«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան բոլոր խոստումները իրականում փուչ դուրս եկան. ինչո՞ւ

Հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան բոլոր խոստումները իրականում փուչ դուրս եկան. ինչո՞ւ
21.06.2016 | 10:09

(սկիզբը՝ այստեղ)

Բրեժնևի մահից հետո իշխանության ղեկը հանձնվեց կիսամեռ Անդրոպովին, իսկ նրանից հետո՝ գրեթե մեռած Չեռնենկոյին: Դրանով Կրեմլը մեկ անգամ ևս հավաստեց, որ երկրում փոփոխություններ չեն լինելու, չի փոխվելու երկրի ոչ ներքին և ոչ էլ արտաքին քաղաքականությունը, որ խորհրդային երկրում, ընդհանրապես, ոչինչ չի փոխվելու, ոչ մի լավ բանի չսպասեք, խորհրդային ժողովուրդը թող ավելորդ պատրանքներ չունենա, թե Բրեժնևից հետո ինչ-որ բան փոխվելու է, շարժվելու է դեպի լավը: «Пятилетка пышных похоро» անվանված ժամանակահատվածը համամիութենական հիասթափության ու նոր անեկդոտների առիթ տվեց:


Հարց «Հայկական ռադիոյին». -Ի՞նչ տարբերություն կար Բրեժնևի ու Անդրոպովի միջև:
Պատասխան. -Միայն մեկ տարբերություն՝ Բրեժնևը սնվում էր մարտկոցից (Բրեժնևի սրտի վրա կարդիոստիմուլյատոր էր դրված), իսկ Անդրոպովը սնվում է ցանցից (Անդրոպովը երիկամային հիվանդություն ուներ ու դիալիզի սարքերից չէր կարող հեռանալ, մշտապես միացված էր ցանցին):
Չնայած Կրեմլից մշտապես հնչեցվող հաղորդագրություններին, թե նոր «գենսեկը» առանց ժամանակ կորցնելու, ակտիվորեն աշխատում է այս կամ այն կարևոր ծրագրերի վրա, միևնույն է, մարդիկ չէին հավատում, որ այդ հիվանդ մարդիկ ինչ-որ նոր գաղափարների բանբեր են լինելու, ընդունակ են ինչ-որ փոփոխություններ կատարելու երկրի ու քաղաքացիների կյանքում, միևնույն է՝ ոչինչ անել հնարավոր չէ: Խորհրդային Միության խնդիրները շատ էին։ Կոմունիզմ կառուցող երկիրը մտել էր փակուղի, նրանից միայն ոսկորն ու կաշին էին մնացել, երկրի օրերը հաշված էին: Խորհրդային ժողովուրդն այդ ամենը լավ տեսնում, հասկանում ու կարողանում էր գնահատել:


Պուտինի նկատմամբ Ռուսաստանի ժողովրդի, և ոչ միայն Ռուսաստանի, մեծ հետաքրքրությունը, հավատը, խորին հարգանքը, լավատեսությունը, հույսերը, որոնք, կարելի է ասել, ընդհանրականորեն վերածվել են համաժողովրդական սիրո, կարելի է բացատրել նրա ֆիզիկական առողջության, առողջ բանականության, ճկուն մտքի, ճարտար լեզվի, կամային բարձր հատկանիշների, սպորտային կեցվածքի ու հույսեր ներշնչող մյուս դրական հատկանիշներով, որոնցով Կրեմլի կոմունիստական լիդերները երբևէ չեն փայլել: Այսօր Պուտինը դարձել է Ռուսաստանի ու հետխորհրդային երկրների փաստացի լիդերը, որից սպասելիքները մեծ են, որի հետ հետխորհրդային ժողովուրդները մեծ հույսեր են կապում: Ասա՝ ով է քո երկրի լիդերը ու ես կասեմ, թե ի՛նչ ճակատագիր է սպասում քո ժողովրդին:
Իշխանության գալով, առաջին հերթին, Գորբաչովը պետք է կարողանար ազատվել Բրեժնև-Անդրոպով-Չեռնենկո շրջապատի ու նրանց մերձավորների կողմից ղեկավարվող խորհրդային ստվերային իշխանությունից: Սա շատ դժվարին խնդիր էր, ոչ պակաս նրանից, որը ժամանակին մեծ հաջողությամբ լուծեց Խրուշչովը՝ ակնթարթորեն ազատվելով Լավրենտի Բերիայից ու նրա կողմնակիցներից: Եթե Խրուշչովն իր կարևոր պետական գործերը սկսեց Լավրենտի Բերիային վերացնելուց, ապա Գորբաչովը իր բարեփոխումների գործը սկսեց Չուրբանովին բանտում փակելուց ու Գալինա Բրեժնևային հոգեբուժարանում տեղավորելուց հետո: Հայտնի է, որ Չուրբանովի բանտային պայմանները թագավորական էին՝ հատուկ բանտային ապարտամենտ, սառնարան, հեռախոս, լոգարան ու այլ հարմարություններ: Հասկանալով, որ տնտեսական ու բարոյական խորհրդային ճահճի հաղթահարումը վեր է իր ուժերից ու ոչինչ անել այլևս հնարավոր չէ, Գորբաչովը շատ խորամանկ ու հնարամիտ քայլի դիմեց՝ խորհրդային հանրապետություններին առաջարկեց սկսել դեմոկրատական բարեփոխումները, և ինքնուրույնաբար, յուրաքանչյուրն իր ուժի ներածի չափով պետք է հաղթահարեր ստեղծված տնտեսական ու քաղաքական դժվարությունները, ճանապարհ գտներ ու դուրս գար ստեղծված ծանր իրավիճակներից: Գուցե և կային այսպիսի հաշվարկներ. այն հանրապետությունները, որոնք կկարողանան գտնել տնտեսական ու քաղաքական ճգնաժամերից դուրս գալու լավագույն տարբերակներն ու կբռնեն զարգացման կայուն ուղին, դա էլ կլինի այն օպտիմալ ճանապարհը, որը օրինակելի կլինի մյուս հանրապետությունների համար: Տեսական հաշվարկները կամ տեխնիկատնտեսական հիմնավորումները Գորբաչովի «перестройка»-ի ծրագրի մեջ չկային, իսպառ բացակայում էին: Բարդ խնդիրները լուծելու այս ձևը տեխնիկայում հայտնի է որպես փորձի ու սխալանքների մեթոդ, որը շատ է տարածված նաև կենդանական աշխարհում և կենդանիների գոյատևման ու զարգացման հիմնական բանաձևն է:


Գորբաչովը, փաստորեն, պարզեց Խորհրդային Միության պարտության սպիտակ դրոշը, որի վրա գրված էր «демократия и гласность»։ Ընդամենը։ ՈՒրիշ ոչինչ չառաջարկեց: Գուցե և Գորբաչովի ռեֆորմային-հեղափոխական գործողությունների հիմքում ինչ-որ հաշվարկներ, այնուամենայնիվ, կային, որոնք լայն հասարակությունից գաղտնի էին պահվում:
Ենթադրում եմ, որ հայ-ադրբեջանական, ռուս-ուկրաինական, ռուս-վրացական հակամարտություններն ի սկզբանե դրված են եղել Գորբաչովի ծրագրի հիմքում:

Բացառվում է, որ Խորհրդային Միությունում գործողության մեջ դրվեին «перестройка»-ի նման մասշտաբային միջոցառումներ՝ առանց նախնական հաշվարկների, առանց նախնական պայմանների ու փոխհամաձայնեցված գործողությունների: Եթե ուշադրությամբ հետևենք Ռուսաստանում, Բելառուսում, Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, Ղազախստանում ու մյուս հետխորհրդային երկրներում տեղի ունեցող զարգացումներին, ապա կտեսնենք, որ նրանք սկզբից ևեթ գնացին տնտեսական ու քաղաքական զարգացման տարբեր ճանապարհներով: Միայն ապագան ցույց կտա, թե դրանցից որն էր ճիշտը, ամենաճիշտը, ամենակարճը, քիչ կորուստներով իրականացվողը:


ԽՍՀՄ-ի հետագա ճակատագրին առնչվող հարցերում Գորբաչովին մեղադրել չի կարելի: Խորհրդային երկրում ամեն ինչ այնքան էր խճճված, տակնուվրա արված, որ դժվար էր դրանք հասկանալ, մոդելավորել ու մեկ ընդհանուր սյունազարդ ճանապարհ նկարել խորհրդային բոլոր ժողովուրդների համար, ձեռքներից բռնած նրանց այդ ճանապարհով առաջնորդել, ժամանակ էլ չէր մնացել. Ամերիկան ու մյուսները դրսից էին խեղդում ու խանգարում, խորհրդային դժգոհ հասարակությունը ներսից էր պահանջում:


Ինչ-ինչ հանգամանքներում Հայաստանը կկարողանա դառնալ հետխորհրդային երկրներից ամենաբարգավաճը և օրինակ ծառայել մյուսներին, ժամանակը ցույց կտա, բայց ձգտելը ամեն դեպքում պետք է, շանսերն էլ պակաս չեն, դա շատ կարևոր է, եթե ընդունենք ու հասկանանք, որ ինչքան էլ պայքարենք ու պայքարելով տեղում դոփենք կամ պտտվենք, միևնույն է, ի վերջո, բոլորի հետ միասին գալու ու միավորվելու ենք մեկ ընդհանուր երկրի կազմում՝ ի՛նչ անունով էլ հետագայում այն կոչես ու անվանես: Սա բխում է գորբաչովյան «перестройка»-ի տրամաբանությունից ու, մեծ մեղք չհամարենք հաջորդ տեսակետը պաշտպանելու համար՝ նաև առողջ բանականությունից: ԽՍՀՄ նախկին երկրների միավորումը այլընտրանք չունի՝ անկախ հայ-ադրբեջանական և ռուս-ուկրաինական հակամարտությունից դա տեղի կունենա մինչև 3-րդ համաշխարհային պատերազմի սկիզբը կամ դրանից հետո, իհարկե, եթե միավորվելու կամ կիսելու համար ինչ-որ բան, ամեն դեպքում, մնա:


Բայց վերադառնանք Բրեժնևին ու տեսնենք, թե իր սահմանադրության 6-րդ կետի համաձայն ովքե՞ր էին դառնալու նրա առաջարկած մոդեռն ծրագրերի իրականացնողները, նրա պայքարի ճակատն ու թիկունքը՝ միաժամանակ: Դրանք, անշուշտ, լինելու էին կոմունիստական կուսակցության այն նոր անդամներն ու քաղցր կյանքի ծարավով տառապողները, ովքեր մորեխի նման մասսայաբար սկսեցին լցվել կուսակցության շարքերը՝ ցուցադրաբար հայտարարելով, թե դառնալու են լենինյան կուսակցության անմահ ծրագրերի իրականացնողները՝ մտքներում, սակայն, պահելով իրենց վաղեմի երազանքը. նստել բարձր աթոռներին, հասնել երկրի գործերի կարգադրիչ-կառավարիչ-ղեկավարների դիրքերին ու դրանից հետո քաղել սեփական անձնական օգուտները, ինչը, սակայն այնքան էլ լավ չէր ստացվում աշխատանքային ֆրոնտներում ծուլության ու հիմնականում անգրագիտության պատճառով: Կարիերիստի համար սա լավ տարբերակ էր: Խորհրդային քաղաքացիները կարող էին իրենց կարիերան ստեղծել ու արժանապատիվ կյանքով ապրել նաև առանց կուսակցական տոմսերի, բայց դրա համար երկար ճանապարհ էր պետք անցնել ու, բացի այդ, պարտադիր կարգով պետք էր ունենալ բնատուր ընդունակություններ, համառորեն սովորել, առանց ուժերը խնայելու աշխատել, աշխատել ու փորձել վեր բարձրանալ շատ փշոտ ու քարքարոտ արահետներով, բայց թե վերջում ի՞նչ կստացվեր, պարզ չէր, ոչ ոք չէր կարող երաշխավորել: Իսկ կուսակցական ճանապարհը պարզ էր ու դյուրին. պետք էր սեփական ինքնասիրությունը գրպանը դնել, մի քիչ քծնել սովորել, հարմարվել կուսակցական էթիկայի ու դեմոկրատական ցենտրալիզմի կանոններին, ուրիշների տակը փորել կարողանալ ու «պարտիայի» գծով, հեռուն նայելով կամաց-կամաց առաջ ընթանալ:


Մինչ ԽՍՀՄ սահմանադրության 6-րդ կետի ընդունումը արտադրություններում ղեկավար պաշտոնների նշանակվում էին միայն փորձված, մասնագիտական բարձր արդյունքներ ցույց տված գրագետ մարդիկ: Շատերին դա հասանելի չէր, իսկ այստեղ կուսակցությունը զարտուղի լայն ճանապարհ էր բացում անգրագետ կարիերիստների համար: Մարդկանց հոսքը դեպի կուսակցություն սկսեց աճել այնպիսի տեմպերով, որ անմիջապես անհրաժեշտություն առաջացավ խիստ սահմանափակումներ մտցնելու: Այսպես, եթե կուսակցության մեջ նախկինի նման, առանց սահմանափակումների, կարող էին ընդունվել բանվորները, նաև երիտասարդ գիտնականները, ովքեր այդ հնարավորությունից օգտվելու առանձնակի ցանկություն չունեին, ապա ինժեներատեխնիկական աշխատողների համար կոմունիստական կուսակցության դռները, կարելի է ասել, հիմնականում փակվեցին: Այդ կատեգորիայի քաղաքացիների համար մտցվեցին տարիքային որոշակի սահմանափակումներ, որի բացատրությունը այսպիսին էր. եթե երիտասարդ մարդը, մինչև 30 տարեկան դառնալը, ավարտել է բուհը, չի հասկացել ԽՄԿԿ կարևոր դերն ու նշանակությունը՝ զարգացած սոցիալիզմի երկիր կառուցելու գործում, ապա կուսակցության համար նա այլևս պիտանի լինել չի կարող: Այս սահմանափակումները շրջանցելու ձևերից մեկը բուհում սովորելու տարիներին կոմերիտմիության ակտիվիստ դառնալն էր, որը շատ հարգված էր միջակ ընդունակությունների տեր ուսանողների շրջանում: Օրինակ, տեխնիկական բուհերում սովորող ուսանողների համար կար սեփական կարիերան կարգավորելու երեք ճանապարհ.


ա) դառնալ կոմերիտական ակտիվիստ, ստանալ կուսակցական տոմս ու հետագայում ղեկավար աշխատանքի անցնել՝ կուսակցական հովանավորյալների միջոցով,
բ) մասնագիտական կարիերան կազմակերպել գործարաններում՝ ձգտելով դառնալ լավ ինժեներ-մասնագետ ու կամաց-կամաց առաջ շարժվել տեխնիկական պաշտոնների հիերարխիական սանդուղքներով,
գ) փորձել մտնել գիտության բնագավառը, ունենալ հետաքրքիր աշխատանք ու երաշխավորված բարձր աշխատավարձ:
Կոմունիստական կուսակցության անդամներ էին դառնում հիմնականում երդվյալ կարիերիստները, ովքեր, գիտակցելով կոմունիստական կուսակցության դերն ու նշանակությունը, պատրաստ էին որոշակի զոհաբերություններ կատարելու, նույնիսկ կաշառք տալու, որի չափը Հայաստանի տարածքում ստանդարտացված էր՝ 3000 ռուբլի, որը հավասար էր միջին ինժեների մեկ տարվա աշխատավարձին: Ոչ մի պաշտոն բանակում ու իրավապահ համակարգերում, ոչ մի պաշտոն գործարաններում ու գիտահետազոտական ինստիտուտներում հնարավոր չէր ստանալ, եթե տվյալ անձը կոմունիստական կուսակցության անդամ չէր: Որոշ առումով նման իրողությունը կարող է բնորոշվել որպես քաղաքացիական ազատությունների որոշակի սահմանափակում կամ պարզապես արգելք՝ մասնագիտական զբաղմունքների նկատմամբ:


Եթե խորհրդային քաղաքացին, որտեղ էլ լիներ, ստացել էր բարձրագույն կրթություն, երկար տարիներ աշխատել գիտության բնագավառում կամ արտադրությունում ու լավ մասնագետ էր դարձել, միևնույն է, մի քանի աստիճան բարձրանալուց հետո նրա կարիերան կարելի էր ավարտված համարել, եթե չէր հասցրել կամ, ավելի վատ, եթե չէր ցանկացել դառնալ ԽՄԿԿ անդամ: Ի՞նչ էր գրված բրեժնևյան սահմանադրության 6-րդ կետում ու ի՞նչ էր դա նշանակում իրականում: Իրականում դա նշանակում էր, որ Խորհրդային Միության կոմունիստական կուսակցությունը խորացնում է իր անմիջական մասնակցությունը երկրի արտադրողական ուժերի մեջ, տնտեսության բոլոր բնագավառներում իր վրա է վերցնում տեխնիկական անմիջական ղեկավարի ու տեխնիկական քաղաքականություն թելադրողի մոնոպոլ հանձնառությունը: Այսուհետ գործարանների տնօրենների պաշտոններում կարող էին նշանակվել միայն կոմունիստները՝ առանձնապես հաշվի չառնելով նրանց մասնագիտական կարողությունները, փորձը, գիտելիքները, մարդկային ու բարոյական արժանիքները:
Մի հետաքրքիր դիտարկում իմ անձնական կյանքից: 1990 թվականին Նալչիկի իմ ասպիրանտ-ընկեր Իսմայիլ Ատադիևի հյուրն էի, մի անգամ նա առաջարկեց այցելել գործարաններից մեկը.՝ ինչ-որ հարց կար լուծելու: Գնացինք կերամիկական իրերի գործարան, որի տնօրեն Զալիմը ազգությամբ կաբարդին էր, Իսմայիլը բալկար էր: Տնօրենը մեզ ընդունեց որպես շատ պատվավոր հյուրերի, հյուրասիրեց իրենց ազգային խոհանոցի ամենահարգված կերակրատեսակով՝ կումիս՝ բլիթաձև տաք հացի հետ: Խոսակցության ժամանակ հետաքրքրվեցի, թե ինչ կրթություն ունի մեզ հյուրընկալող տնօրենը, դրանից հետո հեշտ կլիներ վարելը մեր զրույցը: Նրա պատասխանը զարմացրեց.


-4-րդ դասարանից ինձ դպրոցից դուրս են վռնդել, բայց ողջ կյանքումս ափսոսել եմ, թե ինչու ավելի շուտ չեն վռնդել, կոմունիստ եմ դարձել բանտից դուրս գալուց հետո:
Քար լռություն տիրեց, ինչը փորձեցի ընդհատել իմ հաջորդ հարցով.
-Ձեր գործարանը ի՞նչ է արտադրում:
Պատասխանն ապշեցուցիչ էր:
-Անկեղծ, չգիտեմ, ես այստեղ ընդամենը երկու տարի եմ աշխատում, սպասեք, հարցնեմ իմ գլխավոր ինժեներին,- զանգահարեց,- լսիր, մենք այստեղ ի՞նչ ենք արտադրում, բերեք տեսնեմ, Հայաստանից հյուր ունենք, պետք է ցույց տալ:
Մի քիչ անց գլխավոր ինժեները բերեց մի քանի տեսակի կերամիկական իրեր:
-Միայն սրա՞նք ենք արտադրում, ուրիշ բաներ չունե՞նք,- զարմացավ ու զայրացավ գործարանի տնօրենը:


Նման դեպքերի կարելի էր հանդիպել Խորհրդային Միության տարբեր քաղաքներում: Իր սահմանադրության միջոցով Բրեժնևին հաջողվեց լուծել մի շատ կարևոր կուսակցական-կազմակերպական խնդիր. կոմունիստական կուսակցության անդամատոմս ունենալը դարձավ շահավետ՝ կուսակցության անդամների համար ու շահավետ բիզնես տարբեր մակարդակի կոմունիստական ղեկավար անձնակազմի համար: Արդեն կուսակցական էին դառնում ոչ թե գաղափարական հողի վրա, այլ շահադիտական նպատակներով: Կադրային քաղաքականության հարթությունում ինքնաբերաբար առաջին պլան մղվեցին կարիերիստները, անգրագետ ու կիսագրագետ մարդիկ: Մասնագիտական բարձր կարողությունների տեր մարդիկ անցան հետին պլան ու դուրս մղվեցին տնտեսության մեջ ունեցած իրենց կարևոր դերակատարումից: Կարևոր էր նաև, որ դրանով իսկ Բրեժնևին հաջողվեց հնազանդեցնել միլիոնավոր շարքային կուսակցականների՝ բերաններին լավ սանձեր հագցնելով, բերանները փակելով ու գործնականում վերջ դնելով կուսակցության հասցեին ավելորդ քննադատական ելույթներին ու այլախոհությանը:


Կուսակցության լիդերները համոզված էին, որ քննադատությամբ ու ինքնաքննադատությամբ զբաղվելու իրենց պարբերաբար հնչեցրած կոչերն ու հորդորները բավարար էին եղած թերությունները վերացնելու համար, այլախոհությունը պետք չէ, դա չարիք է, այլախոհների տեղը հոգեբուժարաններն են: Կուսակցական չլինելը ինքնին այնքան էլ վատ բան չէր, ավելի ծանր էր, երբ մարդկանց կուսակցությունից վտարում էին: Նման դեպքերը ավելի հաճախ կատարվում էին վրեժխնդրության հողի վրա, դառնում էին մտավորականների նկատմամբ կամայականությունների կիրառման ու անհաշտների նկատմամբ հաշվեհարդարի բացահայտ դրսևորումներ: Մյուս կողմից՝ կուսակցականները կարող էին խուսափել որոշակի բնույթի, բայց ոչ երբեք քաղաքական հողի վրա կատարած հանցանքների համար նախատեսված քրեական պատիժներից ու պատասխանատվությունից՝ բավարարվելով կուսակցական մեծ ու փոքր տույժերով: Կոմունիստների կատարած հանցանքներին մատների արանքով էին նայում ու քրեական գործեր քիչ էին հարուցվում, որպեսզի... հասարակության աչքերում չարատավորվի կոմունիստի բարձր կոչումն ու չխաթարվի կոմունիստական կուսակցության հեղինակությունը: Կուսակցական թեթև տույժերը տրվում էին անհամեմատ ցածր կաշառքի դիմաց, ամեն դեպքում կաշառքը կար, որը արվում էր, համենայն դեպս, ապահովության համար, պարտադիր չէր, բայց ցանկալի էր:


Բրեժնևի տարիներին գործարանների կոմունիստ տնօրենները անսահմանափակ իրավունքներ էին ստացել ու կարողանում էին յուրովի օգտագործել իրենց տրամադրության տակ դրված արտադրողական ուժերի հնարավորությունները՝ փաստորեն դառնալով արտադրության միջոցների ժամանակավոր սեփականատերեր: Խորհրդային արտադրական հարաբերություններում սա ստեղծում էր մի այնպիսի իրավիճակ, որն էականորեն տարբերվում էր խորհրդային պետական պաշտոնական ու ամերիկյան համակարգերից. տնօրենները կարող էին անել այն ամենը, ինչ սրտները կամենար: Բրեժնևի ժամանակ ցանկացած գործարանի կամ ֆաբրիկայի աշխատանքի կազմակերպման հիմքում դրված էր արտադրական պլանների պարտադիր կատարման խնդիրը: Այդ պլանները մշակվում, կազմվում ու իջեցվում էին վերևից՝ միութենական կամ հանրապետական պետպլանների կողմից՝ հաշվի առնելով կոնկրետ արտադրությունների ու արտադրատեսակների առանձնահատկությունները (նորմերը): Նորմերի ձևավորումն ու հաստատումը շատ կարևոր իրադարձություններ էին ցանկացած խորհրդային գործարանի, ֆաբրիկայի ու կոլխոզի համար, այստեղ էր սկզբնավորված ու թափ առնում չարաշահումների, աչքակապությունների, ստվերային տնտեսության մեխանիզմի թափանիվը: Արտադրական պլանային նորմերի համար՝ որպես ելակետային հիմնավորում ծառայում էր աշխատանքային պրոցեսների ժամանակաչափումը (քրոնոմետրաժը): Արտադրական խոշոր միավորումներում այդ գործերով զբաղվում էին պլանավորման, ինչպես նաև աշխատավարձի ու աշխատանքի բաժինները: Սկզբում պետք էր որոշել արտադրողական ուժերի հնարավորությունները՝ կոնկրետ տեսակի ու քանակի արտադրանք ստեղծելու առումով ու հաստատել պլանները՝ ելնելով աշխատավորների միջին աշխատավարձի չափից: Խորհրդային Միությունում գոյություն ուներ տարբեր տիպի աշխատանքների վարձատրացուցակ (աշխատավարձի տարիֆ), որը սահմանափակված էր և վերևից, և ներքևից: Բանվորին չէր կարելի վճարել որոշակի (մաքսիմալ) աշխատավարձից շատ, չէր կարելի վճարել նաև որոշակի (մինիմալ) աշխատավարձից ցածր: Տարիֆային ցանցի գոյությունը հանդիսանում էր խորհրդային պլանային տնտեսության առաջընթացը սահմանափակող գործոններից մեկը. որակյալ բանվորները շահագրգռված չէին ավելի շատ արտադրելով, որովհետև այն չէր վճարվելու ըստ կատարված աշխատանքի, իսկ ծույլ ու անբան աշխատողները չէին կարող ստանալ ավելի քիչ, քան թույլատրում էր մինիմալ աշխատավարձի չափը: Այստեղից էլ առաջանում էր խորհրդային ձեռնարկություններում աշխատանքի կազմակերպման պարադոքսը, որն ավելի հայտնի էր որպես աշխատավարձերի հավասարեցման կամ հարթեցման (уравниловка) քաղաքականություն:


Խորհրդային Միության Բ խմբի գործարաններում (հետագայում նաև Ա խմբի) կիրառվում էր уравниловка-ի շրջանցման առնվազն երկու տարբերակ, որոնք տնօրենների համար քրեականորեն պատժելի արարքներ էին համարվում՝ տնտեսական, սոցիալիստական սեփականության, քաղաքացիների աշխատանքային իրավունքների դեմ ուղղված ու պաշտոնական հանցագործությունների հոդվածներով: Բրեժնևի ժամանակ տնօրեններից շատերը, անկախ իրենց կոմունիստական գաղափարական թրծվածության աստիճանից, գիտակցաբար գնում էին երկրում ընդունված օրենքների ու ձեռնարկությունների կանոնագրքերի միտումնավոր խախտումներին՝ իրենց վրա կանխավ վերցնելով իսկական քրեական հանցագործի պատասխանատվությունը:


Տարբերակ 1. Պլանային առաջադրանքները իրականում կատարվում էին պակաս թվով բանվորներով ու ինժեներատեխնիկական աշխատողներով, բայց հաշվարկների ու հաշվետվությունների ժամանակ դրանց ավելացվում էին որոշակի թվաքանակով «մեռած հոգիներ»՝ մարդիկ, որոնք ֆիզիկապես գործի մեջ չկային, կային միայն փաստաթղթերում, որոնց անուններով աշխատավարձ էր դուրս գրվում, որը, դրածո անձանց միջոցով, ի վերջո, մտնում էր տնօրենների գրպանները՝ վերածվելով հատուկ հիմնադրամի՝ չնախատեսված ծախսերի համար (վերադասին, միլիցիային, դատախազին կաշառք տալու համար, որակյալ բանվորներին հավելյալ վճարումներ կատարելու ու, դրանց առյուծի բաժինը, տնօրենների սեփական կարիքները բավարարելու համար): Այստեղ ևս տարբերակները շատ էին: «Մեռած հոգիների» տեղ կարող էին աշխատանքի մեջ հաշվառվել որակյալ բանվորների բարեկամները, նաև պրակտիկանտները և այլ սկսնակներ, որոնց դիմաց գրվում էին լուրջ աշխատավարձեր, սակայն, ստորագրելուց հետո, տվյալ անձին տրվում էր գրվածի 20-30 տոկոսը: Նման մի ռեալ իրավիճակ ստեղծվեց մեզ հետ 1965 թվականի ամռանը, երբ «Պոլիտեխնիկ» ուսանողական-շինարարական ջոկատի կազմում աշխատում էինք Իջևան քաղաքում:
(շարունակելի)

Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ

Դիտվել է՝ 3085

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ