ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլքեր Թյուրքը չորեքշաբթի կոչ է արել Սիրիայում և Լիբանանում առնվազն 12 մարդու կյանք խլած փեյջերի պայթյունների առնչությամբ անկախ հետաքննություն անցկացնել։ «Պետք է անկախ, մանրակրկիտ և թափանցիկ հետաքննություն անցկացել այս զանգվածային պայթյունների հանգամանքների վերաբերյալ, և նրանք, ովքեր պատվիրել և իրականացրել են նման հարձակումը, պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ընդգծել է նա։               
 

Սպասման հիվանդները

Սպասման հիվանդները
31.05.2016 | 00:49

Հայաստանյան հիերարխիայում բոլորն սպասում են, թե ինչ տեղի կունենա ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ` առաջիկայում սպասվելիք նախագահների հանդիպման ժամանակ, քանզի ներքաղաքական դասավորությունն ուղիղ համեմատական է արտաքինին:
Ի դեպ, նման սպասումներ միշտ են եղել նախընտրական շրջափուլերի ժամանակ. Քի Վեստ, Ռամբուե, Վարշավա, երբ միջազգային հանրությունը փորձում էր տեղաշարժ արձանագրել խնդրում, ինչն ուղղակի անհնար էր, քանզի նույն միջազգային հանրությունն սպասվածի չափ ջանք չէր բանեցնում, ճնշում չէր գործադրում նպատակին հասնելու համար, որովհետև բոլորին էր ակնհայտ` դեռ ժամանակը չէ. աշխարհաքաղաքական-վերղարաբաղյան խաղացող կողմերից որևէ մեկին այդ պահին ձեռնտու չէր իր մասով վաբանկ գնալ` հարցի լուծման հասնելու համար:


Ռազմական լուծումն էլ, ինչպես ցույց տվեցին վերջին զարգացումները և քառօրյա պատերազմը, նույնպես անհնարին է` գոնե մոտակա տեսանելի ժամանակահատվածում, քանզի ռազմական ճանապարհով հարց լուծելու միակ ջատագով Ադրբեջանը հասկացավ՝ եթե դրսից լուրջ օժանդակություն «չտրամադրվի», ինքն անկարող է որևէ հարց լուծելու, անգամ իր զինվածության պայմաններում: Նման օժանդակություն Անկարան չի կարող տրամադրել իր փոքր եղբորը, որովհետև աշխարհի հետ մեկ դյուժին խնդիրներ ունեցող Թուրքիան չի կարող նման բացահայտ արկածախնդրության գնալ` Սիրիայից «հետո»: Իսկ Ռուսաստանի մասին չենք խոսում, որովհետև շատ ենք խոսել:


Եվ այնուհանդերձ, հայաստանյան քաղաքական մթնոլորտում հնչում է հարցը՝ սա այն ժամանա՞կն է, որում պետք է լուծվի ղարաբաղյան հիմնախնդիրը, որպեսզի իրենք էլ իրենց բոլոր «մատյան գնդերը» բերեն պատրաստվածության թիվ մեկ վիճակի, թե՞ դեռ պետք է ժպտան, սեթևեթեն իշխանությունների հետ` ոտքի տակ չկորչելու համար: Միանշանակ պատասխան չկա: Ճիշտ է, տարածաշրջանն ու աշխարհը նախկինը չեն, սակայն նախադրյալներ, որոնք կարող են հիմնախնդրի լուծմանը նպաստել, նույնպես չկան, և սպասել արմատական բեկում առաջիկա հանդիպումից, հաստատապես իրատեսական լինել չի կարող, ուստի ուղիղ համեմատականով էլ ներհայաստանյան ուժերն են հետ-առաջ անում:
Դիցուք ՀԱԿ-ը, որ դեռ մնում է որպես ընդդիմադիր առանցքային ուժ: Չէ, մենք հո չե՞նք ասում, թե Լևոն Տեր-Պետրոսյանին հենց Ռուսաստանն է ասել` «էս նեղ մաջալին» մնա Սերժ Սարգսյանի կողքին, ես իմ «հինգերորդ շարասյունը» այլ ուժերով կկառուցեմ էս անգամ: Չե՛նք ասում:


Բայց և ակնառու էր, չէ՞, ՀԱԿ-ի «տեղայնացմամբ», ՀՅԴ-ի կոալիցմամբ, ԲՀԿ-ի չկոալիցմամբ, ինչպես ծածկվեց, փակվեց ողջ քաղաքական, այդ թվում՝ ընդդիմադիր դաշտը, որպես ուրույն խճանկար:
Ընդ որում, պետք է նկատել, որ ներքաղաքական զարգացումներից «ամենաուժեղները»` սահմանադրական հանրաքվե, ԸՕ-ի ընդունում, իշխանությունների համար անցան ոչ միայն ահավոր «անցավ», «կոնսենսուսով», այո, ուղղակի «զրո» խնդիրներով, երբ թե՛ առաջինը, թե՛ երկրորդը պետք է հանդիպեին խոր հակադարձման` ֆորս մաժորի ձգտող նույն ուժերի կողմից:


Ընդ որում, այդ ուժերի, անձերի «բզբզոցն» այնքան աննկատ է, որ հարց է ծագում` նրանք իսկապես կա՞ն, թե՞ ֆիկցիա են: Փաստորեն, ընդդիմադիր ճամբարը որևէ նոր գաղափարի այլևս ընդունակ չէ. կոնկրետ դեպքում «երկար սպասված»-մտածված Սամվել Բաբայանի վերադարձն անգամ չունեցավ այն էֆեկտը, ինչի համար նրան «պատրաստում» էին: Շատ պարզ պատճառով՝ իշխանությունները գիտեն՝ ինչ են ուզում, «ումով են ուզում» թե՛ ԸՕ-ի, թե՛ Սահմանադրության, անգամ իրենց ծիծաղելի, եթե չասենք` զավեշտ-պայքարով` կոռուպցիայի, մոնոպոլիաների, ծակ ու անսարք ավտոմոբիլների դեպքում:
Հայոց ընդդիմադիրները չգիտեն՝ ինչ են ուզում, երբ են ուզում և որքան:
Նրանց ողբերգությունը համակարգային, մարդկային, անհատական լինելուց զատ, մի խոր արմատ ևս ունի. նրանք անվերջ սպասել են, թե ինչ է լինելու ղարաբաղյան հարցում, հունիսին սպասվելիք այս հանդիպումը ներառյալ: Ինչը, անբարո լինելուց զատ նաև հակաքաղաքական է:
Դրա համար էլ չեն շահում:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2251

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ