Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Кто этот пострадавший դեսպան, откуда взялся?

Кто этот пострадавший դեսպան, откуда взялся?
21.06.2016 | 00:11

Վերջերս, երբ Հայաստանից մի քանի լրագրողներ ԶԼՄ-ների համագործակցության «Նոր հայացք» ծրագրի շրջանակներում գտնվում էին ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում, հանդիպում-զրույց ունեցան Ռուսաստանի «Ռոսիա» հեռուստաալիքի մեծահամբավ հաղորդավար Վլադիմիր Սոլովյովի հետ: Եվ այն, ինչ ասաց մի մարդ, ով բազմիցս հրապարակայնորեն ապացուցել է, որ ծանոթ է հայ ժողովրդի պատմությանը և հիանալի գիտի, թե ով է մեղավոր Հայոց ցեղասպանության համար, իմ կարծիքով, ընդհանուր քիչ բան ունի այն բանի հետ, ինչով «տոչորվում են» մեր որոշ հայրենասերներ, ինչպես նաև կեղծ հայրենասերներ:

Մեր հասարակության այդ շրջանակների սևեռուն միտքը վաղուց է հայտնի. իբր, տեսեք, «Ռուսաստանում չի գործում հայկական լոբբին», «Ռուսաստանի հայերը վատն են և Հայաստանի մասին չեն մտածում» և այլն, և այլն: Ոմանք էլ առանց ամոթի բողոքում են, թե այ, այ, այ, բևեռախույզ Չիլինգարով, ամոթ քեզ, չցանկացար մի քանի բառ ասել Արցախի քառօրյա պատերազմի մասին: Ոմանք էլ մերթ Արա Աբրահամյանին են ակնարկում, մերթ Սամվել Կարապետյանին. «ո՞ւր են», ինչո՞ւ «չեն երևում»:


Բայց չէ՞ որ խնդիրը բնավ էլ այն չէ, թե Ռուսաստանի քաղաքացի որոշ հայեր «ուզում» կամ «չեն ուզում» արտահայտվել մի օրակարգով, որը մինչ օրս ինչ-որ մեկը հույս ունի թելադրելու Երևանից և դեռ դա հեռարձակելու ՌԴ հայկական համայնքի 3-3,5 մլն մարդկանց համար: Մի՞թե մեր հայրենակիցների համար դժվար է հասկանալ, որ ցանկացած գերտերության բարձրաստիճան պետական ծառայության մեջ գտնվող մեր հայրենակիցները իրավունք չունեն միակողմանիորեն արտահայտելու իրենց համակրանքը կամ հակակրանքը: Թեև անձամբ ես չեմ հիշում, որ, բացի Ռուսաստանից (չհաշված Իրանն ու Օսմանյան կայսրությունը), հայերը մի այլ տեղ էլ նման բարձր պաշտոններ ունենային: Ո՛չ ԱՄՆ-ում, ո՛չ Անգլիայում, ո՛չ Ֆրանսիայում, էլ չենք խոսում Հայաստանի և հայերի ավելի մանր, այսպես կոչված, «ժամանակակից բարեկամների» մասին: Եվ մի ստեք. առնվազն երկու ամիս վկա եմ այն բանի, որ ՌԴ Կրասնոդարի երկրամասը նպատակասլաց ու հասցեական օգնություն է ցուցաբերում և՛ Հայաստանին, և՛ Արցախին: Մեր ռուսաստանաբնակ հայրենասերները լավն են, շատ լավը: Շատ ավելի լավը, քան Հայաստանի այն քաղաքացիները, ովքեր մեր հանրապետությունն ու նրա շահերն են ներկայացնում Ռուսաստանի ներսում, համաձայն իրենց ծառայողական պարտքի...


Ինչո՞ւ պիտի հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հիմքեր ունենար առհասարակ հայտարարելու. «Ես չեմ ճանաչում Ռուսաստանում Հայաստանի դեսպանին»: Ի՞նչ է, մեր իշխանությունները մեր ժողովրդի համար «ավելի կարևոր երկրներ» են գտել, քան Ռուսաստա՞նն է: Թույլ տվեք հարցնել. որո՞նք են դրանք: Այն երկրները, որոնք 2016 թ. մայիսի 17-ին թե՛ ուղղակիորեն, թե՛ անուղղակիորեն մեր հանրությանը դրդում էին «ախորժելի» հոմոսեքսուալության և լեսբիությա՞ն: Նրանք, ովքեր հրապարակայնորեն ու պատկերավոր հայտարարում են, թե սպառազինություն չեն մատակարարի Ադրբեջանին, բայց իրականում 2001-02 թթ. Իսրայելի հետ հրթիռներ ու անօդաչու սարքեր են մատակարարում մեր թշնամո՞ւն:

Նրանք, ովքեր ոչ միայն հանդուրժում են ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի «թատրոնները», այլև սիստեմատիկորեն զինում են մեր թշնամի Թուրքիային և սրբում են Կիպրոսում, Սիրիայում թուրքական հանցագործությունների հետքե՞րը: Նրանք, ովքեր այժմ չեն խոսում Արևմտյան Հայաստանում ու Միջագետքում ցեղասպանության ակտերի մասին՝ հիմա արդեն քրդերի՞ դեմ ուղղված: Նրանք, ովքեր չեն խոսում այն մասին, որ թուրքերը Բոսնիայում և Հերցեգովինայում, իսկ 2007-ից՝ Կոսովոյում և Մետոխիայում կազմակերպել և ԱՄՆ-ի խնամակալության ներքո վարժաճամբարներ են պահում սուննի ծայրահեղականների զինյալների համա՞ր: Սրա՞նք պետք է «նոր կողմնորոշիչներ» դառնան մեր ժողովրդի համար:


ՈՒրեմն ինչո՞ւ ոչ ոք (քանի որ ավելի քան հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը չի ճանաչում, ուրեմն չեն ճանաչում նաև Կրեմլում) չգիտե Մոսկվայում մեր դեսպանի, հարգելի պարոն Օլեգ Եսայանի գոյության մասին: Այդ հայտարարությունից պարզ դարձավ, որ, ընդհանուր առմամբ, Հայաստանի պետական և դիվանագիտական հատվածը, մեղմ ասած, լիարժեք չի կատարում իր աշխատանքը կամ էլ ամեն ինչ անում է մի կերպ: Սոլովյովը, օրինակ, ասում է, թե Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը վերջին հինգ տարում ոչ մի ընդունելություն կամ միջոցառում չի կազմակերպել, մինչդեռ Ադրբեջանի դեսպանությունը բավական ակտիվ գործունեություն է իրականացնում. տարբեր մշակութային միջոցառումներ, հրավերքներ, ընդունելություններ, որոնց մասնակցում են տարբեր ազգությունների և տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, ովքեր ունեն հասարակական դիրք ու որոշակի կշիռ: Ապշերոնի ներկայացուցիչները «սերտորեն աշխատում են» մոսկովյան լրատվամիջոցների հետ. իհարկե, հասկանալի է, թե որ ուղղությամբ: Իսկ Մոսկվայի հայկական համայնքի որոշ ներկայացուցիչներ լրագրողների հետ զրույցներում նշել են, որ նույնիսկ քառօրյա պատերազմի ժամանակ ՌԴ-ում մեր դեսպանությունը քար լռություն էր պահպանում: Չեմ կարող հարց չտալ. ի՞նչ է, այստեղ է՞լ է մեղավոր Ռուսաստանը:


Բավականին հետաքրքիր էին Սոլովյովի դիտողությունները Հայաստանի քաղաքական համակարգի թուլության առնչությամբ: Հայտնի լրագրողը զարմացել է, որ վերջին ընտրությունների ժամանակ «քաղաքական անդաստանում» մի կողմում հանդես էր գալիս կառավարող ուժի ներկայացուցիչ, նախագահ Սերժ Սարգսյանը, մյուս կողմում՝ «ճերմակ կոստյումով և հզոր մկանունքով մեկը, որը հաջողության էր հասել բազկամարտում»: Ինչպես նաև մի մարդ, որն ավելի լավ անգլերեն է խոսում, քան հայերեն: Հասկանալի է, որ Սոլովյովը տեղյակ չէ, որ մեզանում, երբեմն, թե «այս անգամ ով է լինելու ընդդիմությունը», որոշվում է բավական նեղ շրջանակներում տեղի ունեցող հանդիպումների կամ ընդունելությունների ժամանակ: Մեր իրողությունների նման չիմացությունը հայամետ տրամադրված հաղորդավարի համար միանգամայն ներելի է: Ներելի չէ մեզ համար՝ Հայաստանի քաղաքացիներիս, որ 1992 թվականից ի վեր թույլ ենք տալիս, որ իշխանությունները մեզ հետ վարվեն ինչպես ոչխարի անգլուխ հոտի հետ: Սոլովյովին պակաս չի զարմացրել նաև այն հանգամանքը, որ Հայաստանի տնտեսությունը, մասնավորապես ռազմական արդյունաբերությունը, չի զարգանում, ինչը ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Հայաստանը բավական կասկածելի վիճակի մեջ դրեց: «Մի՞թե ձեզ մոտ ուղեղով մարդիկ չկան»,- զարմացել է Սոլովյովը:

Ի դեպ, ինչպես հաղորդում են ռուսական աղբյուրները, և՛ ՌԴ Պետդումայում, և՛ ՌԴ Դաշնության խորհրդում տեղի ունեցած հանդիպումների և արցախյան քառօրյա պատերազմի թեմայով զրույցների ժամանակ Ադրբեջանին ռուսական զենքի մատակարարումների վերաբերյալ հայ լրագրողների հարցերին իրենց հերթին հարցով են պատասխանել. մի՞թե Ռուսաստանն է մեղավոր, որ հայ զինվորները զրահաբաճկոններ չեն ունեցել, որ զինվորները չեն ունեցել այս, այն, որ նրանք փամփուշտ չեն ունեցել, չեն ունեցել կապի միջոցներ և այլն: Եվ կավելացնեմ. ստույգ հայտնի է, որ մենք ունենք «իգլա» և «ստրելա» տիպերի շարժական զենիթահրթիռային համակարգեր: Այդ դեպքում հապա ո՞ւր էին դրանք, երբ ռազմաճակատի առաջնագծում դրանց բացակայության պատճառով մեր զինվորները ուղղաթիռների վրա նռնականետներով էին կրակում:


Կարծում եմ, ցանկացած անկանխակալ մարդ կարող է նաև իր սեփական հարցերն ուղղել հենց մեր իշխանություններին: Դա, բացի նրանից, որ, իհարկե, Ադրբեջանին կատարվող զինամատակարարումների հանդեպ ՌԴ ներկա նախագահական աշխատակազմի հանդուրժողականության հարցը մնում է մեր տեսադաշտում: Սակայն այս հարցով պետք էր զբաղվել ոչ թե Ադրբեջանի քառօրյա ռազմական արկածախնդրությունից հետո, «նեղացածի» տեսքով, այլ այն ժամանակ, երբ մեր իշխանությունները «գիրկընդխառն համբուրվում էին» Դմիտրի Մեդվեդևի վարչակազմի հետ և «քաջաբար լռում էին», երբ նա Ապշերոնի հետ բանակցություններ էր սկսել ռուսական սպառազինությունների մատակարարումների շուրջ: Իսկ չէ՞ որ դա դեռ 2011-12 թվականներին էր: «Մեդվեդևի նախագահական երկրորդ ժամկետի» վերաբերյալ բութ հաշվա՞րկը դավաճանեց Հայաստանի նախագահի աշխատակազմին: Եղածը եղած է, և տղամարդը նա է, ով կարողանում է ժամանակին ընդունել իր սխալներն ու աշխատել ուղղել դրանք, և ոչ թե նա, ով սկսում է «նեղացածի տեսքով» նվնվալ չորս տարի հետո, իբր իրեն «նեղացրել են» և «հաշվի չեն առել» չորս տարի առաջ:

Ես հակված չեմ վերագնահատելու Մոսկվայում Հայաստանի դեսպանության արժեքները: Այո, դեսպանություն է: Սակայն գործում կամ անգործության է մատնված լինում բացառապես Հայաստանի արտգործնախարարության «հրահանգով»: Իսկ Հայաստանի ԱԳՆ-ն գործում կամ անգործության է մատնվում բացառապես նախագահի աշխատակազմի թելադրանքով: Եվ Երևանում ո՞վ չգիտի այդ մասին:


Այնուամենայնիվ, խոսակցությունն անհրաժեշտ է, և ոչ այն պատճառով, որ մենք, անկեղծ ասած, գիտենք, որ Հայաստանի ԱԳՆ-ն բացահայտորեն բարձրության վրա չէ, էլ չենք խոսում երկրի արտքաղաքական կուրսի ձևավորման մյուս մասնակիցների մասին: Հարցն ընդհանուր առմամբ Հայաստանի դիվանագիտական հանձնակատարի սահմանակարգի մասին է, և ոչ միայն Ռուսաստանում, այլև այլ երկրներում: Ասենք, նույն Վրաստանում, կամ էլ Մեծ Բրիտանիայում և այլուր: Աստված սիրեք, ցույց տվեք գոնե մեկ նախադեպ, որտեղ հանուն ազգային շահերի քաղաքական ակտիվության օրինակ եղած լինի արտասահմանում Հայաստանի որևէ դեսպանություն: Խուսանավումներ, թե, իբր, ավելի լավ է գործել կուլիսներում, չեն ընդունվում. բոլոր շատ թե քիչ իրազեկ մարդիկ գիտեն, որ բացի, «կուլիսային դիվանագիտությունից», կան հարցեր, որոնցում ձեռնտու է ամենահրապարակային, հասարակական ամենալայն հնչողությունն ունեցող դիվանագիտությունը։ Պարոն Սոլովյով, Հայաստանը, ըստ էության, Ռուսաստանում դեսպաններ չի ունեցել համարյա 1992 թվականից ի վեր, և մենք Հայաստանում վաղուց չենք զարմանում այդ առիթով։ ՌԴ-ում Հայաստանի դեսպանի ինստիտուտի դատարկության ամենավառ դրսևորումները ես անձամբ համարում եմ երկու նախադեպ։ Առաջինը տեղի է ունեցել դեռ այն ժամանակ, երբ Մոսկվայում ահաբեկչական ակտեր էին թնդում, և դրանցից մեկի ժամանակ մետրոյի կայարանում զոհվել էր Հայաստանի քաղաքացի, երկու երեխայի մայր մի կին։ Ցավալի էր կարդալ «Ազգ» թերթին կնոջ հոր խոստովանությունը, որտեղ նա բառացիորեն լացով գոռում էր, որ դստեր դիակի տեղափոխման գործում իրեն օգնում էին բոլորը, բացի մեր դեսպանության աշխատակիցներից։ Նույնիսկ ռուս, ինչպես ասում են, «մենթերը»։ Բոլորը վշտակցել են ծերունուն, բայց ոչ յուրայինները, որոնք մի տեղեկանքի համար անմիջապես փող են պահանջել «ըստ գնացուցակի»։

Երկրորդը, երբ դեսպանությունը «տեղից շարժվեց» միայն այն ժամանակ, երբ մեր տարաբախտ ազատամարտիկին, որը հարկադրված էր ՌԴ-ում աշխատել որպես «ԿամԱԶ»-ի վարորդ, խալաթով մոսկովյան դատարան տանելու լուրը լայն տարածում գտավ։ Իսկ մի՞թե Մոսկվայում Հայաստանի դեսպանության առաջնահերթ խնդիրը մեր երկրի քաղաքացիների շահերի մասին հոգ տանելը չէ։ Մի՞թե մեր դիվանագետները պարտավոր չեն առաջին իսկ րոպեներից իմանալու, որ ՌԴ-ում Հայաստանի որևէ քաղաքացու նկատմամբ քրեական գործ է հարուցվում և այլն։ Եվ մի՞թե մեր դիվանագետների խնդիրը չէ օգնել մեր համաքաղաքացիներին փորձանքի ժամին, եթե դա պատահել է այլ երկրի տարածքում։
Սա գրում եմ այն պատճառով, որ «Ռուսաստանում խախտում են...» գոռալու փոխարեն (անգամ կարևոր էլ չէ, թե ինչ են խախտում) ավելի լավ է ուշադրությամբ նայենք մեր իսկ դեմքին, թեկուզև հայելիով։ Մոսկվայում ոչ պրոֆեսիոնալ տարատեսակ անձանց դեսպաններ նշանակելը, և հիմնականում ոչ այն է անձնական «շան հավատարմության» սկզբունքով, ոչ այն է, այսպես կոչված, «մնացորդային սկզբունքով», երևի ավանդույթ է դարձել Հայաստանում։

Ահա թե ինչու, ի տարբերություն հեռուստալրագրող Վլադիմիր Սոլովյովի, մենք՝ Հայաստանի քաղաքացիներս, չենք զարմանում։ Ավա՜ղ, ամեն ինչ օրինաչափ է։ Այնպես որ, մեղավոր են ոչ թե ամեն տեսակի Մամիկոնյանները, Մկրտումյանները, Շահբազյանները, Սահակյանները, Սմբատյանները, Եսայանները, այլ նրանք, ովքեր նրանց նշանակում են։ Եվ եթե անգամ հավաքարարին Ռուսաստանում Հայաստանի դեսպան նշանակելիս մեր երկրի արտգործնախարարությունը կամ անմիջականորեն նախագահի աշխատակազմը խիստ ցուցում տային միշտ ակտիվ ու հետևողական լինելու ազգային շահերի պաշտպանության գործում և ոչ թե զբաղվելու հայ քաղաքացիներին տեղեկանքներ վաճառելով, ապա հնարավոր է, որ մենք, իրոք, ունենայինք Ռուսաստանում արդյունավետ գործող Հայաստանի դեսպանություն:

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 5241

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ