Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Բա ե՞րբ ես գնալու

Բա ե՞րբ ես գնալու
03.06.2016 | 02:44

Անցնող շաբաթը բավականին հետաքրքիր ստացվեց: Այն պայմանականորեն անվանենք «լույսի շաբաթ», ըստ աստվածաշնչյան այն հիշեցումի, թե «չկա բան, որ չգա լույսի մեջ»:
Ահա և մի քանի օրվա տարբերությամբ` ապրիլյան քառօրյայից ուղիղ երկու ամիս հետո «խոսեցին» Սամվել Բաբայանը, Ռոբերտ Քոչարյանը, «Գալա» կուսակցությունը: Եվ քանի որ Աստված սիրում է երրորդություն, հերթով անդրադառնանք երրորդության «սուրբ նպատակներին»:


Այո, երեքն էլ խաղում են նույն թիրախի վրա, այն է` մոտալուտ 2017-ին սեփական ոտնատեղի համար: Ընդ որում, նրանցից ամեն մեկի «հմայքն» այն է, որ, լինելով նույն սցենարի բաղկացուցիչներ, խիստ տարբեր կողմերից և փաթեթավորումներով, տարբեր գեոքաղաքական դասավորությամբ են «բեմում» քառօրյայի պարգևած նոր իրադրության պայմաններում: Բայց նույն նպատակի, նույն մարդու համար:


Սկսենք Սամվել Բաբայանից: Նախ` խոնարհվում եմ նրա բոլոր ծառայությունների առաջ, որ մատուցվել են հայրենիքին` ըստ Աստծո կարգի: Անցնում ենք առաջ: Հարց՝ բա որ «Սյամոն» էդքան հայրենասեր էր, ինչո՞ւ Հայաստանում, ապա և Ղարաբաղում չէր հենց նույն ապրիլի երկուսին և քառօրյայից անմիջապես հետո:


Կարելի էր, ի դեպ, այսքանով հարցը փակել և նրան ցտեսություն ասել, որովհետև սուր ճոճել մարտից երկու ամիս հետո ոչ միայն տգեղ է, այլև շա՜տ տգեղ: Մանավանդ, երբ նման ամբիցիոզ «ներգրավումով» էր հարցազրույցը տեղի ունենում, երբ գալիս ու խոսում ես, ասես գնացած էլ չես եղել, ասես նույն Քոչարյանի օրոք երկար դատավարություն ու Շուշվա բերդ չեն եղել, որում «ուշադիր» հրամանատարը պետք է ոչ թե հասկանար, թե ինչ է ասում իրեն Քոչարյանը, այլ նույն Աստված: Երբ նույն հրամանատարը, ով անչափ կասկածելի «ներգրավվածություն» ուներ (առաջիկայում մենք սրան նույնպես կանդրադառնանք) հոկտեմբերի 27-ի հետ կապված «խնդիրներում», երբ նույն հրամանատարի հետագա ներքաղաքական մի քանի փորձերը տապալվեցին անփառունակ, երբ փայտի «բիզնեսի» տեր «Կամանդույուշչին» գործընկեր Ալբերտ Բազեյանին և մնացյալին թողեց շատ մեծ պարտքերի մեջ (և նույն օրվա իշխանությունները մասամբ հոգացին նրա այս հոգսերը), երբ իր հարցազրույցում նույն «Կամանդույուշչին» իրեն թույլ է տալիս ուղղակի գարշանք պատճառող բացթողում, թե ես եմ մենակ պլանավորել, հաղթել ղարաբաղյան պատերազմում` մեն-մենակ, երբ ժամանակ չկա հարցնելու «Կամանդույուշչիին», որ էդ պատերազմի վիրավոր Ալբերտ Բազեյանը եթե անգամ` հեչ, բա ո՞ւր էր Վազգենը, բա ո՞ւր էին մյուսները, որ իրենց արյունը տվեցին Ղարաբաղին ու պատերազմին: Ընդ որում, կարելի է և մասամբ էլ լկտիանալ ու հանդիպակաց հարց տալ՝ կարո՞ղ է այս պատերազմն էլ դու շահեցիր, չես ուզում ասել, որովհետև այս քառօրյան, քո կարծիքով, դիվերսիա էր: Հաղթեիր` ի՞նչ անեիր, քոնը մեծ պատերազմներն են, և այդպե՜ս շարունակ:


Մի խոսքով` «Կամանդույուշչին» մեկ էլ վերցրեց ու երկու ամիս ուշացումով եկավ Հայաստան: Եկավ այն նույն Ռուսաստանից, որը, կարծես, քառօրյայի հետևում կանգնածներից մեկն էր, ու ասաց բաներ, որոնց մեջ թեև ճշմարտության հատիկներ էլ կան, բայց որոնք պետք էր հնչեցնել ո՛չ այս պահին, ո՛չ լայն հասարակության ականջի համար, ու ո՛չ էլ ամբիցիաների նման խեղդուկով: ՈՒ սկսում ես հավատալ փորձագետների այն կարծիքին, որ նրան ուղարկել են Ռուսաստանից` հատուկ առաքելությամբ: Չնայած «Կամանդույուշչին» ինքնուրույն խաղի ընդունակ տեսակ է նաև, բայց այս դեպքում հաճելին համակցվել է օգտակարի հետ, «կուժը գլորվել, խոփին է դեմ առել»:


Կոնկրետ դեպքում «խոփն» էլ Քոչարյանն է: Նաև: Որքան էլ նրանց հարաբերությունները բարդագույն են եղել և ե՛ն: Որքան էլ դժվար է տեղակայել լիբանանցի Օսկանյանի «Համախմբում» կուսակցությունը «Կամանդույուշչիի» կողքին, թիրախը, միևնույն է, մեկն է` իշխանափոխություն, ոտնատեղ քաղաքական ասպարեզում` սպասվող փոփոխությունների, իրենց կարծիքով՝ բանակցային սպասվող ճնշումների, ինչո՞ւ ոչ, նաև լայնամասշտաբ պատերազմի «խառնակության» ֆոնին:


Այդպես չէ՞, պարոնայք: Այդ դեպքում ինչո՞ւ երկրի ղեկավարի կողքին չեք այս կարևոր պահին: Ինչո՞ւ ձեր ենթատեքստերում այդքան «աբիժնիկություն» ու ամբիցիա կա` սպասվող «լայնամասշտաբ պատերազմից» վայրկյաններ առաջ:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1457

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

«Իրատես» թերթի արխիվից

Երկ­րում մո­լեգ­նում է «իմ­քայ­լա­կան տեր­տե­րը»
Երկ­րում մո­լեգ­նում է «իմ­քայ­լա­կան տեր­տե­րը»

Բաժնի բոլոր նորությունները »