ՈՒկրաինան նախապատրաստվում է հունիսի 15-16-ը Շվեյցարիայում կայանալիք Խաղաղության գագաթնաժողովին։ «Աշխարհի մեծամասնությունը պետք է Ռուսաստանին խաղաղություն հարկադրի և կարող է դա անել։ Հենց հունիսին կարող է սկսվել դեպի արդարացի աշխարհ տանող ճանապարհը»,- ասել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:                
 

Հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան բոլոր խոստումները իրականում փուչ դուրս եկան. ինչո՞ւ

Հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան բոլոր խոստումները իրականում փուչ դուրս եկան. ինչո՞ւ
10.06.2016 | 00:35

(սկիզբը` այստեղ)

Մարշալ Համազասպ Բաբաջանյանի դիտավորյալ սպանության վարկածը հավանաբար շատերի մեջ կա, բայց այդ մասին մարդիկ գերադասում են լռել, որովհետև կոնկրետ փաստեր չունեն: Ես ևս կոնկրետ փաստեր չունեմ ու չեմ կարող ասել, թե որտե՞ղ, ի՞նչ հանգամանքներում կյանքից հեռացավ մեր մարտական մարշալը, բայց տեղյակ եմ նրանից ազատվելու Կրեմլի ունեցած մոտիվացիային, գիտեմ, թե ում էր նա խանգարում, և ինչը կարող էր դառնալ նրանից ազատվելու բուն պատճառը:

Ինչպես Բաբաջանյանի կենսագիրներն են նշում, նրա կյանքին սպառնացող հնարավոր վտանգների մասին անձամբ Գեորգի Ժուկովն էր զգուշացրել: Բաբաջանյանը միակ բարձրաստիճան խորհրդային զորահրամանատարն էր, որը, առանց վախենալու, ցուցադրաբար մոտեցել ու զրուցել էր իր մարտական ընկերոջ հետ՝ Ժուկովին պաշտոնանկ անելուց հետո: Կրեմլի զգուշավոր ու վախկոտ ղեկավարների ուշադրությունից նման էպիզոդները չէին կարող վրիպել, դա կարող էր դիտարկվել որպես պետական հեղաշրջում նախաձեռնելու կամ իրենց անսահմանափակ իշխանությունը կասկածի տակ դնելու միտում: Բաբաջանյանը, Պյոտր Մաշերովի նման, դարձել էր Բրեժնևի պալատական կլիկի երկրորդ վտանգավոր ռազմական գործիչը՝ Գեորգի Ժուկովից հետո: Նրա բարձր պրոֆեսիոնալիզմը, կամքը, ղարաբաղցու համառությունը, ինքնուրույնությունը, մտերիմ հարաբերությունները պաշտոնաթող Ժուկովի հետ, բարձր հեղինակությունը բանակում ու հատկապես ռազմաարդյունաբերությունում վախեցնում էին Բրեժնևին: Պետք էր նրանից մի կերպ ազատվել: Գեորգի Ժուկովին պաշտոնանկ անելուց հետո Բաբաջանյանն ավելի վտանգավոր էր դարձել Կրեմլի իշխող վերնախավի համար, որովհետև բացահայտ դեմ էր գնում խորհրդային բանակում իրականացվող տեխնիկական ու կադրային քաղաքականությանը, որը լուրջ վնաս էր բերում խորհրդային երկրի շահերին:


ԽՍՀՄ-ն իր վրա էր վերցրել Արևելյան Եվրոպայի երկրների շեֆության ծախսատար միսիան, Ամերիկայի հետ մտել էր սառը պատերազմի մեջ, ինչը ուժերից վեր էր մի երկրի համար, որն ուներ այդպիսի անճար ու անպատասխանատու ղեկավարություն: Բաբաջանյանը մտահոգված էր զրահատանկային ուժերի ճակատագրով, հանդես էր գալիս կոնկրետ առաջարկություններով, չէր լռում, երբ հանդիպում էր քաղբյուրոյի անանցանելի խուլ պատերին:


Անցած դարի 70-ական թվականներից սկսած, ռազմական արդյունաբերության գլխավոր մասնագետների հավաքների, սիմպոզիումների, գիտական խորհուրդների նիստերի ժամանակ ես ներկա եմ եղել կուլուարային բազմաթիվ խոսակցությունների, որտեղ մտահոգություն էր արտահայտվում մարշալ Բաբաջանյանի ճակատագրի վերաբերյալ: Բաբաջանյանի հետ անմիջական հանդիպման պատիվը ես, բնականաբար, չեմ ունեցել, բայց քաջատեղյակ եմ խորհրդային բանակաշինության հարցերում նրա սկզբունքային ու անզիջում դիրքորոշմանը, նախանձելի անկոտրում կամքին: Նրա կերպարը մեծ հարգանք ու հիացմունք էր առաջացնում ԽՍՀՄ ՌԱՀ մասնագետների մեջ, բայց նաև բոլորը միակարծիք էին՝ նրա կարիերան երկար տևել չի կարող, ամենայն հավանականությամբ մարշալ Բաբաջանյանին՝ Ժուկովի նման, պաշտոնաթող կանեն կամ կաստիճանազրկեն, մանավանդ որ դրա համար պատեհ առիթները շատ էին:


ԽՍՀՄ ռազմական արդյունաբերության գլխավոր կոնստրուկտորների նեղ շրջանակներում 1972 թվականից սկսած շշուկներ էին տարածվում, թե Կրեմլին մոտ կանգնած ուժերը նրան մեղադրում են տանկային էլեկտրոնիկայի զարգացմանը խոչընդոտելու, դեմը քար գցելու մեջ: Իրականում Բաբաջանյանը դեմ էր միայն այդ ուղղությամբ կատարվող աշխատանքների շըփ-թըփին, որոնց ավարտը հարմարեցվում էր այս կամ այն կուսակցական միջոցառմանը։ Նա համոզված էր, որ տանկային էլեկտրոնիկան պետք է ունենա անխափան աշխատանքի մեծ ռեսուրս, ի վիճակի լինի աշխատելու էքստրեմալ պայմաններում, դիմանա մեխանիկական հարվածներին, վիբրացիաներին, որովհետև դա պերճանքի առարկա չէ, ի վերջո զենք է, տանկ է: Հայ մարշալի այսպիսի կշտամբանքը բարձրաստիճան կուսակցականների հասցեին չէր կարող անարձագանք մնալ, մանավանդ որ Բաբաջանյանին շատերն էին համամիտ, ինչը, ըստ էության, Կրեմլի գորշ ծերակույտի համար խիստ վտանգավոր էր: Այդպիսի մի քանի խոսակցություն տեղի է ունեցել իմ ներկայությամբ, երբ ասպիրանտուրայի իմ գիտական ղեկավար, էլեկտրոնային սարքերի հուսալիության հարցերով խորհրդային ճանաչված գիտնական Նիկոլայ Նիկոլաևիչ Գորյունովը տանկային էլեկտրոնիկայի հարցերը քննարկում էր մեկ այլ նշանավոր խորհրդային գիտնական Վիտալի Իվանովիչ Ստաֆեևի հետ: Մասնագետները մարշալ Բաբաջանյանին ընդունում էին որպես Խորհրդային Միությունում տանկային էլեկտրոնիկայի զարգացման հիմնական նախաձեռնողներից մեկի: Բաբաջանյանի առաջարկով ռազմաարդյունաբերական համալիրի առջև կարևոր խնդիր էր դրվել. անհրաժեշտ է հրաժարվել դարն ապրած տեխնոլոգիաներից ու խորհրդային զրահատանկային տեխնիկայի մեջ ամենուր ներդնել ժամանակակից էլեկտրոնային համակարգերը, որոնք թույլ կտային մարտի ընթացքում արագ կողմնորոշվել, ստանալ մարտադաշտի ամբողջական քրոնիկան ու նախահարձակ լինել ակտիվ դիրք գրաված հակառակորդի զինտեխնիկայի նկատմամբ:


Հաջորդ խնդիրը, որը դրվել էր Ստաֆեևի, Գորյունովի, խորհրդային մյուս գիտնականների, այդ թվում՝ ինձ վրա, ավելի բարդ էր: Խորհրդային զրահատանկային տեխնիկան պետք է կարողանար իր առաջ դրված մարտական խնդիրները բարձր արդյունավետությամբ լուծել նաև գիշերային մարտերի ժամանակ՝ մթության մեջ, պետք է կարողանար տեսնել հակառակորդին, բայց, միաժամանակ, աննկատ մնալ: Բաբաջանյանական այս խնդիրը լուծելու համար Խորհրդային Միությունում, այդ թվում` Մոսկվայի մեր լաբորատորիայում, մեծ աշխատանքներ էին կատարվում աչքի համար անտեսանելի օպտիկական տիրույթում աշխատող ինֆրակարմիր սարքեր ստեղծելու ուղղությամբ: Գիտական ու տեխնիկական պրոբլեմները այստեղ շատ էին. ինֆրակարմիր տիրույթում աշխատող օպտիկայի նախագծում ու հատային արտադրության կազմակերպում, ինֆրակարմիր պատկերները (ջերմային ճառագայթման հաշվին հակառակորդի կենդանի ուժի ու աշխատող շարժիչների հայտնաբերման համար) ընդունող խցիկների ստեղծում (ինֆրակարմիր վիդիկոններ, էլեկտրաօպտիկական ձևափոխիչներ, սառեցվող ինֆրակարմիր կետային ընդունիչներ ու բալոմետրային մատրիցաներ), կոդավորված ռադիոազդանշանների հեռարձակում, ռադիոխանգարումների պայմաններում աշխատող ընդունող-հաղորդող ներքին էլեկտրոնային կանալների ստեղծում (այս խնդրի լուծման լավագույն տարբերակը տվեց Միխայիլ Արսենի Անանյանը՝ աշխարհում առաջին անգամ տանկային էլեկտրոնիկայի մեջ օգտագործելով օպտիկական մալուխներ):

Գոյություն ունեին նաև կազմակերպչական խիստ սահմանափակումներ, բոլոր աշխատանքները, որոնք վերաբերում էին ինֆրակարմիր տեխնիկային, գտնվում էին Խթը-ի խիստ հսկողության տակ, մեկ միկրոնից ավելի ալիքի երկարությանը վերաբերող ցանկացած ինֆորմացիա (նույնիսկ հանրահայտ տվյալները) բաց մամուլում հրապարակման ենթակա չէին: Սա շատ էր բարդացնում աշխատանքները՝ ստիպելով, որ բոլոր հետազոտություններն ու գիտական քննարկումները կատարվեն տեղերում՝ դուրս չգալով լաբորատորիաների սահմաններից: Նման կարևորության աշխատանքների համար նաև շատ կարճ ժամանակ էր հատկացվում: Այն ժամանակ ես նշանակություն չէի տալիս Բաբաջանյանին վերաբերող կուլուարային խոսակցություններին, դրանք շատ էին ու վերաբերում էին խորհրդային բարձրաստիճան զինվորականությանը, ռազմական ոլորտի գլխավոր մասնագետներին, Անդրեյ Սախարովին, ուրիշ ակադեմիկոսների, Սերգեյ Կորոլյովի կոլեգաներին և բոլոր նրանց, ովքեր ԽՍՀՄ-ի համար կարևոր գործեր էին կատարում, բայց ովքեր նաև համառորեն չէին ցանկանում հանդուրժել ու հարմարվել բրեժնևյան վարչակարգի հիմարություններին: ԽՍՀՄ-ում ռազմական տեխնիկայի համար բոլոր կարևոր հետազոտությունները կատարվում էին էլեկտրոնային արդյունաբերության նախարարությունում (НИИПЭ-НИИ полупроводниковой электроник), որի մի մասը 60-ական թվականներին առանձնացավ ու «НИИПП-НИИ полупроводниковых приборов» անվան տակ տեղափոխվեց մերձմոսկովյան Զելենոգրադ քաղաք, որը կառուցվում էր էլեկտրոնիկայի ոլորտի համար: НИИПП-ը հիմք դարձավ ռազմատիեզերական թեմաներով աշխատող НИИ «Компонент» ու «Научный центр» կազմակերպությունների և ԽՍՀՄ ռադիոէլեկտրոնային արդյունաբերության նախարարության (ЦНИИРЭС Центральный НИИ радиоэлектронных систем) համար, որոնց միջև համատեղ հետազոտությունների ու համագործակցության հաստատված ավանդույթ կար: Այդ համագործակցությունը վերացավ ու վերածվեց լինել-չլինելու խնդրի, երբ 1975 թվականին ЦНИИРЭС տնօրենի պաշտոնում նշանակվեց ԽՄԿԿ քաղբյուրոյի անդամ Միխայիլ Անդրեևիչ Սուսլովի որդին՝ Ռևոլի Միխայլովիչ Սուսլովը: Այդ պաշտոնում նա փոխարինեց ինստիտուտի հիմնադիր, ծագումով հայ Պավել Աղաջանովին, որը Կորոլյովի հետ համարվում է խորհրդային տիեզերագնացության հիմնադիրներից մեկը: Իմ տեղեկությունների համաձայն, Պավել Աղաջանովը մտերիմ հարաբերություններ ուներ մարշալ Բաբաջանյանի հետ։ Ենթադրում եմ՝ նրանց համատեղ ջանքերով էլ սկիզբ էր դրվել զրահատանկային զորքերում էլեկտրոնիկայի լայնածավալ օգտագործմանը կամ, ինչպես մասնագետներն էին անվանում, տանկային էլեկտրոնիկային: Սուսլովի որդուն ՌԱՀ-ի գիտական հանրությունն ընդունեց բացարձակ չարությամբ. քաղբյուրոյում հայրն է ամեն ինչ փչացնում, այստեղ էլ որդուց վտանգներ սպասիր: Այդ մտավախությունը տեղին էր. Սուսլովն իր որդուն ուղարկել էր մի տեղ, որտեղ շատ կարևոր գործեր էին կատարվում Խորհրդային Միության ռազմական արդյունաբերության զարգացման համար: Չնայած երկրի տնտեսական դրության ընդհանուր վատ վիճակին, ՌԱՀ-ի ձեռնարկությունները դժվարությամբ, բայց, այնուամենայնիվ, հաջողությամբ լուծում էին իրենց առջև դրված խնդիրները, կարողանում էին պահպանել Ամերիկայի հետ ունեցած ռազմական պարիտետը, որոշ դեպքերում նաև առաջ անցնել այնպիսի կարևոր ուղղություններում, ինչպիսիք էին տիեզերագնացությունը, միջուկային զենքի գործը, ռազմական ավիացիան, նաև տանկաշինությունը: Վերջինիս մեջ անչափ մեծ է ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի անձնական ներդրումը:


Խորհրդային տանկերը մշտապես առավելություն են ունեցել մյուսների նկատմամբ ու մինչ օրս շարունակում են պահպանել իրենց առաջատար դիրքերն աշխարհում: Ժամանակին ամերիկացի հետախույզը Գերմանիայից իր կենտրոնին այսպիսի հաղորդագրություն է ուղարկել. «Նկատի ունեցեք, որ Բեռլինի տրասսայում խորհրդային տանկը մեծ արագությամբ կարողացավ շրջանցել ու առաջ անցնել իմ մեքենայից»: 1970-ական թվականներից սկսած տանկաշինության մեջ սկսեցին լայնորեն օգտագործվել տարբեր էլեկտրոնային համակարգեր, այդ թվում՝ գիշերային տեսանելիության սարքեր, որոնց մի մասը մշակվել ու օգտագործվել էր իմ նախագծած լաբորատոր հետազոտական տեխնիկայի մեջ՝ հիմնականում տրանզիստորների ու ինտեգրալ սխեմաների բյուրեղների ջերմային դաշտի ու հոսանքի բաշխման ուսումնասիրությունների համար:


Սուսլովի տղայի ասպարեզ մտնելը քաղաքական ակցիա էր, Կրեմլի իշխանությունների համար խոր մոտիվացիա ուներ. պետք էր վերջ տալ այն խոսակցություններին, այն այլախոհությանը, որը ձևավորվում էր ՌԱՀ-ի գլխավոր մասնագետների շրջանում ու լուրջ վտանգ էր դառնում: ՌԱՀ-ը Խորհրդային Միությունում գործող այն եզակի կառույցներից էր, որտեղ գործերը համեմատաբար լավ էին ընթանում մեր գիտնականների արդյունավետ աշխատանքի շնորհիվ: Բայց խորհրդային գիտնականներն ու երկրի գործերով մտահոգ բարձրաստիճան զինվորականությունը չէին կարողանում հաշտվել Կրեմլի իշխանությունների վարած անպտուղ քաղաքականության հետ՝ դրա տակ տեսնելով երկրի մոտալուտ կործանման վտանգը, որը գալու էր կոմունիստական ծերակույտի վարած սխալ քաղաքականությունից, հատկապես ռազմաարդյունաբերության ոլորտում: Տապալելով սոցիալական ու քաղաքական ուղղվածության բոլոր ծրագրերը, Կրեմլը փորձում էր իր ակտիվ ներկայությունն ապահովել գիտության ու տեխնիկայի արդեն կայացած ոլորտներում, սեփական նախաձեռնությամբ որոշակի քաղաքականություն վարել, որը, ընդհանուր առմամբ, մշտապես խոչընդոտել է գիտության ու արդյունաբերության զարգացմանը:


Սերգեյ Կորոլյովի, Անդրեյ Սախարովի և մյուս վաստակաշատ խորհրդային գիտնականների ու նաև մարշալ Բաբաջանյանի անկաշկանդ քննադատական ելույթները խորապես անհանգստացնում էին Բրեժնևին ու նրա շրջապատին, որովհետև նրանք համարձակվում էին խոսել, հրապակայնորեն ասել ճշմարտությունը, քննադատում էին իշխանություններին՝ հարցականի տակ դնելով կոմունիստական իշխանությունների հավերժության գաղափարը:
Կոմունիստական կուսակցությունը սկսել էր զգալի ու աններելի սխալներ թույլ տալ ռազմական արդյունաբերության ոլորտում: Ոլորտը, որը գլխավորապես զարգացել էր խորհրդային մասնագետների հայրենասիրության, էնտուզիազմի ու պատվախնդրության հիմքի վրա, Խրուշչովից հետո սկսել էր հետընթաց ապրել: Ճիշտ է, ոլորտի գիտնականներն ու ինժեներները շարունակում էին իրենց աշխատանքը, բայց մտահոգված էին հայրենիքի ճակատագրով: Բրեժնևի ցանկացած նախաձեռնություն, ի վերջո, աշխատում էր խորհրդային գիտության, արդյունաբերության ու գյուղատնտեսության դեմ, նկատելի էր դառնում այն խոր ճգնաժամը, որն օր օրի մոտենում էր ռազմական արդյունաբերության ոլորտին, պատրաստ էր կլանելու-ոչնչացնելու ունեցած ձեռքբերումները: Ոլորտի իրենց հարգող գլխավոր մասնագետները չէին կարող լռել, երբ հայրենիքի ճակատագիրը վտանգված էր: ЦНИИРЭС-ի տնօրենի պաշտոնում գեներալ-մայոր Ռևոլի Սուսլովի հայտնվելը ձևական ներկայություն չէր, նրան հանձնարարված էր կարգուկանոն հաստատել և գլխավորել ռազմաարդյունաբերության ոլորտը: Ռևոլի Միխայլովիչը պետք է որոշեր ոլորտի զարգացման ստրատեգիան, մշակեր ռադիոարդյունաբերության ու հարակից ոլորտների զարգացման նոր հայեցակարգը, աշխատանքների մեջ ընդգրկեր ՊՆ, ԽՍՀՄ ու հանրապետությունների ակադեմիաները։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, նա պետք է մշակեր այնպիսի տեխնիկական ու կադրային քաղաքականություն, որը թույլ տար ճնշել ու լռեցնել տեխնիկական ինտելիգենցիային ու այլախոհությանը: Փաստորեն Սուսլովի տղային տրված էր «գորշ կարդինալի» դերը, բայց արդեն ՌԱՀ-ի ու ԽՍՀՄ ողջ գիտական և արդյունաբերական համակարգում: Միխայիլ Սուսլովը ԽՍՀՄ ստվերային քաղաքական լիդերն էր, իսկ նրա որդի Ռևոլի Սուսլովին վիճակված էր դառնալ ԽՍՀՄ գիտաարտադրական համալիրի ստվերային ղեկավարը: Այդ դերում նրան օգնելու էր «Կրեմլի երեխաներից» մյուսը՝ Նիկոլայ Դմիտրևիչ ՈՒստինովը, որը նշանակվել էր Մոսկվայի «Աստրոֆիզիկա» ԳՀԻ-ի տնօրենի պաշտոնում: Ամենակարևոր դասը, որը նրանք սովորել էին իրենց քաղբյուրոյական ծնողներից՝ սեփական ծառայություններին ամենաբարձր գնահատականներ տալու հիվանդությունն էր: Բարձր պաշտոններում նշանակվելուց անմիջապես հետո նրանցից յուրաքանչյուրը ստացավ խորհրդային ժամանակներին հատուկ բոլոր կարևոր պետական պարգևները. ԽՍՀՄ պետական մրցանակ, սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում, շատ զարմանալի է, բայց «գաղտնի» հրամանագրերով, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամի կարգավիճակ: Հնարավոր է, որ նրանք ևս ունեցել են իրենց մասնագիտական որոշակի արժանիքները, բայց նշանակված պաշտոններում գործում էին որպես Կրեմլի քաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ:


Սուսլով-կրտսերը շատ մեծ վնաս հասցրեց խորհրդային տեխնիկական գիտությանը՝ գիտական հասարակությանը պարտադրելով Սուսլով-ավագից սերած կոնսերվատիզմը: Գիտությունը, տեխնիկան ու կոնսերվատիզմը իրար հակացուցված հասկացություններ են: Իշխանական աթոռին կարելի է երկար նստել, ոչինչ չանել ու վայելել, բայց գիտության ու տեխնիկայի բնագավառում սպասելու հնարքները չեն անցնում, գիտությունն ու տեխնիկան զարգանում են միայն համարձակ քայլերի, ռիսկի դիմելու ճանապարհով, զգուշությունը այստեղ լավ բան չէ, արդյունք տալ չի կարող: Սուսլով-կրտսերի պատճառով ՌԱՀ-ի գիտական միջավայրը տրոհվեց երկու մասի: Նրա կողմն անցան պահպանողական գիտնական միջակություններն ու ձեռնարկությունների ղեկավարները, որոնք տարբեր ձևերով ու մեթոդներով սկսեցին ճնշել և ասպարեզից դուրս մղել այն տաղանդաշատ մասնագետներին, որոնց անհաշտ դիրքորոշումը չէր բավարարում Կրեմլի ղեկավարությանը: Քաղաքական ճնշումներն արդյունավետ դարձնելու համար այդ տարիներին ՌԱՀ գործարաններում ու ինստիտուտներում պարտադիր կարգով մտցվեց բնագավառի գլխավոր մասնագետների, լաբորատորիաների ու բաժնի վարիչների քաղաքական ատեստացիայի պրակտիկան՝ «Լենինյան ստուգարքների» տեսքով: Ամեն տարի ՌԱՀ ձեռնարկությունների ղեկավար անձինք պարտավոր էին անցնել այդ նվաստացուցիչ պրոցեդուրաներով ու իրենց քաղաքական հնազանդությունը ցույց տալ իշխող կոմունիստական վերնախավին: Իմ գիտական ղեկավար Նիկոլայ Գորյունովը ամեն անգամ ծանր ապրումների մեջ էր ընկնում, երբ հերթական անգամ չէր կարողանում հանձնել «Լենինյան ստուգարքները»՝ չկարողանալով պատասխանել անմակարդակ կուսակցական քննիչների զավեշտի հասնող հարցերին: Օրինակ, վաստակաշատ խորհրդային գիտնականին կարող էին այսպիսի հարց տալ.
-ԽՄԿԿ 27-րդ համագումարում ընկեր Բրեժնևի հաշվետու զեկույցը քանի՞ անգամ է ընդհատվել բուռն, երկարատև ծափահարություններով:


Արի ու պատասխանիր հիմար մարդկանց հիմար հարցերին: Գորյունովի նման մարդու համար, որի կարծիքի հետ հաշվի էր նստում անգամ Սերգեյ Կորոլյովը, նման պահվածքը շատ վիրավորական էր, բայց ուրիշ ճար էլ չկար, ՌԱՀ-ի ձեռնարկություններում բոլոր աշխատանքները կատարվում էին «գաղտնի» ռեժիմներով՝ կուսակցական կազմակերպությունների ու КГБ-ի հսկողության տակ, ազատ խոսելը, հակաճառելը կամ հրապարակային քննադատական ելույթները կարող էին որակվել որպես կազմակերպված կամ կանխամտածված հակապետական ակցիա, որի նախաձեռնողը ենթակա էր խստագույն կուսակցական տույժի կամ աշխատանքից ազատման: Խորհրդային գիտնականների ներքին այլախոհությունը կրում էր թաքնված, բայց նաև մասսայական բնույթ: Ոմանք լռում ու սպասում էին հաջորդ հնգամյակին, որը լինելու էր ППП-ի (пятилетка пышных похорон) ու հույսի հնգամյակ, ոմանք փորձում էին փախչել Խորհրդային Միությունից, ինչպես դա արեց ակադեմիկոս Ֆեդոսեևը: Սա էլ ելք չէր, Բրեժնևի КГБ-ի ձեռքերը երկար էին, ամեն տեղ կարողանում էին հասնել ու պատժել: Ֆեդոսեևը փախավ Լոնդոն, բայց ընկավ մեքենայի տակ, որովհետև... հաշվի չէր առել, որ Անգլիայի փողոցներում ձախակողմյան երթևեկություն էր: Գորյունովը երբեք բաց չէր թողնում սուսլովական գործիչներին հրապարակավ արժանի հակահարված տալու առիթը: Այսպիսի մի էպիզոդ: Հուսալիության հարցերով հերթական միութենական սիմպոզիումի ժամանակ (այդպիսի միջոցառումներն անցկացվում էին տարեկան մեկ անգամ՝ պաշտպանության նախարարության ու ՌԱՀ նախարարությունների առաջատար մասնագետների մասնակցությամբ) Գորյունովը ներկայացնում էր միկրոէլեկտրոնային սարքերի ռեսուրսի ու հուսալիության տեսությունը և կիրառական խնդիրները։ Ցանկացած սարքի հուսալիությունը տեսականորեն կարելի է բարձրացնել, բայց դա անվերջ չի կարող լինել, ցանկացած սարք ունի աշխատանքի իր ռեսուրսը, կատաստրոֆիկ խափանման հավանականությունը չի կարող հավասարվել զրոյի: Մի բարձրաստիճան սուսլովական գործիչ, որ չէր կարողանում ընկալել այդ գաղափարը, փորձեց հասարակ մի օրինակով գտնել բացատրությունը.


-Նիկոլայ Նիկոլաևիչ, Դուք կհամաձայնե՞ք ուղևորվել մի ինքնաթիռով, եթե վստահ լինեք, որ 100 հազար թռիչքներից մեկը, ըստ Ձեր գիտության, անպայման ավարտվելու է աղետով:
-Իմ գիտությունը մասնագետների համար է, ուղևորների համար չէ, Ձեր բնագավառի մեջ Դուք, հավանաբար, ուղևոր եք,- եղավ պատասխանը:


Անհաշտ պայքարի այդպիսի շատ էպիզոդներ կարելի է նկարագրել: Քաղբյուրոյի մերձավոր-ուղևորների ներդրումը ՌԱՀ համակարգում չէր կարող չանհանգստացնել քաղբյուրոյի ոչ բրեժնևական թևին, որը, ամենայն հավանականությամբ, կար, պետք է որ գոյություն ունենար ու գործեր Խթը-ի «տանիքի» տակ: Այսպես, ի հակակշիռ ռադիոպրոմի ЦНИИРЭС ու «Геофизика» բրեժնևյան կազմակերպությունների, КГБ-ն ստեղծել էր իր «Квант» ԳՀԻ-ն, որը սերտորեն համագործակցում էր էլեկտրոնպրոմի մասնագետների ու ձեռնարկությունների հետ՝ ավելի քիչ համագործակցելով ռադիոպրոմի հետ: Այդպիսի պառակտումը մեծ վնաս հասցրեց խորհրդային ռազմական ու քաղաքացիական արդյունաբերությանը, սկիզբ դրեց նախարարություններում ընթացող աշխատանքները կրկնակելու գործընթացին: Էլեկտրոնային արդյունաբերության նախարարությունում սկսեց ծավալվել ռադիոսարքավորումների նախագծման ու արտադրության գործընթացը, ինչը մշտապես գտնվել է ռադիոէլեկտրոնային արդյունաբերության նախարարության դաշտում և, ընդհակառակը, ռադիոէլեկտրոնային արդյունաբերության նախարարությունը սկսեց իր ներսում զարգացնել միկրոէլեկտրոնիկայի ճյուղը:


Արդյունաբերական այդ խառնաշփոթությունը տարածվեց ԽՍՀՄ ողջ տարածքով, հասավ մինչև Հայաստան: Այսպես, Աբովյանի «Սիրիուսում» կազմակերպվեց հաշվողական տեխնիկայի, էլեկտրոնային զարթուցիչների, գունավոր հեռուստացույցների և այլ «ռադիոպրոմային» տեխնիկայի արտադրություն, իսկ Մերգելյանի ինստիտուտին կից կազմակերպվեց միկրոէլեկտրոնիկայի գործարանը, որը կատարում էր էլեկտրոնպրոմին հատուկ աշխատանքներ՝ վերապրոֆիլավորվելով ու մասնագիտանալով միկրոսխեմաների արտադրության մեջ: Որպեսզի հնարավոր լինի որոշակի խոչընդոտ դնել ու սահմանափակել միմյանց միջև հնարավոր համագործակցությունը, արգելափակել տարբեր նախարարությունների ձեռնարկությունների միջև միջգերատեսչային կոոպերացիոն կապերի հաստատումը (ռազմական արդյունաբերությանը ավելի մեծ վնաս հասցնել, քան ՌԱՀ-ի ներքին կոոպերացիոն կապերը սահմանափակելն է, ինչը արվեց Ռևոլի Սուսլովի օրոք, դժվար է պատկերացնել) ՌԱՀ-ի ենթակա մինիստրությունները անցան ճյուղային տարբեր ստանդարտների ներդրմանը: Այդ պարագայում մեկ նախարարության արտադրանքը կիրառելի չէր մյուսների համար՝ տարբեր ստանդարտներով պատրաստված լինելու պատճառով: Դա մեծ ծախսեր ու ժամանակ խլող արդյունաբերական շիլաշփոթ էր, ինչի պատճառով Խորհրդային Միությունը կորցրեց իր առաջատար դիրքերն աշխարհում ու անհուսալիորեն հետ մնաց մյուս երկրներից:
(շարունակելի)

Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ

Դիտվել է՝ 2111

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ