Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը. հոգևորականներ՝ խաչի և զենքի միջև

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը. հոգևորականներ՝ խաչի և զենքի միջև
29.05.2016 | 21:06

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղում զինվորականներն առաջնագծում մատուռներ կառուցում: Ինչո՞ւ են հոգևորականները զենք վերցնում, և պե՞տք է հոգևորականը կռվի զինվորի կողքին: RFI-ի հատուկ թղթակիցը քառօրյա պատերազմից հետո մեկնել է Լեռնային Ղարաբաղ՝ պարզելու, թե ինչ տեղ է զբաղեցնում կրոնը հայ-ադրբեջանական երկարամյա հակամարտության մեջ: Երբ ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղում քսան տարի տևած հարաբերական հրադադարից հետո վերսկսվեց զինված բախումը, զինվորականների հետ ճակատ մեկնեցին հոգևորականները: «Հայ հոգևոր դասի հիմնական դերը այստեղ իր զինվորի համար աղոթելն է»,- ասում է 25-ամյա քահանա Սևակ Սարիբեկյանը: Առաջնագծում՝ հենց խրամատներում, կարելի է տեսնել զինվորների ձեռքով կառուցած փոքրիկ ժամատներ՝ ներսում խաչեր և սրբապատկերներ: Արդեն մեկ տարի է, ինչ Սևակը ծառայում է Ջեբրայիլում և պարբերաբար դիրքեր է այցելում, որ շփվի զինվորների հետ:


«Պատերազմը հետք է թողնում մարդու հոգեբանության վրա: Երբ տղաներն առաջնագծում են, նրանք չեն մտածում սովի, ցավի մասին. բոլոր մտքերը միայն նրա մասին են, թե ինչպես պաշտպանեն սահմանը: Վերադարձից հետո մենք տեսնում ենք, որ այդ ամենը ազդել է նրանց բարոյահոգեբանական վիճակի վրա: Մենք այստեղ նաև հոգեբանի դեր ենք տանում»,- բացատրում է Սևակը:


Զինվորներն ասում են, որ հավատի մասին ամենից շատ մտածում են առաջնագծում, որտեղով կյանքի և մահվան սահմանն է անցնում: Եվ այսպես արդեն ավելի քան 20 տարի, որի ընթացքում պատերազմը չի դադարել, այլ միայն ձևերն է փոխել՝ դիպուկահարային, դիվերսիոն, լայնամասշտաբ… «Ժողովուրդը հոգնել է անընդհատ վտանգի մեջ ապրելուց. ոչ ոք չի ուզում համակերպվել պատերազմի հետ»,- ասում է քահանան: Ապրիլյան պատերազմի ժամանակ այստեղ կարելի էր հանդիպել զենքը ձեռքին հոգևորականների: Դա հազվադեպ հանդիպող երևույթ է, հատկապես երբ բոլորը, առանց բացառության՝ սկսած զինվորականներից, վերջացրած քաղաքական գործիչներով, ընդգծում են, որ պատերազմը Ղարաբաղում ոչ թե հավատի, այլ տարածքի համար է: Պատերազմի կրոնական բնույթի բացակայության մասին են վկայում պահպանված մզկիթները և մահմեդականների գերեզմանները: «Պատերազմը՝ պատերազմ, բայց ուրիշի սրբավայրերը մենք չենք ավերում և չենք պղծում»,- ասում են զինվորները՝ ցույց տալով Աղդամում 19-րդ դարի կառույց մզկիթը: Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը բացատրում է, որ Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում հոգևորականների զինվորական ծառայության մասին որոշումը պետական մակարդակով ընդունվել է 1997-ին: Ծրագիրը չի նախատեսում հոգևոր դասի ներկայացուցիչների անմիջական մասնակցությունը ռազմական գործողություններին, սակայն չի բացառվում, որ նման դեպքեր հաճախ լինեն:


«Երկար ժամանակ իշխում էր կարծիքը, որ 1915-ի եղեռնի ժամանակ հայերը կարող էին ավելի լավ պաշտպանվել, եթե հոգևորականները նրանց հնազանդություն և համբերություն չքարոզեին: Ես չեմ բացառում, որ այս երեսուն տարվա ընթացքում հոգևորականները ավելի հաճախ են միանում առաջնագծում կանգնած զինվորներին»,- ասում է ազգագրագետը: Հայաստանի պատմության մեջ կարելի է նմանատիպ օրինակներ գտնել. պարսիկների դեմ մղած Ավարայրի ճակատամարտը 451-ին, երբ հոգևորականները առաջին շարքերում կռվում էին հանուն հավատի, հայտնի է նաև, որ 1918-ին Սարդարապատում թուրքերի դեմ մղվող ճակատամարտում հոգևորականները նույնիսկ իրենց գունդն ունեին:

Դիտվել է՝ 2830

Մեկնաբանություններ