Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան բոլոր խոստումները իրականում փուչ դուրս եկան. ինչո՞ւ

Հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան բոլոր խոստումները իրականում փուչ դուրս եկան. ինչո՞ւ
17.06.2016 | 00:20

(սկիզբը` այստեղ)

ՔՈՍՈՏԸ ՄԻԱՅՆ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՇՎԻՆ ԱՊՐՈՂ ՄԵՐ ԻԽԱՆԱՎՈՐՆԵՐՆ ՈՒ ՆՐԱՆՑ ՀԱՐՈՂ ՊԵՏԱԿԱՆԱՄԵՏ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐՆ ԵՆ


Բաբաջանյանի մահը համընկավ շրջադարձային պատմական պահի հետ, երբ Խորհրդային Միությունը սկսեց արագություն հավաքել ու գլորվել տնտեսական անդունդ: ՌԱՀ-ի աշխատավորական կոլեկտիվներում կամաց-կամաց ձևավորվում էր տարբեր տրամադրությունների մի մեծ ծաղկեփունջ, որոնց կրողներին պայմանականորեն կարելի էր առանձնացնել ու դասակարգել մարդկանց հետևյալ խմբերով.
ա) կուսակցական-բյուրոկրատներ ու պահպանողականներ,
բ) պետության ապագայով մտահոգ պրոֆեսիոնալ բանվորներ, ինժեներներ ու գիտնականներ,
գ) անորոշության ու խոր ապատիայի մեջ ընկած միջին կարգի աշխատավորներ, որոնց ընդերքից անընդհատ ծնվում ու թափ էին առնում կոմունիստական կուսակցության քաղաքականությանը բացահայտ դեմ գնացող այլախոհները,
դ) ստվերային տնտեսության հեռանկարներով խանդավառված ու փող աշխատելու մոլուցքով տառապողներ և այլն, և այլն:


ՌԱՀ-ի ապագան կախված էր արդյունաբերության մեջ «բ» և «դ» խմբերի՝ տրամագծորեն հակադիր տրամադրությունների տեր ուժերի միջև ընթացող պայքարից ու անտեսանելի պատերազմից: ՌԱՀ-ի ներսում տեղի ունեցող քաղաքական խմորումները խորապես ազդում էին ռազմական արդյունաբերության զարգացման վրա, այն դեպքում, երբ այդ ոլորտներում մենք դժվարությամբ էինք պահպանում Ամերիկայի հետ փխրուն հավասարակշռությունը, որը սառը պատերազմի պայմաններում Խորհրդային Միության դեմքը փրկող, փաստորեն, միակ գործոնն էր մնում: Թե այդ ուժերից ո՞րը կհաղթեր՝ պարզ կդառնար 10-15 տարի հետո: Պետության անվտանգության ու ճակատագրի նկատմամբ ունեցած խոր անհանգստությունը խորհրդային գիտատեխնիկական հանրությանը ստիպում էր անընդհատ փնտրել ու գտնել Ամերիկայի ռազմարդյունաբերության հետևից հասնելու ճանապարհները, կրճատել եղած դիստանցիան, որը գնալով միայն մեծանում էր: Այդ աշխատանքների բեռը դրված էր խորհրդային գիտնականների ու, հատկապես, ասպիրանտների ուսերին: Գիտական ձեռքբերումներն ու հաջողությունները այստեղ կային, ակնհայտորեն շատ էին, բայց լուրջ խնդիրներ էին առաջանում գիտական աշխատանքների ներդրումների ժամանակ, խանգարում էր ստվերային տնտեսությունը, որը ՌԱՀ-ի համակարգում արդեն մեծ թափ էր ստացել ու գիտության արդյունքների ներդրման բոլոր ճանապարհները դրել էր փակի տակ, ստվերային տնտեսության ու գիտատար ճյուղերի զարգացման շահերը գտնվում էին ծայրաստիճան խոր հակասությունների մեջ, միմյանց հակացուցված էին:
Ո՞րը կհաղթի, այստեղ էր որոշվելու ՌԱՀ-ի ու ողջ խորհրդային երկրի ապագան: Մի կողմից պայքար էր մղվում, որպեսզի շարունակվի գիտության, տեխնիկայի և տեխնոլոգիաների առաջընթաց զարգացումը, որի գործնական հնարավորությունը մենք լիովին պահպանել էինք՝ ընդհուպ մինչև Գորբաչովի հանդես գալը: Իսկապես այդպես էր, որը հատուկ ապացույցների կարիք չունի, վկա այն կարևոր գյուտերն ու հայտնագործությունները, որոնք դեռևս շարունակում էին ծնվել խորհրդային գիտատար ոլորտների ընդերքում, բայց որոնք արտաքինից այնքան էլ տեսանելի չէին, որովհետև խիստ գաղտնի էին պահվում ու գտնվում էին КГБ-ի հատուկ հսկողության տակ:


Համաձայն ԽՍՀՄ-ում ընդունված կարգի, բոլոր գյուտերը, հայտնագործությունները, նորարարական առաջարկությունները, որոնք վերաբերում էին տեխնոլոգիաներին, դրվում էին «գաղտնի» գրիֆի տակ՝ հեռու պահելով դրսի ու, ցավոք, նաև ներսի մասնագետների աչքից: Խորհրդային Միությունը փրկելու համար, առաջին հերթին, պետք էր կարգ ու կանոն հաստատել երկրում, վերջ դնել ստվերային տնտեսության վարակի տարածմանը, հատկապես, ՌԱՀ-ի ոլորտում: Այս ճակատում պայքարողները դեմ էին Կրեմլի վարած քաղաքականությանը, ընդհանրապես դեմ էին Լենինի սուտ գաղափարներին ու շինծու, կյանքից չբխող կատեգորիաներին, համարում էին, որ Ռուսաստանը շատ բան է կորցրել ու շարունակելու է կորցնել, եթե երկիրը չդադարեցնի իր շարժումը օտարածին կոմունիստական գաղափարական կանոններով։ Նման մտածողության տեր մարդիկ շատ կային ՌԱՀ-ի համակարգում: Նրանք բարձրաձայնում էին, որ Հոկտեմբերյան հեղափոխությունը և ԽՍՀՄ ստեղծումը մեծ վնաս հասցրին Ռուսաստանին, որի բնակչությունը 1970-80 թվականներին կարող էր հատել 500 միլիոնի սահմանը՝ միաժամանակ դառնալով աշխարհի թիվ մեկ էկոնոմիկա ունեցող երկիրը:

Նրանց հաշվարկների հետ չէր կարելի չհամաձայնել, եթե նկատի ունենանք, որ եթե Հոկտեմբերյան հեղափոխությունը չխանգարեր, ու Ռուսաստանը կարողանար Անտանտի հետ հաղթանակած դուրս գալ 1-ին համաշխարհային պատերազմից, ապա դրանից կօգտվեր նաև Հայաստանը՝ այսօր շահեկան դիրք գրավելով աշխարհում, ունենալով զարգացած տնտեսություն, 10-15 միլիոն բնակչություն և, առնվազն, 150 հազար քառակուսի կմ տարածք: Բայց Ռուսաստանը՝ Խորհրդային Միության կերպարով ու կոմունիստական կերպարանքով, անընդհատ տնտեսական հետընթաց էր արձանագրում, նահանջում էր, իսկ երկրի բարձրագույն իշխանությունները, գործերը կարգավորելու փոխարեն, երկիրն ավելի խոցելի էին դարձնում, տանում էին դեպի կործանում: Դրանց բազմաթիվ պատճառներից մեկն էլ այն էր, որ 1970-80 թվականներից սկսած ամեն կերպ խոչընդոտվում էր ֆունդամենտալ ու կիրառական գիտության ու բարձր տեխնոլոգիաների զարգացումը երկրում՝ լայն ճանապարհ հարթելով ստվերային տնտեսության զարգացման ու տարածման համար: Խորհրդային գիտության հնարավորություններն անչափ մեծ էին ու կարող էին բազմիցս երկիրը դուրս բերել ճգնաժամային իրավիճակներից, բայց այդ խնդիրը գիտական ու ինժեներական հանրության առջև բոլորովին չէր դրվում, այստեղ միտում կար, որը թաքցվում էր խորհրդային ժողովրդից:


Կարելի է թվարկել խորհրդային տարիներին բազմաթիվ կարևոր գյուտեր, որոնք մինչ օրս չկան ու, շատ հնարավոր է, դեռ շատ երկար չեն լինի արտասահմանյան առաջատար ֆիրմաներում: Գյուտերից բացի, միջազգային հանրությանը անհայտ էին մնում նաև գյուտերի հեղինակները: Կոնկրետ օրինակ: Արտաշատի «Էլեկտրոնստանդարտ» ԳՀԻ-ի մասնագետների մշակած ու հեղինակային վկայականներ ստացած գյուտերը, որոնք դրված են «գաղտնի» գրիֆի տակ ու վերաբերում են տեխնոլոգիական պրոցեսների ընթացքում միկրոսխեմաների պարամետրերի ստուգմանը, պահպանել են իրենց ակտուալությունը և կարող են հետաքրքիր լինել ճապոնական, ամերիկյան, իսրայելական ու տեխնոլոգիապես մյուս զարգացած երկրների ֆիրմաների համար: Եթե միկրոսխեմաների բոլոր արտադրություններում կիրառվել ու շարունակում են կիրառվել կիսահաղորդչային բյուրեղների տեխնոլոգիական պարամետրերի ստուգման կոնտակտային կամ քանդող մեթոդները, որոնք նանոչափերին անցնելու պարագայում գնալով առավել, քան պրոբլեմային են դառնում, ապա մենք, Արտաշատում նստած, դա կարողացել ենք անել օպտիկական, ոչ կոնտակտային մեթոդներով:

Եթե p-n անցումների խորությունը (կիսահաղորդչային տեխնոլոգիաներում այս պարամետրի չափման ճշտությունից շատ բան է կախված) աշխարհում չափել ու չափում են հիմնականում «գունդ-շլիֆի» քանդող մեթոդով, այն էլ տեխնոլոգիական ընդհանուր պրոցեսից դուրս հանված հարթակների վրա, ապա մենք՝ աշխարհից հեռու, մեր Արտաշատում նստած, կարողացել ենք այդ պարամետրը չափել օպտիկական եղանակով՝ առանց բյուրեղները շոշափելու: Սա դեռ բավական չէր, մեր չափումների ճշտությունը հասցված է եղել ֆանտաստիկ աստիճանի՝ մինչև բյուրեղի միջատոմական 4-5 անգստրեմի հասնող չափերի (մեկ անգստրեմը հավասար է 0,1 նանոմետրի): Եթե հաշվի առնենք, որ ժամանակակից կիսահաղորդչային տեխնոլոգիաների ոլորտում դեռևս շարունակում են պայքարել 10-նանոմետրանոց հոգեբանական սահմանը հաղթահարելու համար, ապա մենք կարող ենք հպարտությամբ փաստել, որ 30 տարի առաջ մենք չափման մասով կարողացել ենք 100 անգամ գերազանցել կիսահաղորդչային տեխնիկայի տեխնոլոգիական այդ նշաձողը, առանց որի հնարավոր չէ շարժվել առաջ: Այստեղ կարելի է մի հիշարժան դեպք պատմել:


Մեր այդ կարևոր գյուտերի հաստատումը շատ դժվար ստացվեց: Գյուտերի ու հայտնագործությունների հարցերով ԽՍՀՄ պետական կոմիտեն համառորեն չէր ցանկանում ճանաչել մեր գյուտերը՝ գործը հասցնելով հատուկ վերահսկիչ խորհրդի նիստին: Սա, փաստորեն, գյուտերի ու հայտնագործությունների հարցերով մի յուրահատուկ դատարան էր, որի վճիռները վերջնական էին համարվում ու բեկանման ենթակա չէին: Վերահսկիչ խորհրդին մասնակցում էին խորհրդային հեղինակավոր մասնագետներ, ես և գյուտի մյուս հեղինակ Ալեքսանդր Բուտաևը (Սաշա Բուտաևը հետագայում անցավ քաղաքականության ոլորտը ու դարձավ Վազգեն Մանուկյանի՝ ԱԺՄ կուսակցության նախագահի տեղակալ): Քննարկումները տևեցին մի քանի ժամ, Մոսկվայի մասնագետները չէին կարող պատկերացնել, որ ԽՍՀՄ-ում ոչ այնքան հայտնի Արտաշատ քաղաքի մասնագետներին հաջողվել էր գտնել ժամանակակից միկրոէլեկտրոնիկայի գերխնդիրներից մեկի լուծումը, մենք դա կարողացել էինք անել ու ոչ միայն դա: Գիտական դիսկուսից հետո վերահսկիչ խորհուրդը առանձնացավ, փակ սենյակում շարունակեց քննարկումները, քննարկեց ու դուրս եկավ հետևյալ հայտարարությամբ. իրենց պատմության մեջ արձանագրվել է եզակի դեպք՝ երկու գյուտերն էլ ճանաչվում են: Այդ գյուտերին, սակայն, բախտ չէր վիճակված ներդրվելու խորհրդային էլեկտրոնային արդյունաբերության մեջ, երկրում ընթացող պրոցեսները գնում էին բոլորովին այլ ուղղությամբ, դրանց ժամանակը չէր: Դրանց ժամանակը արդեն հասունացել է Ռուսաստանում: Պուտինը խնդիր է դրել արագացված տեմպերով զարգացնել էլեկտրոնային արդյունաբերությունը, որտեղ մեծ դեր կունենան մեր արտաշատյան բազմաթիվ գյուտերը: 2002 թվականին Երևանում կայացավ Գործարարների միջազգային միության կազմակերպած մի համաժողով, որտեղ հանդիպում ունեցա ճապոնացի մի արդյունաբերողի հետ ու որոշ ինֆորմացիա տվեցի մեր կատարած գործերի մասին: Ճապոնացի մասնագետը ծանոթանում էր գրավոր նյութերի հետ, կտրուկ գլուխը վեր էր բարձրացնում ու ուշադրությամբ նայում ինձ, հետո արագ անցնում էր ընթերցմանն ու այդպես մի քանի անգամ, աչքերին չէր հավատում, որ Հայաստանում կարող են այնպիսի պրոբլեմներ լուծել, որոնց մասին իրենք, հնարավոր է, կարող էին միայն երազել: Ճապոնացու զարմանքը մեզ համար այնքան էլ զարմանալի չէր: Նման դեպքերը շատ են, երբ զարգացած երկրների մասնագետները չեն կարողանում հասկանալ ու թաքցնել իրենց զարմանքը՝ ծանոթանալով մեր գիտնականների կատարած աշխատանքների հետ:


20 տարի առաջ տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Պավել Բարսեղյանը տեղափոխվեց Ամերիկա՝ իր հետ տանելով այն աշխատանքների փաթեթը, որը շատ կարևոր էր ժամանակակից էլեկտրոնային սարքեր նախագծող մասնագետների համար: Համակարգիչների, կապի միջոցների ու այլ էլեկտրոնային համակարգերի մեջ օգտագործվող միկրոսխեմաների նախագծման աշխատանքները սկսելուց առաջ շատ կարևոր է կարողանալ նախապես հաշվել ներդրումների ռիսկայնության աստիճանը, ապագա սխեմաների ուղեգծելիության հնարավորությունը և տեխնիկական այլ կարևոր հարցեր: Պրոֆեսոր Բարսեղյանի աշխատանքներն այսօր լայնորեն օգտագործվում են ամերիկյան հեղինակավոր ֆիրմաներում՝ սեղանի գիրք դառնալով ամերիկացի մասնագետների համար, բայց սա չէ կարևորը. ամերիկացիները մինչև վերջ չեն կարողացել հասկանալ, թե այդ հեռավոր ու փոքրիկ երկրի մասնագետները ինչպե՞ս և ինչո՞ւ պետք է զբաղվեին չիպերի նախագծման հարցերով, ի վիճակի լինեին լուծելու այդքան բարդ գիտական խնդիրները: Նրանք մեզ չեն կարողանում հասկանալ, բայց մենք նրանց լավ ենք հասկանում, նրանց ղեկավարները գիտնականներին կարողանում են օգնել՝ չխանգարելով, մեր ղեկավարները միայն խանգարել գիտեն: Այս խանգարելու և չկամության ավանդույթը գալիս է Խորհրդային Միությունից, խանգարել են ու շարունակելու են խանգարել, պատճառը, հավանաբար, աշխարհաքաղաքական է՝ որոշակի, միայն իրենց հայտնի, շահի դիմաց:


Հայկական գիտության ու մեր կատարած գյուտերի հետ կապված մի հետաքրքիր քննարկում տեղի ունեցավ Աբովյանի «Սիրիուս» գործարանում՝ ԽՍՀՄ համամիութենական կոմերիտական միության կենտկոմի առաջին քարտուղար, ԽՄԿԿ կենտկոմի անդամ Բորիս Նիկոլաևիչ Պաստուխովի մասնակցությամբ: Աշխատանքային քննարկման ժամանակ մեր մասնագետներին նա մի այսպիսի հասարակ հարց տվեց.
-Ինչպե՞ս է ձեզ հաջողվել նման արդյունքների հասնել:
Այն ժամանակ ես առանձնակի ուշադրություն չդարձրի նրա հնչեցած, իմ կարծիքով, միայն հետաքրքրասիրությունից բխող հարցին, բայց ԽՍՀՄ փլուզումից հետո Պաստուխովի հարցը բոլորովին այլ երանգավորում ստացավ, նրա կողմից դա հռետորական հարց էր: Դա այն կարևոր հարցն էր, որի պատասխանը Կրեմլը չուներ ու այդպես էլ չկարողացավ ստանալ. ի՞նչն է պատճառը, որ նույնիսկ խորհրդային ծայրագավառային քաղաքներում գիտնականները կարողանում են համաշխարհային նշանակության գիտական, տեխնիկական ու տեխնոլոգիական խնդիրներ լուծել, իսկ Խորհրդային Միությունը չի կարողանում դրանցից օգտվել ու փրկել իր տնտեսությունը, որը միայն հետընթաց է արձանագրում:
Պաստուխովի այդ հռետորական հարցը այսօր մեզ միասնաբար կարող են տալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ու ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը.
-Հայաստանի ծանր պայմաններում հայ գիտնականների մի փոքրիկ խմբին ինչպե՞ս է հաջողվել ստեղծել հելիոֆիկացիայի նման երկրաստեղծ աշխատանքներ, առանց ֆինանսավորման, առանց պայմանների, առանց ապրուստի միջոցների:
Մեր բարձրագույն եռյակի նմանօրինակ հարցադրմանը երկրի գործերով մտահոգ հայ մարդը կարող է հակադարձել հետևյալ կերպ.
-Ո՞րն է գաղտնիքը, որ, առանց պետական ու գրանտային միջոցներ ծախսելու, հայ գիտնականներից, ինժեներներից ու բանվորներից կազմված մի փոքրիկ խումբ կարողացել է ստեղծել հելիոֆիկացիայի նման երկրաստեղծ ծրագիր, որի իրագործումը կարող է լուծել Հայաստանի տնտեսության, էներգետիկայի, գիտության, գյուղատնտեսության, էկոլոգիայի, միջազգային տուրիզմի, ռազմական պաշտպանության, աշխատատեղերի, սոցիալական, արտագաղթի, երկրի միջազգային հեղինակության բարձրացման հիմնական խնդիրները, իսկ մեր իշխանությունների հեչ պետքը չէ, այդ կարևոր հարցը նույնիսկ քննարկման չի դրվում, ուշադրություն դարձնողը դեռ չի ծնվել, չկա:
Մի թումանյանական հարց էլ ես կարող եմ ուղղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին ու ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին.
-Ի՞նչն է պատճառը, որ աշխատանքի մեջ թաթախված մեր հայ գիտնականներն ապրելու և աշխատելու միջոցներ չունեն, իսկ մեր օլիգարխները ամեն օր գառան փլավ են ուտում, վրայից էլ նռան ջուր խմում, որ լավ մարսեն ու խաղատներում իրենց օրը «բովանդակալից» անցկացնեն, հը՞, հանրապետականներ:


Ես նկատի չունեմ այն գիտնական-ակադեմիկոսներին, ովքեր այսօր, կարելի է ասել, մեր օլիգարխներից այնքան էլ վատ չեն ապրում, երկրին տալու բան չունենալուց բացի, նրանք պատրաստ չեն ընդունելու Հայաստանի տնտեսական ճգնաժամի մեջ իրենց անձնական պատասխանատվությունը, բայց կարողանում են իրենց անգործությունն ու գիտական տկարությունը հաջողությամբ թաքցնել՝ թվարկելով ու տարեկան զեկույցներում անընդհատ ցիտելով միջազգային հեղինակավոր հանդեսներում տպագրված-անտիպ իրենց հոդվածներից, քաջ գիտակցելով, սակայն, որ հոդվածներով մեր երկրի տնտեսական ու ռազմական խնդիրները լուծել հնարավոր չէ, դրանք մեր երկրի գիտությանն ու տնտեսությանը օգուտ տալ չեն կարող:


Այն, որ մեր շատ ու շատ գիտնականներից օգուտ չկա, ես համոզվեցի այս տարվա հունիսի 9-ին «Голос Армении» թերթի կազմակերպած «կլոր սեղանի» ժամանակ: Քննարկման էր դրված այն հարցը, թե գիտությունների ազգային ակադեմիան ի՞նչ կարող է անել Հայաստանի տնտեսության զարգացման համար, ինչո՞վ կարող է նպաստել տնտեսական ճգնաժամի հաղթահարմանը: Բարձրացված հարցն այդպես էլ մնաց օդում կախված: Մեր գիտական էլիտան հաստատեց, որ Հայաստանի տնտեսությանը առաջարկելու ոչինչ չունի, ակադեմիան միայն լուրջ ֆինանսների ներարկման կարիք է զգում, իսկ իրենց ֆունդամենտալ գիտությունը առաջ տանելու համար կսպասեն... մինչև Հայաստանի էկոնոմիկան հիմնովին ոտքի կանգնի: Հարց է՝ եթե Հայաստանի տնտեսությունը կարողանա առանց ակադեմիայի հաղթահարել առկա տնտեսական ճգնաժամը, ապա մեր երկրի ինչի՞ն են պետք մեր ակադեմիկոս-գիտնականների, իրենց խոսքերով ասած, ֆունդամենտալ հետազոտությունները: Պետք է համոզված լինել, որ առանց կիրառական գիտության Հայաստանի տնտեսությունը, արդյունաբերությունը, հատկապես ռազմական արդյունաբերությունը ոտքի կանգնել չեն կարող, գիտությունը հանուն գիտության շատ կարևոր է, բայց այդ գաղափարը մեր ժամանակների համար չէ, մենք դրա ժամանակը չունենք, որովհետև հայրենիքի սահմանները պաշտպանող մեր պատանի զինվորները շարունակում են զոհվել: Ինչ մնում է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահի բնորոշմանը՝ մեր «քոսոտ» երկրի վերաբերյալ, պետք է ասել, որ մեր երկիրը շատ լուսավոր ու արժանավայել է:

Քոսոտը միայն ժողովրդի հաշվին ապրող մեր իշխանավորներն ու նրանց հարող պետականամետ գիտնականներն են, որոնք առիթը երբեք բաց չեն թողնում գործող գիտնականների նախաձեռնողական աշխատանքները պախարակելու, դրանց խոչընդոտելու համար: Նրանք էլ փչացնում են մեր երկրի գործերն ու հեղինակազրկում են մեր արժանապատիվ ժողովրդին: Ճիշտ է ասված. քոսոտ մոզին գցում է նախրի պատիվը: Խորհրդային տարիներին մեր գործը վատ էր այնքանով, որ գիտական աշխատանքների ներդրումները արտադրության մեջ դանդաղ էին ընթանում, հիմա դրությունը անտանելի է դարձել. գիտական կարևոր աշխատանքների ներդրման գործը դրված է փակի տակ ու հայտնի չէ՝ ո՞ւմ մոտ է գտնվում այդ փակի բանալին, ու ե՞րբ է վերջապես հրահանգավորվելու, որ աշխատել է պետք, այլապես ոչինչ չի ստացվի: Այնպես որ, այսօր, մտաբերելով Բորիս Պաստուխովին, փորձում եմ հասկանալ, թե ի՞նչ հարց էր մեզ տալիս ու մեզնից ինչ պատասխան էր ակնկալում ստանալ խորհրդային բարձրաստիճան կուսակցական գործիչը:

Դա 1981 թվականն էր, Աբովյանի «Սիրիուս» գործարան այցելած ԽՍՀՄ վարչապետ Կոսիգինից (1979 թ.), ԽՍՀՄ ՌԱՀ նախագահ Լեոնիդ Սմիռնովից (1980 թ.), ԽՄԿԿ քաղբյուրոյի անդամներ Էդվարդ Շևարդնաձեից ու Հեյդար Ալիևից (1980 թ.) հետո: Այն ժամանակ իմ պատասխանը այսպիսին էր.


-Գաղտնիքներ չունենք, մենք ուղղակի մտածում ու աշխատում ենք միասին, այստեղից էլ առաջանում են այն արդյունքները, որոնք Դուք հիմա տեսնում եք:
Պաստուխովը իր ծոցատետրի մեջ սկսեց արագ-արագ գրառումներ կատարել: Հետաքրքիր է՝ ի՞նչ է գրում, աչքի պոչով նայում եմ, գրեց. мозговой трест: Մեր աշխատանքների կազմակերպման այդպիսի տեսակավորումը մեզ համար նորություն էր, հետագայում պարզեցի, որ դա Ամերիկայում շատ տարածված Ալեքս Օսբոռնի առաջարկած հանրահայտ սիստեմի մասին է, որը վերաբերում է գիտական, տեխնիկական, տնտեսական, ռազմական ու այլ բնույթի բարդ խնդիրների լուծման ժամանակ աշխատանքների կազմակերպմանը՝ կոլեկտիվ մտածողությունը ակտիվացնելու միջոցով: Օսբոռնի մեթոդը այսօր էլ լայնորեն կիրառվում է աշխարհում: Գիտական աշխատանքները կազմակերպելու, կոլեկտիվ մտածողությունն ակտիվացնելու միջոցով բարդ խնդիրների լուծումները գտնելու մեր ձևը էականորեն տարբերվում էր Օսբոռնի սիստեմից: Նրանց մոտ գիտնականներն աշխատում էին ժամավճարով ու մոտավորապես հետևյալ սխեմայով. գիտական քննարկումներին մասնակցելու համար հրավիրվում են վեց ճանաչված մասնագետներ՝ դրսից, նրանց գումարվում են կազմակերպիչ ֆիրմայի վեց մասնագետները՝ ներսից, միասին նստում ու սկսում են քննարկել տարաբնույթ պրոբլեմային խնդիրները՝ փորձելով գտնել դրանց լուծման օպտիմալ տարբերակները: Մեր իշխանությունները կարող են օգտվել Օսբոռնի սիստեմից՝ երկրի առջև ծառացած հրատապ խնդիրների լուծումները գտնելու համար, եթե չեն անում, իրենց սխալն է:


Մենք, տեղյակ չլինելով կոլեկտիվ մտածողության կազմակերպման օսբոռնյան ձևին, մեր աշխատանքներում մշտապես կիրառել էինք Նիկոլայ Գորյունովի «շկոլային» հատուկ խորհրդային տարբերակը, որը ձևավորվել էր Մոսկվայում ու իր հետագա զարգացումը ստացել Խորհրդային Հայաստանում. աշխատել միայն կամավորության, անշահախնդիր փոխադարձ օգնության ու օգտակարության սկզբունքով, սրտացավությամբ, պարտքի զգացումով ու պատասխանատվությամբ: Նոր գաղափարների վրա միասնաբար աշխատելուց բացի, այստեղ կար մեկ պարտադիր պայման. ապագա աշխատանքների արդյունքներից կարող էին օգտվել միայն գործի մասնակիցները: Շարքային լաբորանտից սկսած մինչև մեծավաստակ գիտնականը հավասար իրավունքներ էին ստանում՝ դառնալու գյուտի, հոդվածի կամ ռացիոնալիզատորական առաջարկի հեղինակներ և ոչ թե քննարկումների ժամանակ ներկա գտնվելու, այլ նոր գաղափարներ առաջարկելու և աշխատանքների մեջ ակտիվ ներգրավված լինելու պայմանով։ Ափսոս, Պաստուխովի ժամանակ հայտնի չէր, որ Գորբաչովը շուտով գալու է իշխանության ու խորհրդային երկրում ամեն ինչ տակնուվրա է անելու, թե չէ Բորիս Նիկոլաևիչին կխնդրեինք, որ գիտահետազոտական աշխատանքների կազմակերպման մեր գորյունովական-հայկական տարբերակը իր հետ տաներ ու տարածեր երկրով մեկ, հնարավոր է՝ դա սկսեր աշխատել ու օգուտներ տալ՝ խորհրդային տնտեսությունը հեռու պահելով խոր ճգնաժամից, իսկ Խորհրդային Միությունը փրկելով կործանումից: Գիտությունը կարող է անել ամեն ինչ, եթե կազմակերպված ու լավ մոտիվացված է, գտնվում է պարկեշտ, երկրի հոգսերով ապրող մարդկանց ձեռքերում: Խորհրդային երկրի գործերը սկսեցին հիմնավորապես վատանալ այն օրվանից, երբ կոմունիստական իշխանությունները որոշեցին, որ իրենց ամեն ինչ կարելի է, եկել է ժամանակը, որպեսզի կուսակցության տնօրինմանը հանձնվեն երկրի բոլոր մեծ ու փոքր ղեկերն ու իշխանական լծակները տեղերում՝ Կրեմլից մինչև վերջին աուլները: Դա 1977 թվականի հոկտեմբերի 7-ին էր, մարշալ Համազասպ Բաբաջանյանի մահվանից 20 օր առաջ, երբ ընդունվեց Խորհրդային Միության երրորդ (բրեժնևյան) սահմանադրությունը: Նոր սահմանադրության 6-րդ հոդվածով ամրագրվում էր, որ «Руководящей и направляющей силой советского общества, ядром его политической системы, государственных и общественных организаций является Коммунистическая партия Советского Союза. КПСС существует для народа и служит народу. Вооруженная марксистско-ленинским учением, коммунистическая партия определяет генеральную перспективу развития общества, линию внутренней и внешней политики СССР, руководит великой созидательной деятельностью советского народа, придает планомерный научно обоснованный характер его борьбе за победу коммунизма. Все партийные организации действуют в рамках Конституции СССР». Համաձայն 1936 թվականի ստալինյան սահմանադրության «ВКП(б) была руководящим ядром всех организаций трудящихся»։

1924 թվականի սահմանադրության մեջ այդ մասին ընդհանրապես չէր հիշատակվում: 1990 թվականի փետրվարի 5-ին ԽՄԿԿ կենտկոմի ընդլայնված պլենումի որոշումով ԽՍՀՄ սահմանադրության 6-րդ կետը չեղյալ հայտարարվեց, բայց արդեն ուշ էր. ԽՍՀՄ սահմանադրության 6-րդ կետը հաջողությամբ կատարել էր իր վրա դրված պատմական միսիան ու կատարել էր 6-րդ կետը հորինողների կամքը. Խորհրդային Միությունը հաստատուն քայլերով գնում էր դեպի կործանում:
(շարունակելի)

Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ

Դիտվել է՝ 2803

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ