Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Եվրոպային սկսել է նյարդայնացնել Թուրքիայի ինքնուրույն քաղաքականությունը

Եվրոպային սկսել է նյարդայնացնել  Թուրքիայի ինքնուրույն քաղաքականությունը
07.06.2016 | 00:28

Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն է՛լ ավելի է բարդացնում Թուրքիայի առանց այն էլ ոչ հարթ հարաբերությունները Եվրոպայի հետ և հետաձգում փախստականների հարցի լուծումը։
Այս օրերին հաճախ է հնչում հարցը՝ ինչո՞ւ Ցեղասպանությունը ճանաչող փաստաթուղթն ընդունվեց հենց հիմա։

Երկար տարիներ գերմանացի քաղաքական գործիչները փորձում էին խուսափել «ցեղասպանություն» տերմինից, այդ թվում` երկրում առկա մեծ թուրքական համայնքի պատճառով։ 2011 թ. վիճակագրական տվյալների համաձայն, Գերմանիայում կա թուրքական ծագմամբ ավելի քան 3 միլիոն մարդ։ Դա բնակչության 4 տոկոսն է, Գերմանիայում ամենամեծ համայնք ունեցող ազգային փոքրամասնությունը։


Թուրքիայի համար Գերմանիան համարվում է կարևորագույն առևտրային գործընկեր։ 2015-ին առևտրի ծավալներն այս երկու երկրների միջև հասել են 36,8 միլիարդ եվրոյի։ Գերմանացիների ներդրումները թուրքական նախագծերում 1980 թվականից ի վեր կազմել են 12 միլիարդ եվրո, ինչը Գերմանիան Թուրքիայի համար դարձնում է խոշորագույն ներդրող։
Հայերի նկատմամբ թուրքերի հանցագործությունները գերմանացիներն առաջին անգամ փորձել են ձևակերպել 2005 թվականին։ Այն ժամանակ Բունդեստագի բանաձևում խոսվում էր միայն հայերի սպանությունների մասին։ Ցեղասպանության մասին բանաձևը երևան եկավ 10 տարի անց՝ 2015 թ. ապրիլին։ Այդ ժամանակ Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկն իր ելույթում օգտագործեց «ցեղասպանություն» տերմինը՝ դառնալով Գերմանիայում առաջին քաղաքական գործիչներից մեկը, ով նման դիրքորոշում է արտահայտում 20-րդ դարասկզբի դեպքերին։


Սակայն հետագա քննարկումներ բանաձևը չունեցավ։ Մի քանի ամիս անց Եվրոպայում սկսվեց միգրացիոն ճգնաժամ, և Անգելա Մերկելի կառավարությունը Թուրքիան սկսեց դիտարկել որպես փախստականների ալիքը կասեցնելու կարևորագույն գործընկեր։
2016 թ. փետրվարի վերջին «Կանաչները» դարձյալ օրակարգ մտցրին բանաձևը՝ «Ցեղասպանություն» ձևակերպմամբ։ Նշենք, որ մայիսի սկզբին Եվրախորհրդարանը որոշեց արգելափակել Եվրամիության հետ Թուրքիայի վիզային ռեժիմի ազատականացման հարցը, ինչն առաջացրեց Թուրքիայի նախագահ Էրդողանի զայրույթը։ Վերջինս սպառնաց Եվրոպա ուղարկել փախստականների ևս մի խմբաքանակ։

Այնուամենայնիվ, ինչո՞ւ բանաձևն ընդունվեց հենց հիմա։ «Արևելք» գիտահետազոտական և վերլուծական կենտրոնի փորձագետ, թուրքագետ ԿԱՐԵՆ ՍԻՐՈՒՆՅԱՆԸ մեզ հետ զրույցում նկատեց, որ Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը պայմանավորված է աշխարհաքաղաքական նոր իրողություններով։ Ըստ նրա՝ Թուրքիան բավականին հզորացել է և վարում է ինքնուրույն քաղաքականություն, ինչը չի հանդուրժում Արևմուտքը։ Բանն այն է, որ Արևմուտքը տարածաշրջանում իր ծրագրերն իրագործում է Թուրքիայի միջոցով, սակայն Թուրքիան վերջին 20 տարում, երբ իշխանության է եկել «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, իրագործում է իր ինքնուրույն ծրագրերը։ «Իհարկե, Թուրքիան, սովորության համաձայն, բացահայտ չի հայտարարում իր նպատակների մասին, նա պարզապես գործում է։ Թուրքիան մշտապես վարել է երկակի, ես կասեի՝ եռակի ստանդարտների քաղաքականություն՝ բոլորի առջև հանդես գալով որպես բարեկամ։ Թուրքիան կարողանում է խաղալ բոլոր երկրների հակասությունների վրա և բոլորին արտաքին շղարշով ցույց տալ, թե լիբերալ երկիր է։ Սակայն Թուրքիան կատարում է քայլեր, որոնք հաճո չեն Արևմուտքին։ Ե՛վ ուղղակի, և՛ անուղղակի կերպով պաշտոնական Անկարան հայտարարում է նեոօսմանական ծրագրերի մասին և հանդես է գալիս որպես նախկին Օսմանյան կայսրության ժառանգորդ։ Վերականգնել Օսմանյան կայսրությունը՝ Թուրքիայի գլխավոր նպատակն է։ Էրդողանը վերջերս Եվրոպայի հետ հակասությունների ֆոնին ասել էր, թե եվրոպացիները հավանաբար մինչև հիմա հիշում են, թե 1453 թ. թուրքերն ինչպես գրավեցին Կոստանդնուպոլիսը, և չեն կարողանում հաշտվել այդ մտքի հետ։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ եվրոպացիները պետք է այդ մտքի հետ համակերպվեն։
Թուրքիան նախկին Օսմանյան կայսրության մաս է դիտում Սիրիան, Եգիպտոսը, Գազայի հատվածը, Պաղեստինը, Արաբական թերակղզին, Կովկասյան տարածաշրջանը։ Ի դեպ, նույն հայտարարության մեջ Էրդողանը շեշտեց, որ Արևմուտքը փորձում է Թուրքիայի ձեռքից խլել Մերձավոր Արևելքը և Կովկասյան տարածաշրջանը։ Փաստորեն, ակնարկել է, թե ինչ նպատակներ ունեն Մերձավոր Արևելքի նկատմամբ։ Եվ վերջին զարգացումները՝ թուրքական զորքերի Իրաք ներխուժումը, Սիրիայում գործողությունների ծավալումը բոլորովին էլ դուր չեկան ո՛չ Ռուսաստանին, ո՛չ էլ Արևմուտքին։ Սա Բունդեստագի ընդունած որոշման խորքային պատճառն է։ Թուրքիային արդեն պետք է սանձել։ Ըստ այդմ, Արևմուտքը պետք է գործադրի իր ամբողջ գործիքակազմը։ Եվ այստեղ կարող են օգտագործվել հայկական հարցը, ինչպես դա ավանդաբար արվում է, քրդական հարցը և մի շարք ներքաղաքական խնդիրներ։ Մոտ ապագայում կտեսնենք զսպիչ այլ գործողություններ, եթե Թուրքիան չդադարի վարել ինքնուրույն քաղաքականություն։ Խոշոր հաշվով, Արևմուտքին Թուրքիան պետք է, սակայն պետք է ոչ թե ինքնուրույն, այլ կառավարելի Թուրքիա»,- նշում է Կարեն Սիրունյանը։


Թուրքագետն ընդգծում է նաև, որ Հայաստանն այսօր վերածվել է գործոնի և լուրջ է ընկալվում դրսի կողմից։ Ըստ նրա՝ Թուրքիայի հրահրած ապրիլյան զարգացումներն ապացուցեցին մեկ փաստ՝ Հայաստանն այսօր Եվրոպայի անվտանգության մասն է. «Հայաստանով է գծվում մահմեդական երկրների հետ սահմանը։ Ես բնավ նկատի չունեմ, թե բոլոր մահմեդական երկրները վատն են։ Խոսքը Թուրքիայի իրագործած քաղաքականության և արմատական իսլամի գործունեության մասին է։ Թուրքիան բացեիբաց ցույց տվեց, որ օժանդակում է Իսլամական պետությանը ոչ միայն Իրաքում, Սիրիայում կամ այլ վայրերում, այլև իսլամական գործոնը փորձում է տեղափոխել Կովկաս։ Մինչդեռ Եվրոպական միությունը բացահայտ հայտարարել է, որ այս տարածաշրջանը պետք է Եվրոպայի անվտանգությունը և խաղաղությունն ապահովելու առումով։ Մեր տարածաշրջանը և՛ Ռուսաստանի, և՛ Եվրոպայի համար հանդիսանում է անվտանգության գոտի, ուստի Թուրքիայի կողմից Ադրբեջանում իսլամական խմբավորումներին օժանդակելը Եվրոպային, մեղմ ասած, հաճելի չէ։ Եվ ահա Հայաստանն ապացուցեց, որ ՀՀ զինված ուժերը կարող են հակադարձել ցանկացած ոտնձգության։ Ի դեպ, բոլորովին վերջերս ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարեց, որ, այո, Թուրքիան իրենց դաշնակիցն է, սակայն Հայաստանն էլ արժեքավոր գործընկեր է։ Սրանք օդի մեջ ասված խոսքեր չեն։ Սա նշանակում է, որ Հայաստանը տարածաշրջանում վերածվեց լուրջ գործոնի, ինչը բարենպաստ իրավիճակ է ստեղծում մեր երկրի համար, եթե այդ գործոնը կարողանանք լավագույնս իրացնել»։


Կարեն Սիրունյանը նկատում է, որ Գերմանիայի և այլ երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը թուրք հասարակության, թուրք երիտասարդության մեջ որոշակի փոփոխություններ է մտցնում, մարդիկ սկսում են լսել, տեղեկանալ ցեղասպանության մասին։ Եվ դա վերափոխելու է թուրքին, թուրք երիտասարդությունը վերանայելու է, խմբագրելու է իր նախկին տեսակետները։ Թուրքագետը կարծում է, որ մեր քաղաքականությունը պետք է ուղղվի հենց թուրք երիտասարդի, գալիք սերնդի մեջ մտածելակերպի փոփոխություններ մտցնելուն։ Ընդ որում, 21-րդ դարի տեխնոլոգիաները տալիս են այդ հնարավորությունը։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2219

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ