«Մենք խրախուսում ենք կողմերի միջև խաղաղության գործընթացը և հուսով ենք հասնել կայուն խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև: Հարավային Կովկասում խաղաղությունը կարևոր է տարածաշրջանի բնակիչների, սևծովյան տարածաշրջանի և ընդհանրապես անդրատլանտյան անվտանգության համար»,- Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը:                
 

«Սիրտս ցավում է ամեն անգամ, երբ տեսնում եմ որևէ տան վրա գրված՝ «Վաճառվում է»

«Սիրտս ցավում է ամեն անգամ, երբ տեսնում  եմ որևէ տան վրա գրված՝ «Վաճառվում է»
07.06.2016 | 09:41

Տեղական արտադրության զարգացման, արտաքին շուկա դուրս գալու հնարավորությունների, ՏՏ ոլորտի և մշակույթի դերի, նշանակության մասին է մեր զրույցը ծրագրավորող-ինժեներ, «ՕգմենթԱր» ընկերության համահիմնադիր ԱՐԹՈՒՐ ԽՈՋԱԲԱՂՅԱՆԻ հետ: «ՕգմենթԱր»-ը զբաղվում է եռաչափ տպիչների արտադրությամբ:

«ՓՈՐՁ ԵՆՔ ԿՈՒՏԱԿՈՒՄ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐ ԼՈՒԾՈՂ ՌՈԲՈՏՆԵՐ ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ»


-«ՕգմենթԱր» ընկերության արտադրած տպիչներն ի՞նչ պահանջարկ ունեն, որտե՞ղ են կիրառվում:
-Ներկա պահին մենք արտադրում ենք ուսումնական կիրառության եռաչափ տպիչներ, որոնք պետք է տեղադրվեն դպրոցներում։ Սա ԻՏՁՄ-ի (Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն) ձեռնարկած մի մեծ ծրագիր է, որի նպատակն է Հայաստանի բոլոր դպրոցներում տեղադրել ինժեներական լաբորատորիաներ (այդպիսի լաբորատորիաներ աշխարհում հիմնականում վճարովի դպրոցներն են ունենում)։ Մեր տպիչները հեշտությամբ կարելի է քանդել, ձևափոխել, դարձնել, օրինակ, նկարող ռոբոտ: Կարելի է տպել դրա մասերը և պատրաստել կրկնօրինակներ։ Այս հանգամանքը շատ է ոգևորում աշակերտներին: Խմբակներ կան, որոնք արդեն իսկ սկսել են սեփական տպիչի պատրաստման գործընթացը։
-Արտաքին շուկա դուրս գալու հնարավորություն կա՞:
-Հնարավորություն միանշանակ կա։ Մենք նպատակ ունենք տպիչները մատչելի դարձնել նախ մեր շուկայում։ Աշխարհն այսօր այդ ուղղությամբ է գնում, ուզում ենք Հայաստանը հետ չմնա, որովհետև եռաչափ տպիչներ ունենալը խթանում է այլ ոլորտների զարգացումը։ Առաջիկայում նախատեսում ենք շուկա հանել համեմատաբար էժան և որակյալ տպիչներ և համապատասխան դասընթացների օգնությամբ մատչելի դարձնել դրանց կիրառությունը։ Այդ տպիչներն ունենալով` մարդիկ կարող են հիմնել սեփական փոքրիկ արտադրությունը։ Այլ շուկաներ նույնպես փորձում ենք դուրս գալ, որովհետև հարևան երկրներում, ՌԴ-ում շուկան բաց է, և լավ առաջարկ ունենալու դեպքում կարող ենք նաև լավ վաճառք ապահովել։
-Եռաչափ տպիչների արտադրության փորձին ի՞նչ նախագծեր են հաջորդելու:
-Այժմ նախատեսում ենք զարգացնել և պատրաստել պրոֆեսիոնալ կիրառության տպիչներ։ Մեզ շատ է հետաքրքրում եռաչափ տպիչների կիրառությունը սննդարտադրության, բժշկության մեջ։ Առաջիկայում նախատեսում ենք ներկայացնել շոկոլադե դետալներ տպող տպիչ։
ՈՒնենալով ավտոմատացման համակարգերի հետ աշխատելու փորձ` նաև փորձ ենք կուտակում տարատեսակ օգտակար, կենցաղային խնդիրներ լուծող ռոբոտներ պատրաստելու համար։ Սա շատ կարևոր է, և ցանկանում ենք այդ փորձը փոխանցել նաև մեր ինժեներական լաբորատորիաներին, որպեսզի, օրինակ, սահմանամերձ բնակավայրերի աշակերտները սկսեն գյուղատնտեսական կիրառություն ունեցող ռոբոտներ պատրաստել իրենց դպրոցներում։ Մեր հիմնական նպատակներից մեկն է` նպաստել տարածաշրջանում ՏՏ ոլորտի զարգացմանը։ Հիմա նաև ստեղծում ենք վեբ ծրագրավորման թիմ, որը շատ կարևոր է Գորիսի համար։ Սա հիմք կհանդիսանա, որ մոտ հինգ տարի հետո ունենանք մի քանի տասնյակի հասնող պրոֆեսիոնալ ծրագրավորման թիմեր։

«ՁԵՐ ԱՍԱԾ ՌԻՍԿԵՐԸ ԿԱՆ, ԻՄ ԱՍԱԾ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ՆՈՒՅՆՊԵՍ»


-Գորիսի Ակսել Բակունցի անվան դպրոցում գործում է «Նաիրի լաբ» գիտակրթական լաբորատորիան: Դուք նշել եք, որ լաբորատորիայի ստեղծման հիմնական անկյունաքարերից մեկն այն է, որ երեխաների մեջ տպավորվի «Արտադրված է Հայաստանում» կարգախոսը, և ձգտում եք, որ այստեղ գտնվող ցանկացած սարք արտացոլի դա: Սեփական արտադրանք ունենալը կարևորվում է բոլոր ոլորտներում, մանավանդ թուրքական ապրանքներով հայաստանյան շուկան ողողելու համատեքստում: Ըստ Ձեզ` կա՞ն նպաստավոր պայմաններ, պետական ճիշտ քաղաքականություն, ի վերջո, վստահություն տեղական արտադրանքի նկատմամբ: Ի՞նչն է խոչընդոտում տեղական արտադրության զարգացմանը:
-Տեղական արտադրություն հիմնելու ժամանակ բախվում ես մի շարք խնդիրների: Բայց պետք է ոչ թե հիասթափվել, այլ խորհել, որովհետև սա շուկա է, խաղ է, որն ունի իր օրենքները, և ճիշտ խաղալու դեպքում կարող ես հաղթել։ Հանրության մի լայն շերտ այսօր խրախուսում է տեղական արտադրանքը։ Շատերը նույնիսկ պատրաստ են թանկ վճարելու տվյալ ապրանքի համար, գիտակցելով, որ դրանով օգնում են տեղական արտադրողին ոտքի կանգնելու։ Տեղական արտադրողն էլ պետք է այս հնարավորությունն օգտագործի և հնարավորինս արագ կատարելագործի իր արտադրությունը, կրճատի արտադրական ծախսերը: Սա՝ մեկ։ Պետությունն անընդհատ մշակում է մեխանիզմներ, պետք է պետությանն անընդհատ դրդել` կատարելագործել այս մեխանիզմները: Որովհետև միշտ չէ, որ իր գրասենյակում նստած պետական պաշտոնյան տեղյակ է արտադրողի խնդիրներին։ ՏՏ ոլորտի սկսնակ ընկերությունների համար սահմանված հարկային արտոնություններ կան, որոնցից օգտվում ենք նաև մենք։ Այլ ոլորտների մասին չգիտեմ, գիտեմ, որ կան հարկային արտոնություններ նաև սահմանամերձ բնակավայրերի համար։
-ՏՏ ոլորտի հետ են կապվում նաև ռազմական ձեռքբերումները, անօդաչու սարքերի արտադրություն և այլն: Բացթողումներ ունե՞նք այս ոլորտում:
-Այս հարցը շատ է քննարկվել սոցիալական ցանցերում: Իրականում մեզանում նոր-նոր սկսում են մեխանիզմներ մշակել տեղական ռեսուրսի արդյունավետ կիրառման համար։ Սա միայն ասելով չէ։ Ամեն արտադրող ունի իր «բզիկները», իր տեսակետները, իր ներուժը։ Սրանք մոբիլիզացնելը մեկ կետի վրա այդքան էլ դյուրին չէ։ Բայց չցանկանալ դա անել` կոպիտ սխալ է։ Տերյանն ասում է` ինչ չկարողացար անել, քեզ կներվի, ինչ չուզեցիր՝ երբեք։ Խնդիրն այն է, որ մեր պաշտոնյաները ոչ միշտ են տեղյակ իրավիճակին։ Մենք ասում ենք սերնդափոխություն պետք է լինի, բայց նոր սերունդն էլ պետք է պրոֆեսիոնալ և կրթված լինի։ Մեր շատ խնդիրների պատճառը անկիրթ չինովնիկներն են, որոնք չունեն համապատասխան գիտելիքներ` իրենց վստահված ոլորտն առաջ տանելու համար։ ՈՒ սա տանում է դեգրադացման։
-ՏՏ ոլորտը հեռացնում է մեզ բնությունից, մշակույթից, ընթերցանությունից, մարդկային պարզ հարաբերություններից, որովհետև տեխնո դարում, կարծես, հոգևորի համար տեղ չի մնում:
-Անցած տարի ամառային ճամբար էր կազմակերպվել, որտեղ աշակերտները պետք է ձևավորեին թիմեր և հանդես գային նախագծերով: Գործը տեղից դժվար էր շարժվում։ Հետո ճամբար հրավիրեցին Գագիկ Գինոսյանին, Վովա Վարդանովին, որոնք աշակերտներին ներկայացրին մեր մշակույթը, մեր ուժը, ռազմական գիտելիքներ տվեցին և այլն։ Դրանից հետո աշակերտների մոտիվացիան կտրուկ բարձրացավ, և մեծ խանդավառությամբ սկսեցին լուծել իրենց առջև դրված խնդիրները։ Թվում է, թե իրար հետ կապ չունեն, բայց մարդը հոգևոր էակ է, սրանք պետք է զարգացնել զուգահեռ։ Ես հակառակը կասեի, համացանցը, օրինակ, նաև կարող է նպաստել մշակութային արժեքների պրոպագանդմանը։ Ձեր նշած ռիսկերը կան, բայց իմ ասած հնարավորությունները` նույնպես։

«ՄԵՐՕՐՅԱ ԿԱՏԱՂԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԱՐԱՓԻ ՏԱԿ ԴԺՎԱՐ Է ԳՏՆԵԼ ԼՍԱՐԱՆ»


-Արթուր, Ձեզ շատերը գիտեն որպես Լեռնցի: Համանուն բլոգում կարծիք եք արտահայտում տարբեր հարցերի վերաբերյալ: Բլոգում կան մշակութային կյանքին առնչվող զանազան օգտակար նյութեր` աֆորիզմներ, գրական ստեղծագործություններ և այլն: Ձեր բլոգի օրինակով կարո՞ղ եք ասել` մշակութային իրադարձությունները, նորությունները որքանո՞վ են հետաքրքիր մեր հանրությանը:
-Հետաքրքիր լինելուց բացի, ես գիտեմ դեպքեր, որ նաև օգտակար են եղել։ Մերօրյա կատաղի տեղեկատվական տարափի տակ դժվար է գտնել լսարան և ստեղծել համապատասխան հոսանքներ։ Բայց հնարավոր է։ Այս դաշտն անընդհատ դինամիկ կերպով փոխվում է, զարգանում, և շահում են նրանք, ովքեր ծանոթ են տեխնոլոգիաներին և դրանք օգտագործում են իրենց տեղեկությունները տարածելու համար։ Մարդկանց ամեն ինչ էլ հետաքրքիր է, ամեն բան կախված է մատուցման ձևից։ Ես այդպես եմ կարծում։
-Գորիսում մշակութային առօրյան ինչպիսի՞ն է: Ինքներդ էլ մշակութային նախաձեռնություններով եք հանդես գալիս: Մի քիչ մանրամասնեք՝ ի՞նչ բնույթի են դրանք:
-Գորիսը միշտ էլ հայտնի է եղել իր մշակութային հարուստ կյանքով։ Խորհրդային Միության փլուզումից հետո սկսվեց սրընթաց վայրէջքը: Հիմա նորից առաջընթաց է նկատվում: Ես հիմնականում իրականացրել եմ ազգային պարի բաց դասեր: Բացի դրանից` ձգտում եմ մասնակցել մշակութային միջոցառումներին, հրապարակավ անդրադառնալ, գովաբանել կամ քննադատել տարբեր երևույթներ: Դա էլ է մշակույթ. ցանկացած անդրադարձ բարձրացնում է տվյալ իրադարձության հանդեպ հետաքրքրությունը։
-Ի՞նչը կուզեիք փոխվեր Գորիսում և, առհասարակ Հայաստանում, հաշվի առնելով սահմանային լարվածությունն ու հարաբերական անդորր ասվածը:
-Բարդ հարց է։ Եթե կարճ` ամեն ինչն էլ կամաց-կամաց պետք է փոխվի դեպի լավը։ Մարդկանց վերաբերմունքը մեր երկրի հանդեպ, փոխադարձ հարգանքն ու սերը միմյանց հանդեպ պետք է միշտ ուժեղ լինեն և անընդհատ նորոգվեն։ Եթե արտադրություններ շատ լինեն, կենսամակարդակը բարձրանա, տնտեսությունն ուժեղանա, մշակութային հոգևոր կյանքը թևածի երկրով մեկ, կունենանք մեր երազած Հայաստանը։ Ես ուզում եմ, որ բոլոր հեռացածները վերադառնան իրենց տները։ Սիրտս ցավում է ամեն անգամ, երբ տեսնում եմ որևէ տան վրա գրված՝ «Վաճառվում է»։ Բայց ուզելը քիչ է։ Պետք է անընդհատ աշխատել և ուժերի ներածի չափով լուծել խնդիրները։

Զրույցը՝ Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 10922

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ