Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Գիտատեխնիկական մի նորույթի ներդրման ոդիսականը

Գիտատեխնիկական մի նորույթի ներդրման ոդիսականը
14.06.2016 | 11:40

Ես Ստյոպա Խոյեցյանն եմ՝ գյուղատնտեսության մեքենայացման գիտահետազոտական ինստիտուտի փոխտնօրենը: Ինստիտուտը միութենական նշանակության էր և զբաղվում էր լեռնային գյուղատնտեսության մեքենայացման խնդիրներով: Այդ տարիներին մեր առջև խնդիր դրվեց ստեղծել այնպիսի տեխնոլոգիաներ, մեքենասարքավորումներ, որոնք կապահովեին անասնապահության մրցունակությունը:


Նշեմ՝ եթե ունես մրցունակ, այսինքն` համեմատաբար որակով և էժան արտադրանք, ապա ներքին և արտաքին շուկաները քոնն են, կունենաս մեծ շահույթ, կապրես բարեկեցիկ:
Իրավիճակը կարգավորելու համար միութենական կառավարությունը տարիներ անց որոշեց Ռուսաստանի և Հայաստանի գործարաններում արտադրել 20000 օրինակով հայ գիտնականների ստեղծած մեքենասարքավորումները, որոնց օգտագործումը միայն Հայաստանին տարեկան բերելու էր 100-150 միլիոն դոլարի եկամուտ՝ լուծելով մրցունակ կաթնամսամթերք արտադրելու խնդիրը:


Այդ խնդիրը լուծվեց.
ա) արոտներում բարձրորակ, բազմապատիկ մեծաքանակ, էժան խոտ աճեցնելու համար համապատասխան տեխնոլոգիա և մեքենա ստեղծելով,
բ) շինարարական առումով 30 %-ով էժան անասնաշենքեր ստեղծելով և կաթի ու մսի արտադրությունը ավտոմատացման հեռանկարով համալիր մեքենայացնելով,
գ) օրգանական թափոնները` գոմաղբը, թռչնաղբը, վարակազերծելով, դրանք բարձրարժեք պարարտանյութի վերածելով:


Բոլոր այս նորույթները պաշտպանվեցին հեղինակային իրավունքներով, անցան արտադրական, պետական փորձարկումների փուլերը՝ ձեռք բերելով զանգվածային արտադրության և ներդրման իրավունք:
Անկախության տարիներին մեր մշակումները անտեսվեցին, ինչը տնտեսական մեծ վնաս հասցրեց և շարունակում է հասցնել հատկապես արոտներին, որտեղից ստացվում էր էժան և որակյալ կաթի, մսի և բրդի 70 %-ը:


Հիմնական խնդիրն այն է, որ արոտները ուծացվում են, վերածվում անապատի: Այսպես, ՀՀ գյուղատնտեսության նախարարության պաշտոնաթերթի համաձայն՝ 1 միլիոն հեկտար արոտների 60 %-ը կիսաանապատային է՝ մացառուտներ, թունավոր բույսեր, գուղձեր: Գյուղամերձ տասնյակ հազարավոր հեկտար արոտներ ևս վերածվել են անապատի, այստեղ այլևս խոտ չի աճում: Արոտների բերրիության (ազոտ, ֆոսֆոր, կալիում) 70 %-ը ծախսվում է չուտվող բույսերի կազմավորման վրա:


Վիճակագրության համաձայն՝ միայն վերջին տարիներին արոտները կրճատվել են 60 հազար հեկտարով, խոտի գինը ավելացել է մոտ 2 անգամ, ինչը հանգեցրել է կաթնամսամթերքի գների կրկնակի աճին, և պատահական չէ, որ կաթնատվության մակարդակով Հայաստանը աշխարհում նախավերջին տեղում է:


Այս իրավիճակը կլիմայի փոփոխության պատճառով խորանալու միտում ունի. ըստ բնապահպանության նախարարության կայքի՝ հանրապետությունում առաջիկա տասնամյակներում սպասվում է արոտավայրերի և անասնապահության մթերատվության կրճատում 30, անապատային և կիսաանապատային գոտու ընդլայնում՝ 33, հողի խոնավության նվազում 30 %-ի չափով:


Ահագնացող այս վտանգը կարելի է նվազագույնի հասցնել, եթե օգտագործվի մեր գիտնականների ստեղծած մեքենան, որը, չվնասելով խոտի բուսածածկույթը մի անցումով, փխրեցնում է վերջինիս արմատային հողազանգվածը (ինչը տասնամյակներով չի արվում, փորձեք չփխրեցնել ծաղկամանի հողազանգվածը և ծաղիկ չեք ունենա), պարարտացնում այն (ինչն անհրաժեշտ է, որովհետև հնձված խոտի հետ հողից հեռացվում են սննդանյութերը), ցանում խոտաբույսերի նոր սերմեր (որովհետև չուտվող խոտաբույսերը կազմում են ընդհանուրի 70 %-ը):


Մեքենան անձրևաձնհալ ջրերը կուտակում է իր բացած ճեղքերով փխրեցված շերտերում, ինչը ոչ միայն կկասեցնի երաշտը, տարածքային հրդեհները, հողի էրոզիան, այլև կստեղծի բնապահպանական նոր վիճակ:


Նշեմ այս վտանգներից միայն մեկը. այսօր Հայաստանում հողերի 1/3-ը էրոզացված է, այսինքն, այդ հողերը գյուղատնտեսության համար այլևս պիտանի չեն: Ըստ փորձագետ Գագիկ Մկրտչյանի՝ 50 տարի հետո Հայաստանում վարելահող չի մնա, որովհետև միջին հաշվով ամեն տարի էրոզացվում է մշակահողերի 3-4 %-ը: Հաշվարկված է, որ Հայաստանից տարեկան մոտ 10 միլիոն տոննա հողային զանգված հոսող ջրերի հետ դուրս է գալիս դեպի հարևան երկրներ:


Այսքան դրական հատկանիշներով օժտված գիտատեխնիկական նորույթը, թվում է, անմիջապես պիտի արժանանար երկրի կառավարիչների ուշադրությանը, սակայն, ի պատասխան մեր խնդրանքի՝ արդեն պատրաստի մեքենան ներառել արոտների մեքենայական խնամքի գործառույթներում, 1996-2000 թվերին գյուղնախից պատասխանում են, որ այդ աշխատանքները կատարում է մեկ այլ կազմակերպություն:
Աբսուրդի թատրոն է. մենք առաջարկում ենք պատրաստի մեքենա, իրենք պատասխանում են, որ այլընտրանքային մեքենայի ստեղծումն են ֆինանսավորում: Կներեք, կարելի՞ է տեսնել այդ մեքենան:


Ի պաշտպանություն արդեն պատրաստի մեքենան օգտագործելու մեր խնդրանքի, գյուղնախին 2 անգամ դիմում են բնապահպանության, արդյունաբերության նախարարները: Ոչինչ չի փոխվում:


2004-ին սառույցը, կարծես, հալվում է: Երբ բյուջեի, դրամաշնորհների, վարկերի գումարները փոշիացվում են, երբ մեքենան չի ստեղծվում, գյուղնախից պատասխանում են. «Առաջարկվող մեքենայի խմբաքանակային արտադրությունը արդիական է, քանի որ վերջին տարիներին հանրապետությունում խոտհարքների, արոտների և մարգագետինների բարելավման աշխատանքներ չեն արվում, և այդ մեքենայի ստեղծումը մեծ օգնություն կլինի հողօգտագործողներին»:


Այս նամակով գյուղնախը հաստատում է, որ իրականում ոչ մի նոր, այլընտրանքային մեքենա չի ստեղծվել: Իսկ թե ուր են գնացել դրան հատկացված բյուջետային, դրամաշնորհային, վարկային գումարները, մնում է ենթադրել։
Սակայն ժամանակի սլաքը շարունակում է պտտվել, ու չինովնիկների անտարբերության և արոտների մեքենայական խնամքի իսպառ բացակայության պայմաններում իրենց շունչն են փչում գյուղամերձ արոտները. դրանք պարզապես անհետանում են Հայաստանի քարտեզից:

Հիմա գյուղացու գործն ավելի է դժվարացել, նա ստիպված է մի քանի գլուխ անասուն տանել միջին հաշվով 10 կմ հեռավորության վրա գտնվող արոտները ու մնալ այնտեղ:
Կառավարությունը իսկույն գտնում է ելքը՝ որոշում է ՀԲ-ից 20 միլիոն դոլարի վարկ վերցնել ու անասուններին տեղափոխել հեռագնա արոտներ՝ այդ գործընթացը կարգավորել կոոպերատիվներ ստեղծելով:
Վարկային այդ ծրագրի համաձայն՝ միայն կոոպերատիվներ ստեղծելու վրա ծախսվում է ավելի քան 14 միլիոն դոլար, այն դեպքում, երբ գյուղամերձ արոտների վախճանը պայմանավորված էր ոչ թե կոոպերատիվների բացակայությամբ, այլ դարերից ի վեր հայտնի, խոտաբույսերի խնամքի պարզագույն գործողությունները տասնամյակներով անտեսելով. այն է՝ փխրեցնել խոտի արմատային հողազանգվածը, այնտեղ կուտակել խոնավության որոշակի պաշար, պարարտացնել, ցանել նոր խոտաբույսեր, որոնք կվերականգնեն արոտի բերքատվությունը 3-5 անգամ, կզրոյացնեն խոտի պակասը, կլուծվի խնդիրը:


Դա չարվեց գյուղամերձ արոտներում, չի արվում նաև հեռագնա արոտներում: Հասկանալի է, որ սրանց նույնպես սպասում է գյուղամերձ արոտների ճակատագիրը, մանավանդ եթե վերհիշենք, որ միայն կլիմայական փոփոխությունների պատճառով առաջիկայում սպասվում է արոտների և, որպես դրա հետևանք, անասնապահության մթերատվության 30 %-ի անկում:
Ինչ է սպասում մեզ՝ հայաստանաբնակներիս. կաթնամսամթերքի գների շարունակական աճ, սով, կաթի ու մսի ներկրման աճ՝ վճարելով արտերկրի գյուղացիներին (թե՞ մեր գյուղացիներին ենք ուղարկելու արտերկիր՝ այնտեղ միս ու կաթ արտադրելու և Հայաստան ուղարկելու):
Այս խնդիրներին բազմիցս անդրադարձել է «Իրատեսը»՝ Գեղամ Քյուրումյանի հոդվածաշարերով: Ցավոք, ոչ մի արձագանք:
Այնուամենայնիվ, շարունակում եմ իմ պայքարը՝ առկա խնդիրների լուծման գործում մեքենան օգտագործելու համար:

Վերջապես գյուղնախը հանձնարարում է իր ԾԻԳ-ին զբաղվել այդ մեքենայի հարցով: ԾԻԳ-ը պատասխանում է, որ հանրապետությունը չունի համապատասխան մասնագետ, դա կարող է անել միայն ՀԲ-ի խորհրդատուն, որը Երևանում կլինի մի քանի ամիս անց:
Մի 8 ամիս հետո ժամանում է խորհրդատուն։ ՀԲ-ի երևանյան գրասենյակի գյուղատնտեսության բաժնի պատասխանատու Արուսյակ Ալավերդյանի ջանքերով (շնորհակալություն նրան) կազմակերպվեց իմ հանդիպումը բանկի խորհրդատու պարոն Դևիսի հետ: Խորհրդատուի վճիռը միանշանակ էր՝ մեքենան պետք է, դրա աշխատանքին պետք է ծանոթանան կոոպերատիվների անդամները, ու մեքենան ներդնելու համար էլ ՀԲ-ն հատկացնում է 20 միլիոն դոլարի վարկ:


Այս վճիռը հայտնում են ԾԻԳ-ի տնօրենին, վերջինս ինձ շնորհավորում է և ընդունում հայտը:
Պարոն Դևիսի հետ այս հարցը քննարկելիս ես շեշտեցի համաֆինանսավորման խնդիրը. պատասխանը միանշանակ էր՝ մեքենան նորույթ է, և համաֆինանսավորման կարիք չկա:

Մեքենայի արտադրացուցադրական գործընթացները պայմանավորվեցինք կատարել Գեղարքունիքի մարզի «Բարեկամություն» ԲԲԸ-ում, որի տնօրեն, տեխնիկական գիտությունների թեկնածու Վասիլ Հակոբյանը պատրաստակամություն հայտնեց անվճար տրամադրելու արոտավայրեր, տրակտոր, գյուղատնտես մասնագետներ և աջակցելու այլ հարցերում:


Թվում էր՝ խնդիրը լուծվում է: Սակայն շուտով պարզվեց, որ ինչ-որ «գորշ կարդինալ» գործընթացը սառեցնում է, և մեր հայտի ընդունումն ուղղակի գլխի տակ փափուկ բարձ դնել էր նշանակում, ժամանակ շահել, գործը տապալել:


Հայտն ընդունելուց հետո ինձ հայտնում են, որ, միևնույն է, մենք պետք է համաֆինանսավորման 6000 դոլարը մուծենք:
«Ինչի՞ համար» հարցի պատասխանը զավեշտալի է՝ այդպիսին է մեր գործառույթը, այլապես Վերստուգիչ պալատը մեզ դատարան կուղարկի: Ես, իհարկե, հասկացա, որ մեքենան չի բարձրանա արոտներ և կվերածվի մետաղաջարդոնի:
Ի դեպ, հայտում մեր ներկայացրած գումարը ընդամենը 7000 դոլար էր, խոստացված 20000 դոլարի փոխարեն, որի համաֆինանսավորման գումարը՝ 2000 դոլար, մենք երևի կկարողանայինք մուծել, եթե ապացուցեին, որ այլ կերպ խնդիրը չի լուծվում:
Բայց պահանջում են 6000 դոլարը երկու ամիս անց (պատահական զանգով ես տեղեկացա, որ հայտը մերժվել է):


Ըստ կանոնակարգի՝ ԾԻԳ-ը պարտավոր էր ինչպես մերժումը, այնպես էլ հայտն ուղարկել հայտատուին, բայց հայտատուն՝ Վասիլ Հակոբյանը, այդպես էլ մերժման փաստաթուղթ չի ստանում, թեպետ, ըստ ԾԻԳ-ի, իրենք այն ուղարկել են:


Ապրիլ ամսին ես եղա ԾԻԳ -ում և խնդրեցի մերժման պատասխանը:
Այն ամփոփված էր մեկ նախադասությամբ. մերժել՝ տեխնիկական գրախոսների կողմից անհրաժեշտ միավորներ չստանալու պատճառով: Ինձ չտվեցին մերժման արձանագրությունը, ասելով, որ դրա իրավունքը չունեն՝ դա պետական գաղտնիք է:
Այսպիսով, մի ամբողջ տարի գյուղնախի ԾԻԳ-ը չի կարողանում որոշել՝ մեքենան պե՞տք է, թե՞ ոչ, պնդելով, որ հանրապետությունում չկա համապատասխան մասնագետ, և որ այդ հարցի պատասխանը կարող է տալ միայն ՀԲ-ի խորհրդականը: Եվ երբ այդ խորհրդականն ասում է , որ մեքենան պետք է, հայտնվում է գրասենյակի մի անանուն մասնագետ (որի գոյությունը մի ամբողջ տարի ԾԻԳ-ը ժխտում էր) և կայացնում է վճիռը՝ մեքենան պետք չէ։
(ՈՒզում եմ հարցնել հարգարժան գյուղնախարարին. ո՞ւմ անմիջական վերահսկողությամբ է աշխատում ԾԻԳ-ը, ո՞ւմ էր պետք այս ամբողջ կատակերգությունը։
Ես դիմեցի ՀԲ-ի երևանյան գրասենյակի տնօրենին հետևյալ նամակով:

Համաշխարհային բանկի
երևանյան գրասենյակի ղեկավար տիկին Լորա ԲԵՅԼԻՆ

Հարգարժան տիկին


Խնդիրը հետևյալն է. «Գյուղատնտեսություն» ծրագրերի պատասխանատու Արուսյակ Ալավերդյանը կազմակերպեց իմ հանդիպումը ՀԲ-ի խորհրդական պարոն Դևիսի հետ` քննարկելու արոտների բարելավման մեր ստեղծած մեքենան CARMAC-2 ծրագրում օգտագործելու նպատակահարմարության հարցը (շնորհակալություն տիկին Ալավերդյանին):
Խորհրդականի կարծիքը դրական էր, և այն փոխանցվեց ԾԻԳ-ի տնօրենին` իրագործելու համար:


ԾԻԳ-ի տնօրենն անձամբ ինձ շնորհավորեց, պաշտոնապես ընդունեց հայտը՝ այդ մասին տեղյակ պահելով խնդրով շահագրգռված գյուղնախի ղեկավարությանը:
Հաշվի առնելով, որ մեքենան նորույթ է, պարոն Դևիսի, տիկին Ալավերդյանի և իմ առերես հանդիպման ժամանակ պայմանավորվեցինք, որ մենք համաֆինանսավորման գումարը փոխարինելու ենք մեր մեքենայով:
Երկու ամիս հետո պատահաբար իմացա, որ հայտը մերժվել է: Առայսօր ես չունեմ մերժման գրավոր պատասխանը, ինձ չեն վերադարձրել հայտը, ինչը նախատեսված է կանոնակարգով:


Իսկ այժմ հիմնականի մասին. ՄԱԿ ուղարկած բնապահպանության նախարարության զեկույցի կանխատեսումների համաձայն՝ առաջիկա տասնամյակներում, կլիմայի փոփոխությամբ պայմանավորված, հանրապետությունում արոտները, անասունների մթերատվությունը կկրճատվեն 20-30 %-ով (http://www.nature-ic.am/hv//:
Մեր մեքենան, որն այժմ էլ գործունյա է, չեզոքացնում է այդ ռիսկերը՝ բարձրացնելով արոտների բերքատվությունը 2-3 անգամ, անձրևաձնհալ թափառող ջրերը պահում է լեռնային շրջաններում՝ կասեցնելով ջրհեղեղները, երաշտը, տարածքային հրդեհները՝ ստեղծելով բնապահպան նոր իրավիճակ:
Խնդիրը մեքենայի աշխատանքը շահառուներին՝ հիմնականում արոտօգտագործող կոոպերատիվներին ցույց տալն էր, ինչը կձևավորեր պահանջարկի շուկան, արտադրությունն ու իրացումը:


Դա չարվեց, և, կանխատեսումների համաձայն շուտով հեռագնա արոտները նույնպես կվերածվեն անապատների, ինչը տեղի ունեցավ տասնյակ հազարավոր հեկտար գյուղամերձ արոտների հետ (ի դեպ, այդ մեքենան առանց վարի գյուղամերձ արոտատեղերը կվերածի լիարժեք արոտավայրերի):
CARMAC-1 ծրագրի բյուջեի 69 %-ը հատկացվել էր ծրագրի կառավարման համակարգին: Այսօր էլ այդ պրակտիկան շարունակվում է. շենքը հիմքից կառուցելու փոխարեն մենք այն կառուցում ենք տանիքից, հպարտանալով, որ տնտեսված գումարների հաշվին ստեղծում ենք նոր կոոպերատիվներ:
Կարծում եմ՝ այսօր էլ հնարավոր է տնտեսված գումարների մի չնչին մասի հաշվին կազմակերպել մեր մեքենայի արտադրացուցադրական ծանոթացումը շահառուներին:
Խնդրում եմ Ձեր աջակցությունը:

Հարգանքներով՝ Ս. Խոյեցյան
17.04.2016 թ.

P. S. Պատմական զուգահեռները միշտ չէ, որ ընդունելի են, այդ թվում՝ այս դեպքում:
Եվ, այսուհանդերձ, մեր ժողովրդի օրհասական SOS-ին ի պատասխան, ուղիղ մեկ դար առաջ «անգլիական նավերը չկարողացան բարձրանալ հայոց լեռները»:
Գուցե հիմա՞, հարգելի տիկին, Դուք կօգնեք, որ Հայոց լեռնաշխարհը անապատումից փրկող մեքենան բարձրանա այդ լեռները:


Իսկ որ մեքենան հրաշագործ է, հարցրեք Ձեր մասնագետին՝ պարոն Դևիսին:

Մեկ ամիս անց գնում եմ ՀԲ՝ պատասխանը ստանալու: ՈՒ ստանում եմ սառը ջրի մի ամբողջ դույլ. «... Իսկ ո՞վ ասաց, որ մենք Ձեզ պետք է պատասխանենք»։ Եվ անվտանգության աշխատակցի ազդու հայացքի ուղեկցությամբ ինձ դուրս են հրավիրում ՝ պահանջելով այլևս չանհանգստացնել իրենց:


Ես սթափվում եմ. գուցե այստե՞ղ է թաղված շան գլուխը, ամեն ինչ փոխկապակցված է, և ես իզո՞ւր եմ անհանգստացնում գյուղնախին:


Այս մեքենան գյուղացուն ճանաչելի դարձնելու գործընթացը կարող էր լուծել գիտպետկոմը: Սակայն մեքենայի հեղինակներին պատժելու, ինստիտուտը քանդելու մոլուցքով տարված գյուղնախը կարողանում է համոզել գիտպետկոմին, որ արոտների բարելավմանը, գոմաղբն ու թռչնաղբը վարակազերծելուն, դրանք պարարտանյութի վերածելուն, փոքրաչափ ֆերմաներ ստեղծելուն մեր նպատակաուղղված աշխատանքները պետք չեն հանրապետությանը, և որ դրանք, մասնավորապես նշված մեքենայի ու թռչնաղբից պատրաստված տեղական պարարտանյութի համատեղ օգտագործման ծրագիրը, չպետք է ֆինանսավորել:
ՈՒ հասնում են իրենց նպատակին՝ քրեական որակավորման ձգտող գործողություններով, իրենց հրամանները չկատարող փորձագետներին աշխատանքից ազատելով, զրպարտություններով, բնագավառից բացարձակապես անտեղյակ կամակատար նոր փորձագետներին իրենց կամքը թելադրելով: Արդյունքում՝ կասեցվեցին հանրապետության համար խիստ կարևոր աշխատանքների ներդրման գործընթացները՝ հեշտացնելով չինովնիկների գործառույթները, միաժամանակ «Գյուղատնտեսության մեքենայացման նոր ինստիտուտը Աբովյան փողոց՝ իրենց շատ մոտիկ տեղափոխելով»:


Ես փորձում եմ մոռանալ գիտպետկոմի մեզ հասցրած դառնությունները՝ պաշտոնապես խնդրելով ստեղծել համատեղ հիմնադրամ մեքենան ներդնելու համար (չէ ո՞ր, ըստ հաշվարկների, մեքենայի ներդրումից սպասվող օգուտը մեկ տարվա հաշվով կազմում է մոտ 100 միլիոն դոլար, և այդ գումարով կարելի է էապես ավելացնել մեր գիտնականների, հիմնադրամի մասնակիցների եկամուտները):
Պատասխանը՝ կանոնադրությունում այդպիսի կետ չունենք: Չեմ կարծում, թե կանոնադրությունը վերամշակելն այդքան դժվար է:
Անցած տարվա սկզբին մի նոր հնարավորություն ստեղծվեց մեքենան ներդնելու: Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության իրավասությամբ սկսեց գործել «Հողերի էրոզիայի վերահսկողության ինտեգրացված միջոցառումներ Հարավային Կովկասում» ծրագիրը, որին մասնակցության մեր հայտը մերժվեց այն պատճառաբանությամբ, թե էրոզիայի դեմ իրենք սկսել են պայքարը բահերով, Արագածի լանջերին ծառերի փոսեր բացելով:


Իսկ թե առանց հողում խոնավություն կուտակելու, առանց էրոզիան կանխելու. ճմաշերտ ստեղծելու քանի տարի կգոյատևեն այդ ծառերը, և արդյո՞ք միայն ծառատունկով կկասեցվի էրոզիան, դա գերմանացի մասնագետներին չի հետաքրքրում:


Փորձենք ամփոփել.
1) Կաթնամսամթերքի շուկայում մրցունակությունը հիմնականում պայմանավորված է արտադրանքի ինքնարժեքի բաղադրիչներից մեկի՝ անասնակերի ինքնարժեքով, որը կազմում է արտադրանքի ինքնարժեքի մոտավորապես 70 %-ը: Հասկանալի է, որքան փոքր լինի այդ տոկոսը, այնքան փոքր կլինի կաթի ու մսի ինքնարժեքը, այնքան, նույն որակի դեպքում, մեծ կլինեն նրա մրցունակությունը և իրացումից սպասվող շահույթը:
2) Առաջարկվող մեքենան կոչված է լուծելու այս խնդիրը: Խնդիրը լուծվում է խոտի ճմաշերտը չվնասելով, արմատային հողազանգվածը փխրեցնելով, այն պարարտացնելով, ենթացանքս կատարելով, փխրեցված հողաշերտում խոնավություն կուտակելով, անձրևաձնհալ ջրերը բացված ճեղքերով կլանելու միջոցով: Ագրոնոմիական փորձերի համաձայն այս գործընթացները կապահովեն արոտի բերքատվության աճը 3-5 անգամ և զգալիորեն կնվազեցնեն խոտի ինքնարժեքը։
3) Առաջարկվող մեքենայի կիրառումը լուծում է նաև հետևյալ խնդիրները.
ա) կասեցվում են ջրհեղեղները,
բ) կասեցվում է հողի ջրային էրոզիան,
գ) կասեցվում է երաշտը,
դ) կասեցվում են տարածքային հրդեհները,
ե) ստեղծվում է բնապահպան նոր իրավիճակ:


4) Տասնյակ գիտահետազոտական ինստիտուտների փորձաքննությունները, արտադրական, պետական փորձարկումները ցույց տվեցին, որ ստեղծված մեքենան ի վիճակի է լուծելու վերը նշված խնդիրները, ինչի հիման վրա էլ ժամանակին միութենական կառավարությունը որոշեց արտադրել այդ մեքենան՝ 16000 օրինակով:
5) Մեզ հաջողվեց պատրաստել այդ մեքենայի 2 տարբերակ և դրանք առաջարկել գյուղնախին, որը, սակայն չընդունվեց, որովհետև իրենք ֆինանսավորում են նմանատիպ այլ մեքենայի ստեղծումը: Կներեք, բայց որտե՞ղ է այդ մեքենան:
6) Արոտների խնամքի վերը նշված գործառույթները տասնյակ տարիներով չիրագործելը հանգեցրեց նրան, որ տասնյակ հազարավոր հեկտար գյուղամերձ արոտներ վերացան Հայաստանի քարտեզից: Հեռագնա արոտները նույնպես ենթակա են այդ ճակատագրին:
7) Առկա փաստերը հուշում են, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը պետք է զբաղվի արոտների մեքենայական խնամքի հարցերով: Եվ, չնայած վարկային զգալի գումարների առկայությանը (մոտավորապես 60 միլիոն դոլար), նախարարությունը ոչ միայն չի ցանկանում օգտագործել առաջարկվող մեքենան, այլև զարտուղի ճանապարհներով կասեցնում է խնդրի լուծումը:
8) Այս խնդրի լուծման գործում բացասական է նաև գիտպետկոմի դերը, որը, փաստորեն, հրաժարվում է իր ֆինանսավորմամբ ստեղծված մեքենայի ներդրումից, ինչը կփոխհատուցեր արված ծախսերը:
9) Անհասկանալի է նաև ՀԲ-ի երևանյան գրասենյակի դիրքորոշումը, որը, փաստորեն, վերածվել է փակ կառույցի և չի ցանկանում քննարկել առաջացած խնդիրները:
10) Այսօրվա դրությամբ դժվար է ասել՝ ինչ ընթացք կստանա այս ոդիսականը, սակայն մի բան ակնհայտ է. առանց այդ մեքենայի մեզ սպասում են ծանր ժամանակներ՝ անասնապահության մթերատվության անկում 30 %-ի, անապատային և կիսաանապատային գոտու ընդլայնում 33 %-ի, հողի խոնավության կորուստ 30 %-ի չափով:
Սրա՞ն են ձգտում ոմանք։

Ստյոպա ԽՈՅԵՑՅԱՆ

Դիտվել է՝ 3275

Մեկնաբանություններ