Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Հանուն «համաշխարհային ռևոլյուցիայի շահերի»

Հանուն «համաշխարհային ռևոլյուցիայի շահերի»
17.06.2016 | 10:03

1921-ի մարտի 4-ին ՌԽՖՍՀ ազգությունների ժողովրդական կոմիսարիատի «Жизнь национальностей» պարբերականի էջերում «Ա. Սկաչկո» ստորագրությամբ հեղինակը լույս է ընծայում մի հոդված, որն առաջին հայացքից աչքի չի ընկնում արտասովորությամբ և այն բազմաթիվ նյութերից մեկն է, որոնք հիմնավորումներ էին ներկայացնում Խորհրդային Միության կողմից Արևելքում իրականացվող արտաքին քաղաքականության առնչությամբ:
1961-ի դեկտեմբերի 15-18-ին պատմաբան ՆԻԿՈԼԱՅ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ գրախոսում է վերոնշյալ հոդվածը և մերկացնում Ա. Սկաչկոյի մոտեցումները: 40 տարի առաջ այդ մոտեցումներով կեղծանվամբ հանդես եկող հոդվածագիրը անհաջող փորձ էր կատարել Մոսկվայի պայմանագրի նախօրյակին «գիտականորեն» հիմնավորելու Խորհրդային Ռուսաստանի և Թուրքիայի մերձեցումը, ինչի պատճառով ոտնահարվեցին Խորհրդային Հայաստանի շահերը: Ակնհայտ է, որ այս և նմանատիպ հոդվածները լույս էին տեսնում զիջումների համար հող նախապատրաստելու և հայերի շրջանում հնարավոր դժգոհությունների առաջացումը կանխելու նպատակով:


Գրախոսականը սկսվում է նախաբանով, որտեղ հեղինակը ներկայացնում է 1920-1921 թթ. ստեղծված իրավիճակը Խորհրդային Հայաստանի շուրջ, ինչպես նաև Խորհրդային Միություն-Թուրքիա մերձեցման պատճառները: Այնուհետև Նիկոլայ Կարապետյանը ներկայացնում է այն «նորամուծությունները», որոնք կատարել է Ա. Սկաչկոն՝ փորձելով մարքս-լենինյան ուսմունքի դրույթներով արդարացնել 1921-ի մարտի 16-ին կնքված Մոսկվայի պայմանագիրը, հանուն «համաշխարհային ռևոլյուցիայի շահերի» Խորհրդային Հայաստանի կատարած զիջումները Թուրքիային: Հայ պատմաբանը քննադատում է այն հայազգի մտավորականներին, ովքեր մինչև հեղինակի ապրած օրերը սխալմամբ կրկնօրինակում էին 1920-ական թթ. գերակայող դիրքորոշումը, առանց խորամուխ լինելու Խորհրդային Միություն-Թուրքիա մերձեցման հետ կապված հանգամանքների մեջ և առանց հաշվի առնելու հայկական շահերի անտեսումը նույնիսկ խորհրդային իշխանությունների կողմից: Հեղինակն այդ մտավորականներից մատնանշում է Արտաշես Կարինյանին, Գևորգ Աբովին, Համբարձում Էլչիբեկյանին և այլոց: Նիկոլայ Կարապետյանը դատափետում է հատկապես Կարսի և Արդահանի զիջման հետ կապված խայտառակ հիմնավորումները, որոնց, ցավոք, կուրորեն հավատացել են շատ հայ կոմունիստներ:


Ինչպես վերը նշեցինք, Ա. Սկաչկոյի հոդվածը Խորհրդային Միության արտաքին քաղաքականությունը լուսաբանող միակ նյութը չէր և նորություն չէր նաև քարոզչական տեսանկյունից: Սակայն հոդվածի շուրջ կատարած վերլուծությունը արժեքավոր փաստաթուղթ է, որը հերթական անգամ լույս է սփռում հայության համար բախտորոշ շրջանում տեղի ունեցած իրադարձությունների վրա, ինչպես նաև ի ցույց է դնում 1960-ականներին ապրած հայ պատմաբանի աշխարհայացքը, ով ցավ է ապրում կատարվածից՝ մատնացույց անելով «կառավարական վերադաս օրգանների» գործած սխալներն ու որդեգրած հակահայկական կեցվածքը:


Մինչ օրս նյութի անտիպ մնալը պայմանավորված է գրախոսականի բովանդակությամբ, որը չնայած գրվել է 1961-ին, այնուամենայնիվ, արտահայտված մտքերն ու մոտեցումները հանրամատչելի չեն եղել նույնիսկ այդ ժամանակ:


Տեքստում առկա է մեկ անհասկանալի բառ, որի կողքին նշված է՝ անհասկանալի:
Գրախոսականը տրամադրել է Ն. Կարապետյանի զարմուհի, ֆիզմաթ գիտությունների թեկնածու, ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ավագ գիտաշխատող Լ. Գասպարյանն իր անձնական արխիվից։ Օգտակար է ինչպես պատմաբանների, այնպես էլ ընթերցող լայն շրջանակների համար:
«Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի
գիտավերլուծական կենտրոն

Հոդվածի բովանդակությունից և շարադրանքի ոճից երևում է, որ հեղինակը կատարել է կառավարական վերադաս օրգանների հանձնարարականը: Ավելին, երևում է, որ հեղինակը ոչ միայն քաջատեղյակ է սովետա-թուրքական բանակցությունների բոլոր փուլերին, այլև հանդիսանում է Սովետական Ռուսաստանի արտաքին քաղաքականության (մասնավորապես, համաշխարհային կոմունիստական ռևոլյուցիայի հեռանկարի հետ կապված Մերձավոր ու Միջին Արևելքի մահմեդական աշխարհի նկատմամբ արտաքին քաղաքականության) դարբնողներից մեկը: ՈՒստի և հոդվածի տակ դրել է ոչ թե իր իսկական անունը, այլ А. Скачко կեղծանունը:


Եվ դա հասկանալի է, քանի որ սուլթանական և ցարական բռնակալությունների բարբարոսական լծի տակ դարերով հարստահարված ու բռնադատված, անպաշտպան հայ ժողովրդի ազգային շահերը, արժանապատվությունը և իրավունքները դիվանագիտության պատմությանն անծանոթ ցինիզմով և հաղթող բանդիտի սառնասրտությամբ բռնադատումը սրբագործող հոդվածի տակ դժվար էր դնել իսկական անունը՝ առանց շիկնելու համաշխարհային հասարակական կարծիքի և պատմության դատաստանի առաջ:
Առավել ևս դժվար էր իսկական անունով հանդես գալ այն պատճառով, որ հոդվածում շարադրվում և «հիմնավորվում» է այն կառավարության դիրքը «հայկական հարցում», որը հռչակել է՝ ա) ճնշված ժողովուրդների ազգային ինքնորոշման իրավունքի, բ) առանց անեքսիայի և կոնտրիբուցիայի արդարացի հաշտության և խաղաղության, գ) փոքր և մեծ ժողովուրդների իրավահավասարության և սուվերենության ճանաչման դեկլարացիաները, դ) իմպերիալիզմի զավթողական քաղաքականության դեմ հայտարարել է մահու և կենաց կռիվ, ե) ճանաչել է արդարացի և առաջադիմական հարստահարված ժողովուրդների պայքարը միջնադարյան-ֆեոդալական քաղաքական ռեժիմների դեմ և այլն, սկզբունքներ, որոնք տվյալ հոդվածում փոխարինված են թուրքական իմպերիալիզմի, թուրքական շովինիզմի արյունոտ ձեռքերով Արևելքում և Եվրոպայում կոմունիստական ռևոլյուցիան իրականացնելու, համաշխարհային պրոլետարիատին իմպերիալիզմի լծից ազատագրելու զառանցական ու անհեթեթ գաղափարով և այդ պատմական միսիան հաջողությամբ կատարելու համար թուրքական մոլոխին որպես սրբազան զոհ՝ հենց նոր սոցիալիստական հռչակված Հայաստանը և հայ ժողովրդին նվիրաբերելու տմարդի առաջարկություններով, գաղափար և առաջարկություն, որոնք մեռած տառի և դատարկ ֆրազների են վերածում վերոհիշյալ դեկլարացիաներն ու սկզբունքները, որոնք հռչակել էր ռուսական պրոլետարական ու կոմունիստական ռևոլյուցիան...


Տվյալ դեպքում մարդկային հասարակությունը ականատես է ռևոլյուցիոն վարդապետությունների ու ռևոլյուցիաների պատմության մեջ մի բացառիկ ուշագրավ երևույթի, թե ինչպես կարող են լինել դեպքեր, երբ ռևոլյուցիոն դոկտրինները (դիալեկտիկայի երրորդ օրենքի համար այսպիսի իլյուստրացիա...) կարող են հենց ռևոլյուցիայի սկզբում ստանալ իրենց կոնկրետ մարմնացումը ռևոլյուցիոն դեկրետների ու դեկլարացիաների մեջ, բայց նորաստեղծ ռևոլյուցիոն կարգերի մղած մարտերի ավարտը, հաղթական խաղաղությունն ազդարարող և նշանավորող վերջին պատմական ակտերի մեջ (ընդամենը 4 տարվա ընթացքում) ապրել այնպիսի էվոլյուցիա, որ վերածվեն իրենց լիակատար հակադրությանը: Այնպես որ ռևոլյուցիայի և նրա դոկտրինի ամենաջերմեռանդ երկրպագուներից նրանք, ովքեր մտածելու և իրենց ռևոլյուցիոն ջանքերի արգասիքը հասկանալու և գնահատելու ընդունակություն ունեն, շանթահարվածի պես ստիպված են կանգնել անշարժ և հանգիստ խորհելով կատարվածի մասին` զարմացած ու ապշահար հարց տալ իրենց. «Ի՞նչ էինք երազում, և ի՞նչ ստացվեց... էլ ինչի՞ համար էին այսքան ջանքերը և զոհերը...»։ Ավա՜ղ...


Ոչ թե այն բոլշևիկների, որոնց Լենինը դասում էր 60-70 %-ի մեջ, որոնք մտածելու կարողությունից զուրկ են, ոչ թե այն մարդկանց, որոնց Թումանյանն անվանում էր գաղափարագարներ, որովհետև գաղափարական լինելու համար հարկավոր է ուսերի վրա ունենալ այնպիսի գլուխ, որտեղ տեղավորվի մեծ գաղափարը և մերվի, և ոչ թե այնպիսի գլուխ, որի մեջ չի կարող մտնել մեծ գաղափարը, ուստի և ինքը գլուխն է մտնում գաղափարի մեջ և վերածվում կույր ֆանատիզմի և ամեն տեսակի չարագործությունների որջի, այլ մտածելու ընդունակ մարքսիստի և իսկական գաղափարական մարդու հայացքով քննելով А. Скачко -ի հոդվածը, ամեն մի լրջմիտ ընթերցող չի կարող իրեն չզգալ վերոհիշյալ շանթահարված մարդու վիճակում և չհանգել վերոհիշյալ մտահանգումներին:
Այդ բանում համոզվելու համար նախքան բուն հոդվածի քննությունը կատարենք մի քանի պատմական էքսկուրս:


Հիրավի: Ամենուրեք վերջացել էին քաղաքացիական կռիվները: Սովետական Ռուսաստանը հաղթանակով թևակոխել էր խաղաղ զարգացման՝ նէպի շրջանը: Անդրկովկասում նույնպես հաղթել էր ռևոլյուցիան. հռչակված էին Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի սովետական սոցիալիստական ռեսպուբլիկաները... Լենինն ազդարարել էր, որ այժմ մեզ համար անմիջական սպառնալիք չի ներկայացնում միջազգային իմպերիալիզմը: Այդ նա ասել էր տակավին մեկ տարի առաջ՝ 1920 թ. վերջերին: Իսկ հիմա 1921 թվականի մարտ ամիսն է:
Մոսկվայում պիտի տեղի ունենա սովետա-թուրքական բանակցությունների վերջին փուլը, որը պետք է նշանավորվի «եղբայրության, բարեկամության և համագործակցության» պայմանագրի՝ սուրբ դաշինքի կնքումով:


Դրա համար «խաղաղության» կոնֆերանսի են հավաքվելու Ռուսաստանը, Ադրբեջանը և Հայաստանը՝ որպես սոցիալիստական պետություններ և Թուրքիան՝ որպես կապիտալիստական -բուրժուական պետություն, բայց որը միաժամանակ ռևոլյուցիոն Թուրքիա է հորջորջվում:


«Եղբայրության և բարեկամության» պայմանագիրը, ճիշտն ասած, պատրաստ էր տակավին 1920 թ. օգոստոսի 24-ին, բայց չէր ստորագրված, որովհետև Հայաստանը դեռ սովետական չէր դարձել, բայց ինչ գնով էլ լինի, հարկավոր է տապալել դաշնակցական բուրժուա-նացիոնալիստական կառավարությունը Հայաստանում և ստեղծել մի կառավարություն, որը հրաժարվեր Արևմտյան Հայաստանից, ճիշտը՝ Սևրի դաշնագրից, որն ստորագրել էին Առաջին համաշխարհային պատերազմում հաղթած բոլոր պետությունները և պարտված Թուրքիան, պայմանագիր, որով նախատեսվում էր ստեղծել Հայկական անկախ պետություն պատմական Հայաստանի տերիտորիայի մի մասի վրա (Վանի, Բիթլիսի, Էրզրումի և Տրապիզոնի վիլայեթների մի մասը՝ ներառյալ Տրապիզոն նավահանգիստը՝ որպես ելք դեպի ծովը և ամբողջ Արևելյան Հայաստանը՝ ներառյալ նաև Նախիջևանը, Ղարաբաղը, Գանձակի հայկական շրջանները, Ախալքալաքը, Շուլավերը՝ պատմական և ներկայիս... անհասկանալի): Հայաստանում պետք էր ստեղծել մի կառավարություն, որը հրաժարվեր այդ բոլորից և առհասարակ Հայկական պետականության (... ժողովրդի ֆիզիկական գոյության) գաղափարից (տե՛ս Ա. Կար. հոդվածը), այդ պահանջում էր «համաշխարհային ռևոլյուցիայի շահը»: Այդպիսի կառավարություն կարող էր լինել միմիայն սովետական-սոցիալիստական բոլշևիկների կառավարությունը: ՈՒստի և Հայաստանում դաշնակ-նացիոնալիստների կառավարությունը պետք է փոխարինվեր ինտերնացիոնալիստ բոլշևիկների կառավարությամբ:


Բայց Հայաստանում բոլշևիկներն իրենց ուժերով չէին կարող իշխանությունը վերցնել: ՈՒրեմն հարկավոր էր օգնել նրանց: Ճիշտ է, սովետական Կարմիր 11-րդ բանակը ուլտիմատում ներկայացրեց դաշնակներին և պահանջեց Ղարաբաղն ու Նախիջևանը դատարկել զորքերից և հանձնել Սովետական Ադրբեջանին, պատրվակ առնելով, թե այդ մարզերը «պատկանում են Ադրբեջանին» որովհետև այդ էր պահանջում Ադրբեջանի սովետական կառավարությունը, ինչպես այդ պահանջում էր նաև մուսավաթական կառավարությունը, որը, ի դեպ, պահանջում էր միայն Ղարաբաղը: Բայց ոչ Ադրբեջանը, ոչ էլ սովետական Ռուսաստանը չէին կարող ասել, թե Երևանն էլ է իրենց պատկանում, ուստի և Կարմիր բանակը չէր կարող հարձակվել Հայաստանի վրա և զավթել Երևանը: Դա կդիտվեր իբրև չքողարկված ագրեսիա եվրոպական բոլոր պետությունների կողմից ճանաչված Անկախ Հայաստանի ռեսպուբլիկայի դեմ: Դրա համար էլ Կարմիր բանակը ձեռնպահ էր մնում ռազմական գործողություններից Հայաստանի դեմ:


Մնում էր, որ Հայաստանի վրա արշավեր հին թշնամին՝ Թուրքիան, որտեղ Քեմալ փաշան «ռևոլյուցիա» էր խաղում՝ միամիտների աչքերին թոզ փչելու համար, թե տեսեք, թուրքերն էլ են «պայքարում իմպերիալիզմի դեմ», պատրաստ են օգնելու Սովետներին՝ ռևոլյուցիան տարածելու նաև ամբողջ Արևելքում, ոտքի հանելու Արևելքի ժողովուրդներին՝ ընդդեմ անգլո-ֆրանսիական իմպերիալիզմի և կոմունիզմի դրոշը տանելու Փարիզ, Լոնդոն, Հռոմ, Բեռլին, Ստամբուլ, Աթենք և Երևան ու Թիֆլիս, եթե կուզեք...
Որպեսզի Մոսկվայում հավատային Քեմալ փաշայի այս «կոմունիստական ռևոլյուցիոն» արարչագործությանը, դրա համար Բեռլինում բույն դրած Երիտասարդ թուրքերի ղեկավարները, այսինքն` Քեմալ փաշայի պարտիական զինակիցները՝ Թալեաթ փաշան, Էնվեր փաշան, Ջեմալ փաշան, Շաքիր փաշան, Խալիլ փաշան, Նազըմ բեյը և այլք, դեռ 1919 թվականի սկզբներից կապվել էին Բեռլինում գտնվող սովետական դիվանագիտական ներկայացուցիչ Իոֆեի և Կառլ Ռադեկի հետ, որոնց խորհրդով Էնվերը, Ջեմալ, Խալիլ փաշաները անմիջապես տեղափոխվում են Մոսկվա և սկսում բանակցել Չիչերինի, Ստալինի և այլ ղեկավար գործիչների հետ: Նրանց հաջողվում է (Քեմալ փաշայի անմիջական դեսպան Ֆուադ փաշայի հետ միասին) համոզել Մոսկվային, որ իրոք Թուրքիայում հանձին Քեմալ փաշայի՝ իբր թե ծնվել է «թուրքական Լենինը» և նպատակ ունի մարքսիզմի դրոշի տակ «կոմունիզմ հաստատել» ոչ միայն Թուրքիայում, այլև ամբողջ Արևելքում և «տեղափոխել ռևոլյուցիոն հրդեհը» նաև Եվրոպա ու «խորտակել Եվրոպական-միջազգային իմպերիալիզմը»:
Այս գաղափարը, անշուշտ, Քեմալ փաշան վերցրել էր հայտնի «մարքսիստ-արևելագետ», հրապարակախոս Պավլովիչից (Վելտման), որը Թուրքիայի և Պարսկաստանի «ռևոլյուցիոն» շարժումների մասին իր բազմաթիվ հոդվածներում ու գրքերում մինչև երկինք է հանել իսլամի «ռևոլյուցիոն» բնույթը և զարգացրել մի ամբողջ տեսություն այն մասին, թե հանձինս մահմեդական քարոզիչներ մոլլաների, շերիֆների, մուշտեիդների բանակի, պրոլետարական ռևոլյուցիան ունի իր «ավանգարդը» մահմեդական աշխարհում (տե՛ս նրա «Революционная Турция», «Революция в Персии» և այլ աշխատությունները): Պավլովիչի այդ մոլլաների «ռևոլյուցիոն» տեսական բժժանքը ջերմեռանդորեն պրոպագանդվում էր և մինչև հիմա էլ պրոպագանդվում է սովետական պատմագիտության մեջ հանրահայտ Միլլերի, Վեյտի, Կրյաժինի, ամեն տեսակի Արսլանների, Գաբիդուլիների, Կարինյանների կողմից: Ստեղծվեց այնպիսի դրություն, որ Ազգությունների կոմիսարիատը գլխավորող և սովետական կառավարության՝ Մերձավոր Արևելքի արտաքին քաղաքականության գլխավոր խորհրդատու և դարբնող Ստալինը հրապարակավ Քեմալ փաշային և քեմալական Թուրքիան հռչակեց որպես «ռևոլյուցիայի դրոշակակիր Արևելքում» (տե՛ս նրա երկերի ժողովածուն, 4, թե 5 հատորը): Այսպես ստեղծվեց Քեմալ փաշայի «ռևոլյուցիոն» պաշտամունքը:


Արևելքում և Եվրոպայում «կոմունիզմի հաղթանակը» տարածելու իր «ծառայության» դիմաց՝ Քեմալ փաշան սովետական կառավարությունից պահանջեց օգնություն՝ ոսկի, զենք, հանդերձանք և զորք:
Եվ Սովետական Ռուսաստանը, սովի, զրկանքների, գյուղատնտեսության, արդյունաբերության և տրանսպորտի չտեսնված քայքայման պայմաններից տառապող ժողովրդին զրկելով՝ տվեց Քեմալ փաշային և՛ ոսկի, և՛ զենք, և՛ հանդերձանք, և՛ զորք, և՛ մթերք, Թուրքիային օգնելու նպատակին ծառայեցրեց իր ողջ ռևոլյուցիոն հզոր պրոպագանդան, միջազգային հեղինակությունն ու ազդեցությունը, ընդհուպ մինչև Բաքվի պոլիգոններում մահմեդական ռազմագերիներից և Կովկասի ու Կազանի, Ղրիմի, ՈՒրալի և Միջին Ասիայի մահմեդական կամավորներից հստակ գնդեր սպառազինելը, վարժեցնելն ու Խալիլ փաշայի, կոմունիստ Մուստաֆա Սուբխիի և իր ընկերների գլխավորությամբ այդ գնդերը Թուրքիա փոխադրելը, որպեսզի նրանք Կարաբեքիր փաշայի հրամանատարության տակ կռվեն Անտանտի «իմպերիալիստների» - Հայաստանի աշխատավորության դեմ, սրի քաշեն նաև Սարիղամիշը, Կարսը, Արդահանը մինչև Ալեքսանդրապոլ՝ հանուն Հայաստանի «ազատության» դաշնակների լծից:


Թե սովետական կառավարությունն ինչքան ոսկի, զենք, հանդերձանք և այլ օգնություն է ցույց տվել Քեմալ փաշային այդ «ռևոլյուցիոն» միսիան իրականացնելու համար, այդ մասին, բացի Պավլովիչի վերոհիշյալ գրքից, կարելի է իմանալ 1961 թվին Մոսկվայում հրատարակված Кузнецова-ի բրոշյուրից:
(շարունակելի)


Նիկոլայ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Պատմաբան
15-18.12.1961 թ.

Դիտվել է՝ 3422

Մեկնաբանություններ