Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Սենսացիա եմ ծախում, սա՜րքովի»

«Սենսացիա եմ ծախում, սա՜րքովի»
17.06.2016 | 01:09

Նորից ամառ է, ու լրատվական դաշտն էլ ցայտնոտի մեջ հայտնվելու առաջին նշաններն է ցույց տալիս: Մոտենում են «եղունգ նայելով» նյութ սարքելու կամ, որ նույնն է, լուն ուղտ դարձնելով ընթերցող, ունկնդիր և ակնդիր «կպցնելու» ժամանակները: Քաղաքական հարթակը երկարատև արձակուրդի սպասումների մեջ է, հանրությունը պատրաստվում է մի կերպ դիմակայելու ամռան մաշող շոգերին, զանգվածային լրատվամիջոցներն էլ ախ են քաշում, որ արտառոց մի բան պատահի, իրենք էլ իրենց հերթին մի լավ «ծաղկացնեն» տեղի ունեցածը ու որպես սենսացիա հրամցնեն ընթերցող-ունկնդիր-ակնդրին:

Անցած շաբաթ օրը, այդ իմաստով, դատարկաձեռն չթողեց էլեկտրոնային ու տպագիր ԶԼՄ-ներին, սրանք էլ, իրար հերթ չտալով, շտապեցին տիրաժավորել օրվա «բոցը»՝ «Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանի՝ Արաբկիր վարչական շրջանում գտնվող առանձնատուն գիշերով գող է մտել: Պատկերացրիք, չէ՞, ի՜նչ թառլան պատառ՝ սոված լրատվամիջոցների համար, հատկապես, երբ գողոնի մեջ «ոսկե ձվեր» կան, և կարելի է դրանք հանգիստ տեղավորել աշխարհահռչակ ոսկերիչ-արվեստագետ Կառլ Ֆաբերժեի «զամբյուղում»: ՈՒ տեղավորեցին՝ զոռ տալով երևակայությանն ու շտապելով ենթադրել, թե դրանք այն ինը պակասող զատկական «ձվերից» երեքն են, որ անհետացել են ոսկերչի «զամբյուղից», և որոնք փնտրում են աշխարհի բոլոր արվեստագետներն ու կոլեկցիոներները:

Ճիշտ է, ավելի ուշ Բարսեղ Բեգլարյանը «հիասթափեցրեց» «ոսկե ձվերի» փայլով շլացած լրագրողներին, ասելով, թե դրանք շատ սովորական շքեղ հավկիթներ են և ոչ մի կապ չունեն Ֆաբերժեի հետ, բայց լուրն արդեն դրվել էր շրջանառության մեջ ու «ցնցել» սենսացիայի սիրահարներին: Իսկ սա, ի գիտություն չիմացողների, ամենակարևորն է ԶԼՄ-ների համար: Խեղճ Բարսեղ Բեգլարյանը թող էլի ասի՝ ա՛յ տնաշենի գող, ես՝ համեստ ապրող մարդ, մտել էիր իմ տուն, որ ի՞նչ տանեիր, մի քանի քայլ վերև իրեն չոր աշխատավարձով ապրող Կորեյկոյի տեղ դրած, իրականում ընդհատակյա միլիոնատեր-օլիգարխ Լյովիկ Զուրաբյանի տունն է, նրա տունը մտնեիր, էդքան քթի ծակ է՞լ չունես:


Հիմա ո՞նց չհարցնենք մեր ոչ բարով կոլեգաներին՝ այ հարգելիներս, էդ որ եզան տակ հորթ եք ման գալիս ու ձեր արևին գտնում եք, բա չեք մտածո՞ւմ, որ մարդիկ խոտ չեն ուտում, ախր, ոչ էլ «ոսկե ձվերից» պատրաստած ձվածեղ, որ թեթև ձեռքով դուք եք հրամցնում: Ի վերջո, հանրայնորեն դատապարտելի արարք է թույլ տրվել՝ գողություն, և կարևոր չէ, «Ֆլեշ» ընկերության նախագահի՞ տնից, թե՞ Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի (ի դեպ, հենց նույն գիշերը և նույն գողի կողմից, ով ձերբակալված է արդեն և խոստովանել է սեփական հանցանքը): Չարախոսելու և Նոյի թվի հերյուրանքներ տիրաժավորելու փոխարեն չէր լինի՞ կարճ-կոնկրետ-հավաստի մի լուրով իրազեկեիք ձեր ընթերցող-ունկնդիր-ակնդիրներին տեղի ունեցածի մասին, մարդիկ էլ կարդային-լսեին-տեսնեին-բան հասկանային եղելությունից, ոչ թե ընկնեին չոլերը: Չէ, իհարկե չէր լինի, ձերը «սենսացիան» է, և կարևոր չէ՝ ինչպես է այն սարքվում՝ «եղունգ նայելո՞վ», թե՞ «մատից հոտ քաշելով»:


Հետո էլ տրտնջում ենք, թե մարդիկ հավատ չեն ընծայում չորրորդ իշխանությանը:
Տո լավ էլ անում են:


Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 13297

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ