Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Վաճառատանը և ռեստորաններում հայկական բազմաշերտ մշակույթն է ներկայացված»

«Վաճառատանը և ռեստորաններում հայկական բազմաշերտ մշակույթն է ներկայացված»
17.06.2016 | 10:14

«Նոյան տապան» խմիչքների խանութը բացվեց 2005 թվականին՝ Ամիրյան փողոցի նշանավոր կոնյակի խանութի տարածքում։ Նմանօրինակ այլ սրահներից այն տարբերվում էր (այսօր էլ տարբերվում է) գեղագիտական միջավայրի յուրօրինակությամբ։ Այստեղ վարպետ ձեռք է նկատվում և լուրջ մոտեցում։ 2009-ին վաճառատանը հաջորդեց «Նոյան տուն» ռեստորանը վաճառատան ներքնահարկում, Ամիրյան փողոցում՝ դարձյալ շքեղ և բարձրաճաշակ ձևավորմամբ ու հարդարմամբ։ Հեղինակը գեղանկարիչ, Երևանի գեղարվեստի ակադեմիայի դասախոս ԳԵՎՈՐԳ ՎԱՐԴԱՆՅԱՆՆ է։ Նրա հետ, սակայն, զրույցս սկսվեց իր «կերպարվեստային կնքահայր», ճանաչված քանդակագործ Արշամ Շահինյանի մասին հիշողություններով։

«ՆՐԱ ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ՀԵՆՔՈՒՄ ՄՈՆՈՒՄԵՆՏԱԼԻԶՄՆ Է ԵՎ ՌՈՄԱՆՏԻԶՄԸ»


-Արշամ Շահինյանը քո ոչ այնքան հեռավոր հուշերում։
-Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան էի ընդունվում, նա ուսումնարանում քանդակ էր դասավանդում, միաժամանակ կրթօջախի տնօրենն էր։ Թերլեմեզյանի անվան կրթօջախն այն տարիներին բարձրակարգ հաստատություն էր։ Այս կրթօջախի շեմը ոտք էինք դնում հուզմունքով և հիացմունքով։ Իմ հուզմունքը կրկնապատկվեց, երբ մի սևաչյա աղջնակի տեսա, տեսա ու սիրահարվեցի համրանալու աստիճանի։ Հետո նա դարձավ կինս։ Այդպես սիրահարված էլ ավարտեցի ուսումս Թերլեմեզյանում։ Հետո կատարելագործվեցի Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում, որի քանդակի ամբիոնում պարոն Շահինյանն ուներ իր արվեստանոցը, ինստիտուտում էլ մնացի նրա գեղարվեստական սկզբունքների դաշնակիցը։
-Դա զգալի է «Նոյան տապան» վաճառատան ձևավորման մեջ, ուր գեղանկարչի նրբագեղ հայացքը միահյուսվում է քանդակագործական կուռ մտածողության հետ։ Այս մասին քիչ անց կխոսենք, այժմ ներկայացրու Արշամ Շահինյանի արվեստը: Նա ստեղծագործեց հայ ազգային կերպարվեստի հարուստ շրջափուլերից մեկում, երբ պետությունը համակարգված հովանավորում էր կերպարվեստը, և կերպարվեստային ուրույն ձեռագրերով ուղղակի հագեցած էր հայկական մշակութային միջավայրը։
-Նրա մտածողության հենքում մոնումենտալությունն է և ռոմանտիզմը։ Սա է Արշամ Շահինյանի ձեռագիրը։
-Այսինքն, երկու հակադիր սկզբունքնե՞ր։
-Թվում է, թե դրանք հակադիր են։ Մասնավորապես Արշամի արվեստում մոնումենտալիզմն ու ռոմանտիզմը ներդաշնակված են ամենուր, անգամ ամենափոքրածավալ աշխատանքներում։ Մատենադարանի առջև դրված նշանավոր արձանաշարում Թորոս Ռոսլինի արձանը, Սարդարապատի համալիրի որմնաքանդակները, որի ստեղծմանը նա մասնակցել է, ընդգրկվելով քանդակագործների հեղինակային աշխատանքային խմբում, Վահան Տերյանի կիսանդրին Օրենբուրգ քաղաքում և մյուս գործերը ասվածի վկայությունն են։
-Րաֆֆու կիսանդրին է աչքիս առաջ գալիս, որը դրված է գրողի անվան կրթօջախի առջև։
-Անկասկած բարձրարժեք գործ է։
-Գևորգ, ցավոք, մոնումենտալ մտածողություն չունեցող անգամ կայացած ստեղծագործողի արձանն ու քանդակը էապես թերարժեքվում են։ Ըստ իս, բավականին լուրջ բանավեճերի նյութ դարձած Վիլյամ Սարոյանի արձանը շատ կշահեր, եթե տասն անգամ փոքրաչափ լիներ։
-Այժմ քանդակագործներն առավելապես փոքր, արվեստանոցային արձաններ են ստեղծում։ Սա նաև հնարավորության խնդիր է, որովհետև պետությունը թիկունք չի կանգնում նկարչին և քանդակագործին։ Միաժամանակ պատասխանատվության սանդղակն է վար իջել։ Արշամ Շահինյանը և նրա ժամանակակիցները մեծ պատասխանատվությամբ էին վերաբերվում և՛ ազգային կերպարվեստին, և՛ սրտատրոփ սպասում էին արվեստասեր հանրության և գործընկերների դատին։ Այն տարիների մերժված աշխատանքների մակարդակի արձաններով և քանդակներով են այսօր հաճախ «զարդարում» Երևանը։ Այնինչ քաղաքային միջավայրը պարտադրում է լրջագույն, ակնածալի վերաբերմունք։ Թերևս այսպես բնութագրեմ՝ մոնումենտալ վերաբերմունք։

«ԹՈՐՈՍ ՌՈՍԼԻՆԸ ՈՍԿՈՎ ԷՐ ՆԿԱՐՈՒՄ»


-Մայրաքաղաքի քաղաքաշինական և ճարտարապետական նկարագիրը գրեթե ամբողջապես խեղաթյուրված է, ձախողված արձաններով ոմանք ռաբիսային «ներդաշնակություն» են ապահովում մայրաքաղաքը բռնազավթած նորակառույց շենքերի և նորակերտ արձանների միջև։ Այնինչ, այսօր ձախողված արձանի հեղինակի արվեստանոց մտնելով` բարևդ կմոռանաս, մեկը մեկից ավելի շնորհալի աշխատանքներ են ամեն անկյունում։ Ինչպիսի՞ն էր ճաշակավոր վարպետ Արշամ Շահինյանի արվեստանոցի ներքին աշխարհը։
-Արշամ Շահինյանի արվեստանոցի գործերից մեկը ներկայացնելով ընթերցողի ուշադրությանը` ես հաստատում եմ կարծիքդ, նրա արվեստանոցում փոքրածավալ հիանալի գործեր կան։
-Այցելենք «Նոյան տապան» վաճառատուն։
-«Նոյան տապանն» ունի իր նշանաբանը՝ «գինիներ ամբողջ աշխարհից»։ Գործարար Արտաշես Գաբրիելյանը մտադրություն ուներ վերականգնելու բարձրորակ գինիների գործածման ավանդույթը, որից հայությունն ինչ-ինչ պատճառներով հեռացել է։ Բնականաբար, անհրաժեշտ էր ստեղծել վաճառքի նոր մշակույթ՝ գեղագիտական նոր միջավայրում. «Նոյան տապանում» նաև լավորակ հայկական կոնյակ պետք է վաճառվեր։ Շատ կարևոր էր, որ այս գործի պատվիրատուն կիրթ ու գիտակ մեկն էր և վստահում էր ստեղծագործողի ճաշակին։ Առհասարակ, ձևավորման սկզբունքը խարսխվում էր մեր քրիստոնեական հավատի և աստվածաշնչյան խոսքի վրա։ Մենք որոշեցինք պատմական շրջայց կատարել, սկսելով Նոյի ժամանակներից։ Չէ՞ որ Նոյը պատմությանը հայտնի առաջին գինեգործն է, նա Արարատ սուրբ լեռան հայացքի տակ գինի քաշեց, խմեց այն և, հայտնի է, որ հարբեց։
-Հայկական խաղողից քաշած լազուր գինուց հարբելը Նոյին պատիվ է բերում։
-Իհարկե։ Ինձ, անկեղծ ասեմ, ուղղակի հիասթափեցրել էր այն գավառական մտահենքը, որն իշխող էր դարձել պանդոկների և վաճառատների ինտերիերները ձևավորելիս, ինչ-որ հնամաշ կարպետ ու գորգ, ջարդված կուժ ու կուլա, չարուխ և սայլի անիվ։ Չէ՞ որ նման օջախներում շատ հյուրեր են լինում, և Հայաստանն ու հայկական մշակույթը նրանց է ներկայացվում ահա նման խեղճ ու կրակ ձևով։ Կարծես մենք թագավորություններ չենք ունեցել, մեծ մշակույթ չենք ունեցել, բարեշեն քաղաքներ չենք ունեցել։ Զարմանալի է, որ այսօր էլ որոշ ճարտարապետներ փորձում են հանրային կարծիք ձևավորել, պնդելով, որ մենք քաղաքաշինական և ճարտարապետական աշխարհիկ մշակույթ չենք ունեցել, ապրել ենք հյուղակներում և այլն։ Թորոս Ռոսլինը ոսկով էր նկարում հայոց արքունիքի համար և բարեշեն քաղաքներում էր ապրում։ Այսինքն՝ վաճառատան, այնուհետև նաև «Նոյան տուն» ռեստորանի ձևավորումներում արտացոլված է հայ ազգային քաղաքակրթության ազնվականությունը, որն ունի պատմամշակութային բազում շերտեր։ Ռեստորանում հայկական հացատան սկզբունքն է դրված, ուր առողջ և կենարար սնունդ է մատուցվում և անապական հայոց գինին։ «Նոյան տուն» ռեստորանն է գործում 2013-ից Մոսկվայի կենտրոնում՝ Նիկոլսկայա-10 հասցեում։ Հարդարանքն այստեղ ավելի հարստացած է, այն Հայաստանի և հայկական մշակույթի յուրօրինակ այցեքարտ է։ Վաճառատանը և ռեստորաններում հայկական մշակույթի բազմաշերտ հարստությունն է ներկայացված, և անծանոթ այցելուն, այնտեղ հանգստանալով, կամա-ակամա պատմական մի քանի հազարամյա շրջայց է կատարում։ Ավելացնեմ, որ ամեն բան կատարել ենք չափազանց մեծ նվիրումով և սիրով, մշակվել են յուրաքանչյուր քարն ու փայտը, որմնանկարներ են արվել, նախշազարդեր դրվագվել այնպես, ինչպես, ըստ իմ ղեկավարած ստեղծագործական խմբի միահամուռ կարծիքի, աշխատել են մեր անցյալի վարպետները՝ քարագործները, փայտագործներն ու մանրանկարիչները։
Այսօր, տասնամյա վաղեմության դժվարին, բայց շատ հետաքրքիր աշխատանքային օրերը մտաբերելով, հատուկ երախտագիտությամբ կուզեի հիշել իմ գործընկեր, «Գոյ» թատրոնի նախկին բեմադրիչ-նկարիչ Մկրտիչ Մկրտչյանի կատարած նվիրական գործը։


Զրույցը`

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3488

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

>

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Նոր տեխնոլոգիա՝ նոր Հայաստանում
Նոր տեխնոլոգիա՝ նոր Հայաստանում