Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Հերմինե Նաղդալյան. Բոլոր պնդումները, թե Ադրբեջանում ժողովրդավարության առաջընթաց կա, բացարձակ բլեֆ են

Հերմինե Նաղդալյան. Բոլոր պնդումները, թե Ադրբեջանում ժողովրդավարության առաջընթաց կա, բացարձակ բլեֆ են
20.06.2016 | 18:22

Հունիսի 20-ին Ստրասբուրգում աշխատանքները սկսեց ԵԽԽՎ ամառային նստաշրջանը, որին մասնակցում է ԱԺ պատվիրակությունը: Ելույթ ունենալով ԵԽԽՎ լիագումար նիստի բանավեճի ձևաչափով՝ ԵԽԽՎ Բյուրոյի եւ Մշտական հանձնաժողովի ընթացիկ զեկույցների ժամանակ, Աժ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանն առաջարկեց կասեցնել Ադրբեջանի անդամակցությունը կառույցին:

Նա նշեց, որ հունիսի 7-ին Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ Եվրոպական հանձնաժողովը (ՌԱԵՀ) հրապարակել է Ադրբեջանի վերաբերյալ հերթական զեկույցը: Փաստաթղթում ընդգծվում են Ադրբեջանում խոսքի ազատությանը, կրոնական միավորումներին առնչվող թերություններն ու անճշտությունները, լայնամասշտաբ հետապնդումները անկախ քաղաքացիական հասարակության դեմ, փախստականների և պատմական փոքրամասնությունների, ինչպես նաև` սեռական փոքրամասնություն հանդիսացող անձանց իրավունքների նկատմամբ թերի ինտեգրացիոն քաղաքականությունը:

Ի թիվս երկրում գոյություն ունեցող բազմաթիվ խնդիրների, Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովը առանձնահատուկ անդրադարձել է Ադրբեջանի ամենաբարձր պաշտոնյաների վարած ատելության հրահրման քաղաքականությանը հայերի դեմ:


Ըստ զեկույցի` «…Քաղաքական առաջնորդները, կրթական հաստատությունները և լրատվամիջոցները շարունակում են հայերի նկատմամբ ատելության կոչեր կիրառել: ... Ադրբեջանցիների մի ամբողջ սերունդ աճել է` անսալով մշտապես ատելությամբ լեցուն հռետորաբանությանը»:


Հարցման արդյունքերով` 91%-ը ընկալում է Հայաստանը որպես Ադրբեջանի մեծագույն թշնամի և իրական ատելություն զգում հայկական ամեն ինչի նկատմամբ:
Ադրբեջանի նախագահը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ողջ հայ ազգին մանտանշում են որպես թիվ մեկ թշնամի, և այն ինչ համարվում է հանցագործություն, փառահեղ արարք է դիտարկվում Ադրբեջանում: Դրա վառ օրինակն է Ռամիլ Սաֆարովը, ադրբեջանցի սպան, որ քնած ժամանակ կացնահարել է ՆԱՏՕ-ի դասընթացին մասնակցող հայազգի սպային: ՌԱԵՀ զեկույցը, անդրադառնալով այս դեպքին, նշում է, «... որ իշխանությունները ներում են շնորհել, ազատ արձակել և աջակցել Ռամիլ Սաֆարովին` առանց հաշվի առնելու վտանգը, որ այդպիսով կարող է զարգանալ ռասիզմի հանցագործների անպատժելիության զգացումը»:


Եվս մեկ սոսկալի դրսևորում այլատյացության այս քաղաքականության` 2016 թ. ապրիլի 2-ին, Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական բանակի կողմից սանձազերծված աննախադեպ ռազմական ագրեսիայի ընթացքում ադրբեջանցի զինվորը, որը գլխատել էր հայ զինվորին և կտրված գլուխը տեղադրել ինտերնետում, զինվորը, ով կատարել է ցինիկ սպանություն` պատերազմական հանցագործություն, խրախուսվել և աջակցություն է ստացել նախագահ Ալիևի կողմից:


«Սաֆարովի գործը լայնորեն քննարկվել և դատապարտվել է ԵԽԽՎ-ի կողմից:
Մենք բանաձև ենք ընդունել Կոնվենցիայի չարաշահումը կանխելու միջոցների վերաբերյալ, որի ընթացում զեկուցողող պարոն Չոփը ներկայացրեց հնարավոր վտանգները, որոնք կարող են գոյանալ ոչ համարժեք արձագանքի դեպքում:
Իրոք, ԵԽԽՎ-ի կողմից դա բավարար արձագանք չէր, մենք հետևողական չեղանք կանգնեցնելու Ալիևին, մեր լռությունը խրախուսեց Ադրբեջանի իշխանություններին կատարելու հետագա հանցագործություններ: Ալիևյան ռեժիմը չարիք է ոչ միայն սեփական ժողովրդի համար. 15 տարվա անդամությունը Եվրոպայի խորհրդում չի բարելավել ժողովրդավարության և մարդու իրավունքների իրավիճակը, ավելին՝ դեգրադացիա է ապրում: Բռնապետությունը Եվրոպայի խորհրդում տեղ չունի: ԵԽԽՎ-ն պետք է հաստատակամ լինի արմատախիլ անելու այս ժանտախտը, կանգնեցնելու Ալիևյան ռեժիմը: Առաջարկում եմ կասեցնել Ադրբեջանի անդամակցությունը ԵԽԽՎ-ին»՝ ասել է ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը:

Ադրբեջանի պատվիրակության անդամները, բնականաբար, ներկայացրել են իրենց «առաջադիմությունը» ժողովրդավարութան ճանապարհին՝ բանտերից ազատված մի քանի քաղբանտարկյալներին նկատի ունենալով: Հերմինե Նաղդալյանը հակադարձել է նրանց պնդումները, հայտարարելով, որ ԵԽԽՎ-ն հասկանում է, որ բանտերից ազատվածներից մի քանիսը ծանր հիվանդ էին, մյուսների ժամկետն էր լրանում, իսկ ում էլ ազատել են՝ պայմանով, որ չզբաղվեն մարդու իրավունքների պաշտպանության իրենց գործունեությամբ, ուստի բոլոր պնդումները, թե Ադրբեջանում ժողովրդարության առաջընթաց կա, բացարձակ բլեֆ են:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. ԵԽԽՎ բյուրոյի զեկույցը ներկայացնող, Պահպանողականների խմբի ղեկավար, Մեծ Բրիտանիայի պատվիրակ Յան Լիդլ-Գրանիեն, քննարկումներին արձագանքելիս, արձանագրել է. ՛՛Տիկին Նաղդալյանը շատ հզոր ելույթ ունեցավ և շատ կարևոր է խոսել այդ թեմաներով՛՛:

Դիտվել է՝ 1477

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ