Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Պարզվում է՝ Հայաստանում լիարժեք դեմոկրատիա է՝ եվրոպական չափորոշիչներով

Պարզվում է՝ Հայաստանում լիարժեք  դեմոկրատիա է՝ եվրոպական չափորոշիչներով
03.06.2016 | 03:17

Չե՞ք հավատում: Իզուր:
Օրերս պարոն վարչապետը կոռուպցիայի դեմ պայքարից էր խոսում: Այո՛, խոսում էր, որովհետև խոսքի ազատություն է Հայաստանում: Ես էլ, օգտվելով նույն այդ խոսքի ազատությունից, ուզում եմ հարցնել` պարոն վարչապետ, ո՞ւմ դեմ եք պայքարելու. ինքներդ ձեր դե՞մ: Ախր դուք՝ պաշտոնյաներդ եք մեկդ մյուսին կոռումպացնում, այսինքն՝ բառացիորեն՝ փչացնում, բայց իրականում լավություն եք անում իրար. պաշտոն եք տալիս, դրա դիմաց ճոխ վերաբերմունքի եք արժանանում, պաշտոնապես նկատողություն եք անում ենթականերին, ընկերական նվերներ եք ստանում, եթե գործարարը փորձում է ընդարձակել գործը, բիզնեսին փայատեր եք դառնում, թույլ եք տալիս, որ քաղաքացին որևէ գործ դնի, անպայման բաժնեմաս եք ունենում, որպեսզի մի գործարար ներմուծմամբ կամ արտահանությամբ զբաղվի, փայ եք մտնում: Այդ փայամտնումը դարձել է ՀՀ տնտեսության անբաժանելի բաղադրիչը:


Հայաստանի անկախության քսանհինգ տարիներին գրեթե բոլոր պաշտոնյաները ահռելի հարստության տեր դարձան՝ նախագահներից սկսած: Իսկ մեր համեստ ու հողի մշակ վարչապետը, իր իսկ խոստովանությամբ, հարստացել է գյուղատնտեսությամբ զբաղվելով: Հնարավոր է, հավատում ենք, քանի որ Հայաստանում որքան գյուղացի ունենք՝ գյուղատնտեսական աշխատանքով զբաղվող, այդքան էլ միլիոնատեր ունենք:


Ով չի հավատում, թող գնա մեր գյուղերը, մտնի գյուղացիների «դղյակ-ապարանքները», որտեղ դեռ աթար են վառում` ապարանքը ձմռանը տաքացնելու, թոնիրը վառելու և հաց թխելու համար, ինչպես Դուք, պարոն վարչապետ՝ որպես գյուղատնտեսությամբ զբաղվող շարքային միլիոնատեր- գյուղացի:


Իրավացի եք, պարոն վարչապետ, ժամանակն է հարց տալու այդ նախագահներին անձամբ, նաև Ձեզ և բարձրաստիճան բոլոր պաշտոնյաներին՝ դուք ձեր պաշտոնեական գո՞րծն եք արել և անում աշխատանքի ժամերին և տարիներին, թե՞ բիզնեսով եք զբաղվել:
Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը՝ որպես երկրի նախագահներ, ի պաշտոնե պատասխանատու են եղել և են հայանպաստ-հայաստանանպաստ արտաքին քաղաքականություն՝ ռազմավարություն և մարտավարություն մշակելու և իրականացնելու համար: Բայց մեր երկրի արտաքին քաղաքականությունը և դիվանագիտությունը տանուլ տված քաղաքականություն են: Իսկ ներքին քաղաքականությունը՝ տնտեսություն, գիտություն-կրթություն, մշակույթ, ներքին գործեր և էլի ուրիշ շատ բաներ, ոչնչացված են մեր բոլոր վարչապետերի տքնաջան աշխատանքով:


Հայտնի իրողություն է. Աշխատանքային օրենսգրքի համապատասխան հոդվածով աշխատավարձով աշխատող այն քաղաքացուն, այսինքն՝ վարձու աշխատողին, պատասխանատվության են ենթարկում, ընդհուպ մինչև կալանք, բանտարկություն, ունեցվածքի բռնագրավում և բանկային հաշիվների բռնագանձում, երբ նա իր աշխատանքային ժամերին (զգոն և շահագրգիռ կազմակերպությունները, իհարկե, չեն թողնի, որ տարիների հասնի, եթե նա բարձրակարգ լրտես չէ, ինչպիսին եղել է, զորօրինակ, Շտիռլիցը) զբաղվում է այլ գործունեությամբ, ինչը նյութական, քաղաքական, բարոյական վնաս է հասցնում առևտրային, արդյունաբերական, լրատվական, քաղաքական-դիվանագիտական կազմակերպությանը կամ երկրին:


Մեր երկրում նախագահները և բարձրաստիճան պաշտոնյաները հենց այդպիսի վարձու աշխատողներ են և վարձատրվել են մեր քաղաքացիների հարկերից առաջացած գումարներից: Հետևաբար, նրանցից պետք է հաշիվ պահանջել. նրանք՝ այդ վարձու աշխատողները, աշխատանքային ժամերին և տարիներին իրենց պաշտոնի գործերո՞վ են զբաղվել, թե՞ բիզնես են արել ու պետության և ժողովրդի հաշվին հարստացել՝ երկիրն ու ժողովրդին աղքատացնելով:


ՈՒ հիմա, ո՜վ զարմանք, ինչե՞ր ասես կարող են լինել դեմոկրատիայի պայմաններում. նրանք՝ այդ անմեղ մարդիկ, որոնց փչացրել, կոռումպացրել են իրենց պաշտոնակիցները, հասկացել են, որ պետք է պայքարել իրենց փչացնողների դեմ:
Ա՛յ, սա իսկական դեմոսի, ես կասեի՝ դեմոնի, այսինքն՝ սատանայի կրատիա է, այսինքն՝ անիշխանություն:


Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

Դիտվել է՝ 16299

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ