Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Գեներալների գլուխկոտրուկը

Գեներալների գլուխկոտրուկը
14.06.2016 | 00:46

«Անցած ճեպազրույցում հարց հնչեց Գարեգին Նժդեհին արձան կանգնեցնելու և մեր վերաբերմունքի մասին, ու ես խոստացա արձագանքել: Բոլորը հիանալի գիտեն մեր վերաբերմունքը Հայրենական մեծ պատերազմին, նաև՝ նացիզմի, նեոնացիզմի ու էքստրեմիզմի ցանկացած դրսևորմանը, դրանց ինչ-որ ձևի վերածննդի, հերոսականացմանը: Մեր վերաբերմունքն արձանագրված է միջազգային փաստաթղթերում: Մեզ համար հասկանալի չէ՝ ինչու է նշված արձանը դրվել, քանի որ մենք գիտենք հայ ժողովրդի անմահ սխրանքի մասին Մեծ հայրենականի, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Իհարկե, մեզ համար Հայրենական մեծ պատերազմի մասին պատմական ճշմարտության պահպանման հարցում Երևանի պաշտոնական դիրքորոշման հիմնական ցուցիչը վերաբերմունքն է Մայիսի 9-ի տոնին՝ մեր բոլորի ընդհանուր հաղթանակի օրվան: Հայաստանը նաև համահեղինակների թվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ավանդական բանաձևի՝ «Պայքար նացիզմի, նեոնացիզմի և պրակտիկ այլ տեսակների հերոսացման դեմ, որ նպաստում են ռասիզմի, ռասայական դիսկրիմինացիայի քսենոֆոբիայի և դրանց հետ կապված անհանդուրժողականության ժամանակակից ձևերի էսկալացիային»: Բացի այդ՝ Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանում այդ բանաձևի ընդունման ժամանակ հենց Հայաստանի պատվիրակությունն է հնչեցրել ՀԱՊԿ անդամ պետությունների համատեղ հայտարարությունը՝ հաջակցություն այդ կարևոր նախաձեռնության: Մենք ելնում ենք նրանից, որ հենց սա է Երևանի ու հայ ժողովրդի պաշտոնական տեսակետը: Ինչպես նախկինում, առանց ինչ-որ քաղաքական կոնյունկտուրայի հետ կապելու, մենք պարբերաբար գնահատական ենք տալու երևույթներին, որոնք անհամատեղելի են Հայրենական մեծ պատերազմի հերոսների հիշատակի հետ: Կան բաներ, որ պետք է մնան անսասան՝ սա մեր հիմնարար վերաբերմունքն է», ըստ ՌԴ ԱԳՆ կայքի՝ հունիսի 10-ին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Ընդունեք, որ դիվանագիտորեն անթերի կառուցված՝ միջազգային հարթակներում ընդունված տեսակետներով պաշտպանված տեքստ է, որ մենք սկսեցինք ակտիվ հակադարձել: Հարցերը ծագում են ոչ թե տեքստից, այլ տեքստի կիրառումից: Ինչո՞վ է Գարեգին Նժդեհը կապվում նացիզմի, նեոնացիզմի և պրակտիկ այլ տեսակների հերոսացման հետ, որից Մարիա Զախարովան ուզում է պաշտպանված լինել ու մեզ պաշտպանել՝ հայտարարելով, որ պարբերաբար գնահատական է տալու այդ երևույթներին:


Ազգային ամեն ինչ՝ որ ազգին էլ պատկանի, Ռուսաստանի իշխանության գնահատականով վտանգ է: Այդպես եղել է միշտ, դա ժամանակակից Ռուսաստանի ձեռքբերումը չէ: «Ազգայինը» պաշտպանելու իրենց ձևն է, որ ստիպել է սեփական մեծերին հալածել, ձերբակալել, արտաքսել, սպանել: Օսիպ Մանդելշտամին սպանեցին: Վլադիմիր Մայակովսկի, Սերգեյ Եսենին, Մարինա Ցվետաևա, Ալեքսանդր Ֆադեև՝ ինքնասպաններ, որ մինչև այսօր էլ վիճում են՝ սպանվե՞լ են, թե՞ ինքնասպանության են հասցվել: Տասնամյակներով լռության դատապարտված Աննա Ախմատովա, Միխայիլ Զոշչենկո, Միխայիլ Բուլգակով: «Դոկտոր Ժիվագոյի» համար Նոբելյան մրցանակ ստացած Բորիս Պաստեռնակին պարտադրեցին հրաժարվել մրցանակից: Արդեն Ստալինից հետո քաղաքացիությունից զրկեցին Ալեքսանդր Սոլժենիցինին, Իոսիֆ Բրոդսկուն, Մստիսլավ Ռոստրոպովիչին ու Գալինա Վիշնևսկայային: Կյանքի մեծ մասը որտե՞ղ անցկացրեց Անդրեյ Սախարովը ու ի՞նչ գնահատական ստացավ Գորբաչովի վերակառուցման օրերին, բոլորիս աչքի առաջ է եղել: Նրանցից յուրաքանչյուրին բնորոշ է ազգային ինքնագիտակցությունը (թեպետ մեկ-երկուսն են ռուս), որ նրանց դարձրել է վտանգավոր իշխանության համար: Որովհետև իրենց գոյությամբ այլախոհության խորհրդանիշ էին, մի այլ իրականության, որտեղ կենսակերպ էր տարակարծությունը: Որտեղ չկար «Ինձ հետ չես, իմ թշնամին ես» խրամատը: Սա մտածողություն է, որ հատուկ է բոլոր ինքնակալական պետություններին, որտեղ իշխանությունն իր պարտքն է համարում տնօրինել հպատակների կյանքը, հնարավորության դեպքում՝ այլ պետությունների ևս:

2000-ին հրաժարական տված Բորիս Ելցինի հետ 20-րդ դարավերջին Ռուսաստանից հեռացավ մի կարճ ժամանակով երկիր մտած ժողովրդավարությունը: Ռուսաստանը 21-րդ դար մտավ Ռոմանովյան 300-ամյա կայսրության վերականգնման նպատակով, կայսրություն, որ կորցրեց 1917-ին՝ 1918-ի հուլիսի 17-ին Իպատևի տանը գնդակահարելով վերջին ցարին՝ իր ընտանիքով, ու անգամ բժշկին: Մինչ օրս որևէ ռուս պետական պաշտոնյա ներողություն չի խնդրել ո՛չ Ռոմանովներից, ո՛չ ռուս ժողովրդից, մտքով էլ չի անցել: Հիմա մենք ի՞նչ ենք սպասում ռուսներից: Որ մեզ հասկանա՞ն: Մեր պատմությո՞ւնը: Օրինակ, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դատապարտում էր ցեղասպանությունը և 100-րդ տարելիցի օրերին Երևանում էր, նա կարո՞ղ է չհասկանալ Գարեգին Նժդեհին, որ Առաջին համաշխարհային պատերազմի օրերին ռուսական բանակի սպա էր ու կռվում էր թուրքերի դեմ: Մեր սխալը դա է՝ երբ մեզ մեղադրում են, մենք սկսում ենք բացատրել ու պաշտպանել մեզ ու մեր արժեքները: Գուցե բնազդաբար: Գուցե ապավինելով տրամաբանությանը: Գուցե հանուն արդարությունը վերականգնելու: Չենք ուզում հասկանալ, որ մեզ չեն հասկանում, որովհետև չեն ուզում, մեղադրում են ոչ թե մեր մեղավոր լինելու պատճառով, այլ իրենց այդպես է պետք ու անիմաստ է թե՛ արդարանալը, թե՛ բացատրելը: Քաղաքականությունը գործառնում է մեկ սկզբունքով՝ շահեր, շահեր ու նորից շահեր: Չկան հավիտենական շահեր, կա օրվա, ընթացիկ, գերակա շահ, որին զոհաբերվում են թե յուրայինները, թե օտարները: Գարեգին Նժդեհի արձանը, անձը, կենսագրությունը, պատմությունը պատրվակ են, միջոց, տարբերակ՝ արտահայտելու օրվա քաղաքական շահը, որ պահանջում է Հայաստանին պարտադրել որոշակի հարցերի որոշակի լուծումներ: Նույն ինքը՝ ԱԳՆ մամլո խոսնակ Մարիա Զախարովան, միջոց է այդ շահը փոխանցելու: Նա նոր ոչինչ չի ասել, Նժդեհի արձանի բացման հաջորդ օրը իշխանության հովանին ու ֆինանսավորումն ունեցող փորձագետներն աղմուկ բարձրացրին, որ փաստին Մոսկվան անհապաղ պիտի արձագանքի դիվանագիտական ուղիներով: Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Սերգեյ Մարկովն արձանի բացումն անվանեց «հրեշավոր»: Միանգամից հասկացավ, որ «Գարեգին Նժդեհի հուշարձանի բացումը վկայում է հայ հասարակությունում որոշ հզոր ուժերի առկայության մասին, որոնք ուղղված են Ռուսաստանի դեմ, քանի որ Ռուսաստանը գերմանական նացիզմի գլխավոր հաղթողն է։ Կոլաբորացիոնիստական զորքերի ստեղծումը, որոնք ծառայել են ֆաշիստական Գերմանիային, հրեշավոր հանցագործություն է: Երևանի նման արարքը դուրս է գալիս բոլոր ընդունելի ձևաչափերից։ Դա պետք է պահանջի Ռուսաստանի վճռական արձագանքը՝ նացիստական կոլաբորացիոնիստների հերոսացումը դադարեցնելու պահանջով»:

Ի՞նչ ասես Մարկովին ու մարկովանմաններին, բացատրես, որ ինքը սխա՞լ է, բայց նա կատարում է պետական պատվեր, և ուզում ես Հերոդոտոս եղիր, ուզում ես Ցիցերոն եղիր, ուզում ես Թալեյրան, նա ասելու է՝ ինչ ասելու է: Որևէ բացատրություն բախվելու է ապակե, անթափանց պատի ու հարուցելու է նորանոր «հրեշավոր» գնահատականներ: Ռուսական կացնային քարոզչության խորհրդային ժամանակներում ծեփված կարծրատիպերը՝ համագործակցություն նացիզմի, նեոնացիզմի, էքստրեմիզմի, քսենոֆոբիայի, կոլաբորացիոնիզմի և այլնի, և այլնի հետ, Ռուսաստանի վճռական ու պատժիչ արձագանքի պահանջ, քարկտիկներ են, որոնց պետք է թողնել իրենց տեղում: Նման դեպքերում տալիս են ասիմետրիկ պատասխան՝ սեպը սեպով են հանում:


Նկատեցի՞ք, որ հանգուցյալ գեներալին քարկոծելուն զուգահեռ ռուսները գործողության մեջ դրեցին մեկ այլ գեներալի՝ Երևան գործուղելով Սամվել Բաբայանին՝ հստակ նպատակ-ծրագրով: Երևանում իր հարցազրույցներով նա փորձում էր լուծել համաժողովրդական ահաբեկման հարցը՝ բոլոր կողմերից խփելու են, այս անգամ՝ Երևանին, ոչ մի կողմից պաշտպանված չենք, բանակը տեսաք ինչ վիճակում է, միակ ապավենը Ռուսաստանն է՝ սա էր նրա ռազմական գիտելիքների ցուցադրության, բանակի համար սրտացավության ու ժողովրդի կողքին լինելու խոստումների քվինտէսենցիան: Որևէ մեկը լսե՞լ է, որ Սամվել Բաբայանը խոսի քառօրյա պատերազմի ընթացքում ¥որ նա, ինչպես ռուսները, պատերազմ չեն համարում, այլ՝ ագրեսիա¤ կորցրած տարածքների հետբերման մասին կամ բանակցության սկզբունքների: Ոչ, նրա խնդիրը Երևանում ու Ստեփանակերտում սադրանք սարքելն էր, և նա եկել էր «անձեռնմխելիության» հավաստագրով, այդ պատճառով էլ ծեծ կերավ ոչ թե ինքը, այլ Հայկ Խանումյանը: Եվ Մարկովի հայտարարությունից հետո՝ Մարիա Զախարովայի Նժդեհի թեմային անդրադառնալը պատասխանն էր գիրուկ գեներալի ձախողումի:

Ակնհայտ սուտ է, որ Սամվել Բաբայանի համար անակնկալ էր իրեն պաշտպանության նախարար առաջադրելը, այն էլ փողոցում՝ ցուցարարների միջոցով, որ ինքը ոչինչ չգիտեր ու չի ուզում նախարար լինել: Լավ էլ գիտեր, լավ էլ ուզում է: Նրան ոչինչ չէր խանգարում Ստեփանակերտում ազատամարտի զոհերի հուշարձանին ծաղիկներ դնելուց հետո իրեն դիմավորողներին (եթե եկել էին ձրի, անշահախնդիր, սոսկ իրեն տեսնելու) ասել՝ շնորհակալ եմ, գնացեք տուն, ես չեմ եկել իշխանափոխության: Ես տուն եմ եկել: Ո՞վ էր Հայկ Խանումյանը, որ հենց այնպես հայտարարեր՝ եթե Սամվել Բաբայանը պաշտպանության նախարար չդառնա, իշխանությունը պիտի փոխվի: Նման «ղալաթները» մենակ չեն անում, բայց նրա արածը «ղալաթ» որակած գեներալը պարզապես «գցեց» իր «զինվորիկին», այն էլ՝ ծեծ ուտելուց հետո: Ներքին պառակտումը ամենակարևոր խնդիրն է, որ պետք է լուծել՝ Հայաստանին լուծում պարտադրելուց առաջ: Սա ներքին ագրեսիայի այբուբենն է, երբ արտաքինը նպատակին չհասավ, սա ներքին պատերազմ է՝ իբրև արտաքինի պարտության հետևանք:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Գարեգին Նժդեհն անգամ իր արձանով ուսուցանում է ինչպես անկախ ու արժանապատիվ լինել, մենք չենք սովորում: Չենք սովորում արդեն ոչ թե քաղաքական բթության ախտորոշումով, այլ մարազմատիկի համառությամբ: Մեզ անընդհատ շեղում են բուն խնդրից, հասարակական միասնության և ուժի առանցքից, շարունակաբար պառակտումի խայծեր են նետում, մենք հաճույքով տրվում ենք հայրենասիրության դրսևորման պատրանքին ու խաղում օտարի խաղը:


Անցյալ տարի Ժիրայր Սէֆիլյանը հայտարարում էր «100-ամյակն առանց ռեժիմի» ու ապրիլի 24-ն էր ընտրել պայքարի օր, մեկ տարի հետո ռեժիմը տեղում է, ու նա հիմա էլ մտադիր է ձևավորել երկրի ռազմաքաղաքական ղեկավարումն իրականացնելու ունակ «Ազգային դիմադրության կոմիտե»՝ «Ձևավորվող կոմիտեի առաջնահերթ խնդիրը պիտի լինի օր առաջ վստահելի կառավարության ձևավորումը: ՈՒնենք դավաճան քաղաքական ղեկավարություն, օր առաջ պետք է այլընտրանք ձևավորենք և երկիրը կառավարելու գործառույթը ժողովրդի և բանակի օգնությամբ վերցնենք մեր ձեռքը»: Ժողովուրդը դեռ ոչինչ, պատկերացնո՞ւմ եք բանակի օգնությամբ «դավաճան քաղաքական ղեկավարությունը» հեռացնելը: Այն էլ՝ տարածքային զիջումները կանխելու համար, այսինքն՝ ներքին պատերազմ ենք սկսում արտաքինում հաղթելու համար: Եվ իր պայքարում Ժիրայր Սէֆիլյանը, որ ինքն էլ չգիտի՝ ինչ ճանապարհով է իր բարձրացրած խնդիրները լուծելու, պատրաստվում է համագործակցել Սամվել Բաբայանի հետ: Սա էլ ձեզ գիրուկ գեներալի երրորդ արարը՝ արդեն Երևանում, որ կավարտվի էլի ինչ-որ մեկի ծեծ ուտելով, բայց ոչ Սամվել Բաբայանի: Իսկ Սէֆիլյանին մեծ հիասթափություն է սպասում, եթե նա միասին ուզում է վերադարձնել ապրիլյան օրերին կորցրած տարածքները, դա Սամվել Բաբայանի օրակարգում չկա: Նրա օրակարգում միայն իշխանափոխություն է, որ վերադառնա Ռոբերտ Քոչարյանն ու վերադարձնի իրեն և այն օրերը, երբ Սյամոյի առաջ խաղ չկար:

Դիտվել է՝ 1665

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ