Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Հայքի զարթոնքը

Հայքի զարթոնքը
14.06.2016 | 00:10

(սույն էսսեաշարը, ավելի ստույգ` քնարական երգիծապատումը, խոհեմ սրտով և մտքով արի նվիրում եմ ՀՀ անկախ պետականության 25-րդ փառահեղ հոբելյանին)

ԶԱՐԹԻ՛Ր, ԼԱՈ...
(չմորթենք մեր բախտի Լաո աղավնուն)


Լաոն Փոքր Մհերի լեռ ուսին թիկնած աղավնին էր, ինքը՝ ճերմակ, կտուցը՝ որդան կարմիր: Մհերն անտեսեց Լաո աղավնու հորդորները, իրար խառնեց աշխարհի դավն ու հայոց ցավը և առհավետ շղթայվեց Լեռնաշխարհի ամենախոր քարայրում: Այստեղ անհրաժեշտ է մի աննշան սրբագրում կատարել. Մհերը Հայկ Նահապետի կապարճակիրն էր և Աբգար թագավորի դպիրը, նա մատռվակում էր Արտաշես Աշխարհակալին և ողբում էր Տիգրանակերտի անկումը հույն վարձկան սպաների ձեռամբ: Մհերը, իհարկե, սքանչանում էր Անի տիեզերահռչակ քաղաքի պերճաշուք վսեմությամբ և անիծում էր քաղաքը ճարակող վավաշկուն շվայտությունը: Մհերը փակվեց, Լաոյին թողնելով՝ թռչի-սավառնի Հայքի լայնք-երկայնքով և երբ պահը գա, զարթոնքի լուրը հասցնի քարայր: Եղավ հենց էսպես, և Լաո աղավնին, ահա 5 հազար և 7 հարյուր տարի (այսինքն, երբ կարվեց առաջին հորթակաշի չարուխը), Հայոց լեռնաշխարհի ավետաբերն է ու աղետագույժը:

Որքա՜ն արյուն է կաթել Լաո աղավնու որդան կարմիր կտուցից: Լաոն չէ՞ որ ներկա էր պետականակործան այն եղերերգին, երբ հայոց ինչպես աշխարհիկ, այնպես էլ հոգևոր կենտրոնախույս մտասևեռումներից ձուլված թուջե սրի թունոտ շեղբը խուժեց պետականակերտ արքա Պապի ոսկե սիրտը և գուժեց հայկական պետականության հերթական վախճանը: Հետո Կիլիկիո ոսկեգեղմ թագավորությունը իր իսկ կամքով և քմայքով չդիմակայեց ժամանակի փորձությանը, քանզի որոմը ավելի զորեղ և հեռատես էր, խլրտաց պետականակերտիչ հայ կիլիկիացիների ներաշխարհում, և համազգային միասնականության խորհրդանիշ խոյը վերստին վիժեց իր պտուղը: Դե, հասկանալի է, Մհերը գոցեց քարայրի դուռն ու պատուհանը և հեռացավ նրա ծծմբահոտ խորքը: Մի օր էլ, երբ Լեռնաշխարհի ծայր հյուսիսում տնքաց և ծնվեց կարմիր-կապույտ Հայաստանը, ու երբ երկրի խենթ-իմաստուն զավակը ծա՜նր քուն էր մտել Վլադիմիրի տաժանակրության մենախցում, Լաոն լքեց քարայրն ու թևեց-սավառնեց դեպի Մասիսի դիմահայաց լճառատ և հովտաշատ, ազատ-անկախ (թեկուզ ըստ դրոշի և օրհներգի՝ կայսրագավառ) Հյուսիսային Հայքը: Պետական տուն-տաճարի հիմքերն էին փորվում, կերտվեց Հուշակոթողը՝ մայրաքաղաք Երևանի աշխարհագրական կենտրոնում: Մեծ Հայքի պրկապտույտ միտքը ափեափ էր խփվում և ՀԽՍՀ աշխարհին մատակարարում էր գիտական ցնցուն հայտնագործություններ ու մշակութային թնդուն գլուխգործոցներ:


Լաո աղավնին լուսեղեն հավատով էր սավառնում Մեղրի քաղաքի դրախտիկ նռան այգիներից մինչև Թարթառի անհնազանդ կոհակները: Լեռնաշխարհում նորեն երկունք էր, այս անգամ նորամանուկը եռագույն էր (կիսալուսինը կաս-կարմիր կտրեց, արյուն թափեց և մահկանացուն գտավ Վանա լճում, Գեղամա ծովում, Սարսանգի ջրամբարում և, վերջապես, աերացիայի անուշահոտ խորքերում):


Լաոն, անկեղծ լինենք, մի քիչ հոգնեց. վաղո՜ւց այսքան աննահանջ չէր սավառնել Հայքն ի վեր և Հայաստանն ի վար: Անկեղծ լինենք և խոհական, մի՞թե Լաո-աղավնին չէր որոնում իր վերջնական պահակակետ-հանգրվանը: Գտա՜վ...
Լաոն թևեց և իջավ Օպերայի գագաթին:
Չմորթենք մեր բախտի Լաո աղավնուն: Չգետնե՛նք համազգային խորհրդանիշ խոյին:


1987 ԹՎԱԿԱՆ
(բնապահպանական ռապսոդիա)
Բնապահպանական շարժումը բառացիորեն շուրջկալեց մայրաքաղաքի Աբովյան-Տերյան փողոցների միջնատարածքը, ուր կես դարից ավելի գործում էր «Հայֆիլմ» կինոստուդիան, որը, ինչ խոսք, մշակութային մի զարմանալի Մեքքա էր, այստեղ հնչել էին ձայներ և ոտնահետքեր էին դրոշմվել, որ չէին եղել ու էլ երբեք չեն լինելու: Համո Բեկնազարյան, Լաերտ Վաղարշյան, Վահրամ Փափազյան, Հրաչյա Ներսիսյան, Սերգեյ Փարաջանով, Համբարձում Խաչանյան...
«Հայֆիլմը» պատմության հրամայականով ենթակա էր պահպանման: Հայաստանի խորհրդային ղեկավարությունը, սակայն, գործում էր դավի բանադրանքով: «Հայֆիլմը» ջնջվեց Երևանի հուշաքարտեզից: Այստեղ պատրաստվում էին կառուցելու երկու բաբելոնածին դղյակներ՝ Ստանիսլավսկու անվան թատրոնի նոր շենքն ու Լենինի թանգարանը:

Հավանաբար, գերզավեշտալի ինչ-որ պատմություն կար այս ամենի թիկունքում, որը և հորդացել էր ահա նման պղտոր հեղեղով: Չէ՞ որ Ստանիսլավսկու թատրոնը բարեշեն և նշանավոր, յուր պալատանման շենքով, դիրքավորված էր Երևանի սրտում, ի՞նչն էր ստիպում մի շենք էլ կերտել: Իսկ Լենինի թանգարա՞նը: Օտյանը ելներ շիրմից և մի քանի հրաբխային տող գրեր ՀԽՍՀ կառավարիչների մասին: Ինքս փորձեմ և հուշեմ հիշելին, վերոնշյալ քաղաքաշինական սխրանքի թիկունքից պարզորոշ ուրվագծվում էր Խորհրդային Հայաստանի ղեկակալների փորձված տնտեսաքաղաքական դավը՝ ցանկալի գումարը Մոսկվայից «բերման ենթարկել» և երկրաշինական մի հզոր կառույց ծնելով` խորհրդային ծագմամբ գումարի գոնե կեսը... գրպանել: Այսպես եղավ ի մասնավորի Ծիծեռնակաբերդի հուշաբլրի վրա կառուցված Մարզահամերգային համալիրի կառուցման պարագայում: Սակայն եթե վերոնշյալ համալիրի կառուցումը ուներ ինչ-ինչ դրական կողմեր, ապա Լենինի թանգարանի կառուցման հայտը քաղաքակրթական եղեռնագործություն էր: ՈՒլյանովն ի՞նչ է, Երևանում ընդհատակյա տպարա՞ն էր ղեկավարել, կամ էլ գուցե խիստ գաղտնի կերպով սնել և զինել էր դեպի էրգիր քայլող հայ կամավորական գնդե՞րը. Լենինի անունը պարզապես գերգրգռուն խայծ էր... Կրեմլը 180 մլն ռուբլի էր պատրաստ տրամադրելու Երևանին...

1987-ի փետրվարին երկրի բնապահպանական հարցերով խիստ մտահոգ մտավորական կոհորտան շրջափակեց կռվախնձոր տարածքը: Բնապահպանները քաղաքակրթական խնդիր էին լուծում՝ արգելել վերոնշյալ շենքերի կառուցումը, վերակառուցել և պահպանել առկա հնաոճ շենքերը, հնարավորություն ընձեռելով տեղի հնաբնակներին ապրելու հարազատ միջավայրում: Թերևս հիշենք նրանցից ոմանց, ովքեր մեջքները շտկեցին կայսրության ծայրագավառ երկրում, հանուն այդ երկրի արժանապատիվ ապագայի. Սամվել Շահմուրադյան, Կարեն Սմբատյան, Հակոբ Սանասարյան, Խաչիկ Ստամբոլցյան, Ռաֆայել Համբարձումյան, Ռոբերտ Դաշտոյան...

1987-ի փետրվարին հետնախորշ էր մղվել Իսահակյանի դարակազմիկ տագնապը՝ առ հայոց ոգու սով: Լենինի թանգարանը դարձավ դառը հուշ, հայոց կոմունիստական վերնախավի նվիրական ապազգայնության աներևույթ մի ատրուշան:

1988 ԹՎԱԿԱՆ
(զարթոնքի պորտալարը)
Թատերական հրապարակում վերստին մարգարեանում էր Րաֆֆին:
«Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»: Հրաշունչ Եղիշեի հոգեհեղեղուն այս պատգամը վավերագիր էր և համազարկ:
Ժողովուրդը ազգ էր դառնում, ազգը` հանրություն, նա էլ՝ աշխարհազոր: Չարենցի պատգամ-հրովարտակը բռնկվել էր հայության ենթագիտակցության մեջ և թելադրում էր վարք և գործողություն:
1988-ի խորհուրդը մինչ օրս, համոզված եմ, կարծես չի գիտակցվել իր խորքային ողջ ցնծությամբ: Սա Ավարայր չէր, ոչ էլ Սարդարապատ: Այս խնդրի վրա պետք է կենտրոնանա մեր քաղաքակրթական (ո՛չ քաղաքական) միտքը: Ժողովուրդը առաջին անգամ հավաքական հզոր միավոր դարձավ առանց արտաքին կործանարար վտանգի, ո՛չ պարսկական զորաբանակն էր հարբած փղերով ներխուժել Արարատյան հովիտներ, ո՛չ էլ թուրքական յաթաղանն էր կախվել Էջմիածնի Մայր տաճարի զանգակատան գլխին:
Ահազանգեր չէին հնչում, արժանապատիվ ապագայի ժամկոչներն էին շրջում փողոցից փողոց, տնից տուն, և ձուլվում էր աշխարհազորը՝ հանուն Արցախի վերադարձի: Աշխարհը տեսավ, աշխարհը մնաց ափն ի բերան: Հետո հիացավ աշխարհը, Արարատի հայացքի ներքո հիմնավորվում էր հայկական հինավուրց գոյիմաստը` հայն արարիչ է, Հայքը՝ մշակութաբանական զարմանահրաշ մի կղզի, որը հաճախ է վերածվել թերակղզու, բայց, միևնույն է, կղզում երկնակոհակ մի լճակ կա, ուր խայտում է ձուկը իշխան և ճախրում են լճի վրա թռչունների երամները՝ տատրակներն ու որորները:


Աշխարհն այդպես էլ մնաց ափն ի բերան. մեկ միլիոն մարդ էր դուրս եկել փողոց և հրապարակ: Սակայն ոչ մի բերանից թուքը չկաթեց ասֆալտի վրա, չջարդվեց ոչ մի պատուհան և այլն, և այսպես շարունակ: ՈՒս ուսի և միտք մտքի քայլում էր աշխարհազորը: Կումայրի-Գյումրի-Ալեքսանդրապոլ-Լենինական պատմականորեն պատվարժան քաղաքից աշխարհազորը քայլերթով հասավ Թատերական հրապարակ: Չարենցավան տակավին պատանի քաղաքը գործադուլային առաջամարտիկ էր, գործադուլավորները աշխարհազորի աջթևայիններն էին և ազգային զարթոնքի էպիկենտրոնն էին հասնում թափքազուրկ բեռնատարներով:


Աշխարհի լպրծուն ափը սոսնձվել էր բազմագիտակ բերանին: Հայոց հանցագործ աշխարհն էր միացել համազգային զորահավաքին: Տեսնվա՞ծ բան էր, որ կողոպտիչը կողոպտյալի հետ ուս ուսի ազատագրական մարտի ելնի, նրա հետ քաղցի և դրոշը ծածանի... Օրերը երանելի էին, հայընկեր էին տնօրենն ու պահակը, նախարարն ու նախրապանը, մանուկն ու ծերը, երդվյալ կաշառասունն ու ծնյալ օրհնաբանվածը: Բոլորը, ազգը, ժողովուրդն ու հանրությունը: Հայկական աշխարհազորը:

Կայսրապետությունը, անշուշտ, բավականին քինոտ հիշողություն ուներ: Նա չէր մոռացել ո՛չ 1965-ի ազգային-ազատագրական ընդվզումը, ոչ էլ հայկական հավկուրային-անձնուրաց հավատարմությունը ռուսական գահին և խորհրդային մուրճ-մանգաղին: Կայսրապետությունում արևմտյան սամումներն էին փշրում ավանդական պատնեշները՝ հրովարտակային առաքյալ-խեղկատակ Միխայիլ Սերգեևիչ Գորբաչովի լեզվադավությամբ:
Խաղաղարար ցույցերին արձագանքեց Կրեմլի դավոտ քաղաքական զրահամեքենան, կենաց անարատությամբ փայլատակող մայրաքաղաքային փողոցներում տանկերն էին օրապահը, պատժիչ զորքերն էին խաղաղապահը: Քինոտ հիշողությունը նաև կարճափեշ էր և աշխարհագրությունից կաղում էր զույգ աչքերով ու երկու ոտքով: Եվ երբ խորհրդային երես ու թուրքախորհրդային դարձերես ունեցող ցեղասպանդը կյանքի կոչվեց Սումգայիթում, հետո Բաքվում, Կրեմլը զորքն ուղարկեց փրկելու հայերին՝ Երևանում, այո՜, քինոտ և դավոտ էր հակահայկական մղձավանջը: Արվում էր հնարավորը, հորինվում էր անհնարը խորհրդահայությանը խորհրդային կայսրության դեմ հանդիման դուրս բերելու նպատակով: Ա՜յ թե կշահեր յաթաղանի գործը ստանձնած մանգաղը, եթե կուլ տայինք թունոտ ազերբայջանախորհրդային խայծը:

Բայց չէ՞ որ չկար, առհասարակ, խորհրդահայություն, զարթնել էր հայը՝ արիացին, հեթանոսը, քրիստոնյան... որն ընդամենը խորհրդահայ էր՝ անձնագրով:

Կայսրապետության բիրտ սադրանքին ի պատասխան բույնը լքեց ու սավառնեց կարմրակտուց մի արագիլ, թևը՝ ճերմակ, ինքն էլ՝ լուսաչք: Արագիլը կարմրակտուց հայոց հոգու ծաղրանկար արձագանքն էր, զրահատանկերի վրա հայոց տիկնայք դեռափթիթ պսակներ էին դնում, ոտից գլուխ զրահապատ զինվորներին ճերմակ, դեղին, կարմիր վարդեր էին ընծայում: Եվ չէր եղել նման մի բան եվրոպական Արևելքում, ո՛չ «Պրահայի գարնան» ծաղկազարդ օրերին, ո՛չ լեհական «Սոլիդարնոստի» պրկման կիզակետում, ո՛չ էլ հունգարական անհնազանդության խառնարանում: Աշխարհազորը կայսրության զինվորներին հյուրընկալեց աղ ու հացով, ասել է՝ քրիստոնեական առաքինությամբ: Համազգային միասնականությունը ազնվական թթխմորով թխված թոնրահացն էր, ոչ ավելի, ոչ էլ պակաս: Կարմրակեղև թոնրահացն էր՝ ի մատուցում աշխարհի: Աշխարհը կերավ հացը կարմրակեղև և կարկամեց. գաթա՞ էր դա: Գործադուլներ, հացադուլներ, շեփորականչ և եռագույն ծածանումներ: Սա էր Հայքի հյուսիսում ծավալվող- թափ հավաքող զարթոնք-շարժման միջուկային էներգակիր խորիզը:


Մհերը դուրս էր եկել քարայրի խորքից և Մշո դաշտում բխող կենսալիցք ջրերի տակ մաքրում էր մարմինը պատած ծծումբն ու քոսը:
Մհերը գոցում էր քարայրի ապառաժ ու անհիշատակ դուռը և Լաո-աղավնին ուսին Էրգրից դեպի հյուսիս էր քայլում, դեպի Երկիր, որտեղ գարին ընկույզի չափ էր և ծիրանի փողից եղեգնաշաքար մեղեդի էր հնչում:


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1881

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ