ հակիրճ անդրադառնանք «Զիգֆրիդ-իդիլիայի» կերպարային բովանդակությանը։
Վոտան գերագույն աստվածը մտահոգ դեգերում է անտառում։ Նախազգալով մոտալուտ վախճանը, դիմում է ամենագետ աստվածուհի Էրդային՝ հետաձգելու համար կործանումը։ Վոտանը պատրաստ է նույնիսկ մեռնելու, միայն թե համոզված լինի, որ իրենից հետո աշխարհի իշխանությունը կժառանգի իր շառավիղ Զիգֆրիդը։ Էրդան հիշեցնում է Վոտանին, որ նրա դուստր Բրունհիլդային է վիճակված մեծ սիրո գնով քավելու աստվածների մեղքը և մաքրելու աշխարհը չարից ու անեծքից։ Անտառում հայտնվում է Զիգֆրիդը, որին թռչնակը ուղղորդում է դեպի «վալկիրիաների ժայռը»։ Այստեղ է Վոտանը Բրունհիլդային քնեցրել հավերժական քնով ու շրջապատել կրակե օղակով՝ պայմանով, որ միայն խիզախ հերոսը կարողանա ճեղքել կրակե օղակը և համբույրով արթնացնել վալկիրիային։ Զիգֆրիդը ճեղքում է այդ պատնեշը, և հանկարծ նրա առջև բացվում է մի հրաշալի տեսարան, որը և Վագներն արտացոլել է «Զիգֆրիդ-իդիլիա» սիմֆոնիկ պատկերում։ Հերոսն անտառում տեսնում է եղևնու տակ քնած մի զրահապատ զինվորի։ Զրահն իր առասպելական Նոտունգ-թրով պատռելուց հետո նա տեսնում է մի սքանչելի գեղեցկուհու՝ Բրունհիլդային։ Զիգֆրիդը հմայված համբուրում է նրան։ Բրունհիլդան արթնանում է և ցնցված` իր երախտագիտությունն է հայտնում իրեն փրկողին։ Աղջիկը գովերգում է արևը, կապույտ երկինքը, այգաբացը։ Սիրահարված Բրունհիլդան պատրաստ է հրաժարվելու աստվածների Վալգալլա օթևանի շքեղությունից, զոհաբերելու հավերժական երանությունը հանուն երկրային երջանկության մի կարճատև պահի։


Զիգֆրիդը և Բրունհիլդան գրկախառնված դիմավորում են նոր կյանքի լուսաբացը, որը կանխանշում է հանցավոր աստվածների կործանումը և ճշմարտության վերածնունդը։

Բրունհիլդան երգում է
Ես ծիծաղով քեզ եմ փարվում,
Մոռանում եմ իմ անցյալը։
Ծիծաղելով կապրենք կյանքը,
Կվախճանվենք ծիծաղով։

Չքվի՛ր, աշխարհ աստվածների,
Վալգալլայի դղյակ, չքվի՛ր,
Թող կորչեն պերճանքը երկնի,
Աստվածները հավերժող։

Կտրեք նրանց կյանքի թելը,
Ով Մոյրաներ ճակատագրի,
Թող խավարի նրանց լույսը,
Աստվածները կործանվեն։

Քաջ Զիգֆրիդն է իմ արևը,
Նա ինձ համար կլինի հավերժ
Երջանկություն, սեր ու բերկրանք
Կյանքիս վերջը լուսավոր։
Զիգֆրիդը երգում է
Ծիծաղելով դու հառնեցիր,
Կենդանացար հավերժ քնից,
Եվ մեղմորեն ինձ ժպտացիր
Ծիծաղախիտ աչքերով։

Փառք արևին մեզ լույս տվող,
Խավար ցրող, կյանք պարգևող,
Փառք աշխարհին՝ Բրունհիլդայի
Հանգրվանին սրտաբաց։

Բրունհիլդան է իմ արևը,
Նա ինձ համար կլինի հավերժ
Երջանկություն, սեր ու բերկրանք
Կյանքիս վերջը լուսավոր։


Ահա այս լուսաբացն է արտացոլված «Զիգֆրիդ-իդիլիայում», որի պարտիտուրի վրա Վագները զետեղել է հետևյալ բանաստեղծությունը՝

ԱՌ ԿՈԶԻՄԱ ՎԱԳՆԵՐ


Երբ դու քեզ զոհեցիր
Հանուն պանդուխտիս,
Օջախում ընտանի
Ջերմացրիր հոգիս։

Հոգին իմ ներշնչվեց,
Պոռթկաց խանդավառ,
Աչքերիս տեսիլվեց
Մի աշխարհ պայծառ։

Հերոսներ անձնուրաց
Ելան անցյալի,
Եվ հառնեց հայրենյաց
Ոգին պանծալի։

Երբ ի լուր աշխարհի
Հնչեց ավետիս,
«Զիգֆրիդն է,- ասացի,-
Նորածին որդիս»։

Հնչյուն առ հնչյուն ես
Պսակ հյուսեցի,
Զավակին իմ և քեզ
Ընծա բերեցի։

Կա՞ արդյոք ավելի
Սրանից լավ նվեր՝
Փառքի պատվելի
Թագից գերիվեր։

Եվ այս մեծ բերկրանքը,
Որ մերն էր միայն,
Թող գտնի արձագանք
Աշխարհում համայն։

Ով երկու Զիգֆրիդիս
Ընդունի, սիրի,
Թող այս մեղմ մեղեդին
Նրան էլ պարուրի։

Թող նա էլ վայելի,
Սիրով համակված,
Աշխարհն այս ոգելի՝
Ի սեր քեզ կերտված։


(թարգմ.՝ Դանիել ԵՐԱԺՇՏԻ)

Դիտվել է՝ 2890

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ