Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Աթեշյանն առաջին գծում պարտության մատնվեց, երբ պարտվելու տեղ էլ չունեինք»

«Աթեշյանն առաջին գծում պարտության մատնվեց, երբ պարտվելու տեղ էլ չունեինք»
14.06.2016 | 00:22

Հասարակական-քաղաքական գործիչ ԽԱՉԻԿ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԻ բնորոշմամբ` Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծի ընդունումից հետո Պոլսո հայոց կաթողիկոսության ընդհանուր փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի նամակը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին աննախադեպ ու արգահատելի արարք է:

-Եկեղեցին կուռ կառույց է, կաթողիկոսի ասածը գերագույն հրամանատարի մակարդակի է: Եթե հայոց կաթողիկոսն ինքն իր պատկառելի խոսքն է ասել Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծի ընդունման մասին, ապա Աթեշյանն իրավունք չուներ դրան հակառակ խոսելու,- փաստեց պարոն Ստամբոլցյանը:- Սա արդեն եկեղեցու կանոնակարգից է բխում: Շատերն ասում են` Թուրքիայում բռնատիրություն է: Ես հակառակություն չունեմ, գիտեմ` այնտեղ ինչ քաղաքական իրավիճակ է, ինչ է սպառնում այլազգիներին, բայց, միևնույն է, Աթեշյանը քրիստոնյա է: Առաջինը` որպես քրիստոնյա, երկրորդը` որպես եպիսկոպոս, նա իրավունք չուներ մեղանչելու ազգի ու ճշմարտության դեմ: Քրիստոնյաները սրբանում են, երբ ճշմարտության համար պայքարում են մինչև իսկ գլխատվելու մակարդակի: Սա քրիստոնյայի վարքագիծ չէ: Նախ՝ խոսքը մի դեպքի մասին է, որ տեղի է ունեցել Գերմանիայում: Բունդեսթագը որոշում է կայացրել Թուրքիայի դեմ: Դու ո՞վ ես, ով Աթեշյան, որ մտնում ես երկու խոշոր երկրների ղեկավարների միջև, ու, իբր ժողովրդի անունից, ներողություն խնդրում, մխիթարում Էրդողանին: Այսօր կան թուրք մտավորականներ, որ ցեղասպանության ժխտմանը դեմ են արտահայտվում, հալածվում, ձերբակալվում, վտարվում, բայց չեն փոխում իրենց գաղափարները: Աթեշյանի արարքը նման էր նրան, որ չորսօրյա պատերազմի ժամանակ մեր զինվորներն առաջին գիծը լքեին-փախչեին: Եթե փախչեին, ողջ կմնային: Բայց կանգնեցին ու նահատակվեցին հանուն ազգի: Աթեշյանն առաջին գծում պարտության մատնվեց, երբ պարտվելու տեղ էլ չունեինք: Նա կարող էր պարզապես ձայն չհանել, դա իրեն չվերաբերող հարց էր:
-Անհի՞մն եք համարում այն պնդումները, թե Աթեշյանն այդ քայլն արել է հայերին պաշտպանելու նպատակով: Նման իրավիճակներում Էրդողանը որպես կանոն սպառնում է իր երկրում անլեգալ հաստատված հայերին:
-Մենք չենք կարող մի քանի մարդկանց շահը գերադասել ազգային շահից, ովքեր գնացել են Թուրքիա` արտագնա աշխատանքի: Ես համաձայն կլինեի, որ բոլորին դուրս հանեին: 15 թվին հայերը մուրացիկի վիճակում սփռվեցին աշխարհով մեկ, բայց նրանցից ոչ մեկը մարմնավաճառ չդարձավ: Ծանր աշխատանքով ապահովեցին իրենց կյանքը, դարձան նշանավոր մարդիկ: Իսկ Թուրքիա մեկնած հայերի մեծ մասը մարմնավաճառությամբ է զբաղվել: Ավելի լավ, թող վռնդեն այդ երկրից:
-Ի՞նչ ուժ ունի Աթեշյանի նամակը:
-Այսօր տեղի է ունեցել աննախադեպ պրոցես: Աշխարհի տարբեր երկրներն ընդունել են Հայոց ցեղասպանությունն իբրև փաստ, բայց այս ամենը այնքան արժեք չունի, որքան Գերմանիայի Բունդեսթագի ընդունած բանաձևը: Որովհետև Գերմանիան ոչ միայն հայտարարեց, որ ցեղասպանություն եղել է, այլև ասաց, որ մաս է կազմել ցեղասպանության և ներողություն խնդրեց: Այս ամենից հետո որևէ արժեք չունի Աթեշյանի հայտարարությունը:
- Փոխանորդի նամակը, մեծ հաշվով, ցեղասպանության ժխտում էր:
-Այո, իհարկե, ցեղասպանության ժխտում էր: Եպիսկոպոսը հրեշտակային դասի պատկանող պաշտոն է: Իսկ նա քրիստոնյա չէ առհասարակ: Քրիստոնյան իրավունք չունի կեղծելու, ստելու:
Մենք օրինակ ունենք: Շնորհ արքեպիսկոպոս Գալուստյանը շատ հարցերում որոշակի զիջումների գնում էր տեղի հայերին փրկելու համար, բայց ազգի, եկեղեցու, ցեղասպանության դեմ հայտարարություններ չէր անում: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը Թուրքիայի Սահմանադրական դատարանում հայց է ներկայացրել` Կիլիկիայի պատմական հայկական թագավորության տարածքում գտնվող Սիսի նստավայրը և կալվածքները վերադարձնելու պահանջով: Հիմա ի՞նչ, Աթեշյանը պետք է ասի` չի՞ կարելի վերցնել:
Մի դեպք պատմեմ. հայ ու թուրք իշխանները շարունակ վիճում են, թե ով է ավելի բարոյական` թո՞ւրքը, թե՞ հայը: Այդ վեճի ժամանակ վճռում են մուսուլմանական մզկիթի մոտ գույք դնել և ասել հայերինն է, տեսնեն, դուրս գալիս կտանե՞ն: Թուրքերը դուրս են գալիս մզկիթից, իմանում են, որ հայերինն է, սկսում են թալանել: Թուրք իշխանը որոշում է ավելի գայթակղիչ մի փորձ անել. ոսկե սանձով նժույգ է կանգնեցնում եկեղեցու դռան մոտ ու քահանային պատվիրում է քարոզի ժամանակ ասել, որ այդ ձին մուսուլմանի է, ով ուզում է, թող տանի: Մարդիկ եկեղեցուց դուրս գալիս թքում են ձիու վրա, սարկավագը նստում է ձիու վրա ու գնում: Հայ իշխանը սարկավագի մահացած ծնողների գերեզմանի մոտ պատարագ է անում ու այնքան է խնդրում, որ Աստված բացում է գերեզմանի դուռը: Սարկավագի մորը հարցնում է` մեր սարկավագը որտեղի՞ց է: Այս կինն ասում է, որ երեխա չեն ունեցել, մի օր թուրքական յայլայում գցած երեխա է տեսել, վերցրել են, պահել: Այսպիսին է նրանց ցեղը: Քրիստոնյա են դարձրել, բայց էլի չի փոխել իր էությունը: Եվ եթե այսպես նայեմ, կարող եմ մտածել` Աթեշյանի մեջ հայի արյուն կա՞, թե՞ չէ:
-Դինքի սպանությունից հետո հայ համայնքը և տեղի մտավորականները ոտքի կանգնեցին: «Ես հայ եմ, Հրանտ Դինք եմ» վանկարկող հանրությունը որևէ կերպ դեմ դուրս չի՞ գալու փոխանորդի դեմ:
-Դրա համար առաջնորդ է պետք:
-Կարո Փայլանը կա Թուրքիայում:
-Կարո Փայլանի վիճակը փայլուն չէ, օրակարգում դրված է նրան անձեռնմխելիությունից զրկելու հարցը: Տեղի հայերը դրական չեն տրամադրված Աթեշյանի նկատմամբ: Եթե առաջնորդ լինի, հետևորդներ կլինեն:
-Աթեշյանը կարո՞ղ է ավելի հեռուն գնալ իր որդեգրած քաղաքականությամբ և վնասել տեղի հայերին:
-Չի կարող վնասել, բայց խայտառակ հայտարարություններով կարող է հոգս պատճառել: Նրա արարքը ազգադավ էր, հակաքրիստոնեական և հակամարդկային: Սրանից վեր, ավելի գարշելի բան էլ ի՞նչ պիտի լինի, չգիտեմ:


Զրուցեց
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 1647

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ