Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

«Թորած ազգ չկա. ամեն ազգ ունի իր տականքը, հարցը տոկոսային հարաբերությունն է»

«Թորած ազգ չկա. ամեն ազգ  ունի իր տականքը, հարցը տոկոսային հարաբերությունն է»
17.06.2016 | 09:50

«Իրատեսի» հյուրն է գրող ՍՈՒՍԱՆՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, ով օրերս արժանացավ ՀՀ նախագահի ամենամյա գրական մրցանակին՝ «Ագռավները Նոյից առաջ» գրքի համար:



«ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԻՑ Ի ՎԵՐ ԵՍ ԱՌԱՋԻՆ ԿԻՆ ԳՐՈՂՆ ԵՄ, ՈՐ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ
ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՆՄԱՆ ԳՆԱՀԱՏԱՆՔԻ»


-Սուսաննա, ի՞նչ է նշանակում գրողի համար ՀՀ նախագահի մրցանակին արժանանալը:
-Հակասական բաներ։ Նախ՝ ուրախ եմ. անկախությունից ի վեր ես առաջին կին գրողն եմ, որ գրականության բնագավառում արժանացել է նման գնահատանքի: Թեև այն կոչվում է նախագահի մրցանակ, բայց, ըստ էության, մեր երկրի երկու (պետական և նախագահական) բարձրագույն գրական մրցանակներից մեկն է, որը շնորհում է պրոֆեսիոնալ հանձնաժողովը: Էն, որ մրցանակը կոչվում է նախագահի, կարծում եմ, անցյալի մնացուկ է, և եթե անկեղծ, վստահ եմ, որ ՀՀ նախագահը ո՛չ կարդացել է իմ գիրքը, ո՛չ էլ մինչ այդ գիտեր իմ գոյության մասին: ՈՒրեմն, առաջինը՝ շատ գոհ եմ, որ ինձ այս կերպ եմ հաստատում ժամանակակից գրական դաշտում, և շնորհակալ, որ հանձնաժողովը արժևորել է իմ աշխատանքը: Մինչ այս ինձ թվում էր, թե ես զուտ հոգևոր արարած եմ, բայց արի ու տես, որ մրցանակին կից գումարի համար էլ շատ եմ ուրախացել. ամբողջ կյանքում ձրիակեր եմ եղել, կա՛մ մորս փողերն եմ ծախսել, կա՛մ ամուսնուս… մի խոսքով, գումար վաստակելը լավ բան է: Նաև տխուր եմ, որովհետև հայաստանաբնակ գրողի համար սա նվաճումների վերջակետ կարելի է համարել, քանի որ միջազգային մրցույթներում ուժերդ փորձելու համար միայն քո ջանքերը քիչ են, էդտեղ թիմային և պետական մակարդակով տարվող աշխատանք է պետք: Իսկ երբ դրսում հրատարակվելու, մեր մշակույթը քարոզելու մասին ես խոսում, անկեղծորեն ու անամոթաբար ձեռքերը կողմ են տարածում. «Դե գիտես` ինչ պետության մեջ ենք ապրում»: Կարելի է կարծել` իրենք էդ պետության չինովնիկը չեն, կամ հենց իրենց վրա չէ մեր մշակութային մեկուսացման մեղքը:

«ՏԱՂԱՆԴՆ ԱՅՆ Է, ԻՆՉԸ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ՓՉԱՑՆԵԼ ԿՐԹՈՒԹՅԱՄԲ ՈՒ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՄԲ»


-Սովորական ընթերցողը, առավել ևս՝ գրողը, իր կարդացած գրականության ու դրա հերոսների ազդեցության դաշտում է կառուցում սեփական աշխարհայացքը: Դատելով «Ագռավները Նոյից առաջ» վիպակի ու նրա գլխավոր հերոս Հարութի հատկանիշներից՝ դու կրում ես Հրանտ Մաթևոսյանի «Տերը» ստեղծագործության դրոշմը: Այդ ազդեցության ընկալումները գիտակցակա՞ն մակարդակում են, թե՞ ենթագիտակցական:
-Արդյո՞ք գրողը իր կարդացած գրքերի և դրանց հերոսների ազդեցությամբ է կերտում սեփական աշխարհայացքը: Եթե այդպես է, ուրեմն խոսքը ձեռքբերովի տաղանդի մասին է: Բնածին օժտվածը հենց իր աշխարհայացքով էլ ծնվում է: Նրա կարդացած գրքերը ինչ-ինչ բաներ կարող են հղկել, հարստացնել, բայց ոչ կառուցել: Առհասարակ, կարծում եմ՝ տաղանդն այն է, ինչը հնարավոր չէ փչացնել կրթությամբ ու դաստիարակությամբ: Եթե անկեղծ ասեմ, դու առաջին մարդն ես, որ իմ գործերում մաթևոսյանական դրոշմ է տեսնում: Որոշ գրականագետների կարծիքով՝ իմ արժանիքը հենց այն է, որ, գրելով գյուղի մասին, բոլորովին չազդվեցի Մաթևոսյանից, ինչպես եղավ իմ շատ տաղանդավոր ընկերների դեպքում, ստեղծեցի իմ գյուղը: Որպեսզի ինչ-որ բան դրոշմվի, պետք է որ այն թափով վրա գա, քո ներսից տարածք նվաճի։ Թեև շատ բարձր եմ գնահատում Մաթևոսյանին և նրա գրականությունը, բայց իմ պատկերացրած արձակի մեծը Մահարին է, և կուզենայի, ասենք, նրա «Այրվող այգեստանների» դրոշմը կրել: Ինչ վերաբերում է գիտակցականին ու անգիտակցականին… տո ես շա՞տ գիտեմ: Ես ինձ համար գրում եմ, որ ազատվեմ տանջող մտքերից, դուք դրանց մեջ բանուման եք տեսնում: Միտքը գալիս է, քեզ անհանգստացնում, մի օր, երկու օր, երրորդ օրը սկսում է բոթել, չորրորդ օրը՝ հալածել, հինգերորդ օրը խփում-քնից հանում է, չի թողնում ուրիշ բանի մասին մտածել, և երբ հասկանում ես, որ՝ չէ, սա կյանքդ հարամում է, սրանից ազատվել է պետք, նստում ես ու նրան լքում սպիտակ թղթի վրա: Դե թող իմանա… Բայց դեռ շունչ չես քաշել, հայտնվում է նրա եղբայրը։ Ասես վրեժ են լուծում քեզնից…

«ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ Է ԼԻՆՈՒՄ ԺԱՄԿԵՏԱՆՑ»


-«Ագռավները Նոյից առաջ» վիպակում ինձ համար մի կարևոր գաղափար է շոշափվում. գաղթի ճանապարհին թուրք խուժանից բռնաբարված գեղեցկուհի Նախշունը զույգ աղջիկներ է ծնում, որոնք հետագայում դառնում են պոռնիկներ: Ես մտածում եմ, որ այս լուծումով դու ցանկացել ես մեզ մաքրել այսօր Թուրքիայում մարմնավաճառությամբ զբաղվող հայաստանցի (չեմ ուզում ասել՝ հայ) կանանց մեղքից: ՈՒնեցե՞լ ես նման նպատակ սյուժեն կառուցելիս:
-Առհասարակ գրելիս չեմ մտածում իմ ազգը մաքրագործելու կամ փառաբանելու մասին. գրում եմ այն, ինչ գրվում է կամ, կոպիտ ասած, թելադրվում: Համոզված եմ, որ թորած ազգ չկա. ամեն ազգ ունի իր տականքը, հարցը տոկոսային հարաբերությունն է: Բայց մի բան մտածված եմ արել. աղջիկներից մեկը վերջում գնում է գերմանացի գիտնականի հետ, որը ոչ այլ ոք է, եթե ոչ Նոբելյան մրցանակի դափնեկիր, կենսաբան Կոնրադ Լորենցը, ով իր գերության երկու տարին ապրել է Հայաստանում. սա սերիալ նկարողների համար հատուկ եմ շեշտում, ուրիշները այս փաստի հիման վրա բազմասերիանոց կնկարեին: Մանավանդ հիմա, երբ Բունդեսթագը վավերացրեց ցեղասպանությունը հաստատող փաստաթուղթը, գերմանացիները ապացուցեցին իրենց՝ բարձրագույն արժեքներին հավատարիմ լինելը, նման ֆիլմը լավ առիթ կլիներ երախտագիտություն հայտնելու, մեզ համար աշխարհի հետ շփման եզր ապահովելու իմաստով, բայց… վերադառնանք աղջիկներին: Այն, որ զույգերից մեկը գնում է գերմանացու հետ, մտածված եմ արել՝ ասելու համար, որ երբ գերմանական զենքով ու Գերմանիայի թողտվությամբ թուրքերն իրագործում էին ցեղասպանությունը, էդպիսի օր էլ է գալու, երբ այդ աղբը, այդ անմաքրությունը կտանեն իրենց տուն: Եվ կարծես թե հենց դա ենք տեսնում այսօրվա ներգաղթյալների հոսքից դեպի Եվրոպա, որովհետև, իմ կարծիքով, հենց ներգաղթյալներն են Եվրոպայի իրական տերերը, այդ նրանց երկրները թալանելով ու գաղութացնելով է կառուցվել այսօրվա Եվրոպան, այդ նրանց ժողովուրդների ճակատագրի հաշվին է բարգավաճել Եվրոպայի կենսամակարդակը: Այո՛, այդ մի մարգարեությունը ունեցել եմ: Չնայած, երբ գերմանական Բունդեսթագը վավերացրեց ցեղասպանության մասին փաստաթուղթը, բացառիկ հարգանքով լցվեցի այդ ազգի հանդեպ. այնուամենայնիվ, աշխարհն այնքան էլ ապականված չէ, դեռ ազնվություն կա, դեռ ճշմարտությունը տեր ունի, ափսոս, որ ճշմարտությունն էլ է լինում ժամկետանց:
-Ինձ ոչ առաջին անգամ զարմացնում է այն փաստը, որ գրողը ոչ միայն ստեղծագործող է, այլև մարգարե: «Քարտեզ առանց ցամաքի և ջրերի» վիպակում նկարագրված պատմությունը դարձավ իրողություն արցախյան քառօրյա պատերազմի արդյունքում: Թալիշ գյուղը, Հայաստանի՝ ռազմավարական անարժեք տարածք որակված 800 հա հատվածը իրենց գոյությամբ ապացուցում են քո գրողական երևակայության հավաստիությունը: Սրա բացատրությունն ունե՞ս ինքդ:
-Չունեմ: Նույնիսկ առօրյա կյանքում կանխազգացում, հեռատեսություն, գլխի ընկնել՝ բացարձակ չունեմ: Մարդ կա՝ եղանակի փոփոխությունն է զգում, մարդ կա՝ վերահաս վտանգը, մարդ կա՝ կանխազգում է դեպքերի զարգացումը: Ես՝ չէ. միայն կյանքն եմ զգում, ուրիշ ոչինչ: Բայց եթե դա է մարգարեությունը, էդպիսի կռահումներ իմ «Հետգրություն երկինք», «Անմահության սահմանը» վիպակներում, պատմվածքներում էլի կան, բայց… հիշեցի ապարանցու անեկդոտը. գերմանական ինքնաթիռն ընկնում է ապարանցու հողամասը: Օդաչուն դուրս է գալիս, ուզում է հասկանալ՝ ուր է ընկել. գերմաներեն է հարցնում՝ պատասխան չկա, անգլերեն է հարցնում՝ պատասխան չկա, ռուսերեն է հարցնում՝ պատասխան չկա: Էս ապարանցու կինը նախատում է ամուսնուն. «Ա՛յ մարդ, էդքան ասի՝ մի լեզու սովորի»: «Դե լա՜վ, դու էլ,- ձեռքը թափ է տալիս ամուսինը,- էս մարդը որ էդքան լեզու գիտեր, ո՞ր մեկը պետք էկավ»: Ես էլի շատ բաներ եմ ասել, բայց կարդացող ու լսող չկա, և ես, ինչպես և մեր երկրում ապրող ցանկացած մտավորական, էդ օդաչուի դերում ենք. հայտնվել ենք մի հասարակության մեջ, ուր մեր լեզուն ոչ ոք չի հասկանում:

«ԴՈՒՔ ՀԱՄՈԶՎԱ՞Ծ ԵՔ, ՈՐ ՄԵՐ ՍԱՅԼԸ ՁԻԵՐ ԵՆ ՔԱՇՈՒՄ»


-Եթե վերանանք գրքից ու գրականությունից, իբրև ՀՀ քաղաքացի՝ ինչպե՞ս կգնահատես մեր ապրած քառօրյա ցնցումն ու հետցնցումները:
-Քանի որ մենք քրոնիկ ցնցումների ու հետցնցումների մեջ ենք, երբեմն ինձ թվում է, թե առանց դրանց կյանքը չափազանց անհետաքրքիր կլիներ, իսկ եթե լուրջ, ամբողջությամբ փոխվեց իմ կարծիքը մեր ժողովրդի մասին, դեպի վատը, իհարկե. ինձ նյարդայնացնում են այս հավերժական ավարայրները, հայրենասիրության այս հիստերիան, սիրո այս փողփողուն ու ծեքծեքուն ցուցադրումը, հայրենիքը սիրել-չսիրելու վրա ինքնահաստատվելը: Թվում է, թե ապրում եմ ծուռ հայելիների աշխարհում: Ի՞նչ ասել է հաղթանակ. հաղթանակը այն է, երբ դու ծայրահեղ, էքստրեմալ իրավիճակից դուրս ես գալիս շահած, քո ճշմարտացիությունը ապացուցած: Մենք կորցրել ենք տարածքներ, տվել ենք չպատճառաբանված զոհեր, մենք բացահայտել ենք, որ մեզ լքել են և՛ թշնամիները, և՛ բարեկամները, մենք վերահայտնաբերել ենք, որ մեզ խաբել է մեր կառավարությունը, մենք ընտանիքներով փախչում ենք երկրից, հայրենիքը մեզ համար խոպան է, որտեղ մեր «ընտրյալները» փող են «աշխատում»՝ եվրոպաներում կայքեր գնելու… և դա համարում ենք հաղթանակ, տոնում ենք, դափ ու ծափ ենք զարկում և պարում: Առհասարակ, աննորմալ է, երբ երկրի կառավարման, բանակի, պաշտպանության և այլ հարցեր լուծում են ազգովին: Եթե ազգի թոշակառուները պիտի փող հավաքեն բանակը սպառազինելու համար, իհարկե, էդ երկիրը գոյության իրավունք չունի: Այսքան բացահայտումներից հետո անգամ ոչ մի քայլ չի արվում թալանվածը հետ բերելու, սրիկաներին վռնդելու համար: Ես երբեք չեմ եղել Արցախում, բայց այս պատերազմի մասին ստեղծել եմ գործեր, որոնք պարբերաբար թարգմանվում ու տպագրվում են դրսում: Եվ ինձ ավելի հայրենասեր եմ համարում, քան նրանց, ովքեր վերջին դեպքերից մեկ ամիս անց անգամ գնում ու նկարվում են դիրքերում: Որպես գրող՝ ես հոյակապ եմ հասկանում խոսքի արժեքն ու անարժեքությունը. հայրենիքը խոսքով չեն սիրում, սիրո մասին չեն ճչում, սիրտը չեն փռում սահմանի երկայնքով, ոտի կոխան չեն սարքում։ Հայրենիքը կրծքանշան չէ, որ փակցնես կրծքիդ ու ինքդ քեզ պարգևատրես։ Ինչ-որ տեղ կարդացի, թե գետանցման ժամանակ ձիերին չեն փոխում: Իսկ եթե մենք սխալմամբ ավանակ կամ բորենի ենք լծե՞լ։ Դուք համոզվա՞ծ եք, որ մեր սայլը ձիեր են քաշում:


Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1733

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ