Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

«Սոցիալապես անապահով մարդկանց համար քաղաքը մարդասպան է»

«Սոցիալապես անապահով մարդկանց համար քաղաքը մարդասպան է»
31.05.2016 | 09:00

Ժամանակակից գրողների շրջանում ամենից շատ շրջանառվող անուններից է ԳՐԻԳԸ: Նրա գործերը բազմիցս հրապարակվել են տպագիր և էլեկտրոնային մամուլում: Առաջին գիրքը վերնագրված է «Հիսուսի կատուն»: «Դժվար է ասել` ես գրում եմ պատմվածքնե՞ր, ես գրում եմ պատմություննե՞ր: Ինձ ասում են՝ լեզուն այնպիսին է, կարծես դու ու հարևանիդ տղան նստած զրուցում եք: Ես ուրախանում եմ, որովհետև իմ նպատակը հենց դա է` պարզապես զրուցել»,- ասաց երիտասարդ արձակագիրը:

«ԲԵՍԹՍԵԼԼԵՐ ԿԱՐՈՂ Է ՀԱՄԱՐՎԵԼ ՇԱԲԱԹՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ 8 ՕՐԻՆԱԿ ՎԱՃԱՌՎԱԾ ԳԻՐՔԸ»


-Գրիգ, ասում են` լավ գիրքը գտնում է իր ընթերցողին, բայց մինչ այդ հարկ է ներկայացնել գրողին, գիրքն ընթերցողին հասցնել: Այս առումով ինչպե՞ս է ճանապարհ հարթում «Հիսուսի կատուն»:
-Այստեղ շատ կարևոր է հրատարակչության դերը: Կան հրատարակչություններ, որ տպարանի գործառույթ են իրականացնում, նրանց համար էական չէ, թե ինչ արտադրանք են տալիս և ինչ ճակատագիր է ունենալու այդ արտադրանքը: Կան հրատարակչություններ, որոնց տարբերանշանը շատ թանկ է, հետևաբար տպագրում են այնպիսի ստեղծագործություններ, որոնց գովազդով, մարքեթինգով հետագայում զբաղվում են: Կոնկրետ իմ գրքի գովազդով զբաղվում է «Անտարես» հրատարակչությունը, և դա տալիս է իր արդյունքը:
-Ժամանակ առ ժամանակ այս կամ այն գիրքը (նաև Ձերը) հայտնվում է բեսթսելլերների ցուցակում: Բայց, դատելով տպաքանակի և վաճառքի ցուցանիշներից, հարաբերական է բեսթսելլեր ասվածը: Շատ նեղ չէ՞ ընթերցողների շրջանակը:
-Միանգամայն համաձայն եմ, որ բեսթսելլեր կարող է համարվել շաբաթվա ընթացքում 8 օրինակ վաճառված գիրքը: ՈՒրիշ երկրներում բեսթսելլեր ասվածն անհամեմատ մեծ թիվ է ենթադրում: Մեզ մոտ իրականում ընթերցանության մակարդակը բարձր է, այստեղ գիրք գնելու խնդիր կա: Իմ գիրքը, օրինակ, կան մարդիկ, որ գնել են, ու իրենց չի հասնում, պտտվում է ձեռքից-ձեռք: Բնականաբար, շատ ավելի լավ կլիներ, եթե բոլոր մարդիկ հնարավորություն ունենային և գրքեր գնելու:
-Նկարիչների, նկարների մասին պատմությունների հաճախ ենք հանդիպում Ձեր արձակում: Ի դեպ, լուսանկարչական ինքնատիպ աշխատանքներով է ողողված նաև Ձեր ֆեյսբուքյան էջը: Ինչո՞վ է պայմանավորված այդ հետաքրքրությունը:
-Հայրս նկարիչ է, ինձ համար նկարչությունը շատ հարազատ արվեստի տեսակ է: Ես գրում եմ այնպես, ինչպես նկարիչն է նկարում, գրում եմ` հնարավորինս գույների հետ խաղալով:
-«Ձեռքերդ գրպաններումդ անցիր փողոցը, դու ճշմարտություն ես փնտրում, բայց քաղաքը շատ փոքր է քո փնտրածի համար: Քաղաքում կգտնես ագռավներ ու վախեր միայն… Զգույշ եղիր, քեզ լավ նայիր»: Գրիգ, Ձեր պատմվածքների առանցքում մեր քաղա՞քն է:
-Այո, ամբողջությամբ դիտակետը Երևանն է ու Երևանի ցավը, այն տառապանքը, կիսատությունը, որ մենք զգում ենք ամեն օր աշխատանքի գնալիս, աշխատանքից տուն գալիս, ինչու ոչ` տանը, աշխատանքի վայրում: Գիրքը երկու մասից է բաղկացած: Առաջին հատվածում մեր Երևանն է, Երևանում ապրող անտուն մարդիկ: Երկրորդ հատվածը Գերմանիայում բուժում ստացող երեխաների մասին է: Այդպիսի ծրագիր իրականում կա. աշխարհի տարբեր ծայրերից երեխաները անվճար բուժում են ստանում: Մի քանի պայմաններ կան. պետք է լինեն միայնակ, առանց ծնողների, հարազատի ուղեկցության, և տարիքը չգերազանցի 12-ը: Առաջին հատվածում հերոսները մեծահասակներ են, որոնք ուզում են հավերժորեն վերադառնալ դեպի մանկություն: Երկրորդ մասում երեխաներ են, որոնք ցավի պատճառով արդեն կորցրել են իրենց մանկությունը: Գրքի այդ երկու հատվածները կարծես զուգահեռվում, հակադրվում, նաև լրացնում են միմյանց: «Հիսուսի կատուն» պատմվածքում ուժի միջոցով, ստիպողաբար երեխային զրկում են մանկությունից, և զրկում է, ի վերջո, սոցիումը: Երեխաները, որոնք ասում էին` քո բերած կատուն չի քայլում ջրի վրայով, քաղաքի ռացիոնալ միտքն են` մեծահասակները, որոնց բնորոշ է հրաշքին չհավատալը: Ամեն օր հասարակությունը կամ որոշ մարդիկ մեզ զրկում են երազանքներից: Ես մեծ ցավ եմ ապրում, երբ տեսնում եմ անտուն մարդկանց, որոնցից շատերը արվեստի, գիտության մարդիկ են: Մարդիկ, որոնք դեռ երազանք ունեն, իրենց մեջ պահպանել են մանկությունը և հավատում են, որ ճշմարտություն կգտնեն քաղաքում: Ես ցնցված էի, ու գրքում կա այդ մասին. երբ աշխատում էի օպերային թատրոնի հարևանությամբ գտնվող «Գրքի տաղավարում», անտուն մեկը մոտեցավ ինձ ու խնդրեց Լևոն Խեչոյանի գիրքը: Ասաց, որ «Խնկի ծառերը» կարդացել է և իրեն շատ հետաքրքիր է, թե «Արշակ արքա, Դրաստամատ ներքինին» ինչի մասին է: Բնականաբար, գումար չուներ, խնդրում էր զգուշորեն, իմ աչքի առաջ կարդալ ու վերադարձնել:
-«Ամպերի մասին» պատմվածքում տղան մորը հարցնում է` իրեն նայելիս ամպերը տեսնո՞ւմ է: Մայրը պատասխանում է, որ չի տեսնում: «Բա ինչո՞ւ եմ ես տեսնում, երբ քեզ եմ նայում»,- հարցնում է որդին: Ժամանակի հետ մենք չե՞նք նայում ամպերին, թե՞ չենք տեսնում ամպերը:
-Երեխան ներքևից է նայում մեծահասակին և տեսնում է ամպեր, մեծահասակը փոքրին նայելիս ամպերը չի տեսնում: Ամպերը երազանքն են, իսկ մեծահասակը տեսնում է իրականությունը, հողը, գետինը: Իմ խնդիրը հենց դա է` փորձել պահպանել մանկան հայացքը, չսպանել այն ամբողջությամբ:
-«Հողամասը հիմա իմ աշխարհն է, իմ փախուստի վերջին կետը»: Գրականությունը նո՞ւյնպես փախուստի տարածք է Ձեզ համար:
-Ե՛վ փախուստ, և՛ ապրած օրերի արդարացում: Ի վերջո, ամեն մարդ ցանկանում է իմաստավորել իր գոյությունն ինչ-որ բանով: Գրելով իմաստավորվում է կյանքը:
-Նույն պատմվածքում ասում եք. «Հողամասում առավոտները տարբեր են, չկրկնվող»: Բնությանը մոտ լինելը դատարկության, անփոփոխության դեմ պայքարի ձև՞ է Ձեզ համար:
-Սա մեծագույն խնդիր է, հատկապես քաղաքում ապրող մարդու համար, որովհետև քաղաքում կյանքն ավելի շատ է շեղում քո ուշադրութունը կարևոր բաներից: Վազքի արագությունը մեծ է, դու ամեն օր շտապում ես: Բնության գրկում կյանքի ռիթմը մի քիչ դանդաղ է: Հաճախ նույնիսկ քարանում է ժամանակը, ու սկսում ես գնահատել այն, ինչ ունես: Չկորցրա՛ծ գնահատել, որովհետև մենք միշտ կորցնում ենք, հետո գնահատում:
-«Ներսումս մի շատ մութ անկյուն կա, այնտեղ աթոռ է դրված` վրան էլ միշտ մեկը նստած է, շատ փոքր, ցածրահասակ մեկը, որի դեմքը չի երևում, միայն ոտքերն են երևում` շղթայված են աթոռին, դրա համար էլ չի կարողանում շարժվել, ինքն է ադադան»: Գրիգ, ի՞նչ է ադադան, մարդու միջի դժո՞խքը:
-Ես երկար ժամանակ չէի կարողանում բացատրություն գտնել, ինձ թվում էր, թե միայն ես իմ ներսում ունեմ այդպիսի փոքր արարած, որ վատ մտքեր է ուղարկում: Որտեղի՞ց էին գալիս այդ մտքերը` չէի հասկանում: Որոշեցի ինչ-որ անուն դնել, միտքս եկավ ադադան, որ ոչինչ չի նշանակում: Ստուգաբանություն չունի, գոնե ինձ համար: Հետո ընթերցողներից շատերն ասում էին` ինչ լավ անուն ես դրել, մենք էլ ունենք այդպիսի վատ մտքեր ասող մեր մեջ, բայց չգիտեինք ինչ անուն տալ: Մեր բոլորի մեջ կա այդ քանդող, ավերող ուժը, ներկա է:
-Դրա դեմ պայքարելը մի բան է, հայտնվելը դժոխքում` այլ: Ձեր հերոսը, կարծեմ, բացում է դժոխք տանող դուռը:
-Պիտի ճաշակես դա, պիտի մինչև վերջ գնաս, տեսնես` ինչ է ասում քո միջի մարդը, իր հետ վիճես, պարտվես, որ կարողանաս գրել իր մասին:
-Բայց չմնացիք, չէ՞, այնտեղ:
-Չէ (ծիծաղում է-Ա. Ս.):

«ՄԵՐ ՔԱՂԱՔՈՒՄ ԱՄԵՆ ՁՄԵՌ ՑՈՒՐՏԸ ՍՐԲՈՒՄ Է ԱՆՏՈՒՆՆԵՐԻՆ»


-«Պուճուր մարդը» պատմվածքում ամպեր նկարող նկարիչը, ում հետ հանդիպում եք Վերնիսաժում, ապրում է ծայրահեղ աղքատության մեջ` Լամբադա կամրջի տակ: Մի այսպիսի դրվագ կա. նկարիչը ձեռքերը տարօրինակ շարժումներով թափահարում է օդում, կարծես չթողնելով, որ ձյան փաթիլներն ընկնեն գետնին, գետնից վերցնում է ձյունն ու նետում վեր` ամբողջ ընթացքում բղավելով. «Մի՛ արի, կկեղտոտվես»: Այդքան անմաքո՞ւր է կյանքը մեր քաղաքում, որ երկնքից իջնող ձյունը պաշտպանության կարիք ունի:
-Ոչ թե կյանքը, այլ իրականությունը: Նույն մարդը, որ այսօր այստեղ անտուն է, եվրոպական որևէ երկրում կարող էր լինել շատ հայտնի, ճանաչված մեկը:
-ՈՒրիշ քաղաքներում էլ կան անտուն մարդիկ:
-Համաձայն եմ, բայց աղքատությունը երբեմն ընտրության հարց է: Որոշ մարդիկ դրսում են հայտնվում, որովհետև հարբեցող են, որովհետև որոշել են, որ տունը կարելի է վաճառել ու խմել: Մեզ մոտ շատ ժամանակ մարդն ինքը չի որոշում փողոցում իր հայտնվելը, իր փոխարեն են որոշում:
-Ո՞Ւմ դեմ է բողոքը մասնավորապես:
-Առաջին հերթին իմ դեմ է, հետո՝ ինձ շրջապատող մարդկանց, հետո՝ բոլորի, ով իրեն համարում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի: Ես բողոք ունեմ մեր իրականության դեմ, որովհետև, փաստորեն մենք չենք հանդուրժում իրար: Իմ պատկերացմամբ` շատ քիչ ենք, որ մեզնից մեկը ժամանակից շուտ մահանա: Մենք բոլորս գրեթե իրար ճանաչում ենք: Նման փոքր երկրում աղքատ մարդ չպետք է լինի:
-Պուճուր մարդը մահանո՞ւմ է:
-Ոչ, չի մահանում: Կորչում է: Սա ավելի դժվար է: Երբ մահանում է, գիտես, որ այդ մարդը չկա, եթե կորչում է, մտածում ես` տեսնես ո՞ւր է և ի՞նչ է անում: Մեր քաղաքում ամեն ձմեռ ցուրտը սրբում է անտուններին, հաջորդ ամառ նրանց փոխարեն գալիս են նորերը: Չգիտես` ո՞ւր գնացին այդ մարդիկ, ո՞ւր կորան:
-«Կտավը, որ գնել էի Պուճուր մարդուց, և որի ամբողջական գումարը այդպես էլ չկարողացա տալ, հիմա կախված է մեր տան հյուրասենյակի պատին` ամենաերևացող տեղում»: Պարտքը չմարելը հենց մեղքի, պարտքի զգացո՞ւմն է:
-Այո, և յուրաքանչյուր պատմվածքի մեջ հերոսն ասում է` ուզում էի մոտենալ, բայց չմոտեցա: Դա, իհարկե, ավելի ընդլայնված պետք է հասկանանք` յուրաքանչյուր օր պետք է մոտենանք այն մարդուն, ով մեր կարիքն ունի:
-Գուցե Ձեր դժգոհությունն ավելի վերևների՞ն պետք է հասցեագրեք: Կարծես բողոքի շեշտը դնում եք քաղաքացիների վրա:
-Յուրաքանչյուր համակարգում, ի վերջո, մեզնից ինչ-որ մարդիկ կան, օդից չեն ընկնում նրանք, մեզնից մեկն են: Ամեն ինչ իրականում ավելի պարզ է, քան մենք պատկերացնում ենք: Նույնիսկ ամենաբարձր պաշտոնն զբաղեցնող մարդը մարդկային պարզ ցանկություններ ունի, իրեն դուր չի գալիս, որ իրեն չեն սիրում: Եթե իմանան, որ իրենց ամեն քայլը վերադառնալու է, օրինակ, եթե սրտացավ ես, նույնպիսի նորմալ վերաբերմունք կստանաս, ամեն ինչ ավելի լավ կլինի: Բայց չկա դա:
Մենք մեր և մեր ընտանիքի սահմաններով չպետք է սահմանափակվենք: Հայաստանը և Արցախը մեր ընտանիքն են, ու յուրաքանչյուր մարդ պետք է իր տեղում լինի ու լինի լավը: Մեր բակում կային ֆուտբոլ խաղացող տղաներ. չդարձան ֆուտբոլիստ, դարձան վատ իրավաբան, բայց կարող էին լինել շատ լավ ֆուտբոլիստ: Հիմա մեր երկրում կա այսպիսի խնդիր. ավելի լավ է լինես վատ իրավաբան, քան լավ ֆուտբոլիստ, լավ դերձակ: Քաոտիկ շարժում է տեղի ունենում, ոչ ոք իր տեղում չէ, և դու այդ ամենով հանդերձ փորձում ես ճշմարտություն փնտրել քաղաքում: Իհարկե, չես գտնի:
Հասարակությունը նման է շղթայի, ու եթե մի օղակը թույլ եղավ, այնտեղից է պոկվելու, էական չէ, թե ինչ հսկա օղակներ ունես դու: Մենք ուժեղ օղակով ենք նայում ու դրանով ենք դատում հասարակության ուժն ու տոկունությունը, հակառակը` ամենաթույլ օղակով պիտի նայենք: Դրանք անտուններն են, սոցիումից դուրս մնացած մարդիկ: Քանի դա կա, լինում է թույլ օղակ, որը առաջինն է պոկվում, եթե փորձության հանդիպի:
-Ի՞նչ կփոխի «Հիսուսի կատուն» մեր քաղաքում:
-Գրքի նպատակներից մեկն այն է, որ երբ անցնենք մեկի կողքով, որ ժամանակին մեր աչքին չէր երևում, հիմա տեսնենք իրեն: Օրինակ, գիրքս կարդալուց հետո ինձ ասում են` չգիտեինք, որ «Գրքի տաղավար» կա, հիմա անցնում, տեսնում ենք: Կամ ասում են` տեսել ենք այն մարդուն, որ մաստակ է ծախում ու ասում. «Մի որոշ բանով օգնենք»: Նկատում են հրապարակում ֆուտբոլային հնարքներ անող տղային: Այնքան ճիշտ տվյալներ կան գրքում հերոսների մասին, որ կարելի է գնալ-գտնել:
-Ձեր գործերում նկարները կարող են սպանել, կարող են սպանությունը հիշել: Կամ, ասենք, Շառլ Ազնավուրի նկարի մեջ կարելի է տեսնել նախագահին: Ինչո՞վ է պայմանավորված այս խորհրդավորությունը:
- Յուրաքանչյուր իր հիշողություն ունի, հատկապես նկարները: Ես, օրինակ, վատ մարդկանցից ոչինչ չեմ վերցնում, լավերից` հակառակը, սիրով վերցնում եմ, որովհետև հավատում եմ, որ երբ վատ մարդն է քեզ մի բան տալիս, իր հետ վատն է գալիս, լավ մարդուց լավն է գալիս:
-Գրականագետ Հայկ Համբարձումյանն ասում է, որ ժամանակակից գրողները պետք է ավելի ուշադիր լինեն խոսքի նկատմամբ և հասկանան այդ խոսքի զորությունը: Հաշվի առնո՞ւմ եք արվեստի ուժը` գրելիս:
-Եթե հաշվի առնեմ, դա ինձ կխանգարի գրել: Այ, հետո, երբ ընթերցում եմ, այդ ժամանակ մտածում եմ` արժե՞ արդյոք տպագրել, թե՞ չարժե: Սա էր հիմնական պատճառը, որ Գերմանիայի շարքը չեմ հրապարակել տպագիր կամ էլեկտրոնային մամուլում, գրական անթոլոգիաներում: Միայն գրքում կա: Որովհետև այնտեղ կա ցավ, որը ես չեմ ցանկանում յուրաքանչյուր մարդ կիսի: Եթե պուճուր մարդու ցավն ուզում եմ, որ յուրաքանչյուր մարդ նկատի, զգա, ապա Գերմանիայի շարքի ցավը երևի մարմնական ցավ ունեցող մարդկանց համար է, որ ընթերցեն, հասկանան` մենակ չեն այս աշխարհում: Մյուսները՝ չգիտեմ, թե ինչ զգացողություն կունենան:

«ԱՄՊԵՐԻՆ ԿՆԱՅԵՆՔ ԵՐԲԵՄՆ»


-«Թողե՛ք, դուք չեք հասկանում, քաղաքը կառոբկա է` մեծ կառոբկա, իմ աչքերով եմ տեսել,- մատնանշելով պատուհանը՝ բղավում էր,- շուտով բոլորս կհայտնվենք ներսում ու էլ երբեք, երբեք չենք կարողանա դուրս գալ»: «Նկուղը» պատմվածքից է այս հատվածը, և ինչպես պարզվում է. «Աշոտը չի խելագարվել, չէ, քաղաքը իրոք մարդասպան է»: Գրիգ, քաղաքը մարդասպա՞ն է:
-Այո, ինչպես արդեն ասացի, մենք խնդիր ունենք իրար չնկատելու: Երբ արտաքին թշնամին հայտնվում է, մենք համախմբվում ենք: Մենք ուժեղ ենք, երբ միասին ենք: Նորից հարց է առաջանում` ինչքանո՞վ է թույլ օղակն ուժեղ: Որովհետև, ի վերջո, պատերազմի ժամանակ շատ կարևոր է, թե թիկունքում ովքեր են կանգնած: Առաջնագծում կանգնած 18-20 տարեկան տղան թիկունքից է եկել` թույլ օղակից: Սա ռեալ խնդիր է ու պետք է լուծվի. շատ ժամանակ սոցիալապես անապահով մարդկանց համար քաղաքը մարդասպան է: Քաղաքը մեծ կառոբկա կարող է լինել բոլորիս համար ու սպանել մեզ:
Գիրքն ավարտվում է պահակի ու վախերի մասին պատմվածքով, ես չեմ ուզում մենք պահակ լինենք վախերի, ուզում եմ տեր լինենք մեր երկրին: Համոզված եմ, որ կլուծվի այս ամենը: Բայց ուզում եմ հնարավորինս շուտ լուծվի, որովհետև մենք ունենք արտաքին թշնամի, թշնամիներ, նույնիսկ չգիտեմ` ունե՞նք արդյոք բարեկամներ: Հույսը կարող ենք դնել մեզ վրա, մեր ուժեղ ու թույլ օղակի վրա:
-Այսինքն, ներսի թշնամին ավելի՞ վտանգավոր է, քան դրսի՞:
-Միանշանակ, որովհետև դրսի թշնամուն ես չեմ ճանաչում: Ես գիտեմ, որ հաղթելու համար ներսում պիտի թշնամի չունենանք: Պիտի բուժենք մեր ախտերը: Մի բան էլ. մեր հասարակության մեջ բոլորն ուզում են լավ ապրել, ուզում են, որ իրենց երեխաները լավ ապագա ունենան: Ես ուզում եմ, որ իրենց երեխաների լավ ապագան լինի մեր երկրում:
-Ի՞նչ կասեք վերջում:
-Ես այս երկրի թույլ օղակներից մեկի ներկայացուցիչն եմ: Ես տեսնողի աչքերով եմ գրում, ու տեսնողը օտարված չէ, մի քայլ է պակասում այնտեղ հայտնվելու համար: Ինչպես «Նկուղը» պատմվածքում եմ ասում. «Հիմա գիտեմ` ինչու էր (հայրս) հայացքը միշտ փախցնում ցուցափեղկերից, ինչու ասաց, որ քաղաքը մարդասպան է… Ես անշտապ շրջում եմ քաղաքով` հայացքս փախցնելով խանութների ցուցափեղկերից ու վախենում, անչափ վախենում եմ, որ կշրջվեմ և վարդագույն շենքերի փոխարեն կտեսնեմ դեպի ինձ շտապող հսկա տուփը»: Պատմվածքներս մեր վախերի, թուլությունների մասին են, բայց նաև հույս կա, որ տերն ենք լինելու այս երկրի, ամպերին կնայենք երբեմն, կատուն էլ կքայլի ջրերի վրայով: Կարևորը մարդուն երազանքից չզրկելն է:


Զրուցեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Հ. Գ. Հարցազրույցը պատրաստ էր տպագրության, երբ տեղեկացանք, որ «Հիսուսի կատուն» գրքի համար Գրիգն արժանացել է ՀՀ նախագահի մրցանակին։

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 5699

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ