Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Խելացի լուծումներ՝ խելացի բիզնեսի համար»

«Խելացի լուծումներ՝ խելացի բիզնեսի համար»
03.06.2016 | 03:15

9-րդ ամենամյա ԴիջիԹեք բիզնես ֆորումն այս տարի կանցկացվի հունիսի 17-18-ին՝ «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում: «Խելացի լուծումներ՝ խելացի բիզնեսի համար» խորագրով երկօրյա ֆորումն արդյունավետ հարթակ է ՏՏ ոլորտի և բիզնեսի այլ ճյուղերի երկխոսության համար:


ՀՀ գործարար աշխարհն ու պետական կառույցները քննարկումներ կանցկացնեն մի շարք թեմաների շուրջ, մասնավորապես, ՏՏ ներդրումային էկոհամակարգերի, ԱՊՀ մաքուր տեխնոլոգիաների հարթակի ձևավորման, նոր սերնդի բանկային համակարգի, էլեկտրոնային կառավարման, կիբեր անվտանգության, ռազմարդյունաբերության և այլն։
Մեր զրուցակիցը Հայաստանում ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության ներկայացուցիչ ԱՆԱՀԻՏ ՍԻՄՈՆՅԱՆՆ է, ով նշում է, որ Հայաստանի ՓՄՁ-ների համար մաքուր տեխնոլոգիաների գլոբալ ինովացիոն ծրագիրը մեկնարկել է 2 տարի առաջ։ Դրա նպատակն էր ի հայտ բերել մաքուր տեխնոլոգիաների նորարարական գաղափարներ փոքր և միջին ձեռնարկությունների շրջանում, մշակել դրանք, հասցնելով մինչև կենսունակ բիզնես ծրագրերի և օգնել գտնելու սկսնակ բիզնեսների համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ։


Անահիտ Սիմոնյանը նկատում է, որ այսօր մենք ամենաշատը ճիշտ գաղափարի ձևակերպման պակաս ունենք։ «Եթե կարողանաս հետաքրքիր գաղափար հղանալ ու ճիշտ ձևակերպել այն, ապա իրականացման գումարը շատ արագ կգտնվի։ ՈՒստի մեր հիմնական խնդիրը այս առումով մարդկանց գիտելիքները ավելացնելն է։ Եվ ուրախ եմ, որ ՓՄՁ-ների համար մաքուր տեխնոլոգիաների զարգացման ծրագրի շրջանակներում 2 տարվա ընթացքում գաղափարների հայտերով հանդես եկան ավելի քան 100 անհատներ և թիմեր, որոնցից 55-ը, անցնելով կիսաեզրափակիչ փուլ, ավարտեցին 10-շաբաթյա հատուկ բիզնես դասընթացներ, դասավանդողների և մենթորների օգնությամբ մշակեցին իրենց բիզնես մոդելները»:


Հայաստանում ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության ներկայացուցիչը հատուկ գոհունակությամբ նշում է, որ ծրագիրն աշխատել է Հայաստանի ուսանողության հետ Երևանում և Գյումրիում, բացահայտվել են ուսանողական հրաշալի թիմեր, որոնք մեծերի հետ հավասար մրցում էին իրենց նորարարական գաղափարներով:
Երկու տարում գլոբալ էկոլոգիական հիմնադրամի ֆինանսավորած մաքուր տեխնոլոգիաների ծրագրի հաջողությունից ոգևորված, առաջարկվեց ստեղծել սկսնակ բիզնեսների համար մաքուր տեխնոլոգիաների տարածաշրջանային հարթակ, որի շրջանակներում գործընկերային կապեր կհաստատվեն այլ երկրների, մասնավորապես՝ ԱՊՀ երկրների սկսնակ բիզնեսների միջև։
Մաքուր տեխնոլոգիաների տարածաշրջանային հարթակ ստեղծելու մանրամասներն էլ հունիսին կքննարկվեն հենց ԴիջիԹեք բիզնես ֆորումի ընթացքում։ ԴիջիԹեքն ու այս միջոցառումը փոխլրացնելու են միմյանց, քանի որ տեխնոլոգիական ֆորումի մասնակիցներն իրենց հերթին կկարողանան գալ, ծանոթանալ մաքուր տեխնոլոգիաների գաղափարախոսությանը և ազգային ծրագրի արդյունքներին։


Անահիտ Սիմոնյանը նշում է, որ ԴիջիԹեք բիզնես ֆորումում առաջին անգամ է նման քննարկում նախաձեռնվում։ Հայաստան կժամանեն 5 երկրների կառավարությունների ներկայացուցիչներ, կներկայացվի Մաքուր տեխնոլոգիաների տարածաշրջանային հարթակ ստեղծելու նպատակահարմարությունը, իր խնդիրներով, տեխնիկական առաջադրանքով։ Աշխատանքային քննարկումների միջոցով տարածաշրջանային երկրների ներկայացուցիչները փորձելու են հասկանալ, թե որքանով է այդ հարթակն իրատեսական, օգտակար, ինչ մեխանիզմներ են անհրաժեշտ այն կյանքի կոչելու համար։ «Շատ կարևոր է, որ հարթակի ձևավորման գաղափարը գալիս է Հայաստանից, և բիզնես ֆորումի ներկայությունն այս ամենում ցույց է տալիս, որ Հայաստանն այն ներուժն է, որտեղից կարելի է մաքուր տեխնոլոգիաների գաղափարը տարածել ռեգիոնում։ Բացի այդ, այս քննարկումների հեռահար նպատակը գործընկերային կապերի սերտացումն է, ներդրումների ներգրավումը, ինովացիաները Հայաստանում պահելը, համատեղ ձեռնարկությունների ստեղծումը»։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 3128

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ