«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Անորոշության, անելանելիության ճոճանակի թևին

Անորոշության, անելանելիության ճոճանակի թևին
03.06.2016 | 03:44

«Ոսկե ծիրանը» և Հայաստանի ազգային կինոկենտրոնը հանդիսատեսի դատին են ներկայացրել Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմաշարի երկրորդ՝ «Փակուղի» ֆիլմը, որը պատմում է 1996-ին Երևանից «Գրին քարտով» ԱՄՆ մշտական բնակության մեկնած Լևոն Ավետիսյանի խութաշատ ոդիսականը: Տարագիր հայության ճակատագրի միկրոսխեման է Լևոնի պատմությունը, որն սկսվում է վազքով. 1993-ին Երևանում կազմակերպված վազքի մրցույթում չորրորդ մրցանակին արժանացած Լևոնն իր մարաթոնյան վազքն ամփոփել է Լոս Անջելեսում, ուր իր անշուք վարձու բնակարանի ու մեքենաների նորոգման արհեստանոցի աղմկոտ ներհարդարանքի ֆոնին պատմում է այդ վազքի տառապագին մանրամասները:

Ինչո՞ւ մեկնեց Ամերիկա: Չէ՞ որ նա մարդ էր, որ հայաստանյան կյանքի դժվարին ժամանակներում՝ 1990-ականներին, կարողանում էր հմտորեն գլուխ հանել իրեն առաջադրված խնդիրներից, չէ՞ որ նա այն մարդն էր, ում մասին նրան Ամերիկա ճանապարհելու եկած ընկերն ասում է. «Չեղած տեղը ստեղծել ես: Չեղած տեղը ստեղծագործել ես»: Իսկ ֆիլմի ռեժիսորն էլ մեզ հետ զրույցում պատմում է, որ Ամերիկա գնալը փողի պակասով չէր պայմանավորված: Նա միշտ էլ կարողանում էր փող աշխատել, նույնիսկ ուրիշներին էր օգնում:


Լևոնն ունի այս հարցի պատասխանը. անկախությունից հետո, երբ մարդիկ սպասում էին կյանքի պայմանների բարելավմանը, ապրեցին ծանր հիասթափություն: «Չկար վերաբերմունք մարդու նկատմամբ: Չկար վերաբերմունք հայրենակցի նկատմամբ: Քեզ մարդու տեղ դնող չկար: Օրենք չկար»,- Լևոնի այս բացատրությունը դույզն-ինչ չի կորցրել իր արդիականությունը քսան և ավելի տարիներ անց: Այս մթնոլորտից փախչել-ազատվելու հույսով էլ Լևոնն իր ընտանիքի հետ մեծ ոգևորությամբ մեկնել է Ամերիկա: Եվ այդուհանդերձ, հարազատներին հրաժեշտ տալու արարողակարգը անմասն չէ արցունքից ու բաժանումի ցավից: Իսկ Լևոնի ընկերը փիլիսոփայորեն բաժակաճառում է այս առիթով. «Մեր ընկերները քիչ-քիչ, քիչ-քիչ գնում են: Եվ մաս-մաս մեր շփման մակերեսը փոքրանում ա»:
Իսկ ի՞նչ մակերես է բացվում գաղթականի ցուպին կռթնած հայի համար ամերիկաներում: Առաջին պահի ոգևորությանը (ուտելիքը՝ շատ, խանութները՝ առատ, հերթեր չկան, բնակարանի ջեռուցման հոգս չկա և այլն, և այլն) հաջորդում են սթափեցնող սառը ցնցուղի շիթերը, որոնք հայ մարդու կյանք են սողոսկում դանդաղ, դավադրաբար ու անկասելի հաղթարշավով:


«Սա թակարդ ա: Միկրոթակարդներից մինչև մակրոթակարդներ: Եվ անտեսանելի: Ոչ մի բան չի երևում: Սա՜ղ փակված ա սիրուն-սիրուն բաներով»,- պատմում է Լևոնն իր մեկնումից մոտ երկու տասնամյակ անց: «Ո՞վ ա սրա հեղինակը, ո՞վ ա սրա պատճառը: Էս անվերջ տեղաշարժումների պատճառը: «Գրին քարտի» գաղափարը ո՞ւմն ա: Միացյալ Նահանգների գաղափարն ա»,- առօրեական թվացող զրույցի մեջ աշխարհաքաղաքական վերլուծությունների է անցնում Լևոնը՝ բացելով խրթին թեմաների բազմաշերտ ծալքեր: Նա համոզված է, որ «Գրին քարտ» շահողները պատահական մարդիկ չեն: Ընտրում են ունակ, ուժեղ, խելոք, ձեռներեց մարդկանց, որպեսզի նրանցով լցնեն Ամերիկան, որովհետև Ամերիկայի համար մարդը բիզնեսի գործոն է: Մարդը, գնալով Ամերիկա, հայտնվում է մի վիճակում, որից այլևս ելք չկա: Որովհետև նա Հայաստանում քանդել է իր տունը, գնացել օտար երկիր, որտեղ էլ չի կարող նոր տուն ստեղծել: ՈՒ այդպես մնացել է օդում կախված, ճոճվում է անորոշության, անելանելիության ճոճանակի թևին:
Լևոնն իր ինքնագնահատականն է ձևակերպում՝ ինքն այլևս մարդ չէ, Լևոնը չէ, ավտոմեքենայի մի մաս է, մի պտուտակ, մի անիվ. «Դու դարձել ես տարվող անիվ, ոչ թե տանող անիվ: Դու չես որոշում՝ ինչ պիտի անես»:


Տարագրության անխուսափելի բեռին գումարվում է նաև անձնական դրամայի ծանրությունը: Լևոնին լքում է ընտանիքը: Տարակուսանքների ալիքը նրան տարուբերում է իր անձնական ճակատագրի կողմնորոշումների ծիրում: Եվ այդուհանդերձ, նա անկողմնակալ է, իր գնահատումներում՝ սթափ: Խոստովանում է, որ երբ լսում է ուրիշների պատմությունները, հասկանում է, որ նրանց վիճակն իրենինից ավելի լավ չէ, ընդհակառակը՝ ավելի վատ է: Որովհետև մարդկանց, պետությունների մեջ «չափի խախտվածություն կա»: Որովհետև՝ «Ամեն մի տեղափոխություն կորուստ ա: Կորուստ ա և՛ նյութականի, և՛ հոգեկանի, և՛ ժամանակի, և՛ կյանքի»: Որովհետև հազարամյակների պատմություն ունեցող մեր գաղթականության մոլուցքը մեզ ոչ մի կերպ չի լքում, որովհետև վերևից կառավարվող ծրագիր կա, որի նպատակն է թալանել մարդկանց գրագետ ձևով, քաջնազարականության արդի մեթոդներով. սա Լևոնի աշխարհայացքի առանցքն է:


Իսկ ի՞նչ են պատմում Հարություն Խաչատրյանը և սցենարի համահեղինակ Միքայել Ստամբոլցյանը ամերիկաբնակ ուրիշ հայերի կյանքի մասին: Որտե՞ղ են նրանք հանգրվանել՝ իրենց տարաբնույթ ճակատագրերով: Նրանք ծերանոցում են, բանտում, գերեզմանատանը, հարսանքատանը, որ բնավ էլ տուն չէ, այլ օտարահունչ, օտարակերպ ծիսակարգով շպարված մի տարածք:


Այս տեսարաններում հայրենաբաղձության, դեպի Աստված դարձի, ազգային ծեսերի աղավաղված կիրարկման թեմաները հանդիսատեսին հանգեցնում են զգացողությունների մի իրարամերժ ալեբախության. դժվարանում ես կողմնորոշվել զգացողություններիդ բովանդակության մեջ. չգիտես՝ զգացածդ կարեկցա՞նք է, թե՞ զավեշտ, ապատիա, ինքնաօտարում:


Լևոնի դրաման համատարած է: Դա օրինաչափություն է Ամերիկայում: ՈՒ կյանքի հարվածներից ծեծված, իր աշխատավայրում մետաղական ջարդոնի վերածված նախկին շքեղ ավտոմեքենաների նման ճզմված, ձևախեղված այս մարդը մի երազանք ունի՝ վերադառնալ Հայաստան: Բայց ո՞րն է այդ վերադարձի նախապայմանը՝ թող հրաշք կատարվի, հայրենիքում վիճակն այնքան լավանա, որ մարդիկ հերթ կանգնեն վերադառնալու համար: Եվ մի խնդրանք էլ Աստծուն՝ թող դուրս բերի իրեն այն փակուղուց, որում հայտնվել է, ու տանի երկնային արքայություն:


Թվում է, թե ռեժիսորը սոսկ վավերագրող է, թե նրա նպատակը միայն Լևոնի ու նրա նմանների պատմության հավաստումն է, թե համատարած այս հեղձուկում անհնար է գտնել գեղեցկություն հիշեցնող որևէ կինոկադր: Բայց անսպասելիորեն կենցաղային դժգույն պատկերաշարի, ամերիկյան չափանիշների ճոխության վավերագրերի, գերեզմանատների ու կալանավայրերի կաշկանդող դրվագների անդեմ համաձուլվածքում աչքդ շոյում է առատորեն պտղակալած նռնենու ճյուղը. Հարություն Խաչատրյանը որոշել է իր հանդիսատեսին մխիթարե՞լ, թե՞ ինչ:


Լևոնի պատմությունը եզակի չէ: Եվ Ամերիկային, «Գրին քարտ» հորինողներին, գլոբալիզացիայի կարգավորիչ վահանակն աշխատեցնողներին ուղղված նրա մեղադրանքները հնչում են իբրև «ձայն բարբառո հանապատի»: Բայց այս ողջ դրամայի մեջ ինձ մտահոգողն այնքան էլ դա չէ, այլ այն ամենն ու ամենքը, որ դրդել են Լևոնին դառնալու ամերիկացի: Մեր երկրի տերերը կամ իրենց տեր հռչակածներն են հայի դժբախտության բարոմետրը գործարկողները, որոնց խղճին ծանրացած է տաղանդավոր մի ողջ ժողովրդի հերթական սպանդի մեղքը: Այո՛, սպանդի, որովհետև ի՞նչ պակաս սպանդ է տեսակից, արմատից օտարումը, հայրենազրկումը, ունեզրկումը, իր հողի վրա արմատներ ձգելու կոչված մարդուն օտար հողում, որպես մոլախոտ, պատվաստվելու պարտադրանքը: Ես չեմ կարող մեղադրել Լևոնին՝ գնալու համար: Ես չեմ կարող հարթել նրա վերադարձի ուղին: Ես չեմ կարող համոզել դեռևս չարտագաղթած լևոններին, որ չարտագաղթեն, ես չեմ կարող արմատախիլ անել մեր երկրում օր օրի փթթող արտագաղթի որոմը: Բայց չէ՞ որ կան մարդիկ, որ կարող են և պարտավոր են: Ո՞Ւր են նրանք, ինչո՞ւ չեն գիտակցում, որ իրենք անհոգի ոճրագործներ են, ոչ մի բանով թուրքից չտարբերվող ոճրագործներ: Ի՞նչ են ուզում դրանք, ինչո՞ւ չեն գիտակցում, որ իրենց որդեգրած վարքը պետության, հայրենիքի դավաճանի վարք է: Ես իմ փոխարեն կարող եմ ասել, որ երբեք չեմ լքի Հայաստանը, իսկ քանի՞սն այդ բանը կարող են ասել իրենց մասին: Ավա՜ղ, ոչ շատերը:


ՈՒ այս պատճառով էլ առավել քան արդիական է դառնում հարյուրամյա վաղեմության թումանյանական գիրը. «Էսքան աղետների ու պարտությունների մեջ ոչ մի մեղավոր չերևաց, ոչ ոք ոչ պատասխանատվության կանչվեց, ոչ պատասխան տվեց: Եվ շարունակվում է. այժմ էլ նույն մարդիկը՝ նույն ճանապարհներով… Եվ ոչ մեկը գոնե անձնասպան չեղավ, որ ապացուցեր, որ գոնե ամոթ ու խղճմտանք կա այս մարդկանց մեջ: Բայց ես ինչ եմ ասում - չկարողացան գոնե վշտանալ կամ վշտացած երևալ»:


Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1716

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ