Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ժամանակն է, որ կարգավորվի առցանց լրատվամիջոցների դաշտը. մի շարք ԶԼՄ-ներ հանդես են եկել հայտարարությամբ

Ժամանակն է, որ կարգավորվի առցանց լրատվամիջոցների դաշտը. մի շարք ԶԼՄ-ներ հանդես են եկել հայտարարությամբ
02.06.2016 | 13:46

Ժամանակն է, որ կարգավորվի առցանց լրատվամիջոցների դաշտը. մի շարք ԶԼՄ-ների ներկայացուցիչներ հանդես են եկել հայտարարությամբ՝ նշելով, որ պատրաստվում են սկսել դաշտի առողջացման գործնական փուլ։


Հայտարարությունը մեջբերում ենք ամբողջությամբ.

«Մեր երկրում ստեղծված բարդ իրավիճակի պայմաններում խոսքի ազատությունն ու մամուլի անկախությունը դառնում են ոչ միայն ժողովրդավարության կարևոր ատրիբուտներից մեկը, այլև հզոր զենք հասարակության ձեռքին։

Մենք՝ թերթերի ու կայքերի ներքոստորագրյալ խմբագիրներս, գիտակցում ենք գրավոր խոսքի ուժն ու դրա հետ կապված պատասխանատվության անհրաժեշտությունը, որն արտաքին քաղաքական մարտահրավերների, պատերազմական իրավիճակի պարագայում առանձնահատուկ կարևորություն է ստանում, ուստի անհրաժեշտ ենք համարում հայտարարել, որ

- Զանգվածային լրատվության դաշտում պրոֆեսիոնալիզմի, բարեխղճության, պատասխանատվության խնդիրներն այսօր ավելի քան կարևոր են, և մամուլում ծագած լրջագույն խնդիրների լուծման համար խմբագիրների և մի խումբ լրագրողների բարի կամքն այլևս բավարար չէ։ Մի կողմից թերթերը կորցնում են վաճառքից ստացվող եկամտի ավանդական աղբյուրները, մյուս կողմից չեն կարողանում մրցակցել առցանց լրատվամիջոցների հետ, որոնց մի մասը հայտնվել է անվերահսկելի դաշտում, գործում է օրենքներից ու բարոյական նորմերից դուրս և անարգել, անվճար օգտվում է թերթերի աշխատանքի արդյունքներից՝ չարաշահելով լրագրողի կարգավիճակը։ Մեծ թվով կայքեր իրենց այցելուների մի հսկայական զանգված ապահովում են թերթերի մամուլի տեսությունների, այլ լրատվամիջոցներից գողացված տեղեկությունների և հոդվածների շնորհիվ։ Իսկ գրագողությամբ, շորթմամբ ու քաղաքական ահաբեկչությամբ զբաղված լրագրողներն ու լրատվական հարթակները վարկաբեկում են հասարակությանը ծառայող ԶԼՄ-ներին, վնասում մեր հեղինակությանը։

- Ժամանակն է, որ կարգավորվի առցանց լրատվամիջոցների դաշտը: Քանի որ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 2003 թվականին, ուստի անհնար է դարձել դրա միջոցով կարգավորել օրեցօր զարգացող տեխնոլոգիական հնարավորություններից բխող իրավահարաբերությունները: Արդյունքում այսօր հայտնվել ենք մի իրավիճակում, որ ինտերնետային շատ կայքեր հաճախ միայն անվանում ունեն` չունենալով իրավական որևէ կարգավիճակ: Ասել է թե` թողարկման պատասխանատու չունեցող կայքերը ստեղծվել են կամ արագորեն վերածվում են գործիքի տարբեր անձերի և ուժերի ձեռքին՝ նրանց մրցակիցների, երբեմն նաև իրենց համար անցանկալի լրատվամիջոցների ու նրանց ղեկավարների դեմ։ Մամուլին բնորոշ կանոններով չաշխատող կայքերը լրատվության հետ կապ չունեն և իրենց գործունեությամբ աղտոտում են լրատվական դաշտը:

Ուստի կոչ ենք անում.

1. Պատկան մարմիններին՝ փոխել «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթներ, որոնցից մեկը կարող է լինել օրենքի 11-րդ հոդվածի պարտադիր կիրառումը նաև լրատվական օնլայն հարթակների համար: Պետք է կայքի տեսանելի հատվածում տեղադրվի ինֆորմացիա` մատնանշելով լրատվամիջոցի հասցեն, հեռախոսահամարը, թողարկման պատասխանատուի, խմբագրակազմի տվյալները, ինչպես արվում է թերթերի դեպքում։ Այլապես նրանք պետք է համարվեն բլոգային դաշտի ներկայացուցիչներ, բայց ոչ լրատվամիջոցներ՝ դրանից բխող հետևանքներով:

2. Հարկային մարմիններին՝ հսկողություն սահմանել առցանց լրատվամիջոցների գործունեության և գովազդային մուտքերից հարկերի վճարման գործընթացի նկատմամբ։

3. Վերը նշված պայմանները չբավարարող ԶԼՄ-ների ներկայացուցիչների՝ պետական համակարգի տարբեր կառույցների աշխատանքը լուսաբանելու համար ներկայացված հավատարմագրման հայտերը չբավարարել։ Նաև հայտարարում ենք, որ մենք պատրաստվում ենք սկսել դաշտի առողջացման գործնական փուլ, որի ընթացքում այլ քայլեր ևս կիրականացվեն։

1. «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյան

2. «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյան

3. Առցանց Aravot.am կայքի խմբագիր Աննա Իսրայելյան

4. «168 ժամ» թերթի և 168.am առցանց կայքի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյան

5. «Ժամանակ» օրաթերթի և 1in.am կայքի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյան

6. «Ժողովուրդ» օրաթերթի և ArmLur.am առցանց կայքի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյան

7. «Իրատես» թերթի և irates.am առցանց կայքի գլխավոր խմբագիր Փիրուզա Մելիքսեթյան

8. «Հայկական ժամանակ» օրաթերթի և armtimes.com առցանց կայքի գլխավոր խմբագիր Լուսինե Բարսեղյան

9. «Հրապարակ» օրաթերթի և Hraparak.am առցանց կայքի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյան

10. «Մեդիամաքս» մեդիա ընկերության գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյան

11. «Չորրորդ իշխանություն» թերթի և chi.am առցանց կայքի գլխավոր խմբագիր Շողեր Մաթևոսյան

12. yerkir.am կայքի գլխավոր խմբագիր Ագնեսա Խամոյան

13. panorama.am կայքի գլխավոր խմբագիր Անահիտ Ոսկանյան

14. A1plus.am կայքի տնօրեն Մեսրոպ Մովսեսյան

15. «Հետք»-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյան»։

Դիտվել է՝ 1974

Մեկնաբանություններ