«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

«Պատերազմը կլինի այն ժամանակ, եթե մենք թույլ տանք ռազմական բալանսի խախտում»

«Պատերազմը կլինի այն ժամանակ, եթե մենք թույլ տանք ռազմական բալանսի խախտում»
21.06.2016 | 00:19

ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ (ՀՀ պաշտպանության նախկին նախարար)


-Պարոն Հարությունյան, ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուն և, ընդհանրապես, Ռուսաստանը մշտապես հայտարարում են, թե Ադրբեջանն իրենց ռազմավարական գործընկերն է: Ռուսաստանն Ադրբեջանին զենք է վաճառում: Հիմա, երբ Հայաստան-Ռուսաստան, իսկ եթե առավել ստույգ` Հայաստան-ՀԱՊԿ միասնական ՀՕՊ համակարգի մասին համաձայնագիր են վավերացնում, ինչպե՞ս է, ըստ Ձեզ, վերաբերվելու «ռազմավարական» Ադրբեջանն այդ հանգամանքին:
-Մենք պետք է կարողանանք տարբերակել. այո, Ադրբեջանն ԱՊՀ անդամ երկիր է, Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է, սակայն այն տեսանկյունից, որ Ռուսաստանի հետ ունի ընդհանուր հետաքրքրություն` Կասպից ծովի բաժանմանն առնչվող: Առաջին հերթին: Կարծում եմ` տեղյակ եք նաև, որ Ադրբեջանում հակառուսական տրամադրություններն անասելի մեծ են, սակայն հասկանալով, որ դրա ցուցադրումը և ցցումը կվնասեն իրենց, ադրբեջանցիները կարողանում են այդ կարգի ռիտորիկան կանխել և թույլ չտալ, որպեսզի հարաբերությունները Ռուսաստանի հետ սրվեն, վատանան: Եվս մեկ անգամ հիշեցնեմ՝ Ադրբեջանում հարցումները ցույց են տվել, որ հակառուսական տրամադրություններն այստեղ 80 տոկոս են, քանզի Ադրբեջանը համարում է, որ իր թիվ մեկ բարեկամը Թուրքիան է:
-Բա էդ դեպքում ի՞նչ «իլյուզիաների» մեջ է Ռուսաստանը: Ինչո՞ւ է էդպես բռնել Ադրբեջանի պոչը` հակառուսական տրամադրություններ առաջացնելով Հայաստանում: Ավելին չասեմ:
-Ռուսաստանն «իլյուզիաներ» չունի ամենևին:
-Ի՜նչ եք ասում. նախնական ծրագրով` Ադրբեջանը ԵԱՏՄ տանելու անզուսպ ցանկություն կար` քառօրյայից` բլիցկրիգից առաջ, Ադրբեջանում ռուսական ռազմական ներկայության էլ ավելի բուռն ցանկության մասին էլ չասեմ:
-Դա բացառված է:
-Բա էդ դեպքում ի՞նչ է, Ռուսաստանի միակ նպատակը խաղաղապահնե՞րն են Արցախում:
-Ասել եմ քանիցս` Ռուսաստանը փորձում է տարածաշրջանում պահել իր ամբողջական ազդեցությունը. սա է նրա իրական աշխարհաքաղաքական նպատակը:
-Այսինքն, ևս մեկ պատերազմի՞ պետք է սպասել:
-Ես նման բան չասացի: Պատերազմը կլինի այն ժամանակ, եթե մենք թույլ տանք ռազմական բալանսի խախտում:
-Ի՞նչ ասել է` թույլ տալ:
-Ասել է` մենք պետք է ամեն ինչ անենք, որ բանը դրան չհասնի, նույն ՀՕՊ-ը, որը մենք կունենանք Ռուսաստանի շնորհիվ:
-Պարոն Հարությունյան, բայց եթե այդ ՀՕՊ համակարգն Արցախին չի վերաբերում, ի՞նչ բալանսի խախտման-չխախտման մասին կարող է խոսք լինել:
-Թույլ տվեք այդ մասին լռել:
-Լռե՛ք: Բայց հօգուտ մե՞զ եք լռում, թե՞ Ռուսաստանի:
-Թույլ տվեք լռել: Դուք ի՞նչ եք կարծում, եթե Հայաստանը ուժեղանում է այդ համակարգով, իսկ մենք մեր ռազմական դոկտրինով Ղարաբաղի անվտանգության երաշխավորն ենք, ի՞նչ է լինում այդ դեպքում: Պարզ է, չէ՞, ինչ է լինում:
-Մասամբ: Ի դեպ, խոսակցությունը, որ 200 միլիոնի զենքը չի գալիս Հայաստան, ու թերևս կարող է գա կեսը, հետո, եթե ՀՕՊ համաձայնագիրը վավերացվի, դրանք միմյանց հետ կապ ունե՞ն:
-Ո՛չ, ո՛չ:
-Բա ինչո՞ւ չի գալիս:
-Հարց տվեք այն մարդկանց, ովքեր զբաղվում են այդ խնդրով, բայց իմացեք՝ մի մասը եկել է, և որևէ քաղաքական խնդիր այստեղ չկա:


Ճեպազրուցեց Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ

Դիտվել է՝ 1852

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ