USD485.72
EUR550.71
RUB7.35
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
Mariam Merabova in Armenia
 

Արցախի անկախությունը ճանաչվել է այն օրից, երբ ԼՂՀ-ն դուրս մնաց բանակցային գործընթացից

Արցախի անկախությունը ճանաչվել է այն օրից, երբ ԼՂՀ-ն դուրս մնաց բանակցային գործընթացից
31.05.2016 | 00:06

Պատմական փաստերն ու իրողությունները չիմանալը համազոր է աչքերն ու ձեռքերը կապած անդունդի եզրով քայլելուն: Բայց և պատմական դաժան իրադարձությունների մասին միայն խոսելը, առանց դրանց ներկա և հետագա հետևանքների դեմ քաղաքական, դիվանագիտական, իրավական, եթե անհրաժեշտ է՝ ճիշտ տեղում, ճիշտ ժամանակին նաև ռազմական լուծումներ առաջադրելն ու իրականացնելը, թուլացնում են ժողովրդի ինքնապաշտպանական գործողությունները կենտրոնացնող ուժերը:


Թվում է, թե անցյալ դարի քսանական թվականներին հայ իրականության մեջ բավարար էին քաղաքական գործիչները, բայց նրանցից ոչ ոք չդրսևորեց քաղաքական ու դիվանագիտական ճկունություն՝ ասպարեզում եղած քաղաքագետներին համախմբելու՝ անկախ նրանց կուսակցական պատկանելությունից ու քաղաքական հայացքներից: Սարսափելին այն էր, որ քաղաքական զոհասեղանին էին դրված հայ ժողովրդի՝
1. ֆիզիկական գոյությունը,
2. Հայաստան աշխարհագրական-ազգային տարածքը,
3. պետականության գոյությունը:
Առավել սարսափելին այն էր, որ քաղաքական ուժերից ոչ մեկը դա չգիտակցեց: Սրանք այն երեք հիմնական կռվաններն են, որոնցով պայմանավորված է որևէ ազգի պատմական գոյության հետագա ճակատագիրը: Մեր ժողովուրդը քանիցս հայտնվել է կործանման այդ անդունդի եզրին:


Այսօր աշխարհաքաղաքական իրավիճակը նույնպես հուսալի չէ, իսկ մեր լավագույն քաղաքագետները դարձյալ գործում են մեկը մյուսից մեկուսի, չկա մշակված քաղաքական համընդհանուր, հայաստանանպաստ հայեցակարգ:
Արտակարգ և լիազոր դեսպան Արա Պապյանը մշակել է Արցախի հարցի քաղաքական-իրավական լուծման մի պարզ հայեցակարգ՝ հիմնված պատմական փաստաթղթերի և քաղաքական-իրավական տրամաբանության վրա, որը, անաչառ լինելով, նաև հայաստանանպաստ է: Հայտնի իրողություն է, որ քաղաքական կոնյունկտուրան հաճախակի կրկնվելու «սովորություն» ունի, և դա հետևանք է քաղաքականությամբ զբաղվող մարդկանց անհեռատեսության, իսկ ավելի հաճախ՝ քաղաքական միտքն ու ուժերը չմիավորելու և մեր պարագայում՝ միասնական՝ համահայկական հայեցակարգ չմշակելու անհետևողականության:
Քանիցս ասել եմ, որ մենք և՛ Հայաստանում, և՛ սփյուռքում ունենք բավարար թվով և բարձրակարգ քաղաքագետներ, որոշ երկրներում նույնիսկ բարձր պաշտոններ զբաղեցնող քաղաքական և դիվանագիտական փայլուն կարողություններով և միջազգային մասշտաբով բարձր դիվանագետներ, որոնք իրենց հեղինակությամբ կարող են ստեղծել հայ քաղաքական մտքի՝ ռազմավարության և մարտավարության ճկուն և գործուն մի կենտրոն՝ Հայաստանի շուրջ զարգացող աշխարհաքաղաքական անցուդարձը վերլուծելու և հակազդող գործողություններ մշակելու ծրագրով: Միայն համատեղ՝ հայաստանաշահ վերկուսակցական հայեցակարգը մեր հայրենիքն ու պետականությունը կփրկի քաղաքական վայրիվերումներից և հնարավոր ռազմական միջամտությունից: Մենք պարտավոր ենք և կարո՛ղ ենք դա անել: Հայրենատիրության գաղափարներով ու զգացմունքներով ապրող քաղաքագետների միաբանվելու ժամանակն է:


Վերջերս նորից անդրադարձա և կետ առ կետ ուսումնասիրեցի Արա Պապյանի դեռևս 2008 թ. դիվանագիտորեն անթերի մշակած քաղաքական ծրագիրը արցախյան հարցը կարգավորելու վերաբերյալ: Եթե այդ հայեցակարգը՝ դիվանագիտական և քաղաքագիտական փաստերով և փաստարկներով ապացուցված, առայսօր չի դրվել կիրառության, ուրեմն Հայաստանի քաղաքական ղեկավարությունն անտեսել է այն և ուղարկել մակուլատուրա, իսկ Հայաստանն ու հայոց պետականությունը ծրագրված դրել է կործանման տանող հարվածների տակ:
Եթե 1989-91 թթ. մեր քաղաքական անփորձությունից օգտվելով դրսի քաղաքական ուժերը արցախյան պարզ հարցը վերածեցին բարդ խնդրի և տարան ռազմական հակամարտության, ապա երկուհազարականներին մենք ունեինք բավարար թվով քաղաքագետներ, որոնց մեր պետության նախագահները պարտավոր էին պատվիրել՝ մշակելու և իրենց ներկայացնելու Արցախի հարցի վերհանման իրավական փաթեթը: Բայց դա ոչ միայն չի արվել նրանց կողմից, այլև անտեսվել է արդեն մշակվածն ու իրենց ներկայացվածը: Այդ անփութությա՞ն, խնդրի կարևորությունը չըմբռնելո՞ւ պատճառով, թե՞ դրսի օտար ուժերի թելադրանքով մեր ժողովրդին ու երկիրը միտումնավոր տարել են ռազմական բախումների՝ կործանելով երկրի տնտեսությունը, թուլացնելով պետությունը՝ միլիոնավոր դոլարներ ծախսելով՝ զենք ձեռք բերելու համար, իսկ այդ միլիոններով հարստացրել ենք մեր թշնամուն զենք վաճառող մեր ռազմավարական դավադիր բարեկամին, բազմահազար հայորդիների զոհվելու պատճառ դառնալով, արտագաղթը ահռելի չափերի հասցնելով: Եվ այս բոլորը կատարվեց, ցավոք, նաև մեր հանդուրժող կրավորականության պայմաններում:


Ավելի քան վստահ եմ՝ Մինսկի խմբի համանախագահներն ու թուրքերը ծիծաղում են մեր դիվանագիտական բացթողումի վրա, բայց ձևացնում են, թե համաձայն չեն մեր, այսպես կոչված, ինքնորոշման իրավունքի հետ: Մինչդեռ այստեղ ինքնորոշման ոչ մի հարց չկա: Ի դեպ, բոլորիս է հայտնի 1989 թ. դեկտեմբերի 1-ի՝ ՀԽՍՀ և ԼՂԻՄ-ի Գերագույն խորհուրդների համատեղ որոշումը Հայաստանի հետ Արցախի վերամիավորման մասին: Ի դեպ, այդ որոշումը առայսօր ուժի մեջ է, քանի որ կողմերը չեղյալ չեն հայտարարել:


Մենք ասես ընկել ենք նախապես ջրամբարից բաց թողնված պղտոր ջրի հորձանուտը և չենք փորձում անգամ հետ նայել: Պատմական-իրական-իրավական մի փաստ իր փաստարկով. Լեռնային և Դաշտային Ղարաբաղն ու Նախիջևանը ոչ միայն պատմականորեն որևէ առնչություն չեն ունեցել Ադրբեջան կոչվող նորաստեղծ պետական կազմավորման հետ այն պարզ պատճառով, որ ո՛չ միայն նման ազգ գոյություն չի ունեցել, այլև պատմության մեջ չի եղել գոյություն չունեցող ազգի որևէ պետականություն: Եվ այնուամենայնիվ, պատմության և քաղաքակրթության հանդեպ դավադրություն է կատարվել: Հետահայաց անենք դեպի անցյալ դարի 18-20 թվականները: Առաջին աշխարհամարտում պարտված Թուրքիան, Բաքվի նավթի վրա իշխանություն ունենալու հեռահար նպատակներով, ճնշում է գործադրում բոլշևիկյան Ռուսաստանի վրա՝ չխոչընդոտել մերձկասպյան տարածքում ադրբեջանական պետություն ստեղծելուն: Բաքվի նավթահանքերը, որոնց մեծ մասը հայերի սեփականությունն էր, մի մասը՝ ռուսների, իսկ մյուսը՝ անգլիական ներդրողներին էր պատկանում, ի դեպ նրանցից մեկն էլ հայտնի Նոբելն էր, ազգայնացվում են այդ նորաստեղծ պետության կողմից: Մի քանի տարի հետո, երբ բոլշևիկյան Ռուսաստանը փոքրիշատե ամրապնդում է իր դիրքերը երկրի ներսում, հասկանում է իր քաղաքական-տնտեսական սխալը, և որպեսզի Թուրքիան չծավալվի դեպի Կովկաս և Բաքվի նավթը չպահի իր հսկողության տակ, Խորհրդային Ռուսաստանը, որ երբեք էլ չթոթափեց իր կայսերապաշտական նկրտումները, 1920 թ. քաղաքական ճնշման տակ խորհրդային կարգեր է հաստատում նաև ադրբեջանական հանրապետությունում: Սակայն Թուրքիայի քաղաքական հետադարձ ճնշումը Ռուսաստանի վրա ստիպում է բոլշևիկներին գնալ փոխզիջման: Ի գին ադրբեջանական դեմոկրատական հանրապետության լուծարման՝ բոլշևիկյան Մոսկվայի հանցագործ և անպատասխանատու քաղաքական որոշումով 1921 թ. նույն այդ բոլշևիկյան կուսակցության մի բջիջը՝ Կովկասյան բյուրոն, հանցագործ ապօրինությամբ Հայաստանի Հանրապետության պատմական-վարչական տարածքները նվիրում է Ադրբեջան կոչված պատմական թյուրիմացությանը: Եվ Նախիջևանն ու Դաշտային ու Լեռնային Արցախը յոթանասուն տարի ինքնավար հանրապետության և մարզի կարգավիճակով մնում են խորհրդային այդ հանրապետության վարչական ենթակայության տակ: Սա բոլորիս է հայտնի: Սակայն զավեշտալին այն է, որ այդ նորելուկ պետությունը յոթանասուն տարի անց՝ Խորհրդային Միության փլուզումից հետո, երբ հայտարարեց իր անկախությունը, իրեն 1918 թ. ստեղծված առաջին և միակ հանրապետության իրավահաջորդը համարեց, որի կազմում երբեք չեն եղել Արցախն ու Նախիջևանը:

Ամենայն հավանականությամբ, ադրբեջանցիներն ուզում էին հաստատել իրենց՝ երբևէ պետականություն ունենալու փաստը, բայց չեն մտածել, որ առաջին հանրապետության կազմում հայկական այդ տարածքները երբեք չեն եղել: Մենք, մեր ձեռքի տակ ունենալով այդ իրավական փաստաթղթերը, մինչև հիմա դրանք չենք խաղարկում դիվանագիտական և իրավական ատյաններում: Մինչդեռ Բաքուն, այդուհանդերձ, պնդում է, որ այդ տարածքները պատկանում են իրեն և պահանջում է հարգել իր երկրի տարածքային ամբողջականությունը:
Մեր երկրի քաղաքական ղեկավարներից ո՞վ կարող է իրավաբանորեն կամ գոնե պարզ տրամաբանությամբ մեկնաբանել այս քաղաքական ֆարսը: Ինչի՞ շուրջ են բանակցում կողմերը: Ո՞ր տարածքների մասին է խոսքը: Եթե անգամ իրավական դաշտ չբերենք ԱՄՆ-ի նախագահի Իրավարար վճիռը, որով այդ տարածքները պատկանում էին Հայաստանի Հանրապետությանը, ապա միջազգայնորեն չճանաչված պետության՝ ՌՍՖՍՌ-ի բոլշևիկյան կուսակցության քաղաքական որոշումը այն ժամանակվա հասկացողությամբ սուվերեն պետության՝ Սովետական Հայաստանի տարածքների հանդեպ ոտնձգությունները միջազգայնորեն անօրինական են եղել և դատապարտելի:
Հիմա անդրադառնանք Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչմանը, որն այդքան շահարկվում է: Արցախի անկախության ճանաչումը Հայաստանի կողմից դարձել է իսկական գորդյան հանգույց:


ԼՂՀ-ի անկախության ճանաչման անհրաժեշտությունը չկա. Արցախի ոչ թե անկախությունը, այլ Հայաստանի հետ վերամիավորումը վաղուց է ճանաչվել: Ճանաչվել է այն օրից, երբ Ղարաբաղը դուրս մնաց բանակցային գործընթացից: Քսան և ավելի տարիներ այդ տարածքները, ըստ էության, Ադրբեջանն է Հայաստանից պահանջում: Էդ Հայաստա՛նը պիտի բողոքի Ադրբեջանի դեմ ռազմական, դիվանագիտական և տեղեկատվական չհայտարարված պատերազմով իր տարածքային ամբողջականությանը սպառնալու համար:

Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

Դիտվել է՝ 3565

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao