Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացնում Կրեմլում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երկու երկրների ղեկավարները քննարկելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային արդի խնդիրներին առնչվող առանցքային հարցեր ։ Ընթացիկ բանակցությունները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության ավարտի ֆոնին։                
 

Երբ ցանկացած քայլ ավելի է բարդացնում իրավիճակը

Երբ ցանկացած քայլ ավելի է բարդացնում իրավիճակը
17.06.2016 | 00:28

Վաղուց արդեն գաղտնիք չէ, որ Հայաստանում «կոռուպցիայի դեմ պայքար» անվանումը կրող հերթական գործողությունը պայմանավորված է հիմնականում մի քանի գործոնով։ Նախ և առաջ ակնհայտ է արտաքին ճնշումը. եկավ մի պահ, երբ Հայաստանը սկսեց ձեռքը պարզած ման գալ ամբողջ աշխարհով, որպեսզի վարկային կամ ֆինանսական միջոցներ ներգրավի։ Սակայն Չինաստանից մինչև ԱՄՆ ու Իրանից մինչև արաբական աշխարհի երկրներ լուրջ հաջողություններ չենք ունեցել։ Միակ հույսը, ինչպես միշտ, մնում էր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնությունը, սակայն հաշվի առնելով ՌԴ ներկայիս սուղ ֆինանսական հնարավորությունները և առկա քաղաքական խնդիրները՝ Ռուսաստանն էլ այդ հարցը չլուծեց։ Եվ հենց այն պահին, երբ ԱՄՆ-ը հասկացավ, որ Հայաստանն այլևս այլ տեղ չունի գնալու, ֆինանսական և տնտեսական փակուղու մեջ է հայտնվել, տարբեր պաշտոնյաների միջոցով սկսեց հասկացնել ՀՀ իշխանություններին, որ կարող է անհրաժեշտ ռեսուրսները ներարկել, բայց մի պայմանով՝ եթե Հայաստանը սկսի հակակոռուպցիոն գործընթացներ։ Պատահական չէ, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզն ամեն առիթ օգտագործում է՝ ասելու, որ ինքը պարզապես չի կարող երաշխավորել, որ Հայաստանում ներդրումներ կատարելիս ամերիկացի գործարարների գումարները երաշխավորված կլինեն հայաստանյան տարաբնույթ անօրինական ռիսկերից։ Ամեն վայրկյան հասկացվում է նաև, որ վարկերի տրամադրումն էլ պայմանավորված է լինելու այն հանգամանքով, թե ԱՄՆ-ը կմիջնորդի արդյոք միջազգային կազմակերպություններին՝ Հայաստանին քաղցր աչքով նայելու և լավ պայմաններով խոշոր վարկային ծրագրեր բացելու համար։


Բնականաբար, երբ խոսքը Հայաստանում կոռուպցիայի դեմ ոչ թե իմիտացիոն, այլ իրական պայքարի մասին է, բոլորը շատ լավ հասկանում են՝ քանի որ գրեթե ամբողջ համակարգը հիմնված է հենց կոռուպցիայի վրա, ապա այդ խնդրին ձեռք տալու դեպքում դիպչում ես նաև քաղաքական համակարգին։ Ըստ էության, դա մեխանիկորեն կարող է լուրջ փոփոխությունների հանգեցնել, ավելին՝ բերել համակարգի փլուզմանը։ Ըստ էության, ամերիկացիները սկսում են նշված գործընթացը։


ՀՀ իշխանություններն այդ ամենն աչքի առաջ ունեն և երկար ժամանակ փորձում էին հայտարարություններով, իմիտացիոն տարբեր գործողություններով առաջին հերթին արտաքին աշխարհին հրամցնել, թե այդ գործընթացը կարգավորվում է վարչապետի գլխավորած հանձնաժողովով։ Սակայն քառօրյա պատերազմից հետո ավելացավ նաև ներքին քաղաքական գործոնը, որն ունի, թերևս, երկու հիմնական բաղադրիչ՝ բողոքական հասարակությունը, որի աչքերը պատերազմական գործողություններից հետո է՛լ ավելի են բացվել, և ոչ թե այն պատճառով, որ մինչ այդ չէին տեսնում կամ չէին հասկանում՝ ինչ է կատարվում շուրջբոլորը, այլ որովհետև հասարակությունն իր համար բացահայտեց, որ իրավիճակը շատ ավելի լուրջ է, քան պատկերացնում էր։ Եթե ժամանակին հանրության համար կային տաբուներ, որոնք, ի դեպ, հենց իրենք էին իրենց համար սահմանել, կամ, պատկերավոր ասած, «սուրբ կովեր»՝ ի դեմս բանակի թեմայի և մասնավորապես պաշտպանության նախարարության շուրջ ընթացող զարգացումների, ապա քառօրյա պատերազմի ժամանակ պարզվեց, որ բոլոր այն զոհողությունները, որ հասարակության կողմից տասնամյակներ շարունակ արվում էին հանուն այդ սրբազան կառույցի կայացման, առնվազն որոշ չափով իրականության հետ կապ չունեն, և երկրում առկա գրեթե համատարած կոռուպցիայում հիմնավորապես թաթախված է նաև բարձրաստիճան գեներալիտետի մի մասը՝ սկսած ներկայումս (կամ մինչ վերջերս) պաշտոն զբաղեցնող բարձրաստիճան զինվորականներից ու նրանց բարեկամներից, վերջացրած «ռեստորանային» և «հարսանիքային» գեներալներով։ Հասարակությունը, ըստ էության, ընդվզեց և այսօր արդեն ավգյան ախոռները մաքրելու հարց է բարձրացնում։


Եվ կա ներքին քաղաքական երկրորդ գործոնը. իշխանությունը հայտնվեց փակուղու առջև, քանի որ քառօրյա պատերազմից հետո հասկացավ, որ թողնելով կոռուպցիայի առկա մակարդակն ու ամենաթողության մթնոլորտը՝ նախ և առաջ պաշտպանական և ռազմարդյունաբերական համակարգերում ստեղծվում է մի իրավիճակ, որ ռազմական գործողությունների ընթացքում չեն կարողանում ունենալ անգամ իրենց սեփական ունեցվածքի պաշտպաններ։ Չենք խոսում նույնիսկ բարձր գաղափարների մասին՝ հայրենիք, սահմաններ և այլն, այլ այն ունեցվածքի, որը ժամանակին ձեռք էին բերել տարբեր հանգամանքներում՝ ապօրինություններ, կոռուպցիա, մենաշնորհ։ Այստեղ ավելի շուտ սկսում է աշխատել իշխանությունների ինքնապաշտպանական բնազդը։ Օդում կախված է «ինչ-որ բան պետք է անել» շեշտադրումը, համատարած դժգոհություն է ամբողջ պետական ապարատում, և անգամ ամենաբարձրաստիճան պաշտոնյաներն էլ արդեն պատի տակ խոսում են, որ այսպես շարունակել անհնար է։


Ինչպես հայտնի է, շախմատում կա մի հասկացություն՝ ցուգցվանգ։ Դա մի իրավիճակ է, որում ցանկացած կատարվող քայլ ավելի է բարդացնում դիրքը պարտիայում։ Պարզ է, որ շախմատում բավականին հմտացած Սերժ Սարգսյանը շատ լավ գիտի նման իրավիճակի վտանգավորության աստիճանը։ Երբ հայտարարվում է երկրում կոռուպցիայի, մենաշնորհների դեմ պայքարի մասին, Սերժ Սարգսյանը հասկանում է, որ լուրջ քայլեր ձեռնարկելու դեպքում համակարգը կարող է նաև փլուզվել։ ՈՒստի իր իսկ խոսքերով որդեգրում է «դանդաղ շտապելու» քաղաքականություն, ինչը, սակայն, ներկա իրավիճակում արտաքին աշխարհի և ներսի «ունկնդրի» համար իրականում իմիտացիոն գործողություններ է ենթադրում։ Ընդ որում, և՛ հասարակությունը, և՛ արտաքին աշխարհը շատ լավ ընկալում են այդ գործողությունների ձևական բնույթը։


Սերժ Սարգսյանի դանդաղ ընթանալու բավականին վիճելի մարտավարությունը ենթադրում է՝ օլիգարխներին և նրանց հետ սերտաճած պաշտոնյաներին անընդհատ համոզում են, որ եթե միասին չփորձեն դուրս գալ փոսից և պահպանել համակարգը, ապա այն փլուզվելու է, և կործանվելու են բոլորը։ ՈՒստի պետք է փորձել գոնե միառժամանակ ստվերից հանել ու գոնե մի քիչ ավելի շատ գումար մուտքագրել բյուջե։ Պատահական չէ, որ ապրիլ-մայիս ամիսներին անընդհատ հայտարարում էին, թե աննախադեպ մուտքեր են գրանցվել բյուջե: Սակայն հետաքրքրական է, որ մի քանի օր հետո ի վերջո պարզվեց, որ հարկային հաշվետվություններում նաև սխալ թվեր են գրանցվել։ Իբր ավելի քան 200 ընկերություններ սխալ վճարումներ են արել պետբյուջե, իսկ ոմանք անգամ միլիոնների փոխարեն միլիարդներ են վճարել: Մամուլը և տնտեսագետների մի մասը շատ պարզ բացատրություններ գտան ապրիլյան և մայիսյան հարկային «ֆենոմենին». պարզվեց՝ բյուջեն ուղղակի հավաքվում է կանխավճարների շնորհիվ։ Նախորդ երկու ամիսներին հսկայական կանխավճարներ են արվել, ինչը հանգեցնելու է նրան, որ ընդամենը մի քանի ամիս հետո գումար հավաքելու ռեսուրս այլևս չի լինելու։ Այստեղ գուցե նորից փորձեն գումարներ պոկել դժվար համոզվող օլիգարխներից, որպեսզի ստվերից ևս մի քիչ շատ գումար հանվի։ Իշխանությունների համար պարզ է, որ կանխավճարների և մոնոպոլիստ օլիգարխներին համոզելու ռեսուրսը սահմանափակ է և լուրջ դժգոհություն է առաջացնում։

Պատահական չէ, որ որպես փրկօղակ շրջանառության մեջ է դրվում հարկային նոր օրենսգիրքը, որը հսկայական հետքայլ է հարկային նախորդ օրենսդրությունից։ Այն բացահայտորեն խեղդում է փոքր և միջին բիզնեսը։ Կրկին իջեցվում է շրջանառության հարկի շեմը, ինչը նշանակում է, որ իշխանությունները փոքր և միջին բիզնեսի համար ուղղակիորեն բարձրացնում են հարկային բեռը, իսկ ակցիզային հարկերը մեծացնելով՝ նպաստում են որոշ կարևորագույն և այլ ապրանքների գնագոյացման վրա ներազդող ապրանքների գների բարձրացմանը։ Այս փոփոխություններն Ազգային ժողովում արժանանում են թե՛ գործարար պատգամավորների, թե՛ օլիգարխների ու թե՛ նույնիսկ որոշ, սովորաբար հլու-հնազանդ հանրապետականների լուրջ քննադատությանը։ Բոլորը հասկանում են, որ իրավիճակային հարցեր լուծելով՝ իրականում շատ լուրջ հարված են հասցնում տնտեսությանը։ Ի վերջո, դա բերելու է աշխատատեղերի փակմանը, փոքր և միջին բիզնեսի կրճատմանը, արտագաղթի աճին։ Եվ ինչպես ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանն է նշել խորհրդարանում քննարկման ժամանակ, «հարկային նոր օրենսգիրքը դիվերսիա է տնտեսության նկատմամբ, և ՀՀ տնտեսավարողները գերի են ընկել հարկային պլանների կատարման ձեռքը»։

«Թողնենք գնա՞նք սաղս, որ պրծնենք, գերի՞ ենք ընկել ձեր ձեռքը»,- հայտարարեց պատգամավորը արդեն իր ղեկավարած ՄԱԿ կուսակցության անունից: Իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նույն քննարկումների ժամանակ ԱԺ-ում ուղղակի սպառնաց, որ փողոց կհանի ժողովրդին՝ հիշեցնելով իշխանությանը, որ իր ղեկավարած կուսակցությունում մի ստվար զանգված «Դեմ եմ» հայտնի շարժման նախկին ակտիվիստներ են, որոնք փողոցային պայքարի հաջողված փորձ ունեն:


Ի դեպ, ինչպես սովորաբար արվում է, ՀՀ իշխանությունները սլաքներն իրենցից հեռացնելու համար տեղեկատվական արտահոսքերի միջոցով պատճառաբանում են, թե հարկային նոր օրենսգիրքը միջազգային ֆինանսական վարկատու կազմակերպությունների պարտադրանքով է ընդունվում։ Այստեղ, իհարկե, ճշմարտության հատիկ կա, սակայն միջազգային կազմակերպությունների վարքագիծն էլ պայմանավորված է նրանով, որ ՀՀ իշխանությունները գործնականում ավելի լիբերալ օրենսդրությամբ ի վիճակի չեն լինելու արդեն մոտ ապագայում ապահովելու բյուջետային մուտքերը։


Փաստորեն, իշխանությունը, տեսնելով, որ օլիգարխներին համոզելու և փող պոկելու հնարավորություններն այնքան էլ մեծ չեն, ասպարեզ է բերում հարկային նոր օրենսգիրք՝ հարկային բեռը դնելով հասարակության լայն խավերի վրա։ Հետաքրքրական է, որ իշխանական վերնախավը նման ոչ պոպուլյար քայլի գնում է խորհրդարանական ընտրություններից առաջ: Եվ սա նույնպես շեշտադրում է այն, որ երկրի տնտեսական և ռազմաքաղաքական իրավիճակը այնքան բարդ է, որ դրան նույնիսկ ստորադասվում են իշխանության նախընտրական հետաքրքրությունները: Միևնույն ժամանակ գուցե հեռու չեն ճշմարտությունից այն ենթադրությունները, որ այս ամենի քավության նոխազ է դարձվում Հովիկ Աբրահամյանը իր կառավարմամբ հանդերձ:


Եվ որպեսզի ցույց տրվի, թե ինչ-որ բան, այնուամենայնիվ, արվում է, գործի են դրվում որոշակի PR քայլեր՝ քավության նոխազների տեսքով։ Դրա վառ օրինակը տեսնում ենք պաշտպանության նախարարությունում, որտեղ աշխատանքից ազատվեցին, ձերբակալվեցին վարչության պետեր, նույնիսկ փոխնախարար, սակայն ամենաբարձրաստիճան օղակները դեռևս մնում են իրենց տեղերում։ Դժվար չէ կռահել, որ այս ամենն ընդամենը հանրային հաշվետվություն է դրսի, և մի փոքր էլ գուցե՝ ներսի բողոքական լսարանի համար։
Ցուգցվանգային իրավիճակում խաղատախտակի վրա բավականին բարդ իրավիճակ է, և ցանկացած քայլ կամա թե ակամա էլ ավելի է վատացնում իրավիճակը։ Հայաստանի ներսում ճիշտ նույն պատկերն է. կտրուկ քայլեր անել անհնար է, դրանք կարող են բերել ոչ միայն առնվազն մասնակի փլուզման, այլև վերնախավում կառաջացնեն անկանխատեսելի հետևանքներով լուրջ դժգոհություններ։ Մեր երկրում, ինչպես հայտնի է, պալատական հեղաշրջման նախադեպ կա, ճիշտ է, արցախյան թեմայով, բայց հիմա էլ այդ պատրվակը, ըստ որոշ վերլուծությունների, բավականին արդիական է։


Այստեղ գալիս է շախմատային մեկ այլ իրավիճակ. երբ քայլերն անելու համար մտածելու ժամանակ այլևս չկա։ Չշտապելու ժամանակ ՀՀ բարձրաստիճան ղեկավարությունն այլևս կարծես թե չունի։ Այդ իսկ պատճառով շատ բան արվում է շատ արագ, թվում է թե՝ իմպրովիզացիոն կերպով, խորապես չմտածված, ինչը դիպչում է իշխանական տարբեր տնտեսաքաղաքական խմբերի շահերին։ Արդյունքում տարբեր ոլորտներում տեղային պատերազմներ են. ասենք տարբեր ուժային գերատեսչություններ պայքարում են միմյանց դեմ, այդ թվում՝ հակառակորդ թևի լրատվական ռեսուրսները փակելով։ Ռազմավարական և մարտավարական առումով լավ չմտածված ցայտնոտային իրավիճակում մենաշնորհների դեմ պայքարը վերածվում է այդ նույն մենաշնորհներն օրինականացնելու շարժման և այլն։ Իսկ գերատեսչությունների մեքենաների կրճատման անընդհատ քարոզվող գործընթացը վերածվել է ֆարսի։ Արդյունքում, պարզվում է, որ կրճատվում են միայն անպիտան ու անտեր մեքենաները, որոնց գոնե մի մասն ընդամենը մետաղի ջարդոն է, և այս ֆոնին ամենածիծաղելին գյուղնախարարության կողմից 1982 թվականի արտադրության կատաֆալկայի դուրսգրումն է։


Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2338

Մեկնաբանություններ