Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Չորս անգամ «ցեղասպանություն»՝ Էրդողանի հասցեով

Չորս անգամ «ցեղասպանություն»՝ Էրդողանի հասցեով
28.05.2016 | 13:05

Տևական ժամանակ Բունդեստագը տարբեր պատճառներով հապաղում էր, բայց արդեն հաջորդ շաբաթ հայերի զանգվածային կոտորածին Օսմանյան կայսրությունում 1915-1916 թթ. կտրվի իր անունը՝ ցեղասպանություն, գրում է գերմանական Die Welt-ը: Բանաձևի ընդունման բանակցությունները Բունդեստագում համարյա մեկ տարի շարունակվում են՝ գրում է Կլաուդիա Կադեն: Բանաձևը կարող էին ընդունել ապրիլին, բայց ամեն անգամ Թուրքիայի հետ կապված ավելի կարևոր հարց էր գտնվում՝ մեկ պետք էր դիվանագետ լինել ու հարգանք դրսևորել ԻՊ-ի դեմ պայքարում կարևոր դաշնակցի նկատմամբ, մեկ քաղաքավարի զսպվածություն էր պետք դրսևորել՝ հանուն միգրանտների հարցով ԵՄ-ի և Թուրքիայի համաձայնագրի: Ի վերջո, հունիսի 2-ին Բունդեստագը կգտնի ճիշտ բառեր և միասնականություն կդրսևորի՝ քրիստոնեադեմոկրատները և սոցիալիստները, սոցիալ-դեմոկրատները և կանաչները կդատապարտեն հայերի զանգվածային կոտորածը Օսմանյան կայսրությունում 100 տարի առաջ իբրև ցեղասպանություն: Բանաձևի տեքստում «ցեղասպանություն» բառը չորս անգամ կա՝ վերնագրում և երեք անգամ տեքստում: Խոսքը 1,5 միլիոն հայերի, արամեացիների, ասորիների, պոնտացի հույների բռնի տեղահանման և սպանության մասին է: Թուրքիան իբրև Օսմանյան կայսրության իրավահաջորդ՝ դատապարտել է հրեշավոր ոճրագործությունը, սակայն համառորեն շարունակում է վիճարկել ցեղասպանության բուն փաստը: Էրդողանը և նրա համախոհները այդ սահմանումն ընկալում են իբրև հարձակում ժամանակակից Թուրքիայի վրա: Բանաձևի ընդունումը ակնհայտորեն հարուցելու է Անկարայի դժգոհությունը: Թուրքիայի նախագահի ներկայացուցիչը մի քանի օր առաջ զայրույթով հայտարարեց, որ մեղադրել ցեղասպանության մեջ և չներկայացնել ապացույցներ նույնն է, թե թեման օգտագործել քաղաքական նպատակներով: Անկասկած՝ սպասվում է գերմանաթուրքական հարաբերությունների նոր վատացում:

Բանաձևի նախագծում ընդգծվում է, որ «Գերմանական կայսրությունը մասնակի պատասխանատվություն է կրում այդ իրադարձությունների համար»: Լինելով Օսմանյան կայսրության հիմնական դաշնակիցը, Գերմանական կայսրությունը, չնայած իր դիվանագետների տեղեկությունների հայերի կազմակերպված տեղահանության և սպանությունների մասին, չի փորձել դադարեցնել մարդկության դեմ այդ հանցագործությունները:


Կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը հաշտվողական ազդանշաններ է հղել Անկարա. «Խոսքն այն մասին չէ, որ Թուրքիային պետք է մատով ցույց տալ»՝ ասել է նա թերթի հետ զրույցում: Նա նշել է, որ կայսերական Գերմանիայի ղեկավարությունը նախընտրել է չզայրացնել օսմաններին և չի շտապել օգնության դժբախտության մեջ հայտնված հավատակից եղբայրներին ու քույրերին: Օզդեմիրի խոսքով՝ հենց այդ պատճառով շատ կարևոր է 100 տարի անց իրերը իրենց անուններով կոչել:
Կլաուդիա ԿԱԴԵ, Die Welt


Հ.Գ. Հինգշաբթի օրը Բունդեստագը կարող է ընդունել Հայոց ցեղասպանությունը դատապարտող և Գերմանիայի հանցակցությունն ընդունող բանաձևը, որ, անկասկած, ազդեցություն է ունենալու Գերմանիայի և Թուրքիայի հարաբերությունների վրա: Բեռլինը դա հիանալի գիտի, այնուամենայնիվ, հնարավոր է, որ բանաձևն ընդունվի: Ահմեդ Դավութօղլուի պաշտոնանկությունից հետո Արևմուտքը հստակ սահմաններ է դնում Եվրամիության և Թուրքիայի միջև, թեպետ Անկարան չի փոխել իր քաղաքականությունը, պարզապես Բրյուսելը սկսել է հասկանալ, որ միգրանտների պատճառով թույլ տվեց, որ Թուրքիան չափազանց շատ մոտենա իր դռանը և, բացի այդ, Եվրոպայի թուրքացումը հեռանկար է, որ ազատ վիզային ռեժիմը բացելու է խալիֆ Էրդողանի առաջ: Իսկ խալիֆ Էրդողանի խնդիրը առանց պատերազմի Եվրոպան վերցնելն է՝ փափուկ ուժով, որի մասնագետը Արևմուտքն էր համարվում: Շահերի բախման այս խաչմերուկում է հիշվել Հայոց ցեղասպանությունը, որի ճանաչումով Թուրքիային նորից ցույց կտան իր իրական տեղը և հիմնարար արժեքների տարբերությունը Եվրամիության և Թուրքիայի միջև: Ողջ խնդիրն այն է, որ և Թուրքիան, և Արևմուտքը այդ արժեքներով ոչ թե ապրում, այլ սպասարկում են ընթացիկ շահերը՝ հիշում ու մոռանում են ըստ անհրաժեշտության: Իսկ մեզ մնում է օգտագործել պատեհ պահը՝ առանց մեծ պատրանքներ ունենալու, որ այդ քաղաքականությունը ծառայում է նաև մեր շահերին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2479

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ