ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

«Պետությունը ես եմ»

«Պետությունը ես եմ»
21.06.2016 | 00:51

Հայոց 2016-ի հունիսը ստույգ մտնելու է պատմության մեջ: Ոմանց համար՝ Հռոմի Ֆրանցիսկոս պապի Հայաստան եռօրյա այցելությամբ: Ոմանց համար՝ Ընտրական օրենսգրքի ու խորհրդարանական ընտրությունների հարցում կոնսոլիդացիայի: Ոմանց համար՝ անձնական պատճառներով: Նախորդ դարերում՝ չգիտեմ, 21-րդ դարում Հռոմի երկրորդ պապն է գալու աշխարհում առաջինը պետականորեն քրիստոնեություն ընդունած Հայաստան: 2001-ին՝ Հովհաննես Պողոս Երկրորդը ու երեք օրից՝ Ֆրանցիսկոս Առաջինը: Այցի էկումենիկ նշանակությունը թող հոգևորականները մեկնաբանեն, քաղաքական նշանակությունը քաղաքական գործիչները գնահատեն, պատմական նշանակությունը պատմությունը կտա: Ես պարզապես ուրախ եմ, որ Հայաստան է գալիս Հռոմի պապը, առավել ևս՝ Ֆրանցիսկոսը:

Կարդինալ Խորխե Մարիա Բերգոլիոն՝ առաջին արգենտինացին Վատիկանում, որ փորձում է փոխել աշխարհը՝ վերադարձնելով Աստծո տասը պատվիրաններին: Գիտի, որ չի կարողանալու, ինչպես չեն կարողացել նախորդ 266 պապերը, բայց գնում է առաջ ու չի նահանջելու, որովհետև գիտի՝ Աստված մեկն է, հավատացյալներն են տարբեր: Պարզապես ուրախ եմ, որ նրա գալով Հայաստանի խելահեղ գեղեցիկ երկնքի տակ աղոթք է հնչելու առ Աստված ու, համոզված եմ, տեղ է հասնելու՝ շատացնելով լույսը ու բարին:


Հունիսի 15-ին ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը և ՀՀԿ-ն Ազգային ժողովում, հավարտ 4+4+4 ձևաչափով հանդիպման, համաձայնագիր ստորագրեցին՝ այս խորհրդարանի պատմության մեջ իշխանության և ոչիշխանության առաջին համատեղ փաստաթուղթը, որ ի հայտ չէր գա, եթե չլինեին առաջիկա խորհրդարանական ընտրությունները: Համաձայնագիրն ունի բազմակի նշանակություն՝ միջազգային, տեսական, բարոյական, քաղաքական, ֆինանսական, կուսակցական, բայց ոչ մի դեպքում՝ պատմական: Մինչև հունիսի վերջ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու համար ԱԺ արտահերթ նիստ կգումարվի:

Համաձայնագիրը չստորագրեցին քաղհասարակության ներկայացուցիչները՝ 4+4+4 ձևաչափը կայացավ 4+4 մասով, բայց դա էլ բավական էր, որ թմբկահարվեր իբրև մեծագույն իրադարձություն: Ստորագրված համաձայնագիրը կոնսենսուս չհամարեց 4+4+4 ձևաչափով քննարկումներին չմասնակցած «Ժառանգությունը» և արձանագրեց, որ փոփոխություններն ամբողջությամբ չեն լուծում ընդդիմության ներկայացրած խնդիրները, «կիսահնարավորություն» են: Լևոն Զուրաբյանը հայտարարեց. «Սա, առանց չափազանցության, կարելի է համարել պատմական իրադարձություն, թեև չի երաշխավորում ավելի արդար և ազատ ընտրություն Հայաստանում. մնում են չլուծված խնդիրներ, չի լուծվում նաև ընտրակաշառքի խնդիրը, ռեսուրսների չարաշահման խնդիրը, բայց լուծվում են շատ լուրջ խնդիրներ՝ կապված տեղամասերում օրինականության վերահսկման հետ»։

Կարելի է եզրակացնել, որ ՀԱԿ-ի խնդիրը ազատ, արդար ընտրությունների անցկացումը, ընտրակաշառքի ու ռեսուրսների չարաշահման բացառումը չէր: Կամ՝ եթե չունես, ինչ ուզում ես, ուզիր՝ ինչ ունես: Նաիրա Զոհրաբյանն ավելի պրագմատիկ էր. «Փոխզիջում չի նշանակում կապիտուլյացիա, փոխզիջում չի նշանակում սեփական սկզբունքներից հրաժարում, փոխզիջում չի նշանակում ինչ-որ սկզբունքների դավաճանություն, փոխզիջում նշանակում է հնարավոր կոմպրոմիսների միջոցով հնարավոր լավագույն լուծումներ գտնել»։

Արմեն Ռուստամյանը հիշեց Սիզիփոսին. «Մենք մի քիչ խելոք գտնվեցինք, որ կարողացանք ինչ-որ պահի գլխի ընկնել, որ մյուս քայլը պետք չէ անել, հասել ենք գագաթին՝ կանգնենք»: Հովհաննես Մարգարյանն ավելի անկեղծ էր, նա խոսեց ֆինանսավորումից. «Այս փաստաթուղթը, եթե ֆինանսավորում լինի և կարողանանք մտցնել այս նորամուծությունը Ընտրական օրենսգրքում, մասամբ կվերացնենք կրկնակի քվեարկությունը»:

Հովհաննես Սահակյանը պաթետիկ էր. «Այս աննախադեպ փոխհամաձայնությունը պարտադրող է, այսօր քաղաքական ուժերը, դեմ դիմաց նստած մեր հանրությանը, ասում են՝ մենք համաձայնության ենք եկել էս փաստաթղթի շուրջ, որի արդյունքում մենք կարող ենք ունենալ վստահելի ընտրություններ»: Չի՞ ստացվում, որ համաձայնագրով առավել շահագրգիռ կողմը ՀԱԿ-ն ու ՀՀԿ-ն էին՝ մեկին պետք էր խորհրդարանում ներկայացվածության երաշխիք, մյուսին՝ համաձայնության հաշվին՝ վստահության վերականգնում:

Իսկ ի՞նչ է փոխվել: Կուսակցությունների համար հասանելի կլինեն նաև այն ընտրատեղամասերում ընտրությանը մասնակցած անձանց ցուցակները, որտեղ չեն ունեցել հանձնաժողովի անդամներ կամ վստահված անձինք։ Ընտրողները քվեարկությանը կմասնակցեն միայն նույնականացման քարտերով, որ պետությունը անվճար կտրամադրի մինչև ընտրությունները։ Քվեարկությունից առաջ կստուգվեն ընտրողների տասը մատնահետքերը։ Բոլոր 2000 տեղամասերում կտեղադրվեն տեսախցիկներ, ընտրական գործընթացը կհեռարձակվի ուղիղ եթերով։ Բավարա՞ր են կատարվելիք փոփոխությունները վստահելի ընտրությունների համար: Չգիտեմ՝ ով ինչ է մտածում, ՀՀ որևէ Ընտրական օրենսգիրք չի ունեցել ընտրախախտումների, ընտրակաշառքի, ընտրության փոխարեն նշանակում ենթադրող գործընթացին իրավական ուժ տվող հոդված, իսկ ընտրությունները (հանրաքվեները ևս՝ բացառությամբ առաջինի) ամբողջությամբ չեն բավարարել հասարակությանը: Նախագահական ընտրություններին հաջորդել են հետընտրական գործընթացներ, պարտված ոչ մի թեկնածու չի ընդունել հաղթողի հաղթանակը: Որևէ դեպքում Ընտրական օրենսգիրքը պատճառ չէր, ուստի հիմք չկա Ընտրական օրենսգիրքը հիմք համարել իրական ընտրությունների: Ընդդիմությունը, բնականաբար, պիտի Ընտրական օրենսգրքում առանցքային փոփոխություններ կատարելու համաձայնագիրը իր պատմական հաղթանակը որակի՝ շեշտելով քաղաքացիական հասարակության ու միջազգային կառույցների աջակցությունը:

Նույնքան բնական է, որ քաղաքացիական հասարակության ստորագրությունը համաձայնագրի տակ չկա՝ նրանք չունեն կուսակցական խնդիրներ և ազատ են իրենց տեսակետների արտահայտման մեջ: Նրանք, ինչպես հասարակության գերակշիռ մասը, իշխանությանը չեն վստահում և հավատում են ոչ թե խոսքերին ու թղթերին, այլ՝ գործին։ Նախնական հաշվարկներով՝ ընտրական գործընթացում փոփոխությունների տեխնիկական ապահովման համար 16 միլիոն եվրո է պետք, որը պետությունը չունի։ Միջազգային կառույցները կտան 11 միլիոնը, իսկ մնացա՞ծը։ Իշխանությունը այսքան արագ կգտնի՞ հինգ միլիոն եվրո: Թերևս՝ այո, որովհետև հայտարարում է, որ հասել է հաջողության: Եկող տարվա խորհրդարանական ընտրությունները թանկ են լինելու՝ բոլոր առումներով: Համենայն դեպս, ստորագրված համաձայնագրով, եթե ֆինանսավորում չգտնվի, համաձայնագիրն ուժը կորցնում է: Համարենք, որ դա չի լինի ու չի կարող լինել: Վերջապես խորհրդարանական ուժերը համաձայնության են եկել, քաղաքական դաշտում չբարձրաձայնվող նոր ստատուս քվո է հաստատվել բոլոր նրանց հետ, որ Ընտրական օրենսգրքի վերաբերյալ համաձայնագրով ապագա խորհրդարանում շահեցին հինգական տոկոսների իրավունքը: Հաշվի առնելով ՀՀԿ-ի մեծամասնություն լինելու «պատմական իրավունքը»՝ սահմանադրական փոփոխություններով պատգամավորների թվի կրճատումը 131-ից՝ 101-ի, հարց հայ մաթեմատիկոսներին՝ կհավելվե՞ն այլ «հինգտոկոսանոցներ», քանի՞սը, քանի՞ տոկոսով: Նույն հարցը՝ քաղաքական գործիչներին, որ սցենարներ են գրում: Հուսանք, որ ընտրողի պատասխանը կլինի պահանջարկված:

Այնուամենայնիվ: Կյանքը խորհրդարանով չի սկսվում ու ավարտվում, իրական կյանքը խորհրդարանից դուրս է, որտեղ մարդիկ ապրում են իրենց խնդիրների հետ: Քաղաքացիական հասարակության ու արտախորհրդարանական քաղաքական ուժերի մասին չէ խոսքը, որ ոչ միայն ընտրությունների կազմակերպման, այլև նպատակների ու խնդիրների մասին բոլորովին այլ պատկերացումներ ունեն: Խոսքը շարքային ընտրողի մասին է, միջին վիճակագրական հայի, որ այլևս խորհրդարանական կառավարման մոդելի անցած երկրում ընտրելու է պետության ապագա ղեկավարին՝ մեծամասնություն ստացած քաղաքական ուժի ներկայացուցիչ ապագա վարչապետին: ՀՀԿ-ն վստահ է իր հաղթանակին: Որո՞նք են ՀՀԿ-ի հաղթանակի նախադրյալները, եթե չգործեն ընտրակաշառքն ու վարչական ռեսուրսները, եթե անցկացվեն ազատ ու արդար ընտրություններ: Մրցակից կուսակցությունների թուլությո՞ւնը: Գաղափարական այլընտրանքների բացակայությո՞ւնը: Ավանդական իներցիա՞ն: Երկրի տնտեսական ա՞ճը: ՀՆԱ-ի ու վարկերի հարաբերակցությո՞ւնը: Տարածաշրջանում ազդեցության մեծացո՞ւմը: Երկրի վարկի ու հեղինակության ամրապնդո՞ւմը: Թող ընտրողն ընտրի:


Արտաքին գործերի նախորդ նախարարը վերջապես համագումար արեց: Գրանցեք՝ Վարդան Օսկանյան՝ «Համախմբում» կուսակցության նախագահ, որ հիմնադիր համագումարում հայտարարեց. «Մենք հայտ ենք ներկայացնում ձևավորելու քաղաքական բևեռ»: Եթե նկատի ուներ, որ բևեռները մագնիսի նման ձգում են, ո՞ր քաղաքական ուժերին է մտադիր համախմբել Վարդան Օսկանյանի բևեռը, եթե լինելու է «վերկուսակցական կառույց, ժողովրդական շարժում»: Համագումարում հավուր պատշաճի հնչող հայտարարությունները վճռորոշ չեն, Վարդան Օսկանյանին նոր ոչինչ չի մնացել, նա շարունակելու է հինը: Ռոբերտ Քոչարյանի հետ, թե առանց նրա, Վարդան Օսկանյանը միավորելու է ռուսամետների ցիրուցան թևերը՝ նրանց «կոմպլեմենտար» երանգ տալով՝ գործունակ դարձնելու և նոր խնդիրները լուծելու պատրաստ պահելու համար: Այդ ճանապարհին Վարդան Օսկանյանը ամենախելոք մտքերը կարող է գրավոր ու բանավոր արտահայտել, միևնույն է, կարմիր գիծը չի հատելու, գաղափարական այլընտրանք չի առաջարկելու, անվտանգ քննադատությունից աջ ու ահյակ չի անելու՝ ֆինանսավորումը կկորցնի: Եվ, ուրեմն, նա հրաշալի կառավարելի ընդդիմություն է, եթե հաշվի առնենք, որ եկող ընտրություններում սերնդափոխություն է լինելու, և որոշակի վակուում կստացվի:

Վարդան Օսկանյանը հայտնագործություն է՝ ցուցանակ, որի տակ, Կարեն Անդրեասյանից Սամվել Բաբայան, տեղ ունեն, իսկ վերևում Ռոբերտ Քոչարյանի ստորագրությունն է: Խնդիրը մեկն է՝ մերօրյա «արև-արքաների» վերարտադրությունը՝ անփոփոխ նշանաբանով՝ «Պետությունը ես եմ»:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. Հունիսը կարող էր պատմության մեջ մտնել նաև Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման գործընթացում բեկումնային որոշումներով, բայց Սանկտ Պետերբուրգը չդարձավ այդ քաղաքը: ՌԴ նախագահը նախ հանդիպեց Հայաստանի, ապա Ադրբեջանի նախագահների հետ, առանձնազրույցներից հետո կայացավ եռակողմ հանդիպումը: Օրվա թեմայով Սերժ Սարգսյանը շեշտել էր. «Մեր դիրքորոշումը Ղարաբաղի հարցում հայտնի է բոլորին: Մենք ցանկանում ենք, որ հարցը լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների մյուս ղեկավարներին այն ուշադրության, ջանքերի համար, որ դուք հատկացնում եք այս հարցին: Բայց, ցավոք, մի կողմի ցանկությամբ նման հակամարտությունները ոչ մի կերպ չեն լուծվում: Եվ մենք, իհարկե, շատ ուրախ կլինեինք, եթե այսօր կարողանայինք առաջ շարժվել Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ, այսինքն` հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմներ ստեղծենք: Դա աշխատանքային տրամադրվածություն կստեղծի բանակցությունների անցկացման համար»: Ալիևը այլ շեշտադրումներ ուներ. «Ես շնորհակալ եմ Ձեզ հանդիպում անցկացնելու նախաձեռնության համար և այն կառուցողական դերի, որ Ռուսաստանը խաղում է կարգավորման գործընթացում: Կոնֆլիկտը ձգձգվում է, ինչպես հայտարարել են ՌԴ-ն և ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահները, ստատուս քվոն անընդունելի է: Մենք ամբողջությամբ աջակցում ենք այդ հայտարարությանը: Բայց որպեսզի փոխվի ստատուս քվոն, պետք է սկզբում ապաօկուպացնել Ադրբեջանի տարածքները, որ ավելի քան 20 տարի օկուպացված են: Այսօր մենք հանգամանալից կխոսենք այդ մասին, մենք հույս ունենք, որ մեզ կհաջողվի կառուցողական դինամիկա հաղորդել բանակցային գործընթացին, որ վերջին երկու տարիներին գործնականում չէր վարվում»:

Դիտվել է՝ 3159

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ