Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ՀՕՊ-ը «հո՞պն» է

ՀՕՊ-ը «հո՞պն» է
10.06.2016 | 01:35

Վերջին օրերի բուռն քննարկման թեման Կովկասյան տարածաշրջանում Հայաստան-Ռուսաստան` ՀԱՊԿ ՀՕՊ համակարգի ստեղծման հարցն է, որն ինչ-որ առումով կարելի էր և դրական համարել, եթե Ռուսաստանի նկատմամբ մեր վստահությունն այդքան խաթարված չլիներ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո, երբ ՀԱՊԿ-ը չարձագանքեց: ՈՒ եթե ՀՕՊ համակարգն էլ է այդ «փիլիսոփայությամբ» կառուցվելու, ապա…


Դիտենք ստեղծվող համակարգը, նախ և առաջ հիշելով, որ օրերս Անգելա Մերկելի «կենդանի ներկայությամբ» Իլհամ Ալիևն ասաց, թե Ռուսաստանն Ադրբեջանի ռազմավարական գործընկերն է, ասաց անթաքույց հպարտությամբ: Կարելի էր այստեղ փոքր-ինչ ոտքը կախ գցել ու արձանագրել, որ Իլհամը գտել էր պահն ու ժամանակը «երկուսը մեկում» անելու` քծնելու Ռուսաստանին, վրեժ լուծելու Գերմանիայից` Բունդեսթագի որոշման համար: Բայց Ալիևի տվայտանքներով թող տառապի Ռուսաստանը, մենք անդրադառնանք նրա մտքի հաջորդ «մարգարիտին». նույն Մերկելի ներկայությամբ (ի դեպ, նրա ներկայությամբ Սերժ Սարգսյանն էլ ասել էր` Հայաստանի զինտեխնիկան անչափ հին է` ութսունականների, և որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին), Ալիևը արձանագրեց, որ իրեն զենք են վաճառում ոչ միայն Ռուսաստանը, այլև Իսրայելը, Թուրքիան, Բելառուսը: Ասել է` ՀԱՊԿ-ԵԱՏՄ երկու երկրները՝ ադրբեջանական ռազմավարական գործընկերներ-զենքի մատակարարներ:
ՈՒ հիմա Ռուսաստանը ՀԱՊԿ-ի անունից գալիս է ծածկելու հայոց երկինքը, ընդ որում՝ Բորդյուժան էլ հարկ է համարում արձանագրել, որ սույն ՀՕՊ համակարգը Արցախի հետ ոչ մի առնչություն չունի:


Իհարկե, չունի, այլապես նույն ռազմավարական Ադրբեջանի թիկունքին չէին կանգնի ապրիլյան քառօրյային:
Հարց՝ այդ դեպքում ինչի՞ հետ կապ ունի Ռուսաստանը: Բարդ է պատասխանելը: Ընդ որում, անցնող տարիներին Ռուսաստանը շա՜տ գեղեցիկ հարաբերություններ սարքեց Թուրքիայի հետ, Թուրքիան ընտիր կերպով սիրիական զարգացումների ամենաթեժ պահին ոչ թե սուր, այլ ավտոմատային կրակոց «խրեց» Ռուսաստանի թիկունքը՝ կրակելով նրա ինքնաթիռի, օդաչուի վրա, ի դեպ, ոչ թե թուրքական, այլ սիրիական սահմանի վրա, որպեսզի ցուցանի Ռուսաստանին, թե որտեղ են ձմեռում ՆԱՏՕ-ական խեցգետինները Ռուսաստանի համար:
Ի շարունակություն դրա Ալիևը կանգնում է նորընտիր վարչապետ Յըլդըրըմի կողքին, թե մենք մեկ ազգ, երկու պետություն ենք Թուրքիայի հետ: Ասել է` դեռ ժամանակ չունեն, կամ չի եկել ժամանակը, որ Ադրբեջանը ևս իր սուրը խրի յուր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի թիկունքը:


ՈՒ այս պայմաններում Հայաստանը միանում է այդ ՀՕՊ համակարգին, որի 6-րդ կետն ամրագրում է` ՀՕՊ համակարգի կոորդինատորը Ռուսաստանն է: Հետաքրքիր է նաև ՀՕՊ համակարգին միանալու «ժամը», որի մասին, ճիշտ է, վաղուց էր խոսվում, սակայն այն միանգամից ԱԺ մտավ, երբ հայտնի դարձավ, որ կողմերը` Ադրբեջանն ու Հայաստանը, տվել են իրենց համաձայնությունը ԵԱՀԿ ՄԽ-ին, հետաքննական սարքերի տեղակայման առնչությամբ` ըստ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների` Մամեդյարովի հետ` «զգուշավոր լավատես», Նալբանդյանի հետ` «հիանալի հանդիպումից» հետո:


Փաստորեն, Ռուսաստանն արագ ռեժիմով փորձում է պնդացնել իր ոտնատեղը հայոց օդում` մինչև հետաքննող սարքերը կհասնեն շփման գիծ: Ասել է` տարածաշրջանային վերահսկողությունը էս գլխից իրեն վերապահելով, արբիտրի իր դերը որևէ մեկին չտալով: Քանիցս ենք արձանագրել, որ հետաքննող սարքերի առկայությունը տարածաշրջանում ազդանշանում է արևմտյան գոյություն-վերահսկողություն:
Ինչով կավարտվի այս «ասքը» Արևմուտքի և Ռուսաստանի միջև, դժվար է ասել այն պարզ պատճառով, որ քանի չեն թռել, «հոպ» ասել պետք չէ, մանավանդ` հետաքննող սարքերի տեղակայման մասով:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1641

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ