Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Փակ շրջանակի, արքայի մերկ չլինելու և հարակից այլ սկզբունքային բաների մասին

Փակ շրջանակի, արքայի մերկ չլինելու և հարակից այլ սկզբունքային բաների մասին
27.05.2016 | 09:22

Ավարտված ներքին առաջնությունների, գավաթային հանդիպումների եզրափակիչների ֆոնին ֆուտբոլային աշխարհում այս ընթացքում թիվ մեկ իրադարձություններ են համարվում մայիսի 28-ին միլանյան հանրահայտ «Սան Սիրո» մարզադաշտում կայանալիք Չեմպիոնների լիգայի «Աթլետիկո»-«Ռեալ» եզրափակիչն ու կարճ ժամանակահատվածից հետ Ֆրանսիայում մեկնարկելիք Եվրոպայի առաջնությունը: Հայ ֆուտբոլասերի համար կա նաև երրորդը՝ Հայաստանի ազգային ընտրանու առաջիկա ընկերական հանդիպումները: Սկսենք վերջից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆՏՐԱՆԻՆ
Այս օրերին Լատինական Ամերիկա ուղղություն բռնած երկրի հավաքականից սպասումները չասենք մեծ են: Նոր մարզչի գլխավորությամբ կազմավորվել է նոր թիմ, որը պիտի տոտիկ-տոտիկ քայլեր կատարի համաշխարհային ֆուտբոլի օվկիանոսում, պիտի այս արևի տակ փնտրի իր տեղը: Իրականությանը բանականության աչքերով նայենք. տեղն այդ առանձնապես արևկող չի լինելու, ֆուտբոլասերի ախորժակին առանձնապես գոհացում չի տալու, որովհետև առաջիկա ֆուտբոլային իրադարձությանը (եվրոպականն անդարձ կորսված է)՝ 2018-ին սպասվելիք աշխարհի առաջնության եզրափակչին հաստատ չենք մասնակցելու, իսկ թե նրանից հետո, դինամիկայի առումով, ինչ է լինելու, ավելի մեծ անհայտություն է:
Որքան էլ ազգային ընտրանին թանկ է, այնուամենայնիվ, չենք կարող սպասումների մեջ (հակառակ սրտի ձայնին) անհույս լավատես լինել, որովհետև ֆուտբոլային առումով այն պոռթկումը, որ տարիներ առաջ ունեցավ մեր հավաքականը, դժվար թե առաջիկա տասը տարում կրկնվելու կարողություն ունենա, քանզի թռիչք ունենալու համար նախադրյալներ են պետք, իսկ դրանք ինչ-որ չեն ուրվագծվում: Վկան՝ երկրի մեր այս առաջնությունները, բակային ֆուտբոլի մակարդակից էլ ցածր մակարդակ ունեցող մեր այս ակումբները, երկրի ֆուտբոլային տնտեսության գլխին կանգնած մեր այս ղեկավարները:
Սա փակ շրջանակ է, որ պայթեցնելով միայն կարող է փոփոխությունների բերել: Իսկ այդ պայթեցումը մոտակա ժամանակներում գործնականում անհնար է երկրում տիրող վիճակի պատճառով, որտեղ ամեն մեկը զբաղված է իր լոկալ, նեղ անձնական ու ոչ թե ընդհանրական հարցերը լուծելով: Այ, երբ կհասնենք նրան, երբ շահը կլինի ընդհանրական, երբ այդ ընդհանրականի մեջ կառնվի ինքնագործունեությամբ զբաղվողների, երկիրն ինտենսիվորեն կազմաքանդողների դեմը, երբ անգրագիտությանն ու սանձարձակությանը կհայտարարվի պատերազմ, պատկերավոր ասած, գլուխներ թռցնելով, այն ժամանակ էլ կգան բարեհուսո ժամանակները: Իսկ մինչ այդ մենք (խնդրո շրջանակը կրկին նեղացնելով, որովհետև ասելիքի բուն թեման սպորտն է) մեծ ու փոքր առաջնություններում այլոց համար կլինենք լոկ միավորների մատակարար, ձևական ներկայություն:
Ոչինչ չասացի ազգայինի առաջիկա երկու հանդիպումների՞ց:
Իսկ ի՞նչ էիք ակնկալում:
Խաղեր են՝ կկայանան, իր համար այնքան երազային «Արարատի» գլխավորի պոստում ավելի քան վառ գույներով (հավատացի՞ք) դրսևորած Վարուժան Սուքիասյանի տակտիկական ու ստրատեգիական մտածողության հանճարեղ դրսևորումներին (հավատացի՞ք) հարազատ ձայնափողերը (հաստատ համոզված եղեք) կանդրադառնան մի քիչ հիացքով, մի քիչ զայրույթով, շատ բաներ կբացատրեն թիմի նոր լինելով, օղակների մեջ եղած անհամաձայնություններով, ավարտված մրցաշրջանի հոգնածությամբ (քար են քաշել) նման տիպի բազմաթիվ մանր-մունր բաներով, իսկ ռեալ օգուտը (սա հաստատապես եմ ասում, առանց իրոնիայի) կլինի, որ հավաքականի տղաներից ոմանք աշխարհ կտեսնեն, ինչն էլի մեծ բան է:

ՉԵՄՊԻՈՆԱԿԱՆԻ ԵԶՐԱՓԱԿԻՉԸ
Թիվ մեկ հարցը մնում է՝ «Աթլետիկոն» կդառնա՞ նոր պատմագիր, թե՞ «արքայականը» հերթական անգամ գավաթը տուն կտանի: Ստույգ պատասխանը ոչ մեկը հաստատապես չգիտի, իսկ կանխագուշակումների պակաս չկա, որքան էլ տարբերակները երկուսն են: Արդարության ջատագովների կարծիքով՝ ճիշտը «Աթլետիկոյի» հաղթանակն է՝ մեկնակետ ունենալով կողմերի երկու տարի առաջ եղած դիմակայությունը նույն այս փուլում: «Ռեալի» երկրպագուների համար նման արդարությունը գրոշի արժեք ունի, որովհետև այդ դեպքում իրենց սիրեցյալները կմնան դատարկաձեռն:
Ակնհայտ է մեկ բան:
«Սան Սիրոյում» «արյունահեղություն» է սպասվում, ու այդ ճակատամարտում կողմերը ոչինչ չեն խնայի:
Ակնհայտ է նաև մեկ այլ բան:
Հաստատ չի գտնվի մի ուժ, որը հանդես կգա «Հաղթում է բարեկամությունը» հայաստանյան իրականությունից քաջածանոթ հիմար լոզունգով (հասկացողը հասկացավ, թե «բարեկամական» կոնկրետ ինչ ակցիա եմ ակնարկում), որի արդյունքում տարիներ առաջ անամոթաբար զոհասեղանին դրվեց եվրոպական եզրափակչում հայտնվելու մեր երազանքը՝ ենիչերիների պես սրի բերան տալով ֆուտբոլային մի ողջ սերունդ: Երկրորդ նման տխմար արարած կամ արարածներ այս երկնի տակ այլևս չի (չեն) գտնվի, ու բնավ էլ նշանակություն չունի, որ մի կողմում (խոսքս արդեն Չեմպիոնների լիգայի եզրափակչին է վերաբերում) թիկունքում արքա ունեցող թիմ է, մյուս կողմում` մադրիդյան թաղամասերից մեկում ծնունդ առած հանրույթ, քանզի արքան այդ մերկ չէ (տոհմիկությունը չափազանց կարևոր նախապայման է առհասարակ), հանրույթն էլ մի փոր հացի համար մայրուղի ելած ծիտ կամ ծտոն չէ:

ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ
Եթե Փարիզը լիներ ֆուտբոլային նորաձևության մայրաքաղաք, առաջնության մասին խոսելն անհամեմատ հեշտ կլիներ: Մինչդեռ, գիտեք, Փարիզը նորաձևության մայրաքաղաք է շատ ավելի այլ առումներով: Արդ՝ եվրոպականի այս հագուստը թե ո՞ւմ հագով կկարվի, հաստատապես ասելը դժվար է, որքան էլ կան ավանդապես հզոր հավաքականներ, որոնց հավանական չեմպիոնությունն ամեն առաջնությունից առաջ շրջանառության մեջ է դրվում: Նախապատվությունների պակաս չկա, քանզի մեկը սիրում է «Մերսեդես», մեկը սիրում է նրբագեղ իտալական կոշիկ, երրորդը գերադասում է ֆրանսիական օծանելիքը, չորրորդն իր կրքերի բավարարումը բացառապես տեսնում է ցլամարտի մեջ:
Սակայն ֆուտբոլասերների շարքում կան նաև արթուրբաղդասարյաններ, որոնց համար նախապատվությունը ոչ թե նախասիրությունների կայունությունն է, այլ պատեհապաշտությունը. ով՝ էշ, իրենք՝ փալան: Թե հիմա սպասվելիք առաջնության հանգուցալուծումն ինչպիսին կլինի, դժվարանում ենք պատասխանել, բայց մի բանում անվրեպ կարող ենք հստակ լինել՝ տոն է լինելու, ու հայաստանյան բազմաչարչար ժողովուրդը գոնե մեկ ամիս կտրվելու է կոռուպցիային ահասարսուռ պայքար հայտարարած, իրականում այդ կոռուպցիան լավ էլ թևի տակ առած երկրի իշխանությունների ճամարտակություններից, ոստիկանական համազգեստից իբր թե թափթփուկներին հանելու մասին թիվ մեկ ոստիկանի անհաջող դերասանությունից, արագաչափերն ավելացնելու հաշվին մեր անվտանգության մասին հոգացող, իրականում ժողովրդի գրպանն ավելի մեծ ախորժակով մտնողների ազնիվ հոգածության դրսևորումներից ու տարբեր կենդանակերպների տեսքով առհասարակ բոլոր մտնողներից:
Խոսքիս վերջն այնքան էլ ֆուտբոլային չստացվե՞ց:
Ինչ արած՝ հայցում եմ ձեր ներողամտությունը:
Խոստանում եմ ուղղվել:
Երկրի հետ միասին:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1231

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ