Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան բոլոր խոստումները իրականում փուչ դուրս եկան. ինչո՞ւ

Հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան բոլոր խոստումները իրականում փուչ դուրս եկան. ինչո՞ւ
24.06.2016 | 00:06

(սկիզբը՝ այստեղ)

Իջևան գալու հաջորդ իսկ օրը «Պոլիտեխնիկ» ուսանողական ջոկատը մեր տեսադաշտից վերացավ, հօդս ցնդեց, ուսանողական խմբերն ու ջոկատները մաս-մաս թողեցին ու հեռացան, գնացին իրենց ամառային արձակուրդներն անցկացնելու, մնաց միայն մեր խմբի ուսանողներից կազմված բրիգադը՝ թվով 12 ուսանող: Շինարարներից ստացանք մեր առաջադրանքներն ու գործի անցանք. պետք էր նոր կառուցվող դպրոցի ջրագծի ու ջեռուցման համակարգի համար առվափոսեր անցկացնել, սևագործ բանվորի աշխատանք, հաճելի բնություն, լավ եղանակ, գերազանց ընկերական մթնոլորտ, այդ օրերը ընդմիշտ մնացին մեր հիշողության մեջ: Ինչպես և մնաց ուսանողական ջոկատի աշխատանքների կազմակերպական անսովոր ձևը։ Հետագայում պարզվեց, որ այն անմիջական կապ ուներ Գորբաչովի «перестройка»-ի բարձրացրած ժամանակակից խնդիրների հետ:


Երևանի պոլիտեխնիկի ուսանողական ջոկատը Իջևան հասավ հինգ ավտոբուսով՝ զարդարված կարմիր դրոշներով ու տրանսպարանտներով, որոնց մեջ ամենակարևորը, թերևս, «Փառք ԽՄԿԿ»-ն էր: Փառքը՝ շատ փառք, բայց ի՞նչ եղան մնացած ուսանողները, ինչո՞ւ եկան և նույն օրը, նույն ավտոբուսներով վերադարձան, դա էլ դժվար չէր հասկանալ. նրանցից շատերը ապահովված ընտանիքներից էին, ուսանողական ջոկատների կազմում աշխատելու և լրացուցիչ, քրտինքով աշխատած փողերի կարիքը բոլորովին չունեին, բայց այդ դեպքում մեզ հետ ի՞նչ գործ ուներ շինարարական ջոկատի ընդհանուր ղեկավար, ԵրՊԻ-ի կիբեռնետիկայի ֆակուլտետի կոմերիտական կոմիտեի առաջին քարտուղար, ԵրՊԻ-ի կոմերիտական կազմակերպության բյուրոյի անդամ Յուրի Բարոյանը։ Ինչո՞ւ էր մնացել, ո՞րն էր նրա մնալու անհրաժեշտությունը, նրա առաքելությունը, եթե գրեթե բոլոր ուսանողները հեռացել էին ու ղեկավարելու օբյեկտ այլևս չէր մնացել: Նրա կարիքը ուսանողական շինարարական ջոկատում բոլորովին չէին զգում, մեր պարագայում նա ավելորդ էր։ Իջևանում մնացած մեր միակ բրիգադը ուներ իր ղեկավարը՝ ի դեմս շատ կազմակերպված ու մեր ազնվագույն ուսանողական ընկեր Քոչար Պետրոսյանի: Յուրան ոչ միայն չկարողացավ կատարել ուսանողական ջոկատները համապատասխան աշխատանքով ու կենցաղային պայմաններով ապահովելու իր կազմակերպչական առաքելությունը, այլև, ի զարմանս բոլորի, ինքն անձամբ խրախուսում, նույնիսկ ստիպում էր, որ ուսանողները մեկ առ մեկ, խումբ խմբի հետևից թողնեն Իջևանն ու հեռանան: Մեր խմբի տղաները նրան չլսեցին, մնացին իրենց աշխատանքային պրակտիկան անցկացնելու: Հարցը, թե կոմսոմոլի մեր ակտիվիստը ինչո՞ւ է մնացել, եթե շինարարությունում չի աշխատում, իր ենթակայության տակ խմբեր չեն մնացել, առժամանակ մնաց օդում կախված:


ՈՒսանողական ջոկատների հրամանատարին կարելի էր տեսնել միայն ռեստորանում՝ Իջևանի շինարարական տրեստի ղեկավարների հետ քեֆ անելիս: Երկու ամիս հետո մեր աշխատանքային պրակտիկան ավարտվեց, ստացանք մեր աշխատավարձերը, բավականին ծանր ֆիզիկական աշխատանքի դիմաց մեր խմբի ուսանողներին տրվեց 220-ական ռուբլի աշխատավարձ՝ ամիսը 110 ռուբլու հաշվարկով, բայց, ի զարմանս մեզ, աշխատավարձի ընդհանուր ցուցակների մեջ նշված էին բոլոր ուսանողների անունները՝ թվով 120 հոգի, նրանց անվան դիմաց գրված էր 200-ական ռուբլի աշխատավարձ, որը ավելի բարձր էր, քան իրենց պարտականություններն ու պլանային առաջադրանքները բարձր որակով ու պատասխանատվությամբ կատարած 12 ուսանողներինս: Ավելին, կար աշխատավարձերի երկրորդ՝ լրացուցիչ ցուցակ, որը ստորագրելու դեպքում ուսանողները կարող էին ստանալ ևս 20 ռուբլի հավելյալ գումար՝ հաշվարկային կեղծ ցուցակների մեջ ստորագրելու դիմաց: Ես ու մեր խմբի տղաների մի մասը հրաժարվեցինք այդ 20-ական ռուբլիներից, չցանկացանք ստորագրել ու մասնակցել բացահայտ անօրինական ու խարդախ գործարքներին, որոնք նախապես ծրագրված բնույթ էին կրում: Բացի ուսանողական ջոկատի ընդհանուր հրամանատարից, այդ գործարքին մասնակցել էին նաև Իջևանի շինարարական տրեստի կառավարիչն ու ԵրՊԻ-ի կիբեռնետիկայի ֆակուլտետի դեկանի տեղակալը: Նույն պատկերն էր ուրվագծվել նաև հաջորդ տարի Ղազախստան մեկնած ուսանողական շինարարական ջոկատի աշխատանքները կազմակերպելիս, հավելագրումներ՝ սննդամթերքի պատասխանատուների մոտ, հավելագրումներ շինարարական նյութեր ստացողների մոտ ու անթիվ անհամար «մեռած հոգիներ»: Այդ գործարքները ոչնչով չէին տարբերվում «մեռած հոգիների» հաշվին ստանդարտ տեխնոլոգիաներով խոշոր գումարներ ունենալու տարբերակից, որը ԽՍՀՄ-ում շրջանառության մեջ մտավ Ստալինի մահից հետո:


Խարդախ գործարքներից ու կասկածելի կոմպանիաներից հեռու մնալը, բառիս բուն ու փոխաբերական իմաստներով, գրված է եղել իմ ճակատին, ու այդ կրեդոն ես տանում եմ մինչ օրս: Այստեղ մի մանկական պատմություն կա: Տասը տարեկան երեխա էի, ֆուտբոլի դաշտի կողքով դպրոցից տուն էի վերադառնում, երբ Սպիտակի շաքարի գործարանի բանվորները ինձ տեսան ու առաջարկեցին իրենց թիմի կազմում ֆուտբոլ խաղալ. մի հոգի պակաս էր, դարպասապահ չունեին, համաձայնեցի: Խաղը շատ հետաքրքիր ստացվեց, բայց նաև շատ երկարեց, բոլորն ազարտի մեջ էին ընկել, խաղում էին գրազի վրա, ժամանակին էլ չէին նայում: Այդքան երկար խաղալ ես չէի կարող, պետք էր տուն գնալ՝ դասեր ունեի անելու: Ասացի, որ էլ չեմ ուզում խաղալ, դուրս եմ գալիս, չհամաձայնեցին, չթողեցին, բոլոր խաղացողները հարձակվեցին ինձ վրա, սկսեցին սպառնալ, առանց իմ մասնակցության խաղը քանդվելու էր: Ամեն դեպքում ես իմ խոսքի տերը եղա ու հեռացա, բանվորներից մեկը մի քար վերցրեց ու շպրտեց իմ ուղղությամբ` ուղիղ ճակատիս, արյունը գցեց, շուռ եկա ու տեսա, թե բոլոր ֆուտբոլիստները ինչպես էին դաշտից փախչում: Այդ օրը ես շատ ուշ տուն եկա, սպասեցի մինչև արյունը կտրվի, չէի ցանկանում մորս ցավ պատճառել, բայց այս պատմությունից մի կարևոր դաս ստացա ու շատ կարևոր մտահանգման եկա. այլևս երբեք, ոչ մի պարագայում, ոչ մի հանգամանքում ուրիշի խաղերի մեջ չմտնել, որովհետև մտնելը շատ հեշտ է, դա ինքնաբերաբար է ստացվում, դուրս գալը շատ դժվար է, հաճախ նաև անհնարին: Այս տեսակետից կարելի է շատ հետաքրքիր դիտարկումներ անել ու փորձել հասկանալ ու գնահատել ՀՀ առաջին դեմքերի, մեր երեք նախագահների աշխատանքը, նրանց կողմից վարվող քաղաքականությունը, երկրի ներքին ու արտաքին խնդիրների հետ կապված նրանց ստրատեգիան:


25 տարի շարունակ նրանք, առանց բացառության ու առանց կանգ առնելու անընդհատ խոսում են ազատություններից, անկախությունից, ներքին ու արտաքին զարգացումներից, դեմոկրատիայից, մշտապես խոսում են լավ բաներից, քաղցր խոստումներ են տալիս ու քաղաքացիներիս հույսերով պահում, բայց իրականում երկրի տնտեսությունը հաստատապես տանում են դեպի քայքայում ու կործանում: Այստեղ կարելի է մի հռետորական հարց տալ. ի՞նչ է, մեր բարձրագույն ղեկավարները կույրե՞ր են, չե՞ն տեսնում, թե ինչ է կատարվում, Հայաստան երկիրը ուր է գնում, ինչո՞ւ են անընդհատ մարդկանց գլխի տակ փափուկ բարձեր դնում ու հույսերով կերակրում, թե ամեն ինչ լավ է լինելու: Ինչպե՞ս կարող է լավ լինել, եթե մարդիկ աշխատանք չունեն, չեն աշխատում: Դեռևս հարց է, թե ո՞ւմ համար է լավ լինելու, ու ե՞րբ են այդ «լավ լինելու» օրերը հասնելու: Երբ Հայաստանի բնակչությունը հասնի 1,5 միլիոնի նախանշված սահմանի՞ն, սա է մեր խնդիրը, մեր գերագույն ու վերջնական ազգային նպատակը, ու դառնանք տուրիզմի և օտարներին սպասարկող երկիր, ո՞ւմ համար, ո՞ւմ ենք մենք սպասարկելու ու որտե՞ղ են մեր՝ սպասարկող երկրի անվտանգության երաշխիքները: Բացի մեզնից, ո՞վ է մեր անվտանգության երաշխավորը՝ Ռուսաստա՞նը, Ամերիկա՞ն, Իրա՞նը, իսկ եթե նրանց պլանները 180 աստիճանով փոխվեն՝ Ռուսաստան-Իրան-Հնդկական օվկիանոս երկաթուղու նման, որը Հայաստանի փոխարեն արդեն Ադրբեջանով է անցնելու: Իսկ եթե այդ երկրների շահերը ավելի շահավետ ուղիներով թռչեն Հայաստանի շահերի գլխի՞ց: Մեր երկրի փրկության համար ի՞նչ տարբերակ կամ տարբերակներ են տեսնում մեր ղեկավարները այդ դեպքում, ինչո՞ւ մեզ թույլ չեն տալիս, որ մեր սեփական ուժերով, կազմակերպված ձևով զբաղվենք մեր ժողովրդի անվտանգության ապահովման, մեր երկրի տնտեսության զարգացման խնդիրներով, խնդիրներ, որոնք միայն մենք կարող ենք լուծել, որովհետև մենք այդ հարցում միակ շահագրգիռ կողմն ենք, մեր անվտանգության խնդիրները կարող ենք լուծել միայն ինքներս: Եթե Հայաստանի տնտեսական զարգացման ու պաշտպանունակության խնդրին մոտենանք զուտ ինժեներական տեսակետից, ապա կտեսնենք, որ տնտեսական ճգնաժամի մեջ հանգրվանելու, արտաքին պարտքեր կուտակելու, ռազմական արդյունաբերությունը ոչնչացնելու ներքին ինքնաբուխ պայմաններ ու պահանջարկ մենք, ընդհանրապես, չենք ունեցել: Փոխարենը, դատելով մեր իշխանությունների կատարած ու շարունակվող քայլերի (սահմանադրական բարեփոխումներ, հարկային բարեփոխումներ, ընտրական, իրավական ու այլ տիպի անվերջ ու անիմաստ բարեփոխումներ) մշտապես ունեցել ենք երկիրը տնտեսական ճգնաժամի մեջ խորասուզելու, արտաքին պարտքեր կուտակելու, ռազմական արդյունաբերությունը ոչնչացնելու անթաքույց նպատակներ: ՈՒ այդ ամենը արվում է այնքան քողարկված ձևով, որ դժվար է հասկանալ, թե ովքեր են մեր ղեկավարները, մեր բարեկամները, ու ո՞վ է այդ ամենի գլխին կանգնած. Լևոն Տեր- Պետրոսյա՞նը, Ռոբերտ Քոչարյա՞նը, Սերժ Սարգսյա՞նը, թե՞ երեքը միասին: Ի՞նչ դժվար է հավաքել մեր կարող ուժերը, փակ քննարկումներ կազմակերպել, քննարկել, խորհրդակցել ու հանդես գալ կոնկրետ հակաճգնաժամային ու երկրի զարգացման ռազմավարական ծրագրերով, ինչպես որ Լևոն-Տեր Պետրոսյանի ժամանակ դա փորձում էր անել ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանը. չեղավ, թույլ չտվեցին ստեղծել մեր երկրի զարգացման ազգային ծրագիրը:


-Ծրագիր մեզ պետք չէ, աշխատում ենք, էլի,- սրանք Լևոն-Տեր Պետրոսյանի խոսքերն են:
Ճիշտ կլիներ՝ Լևոն-Տեր Պետրոսյանը բարեհաճեր բացատրություններ տալ, թե որն էր մեր երկիրը առանց զարգացման ազգային ծրագրերի թողնելու տրամաբանությունը, աշխարհի ո՞ր երկրի կամ երկրների շահերից էր դա բխում: Իմ կարծիքով, Լևոն-Տեր Պետրոսյանը կարող էր այդ հարցում իր մոտեցումը կամ մոտիվացիան բացատրել մոտավորապես հետևյալ կերպ.
-Պետք չէ մտածել, թե մենք երբևիցե աշխատել ենք առանց ծրագրերի, ծրագրերը կան, ճիշտ է, դրանք Հայաստանում չեն կազմվել, բայց դրանք վերաբերում են Հայաստանին ու պետք է տառ առ տառ կատարվեն: Թե ինչ կտան այդ ծրագրերը Հայաստանին, մենք էլ չգիտենք, մեզ չեն ասել, որովհետև մենք անկախ չենք մեր անկախության մեջ, քսանհինգ տարի շարունակ մեր կողմից իրականացվող ծրագրերը սերվել են Գորբաչովի «перестройка» ծրագրից:


Սա կլիներ ճշմարիտ խոսք ու խոստովանություն, որին մենք շատ ենք սպասել: Հայ ժողովուրդը կարող է շատ բան անել իր երկրի, իր հայրենիքի համար, բայց այդ ամենը չի արվում մեր առաջին դեմքերի պատճառով, որովհետև նրանք ազատ չեն, մտել են օտար երկրների աշխարհաքաղաքական խաղերի մեջ ու չեն կարողանում այնտեղից դուրս գալ ու փորձել հաղթահարել տնտեսական ճգնաժամը՝ ապավինելով մեր ժողովրդի օգնությանն ու ժողովրդի հետ միասին դուրս գալ բոլորովին այլ, հայերիս համար արժանավայել ու բարձր մակարդակ, բայց դա չի արվում, որովհետև աշխարհաքաղաքական ուժերի առաջ պարտավորություններ ունեն, պետք է երկիրը տանել այն ուղղությամբ, որը շահավետ է դրսի ուժերին:


Աշխարհաքաղաքական ուժերի մոտ լավ հիմքերի վրա է դրված անկախ Հայաստանի առաջին դեմքերի վրա ճնշումներ գործադրելու մեխանիզմը, գործում է հիմնավոր ճնշման ու վարկաբեկման (կոմպրոմետացիայի) ինստիտուտը: Այդ մասին են խոսում մեր վարչապետերի ու նախագահների հեքիաթային հարստությունների, դղյակաշինության, անթիվ-անհամար կալվածքների, օֆշորի ու այլնի վերաբերյալ լուրերն ու հնարովի հերյուրանքները, որոնք ակտիվացվում ու անմիջապես շրջանառության մեջ են դրվում՝ երկրի համար վճռական օրհասական պահերին, երբ երկիրը կանգնում է հերթական ցնցման առաջ: Մեր իշխանական էլիտան պետք է հստակորեն կողմնորոշվի՝ պատմական դժվարին պահերին կարո՞ղ է կանգնել սեփական ժողովրդի կողքին, ապավինել նրա ներքին ուժերին ու միասին հաղթահարել ստեղծված դժվարությունները, թե՞ շարունակելու է հույսը դնել աշխարհաքաղաքական հայտնի ու անհայտ խաղացողների վրա՝ անվերապահորեն ենթարկվելով նրանց կամքին ու վարելով նրանց քթի ջրով շարժվելու անհեռանկար քաղաքականությունը, որն օրերից մի օր կարող է հօդս ցնդել, երբ պարզվի, որ նրանց շահերի վեկտորը փոխվել է. ինչպես անցած դարի քսանական թվականներին, երբ մահմեդականներին չնեղացնելու խնդիրը վեր դասվեց հայերի ազգապահպանման գործից: ՈՒրիշ երկրների հետ համագործակցությունը շատ լավ բան է, եթե այն բխում է մեր երկրի ներկայի ու միայն մեր ժողովրդի հարատևման խնդիրներից: Իսկ եթե շահերը սկսեն ճյուղավորվել ու գնալ այլ, մեկը մյուսից վտանգավոր ուղղություններով, ի՞նչ անել նման դեպքերում: Այստեղ շատ են և սցենարները, և սցենարիստները, որոնց 25 տարվա ընթացքում մենք այդպես էլ չկարողացանք հաշվել, գտնել, ճանաչել ու ծանոթանալ Հայաստանի համար գրված նրանց ծրագրերի հետ:


Քանի դեռ մենք չենք կարողացել ծանոթանալ օտար երկրներում գրված հայկական ծրագրերի (մեր վերջնական ճակատագրին) հիմնարար դրույթներին, մենք չենք կարող դուրս գալ այս դրությունից, թե չէ ո՞ւմ է խանգարում Հայաստանի տնտեսության դինամիկ զարգացումը, և ինչո՞ւ են այդօրինակ համառությամբ մեզ սխալ ճանապարհներով տանում: Մեր ճիշտ ճանապարհը մենք լավ գիտենք, գիտենք նաև մեր անելիքները, բայց առայժմ չենք կարողանում գտնել մեր բարձրաստիճան սլաքավարներից ազատվելու, երկիրը ներսից ազատագրելու ճանապարհը: Մեր իշխանություններն այսօր ջանք ու եռանդ չեն խնայում խոսելու արդյունաբերության և ընդհանուր տնտեսության զարգացման մասին, բայց մասնագիտական հաշվարկները ցույց են տալիս, որ իշխանությունների առաջարկած ձևերով ու մեթոդներով ոչինչ չի ստացվի, ամեն ինչ կմնա թղթի վրա, որովհետև դա ճանապարհ է դեպի անհայտություն, դեպի արտաքին կախվածության պահպանում, դեպի թշվառություն, դեպի արտագաղթ: Վստահաբար կարելի է ասել, որ մեզ դիտավորյալ շփոթեցնում ու տանում են սխալ ճանապարհներով, իշխանական խոսակցությունները կմնան իշխանական խոսակցություններ, բայց դրությունը չի փոխվելու՝ մինչև հաջորդ ճգնաժամային ու պատերազմական իրավիճակների ստեղծումը: Ճիշտ է, մեր բարձրաստիճան չինովնիկությանը հաջողվել է լուծել իրենց անձնական խնդիրները՝ իրենց ընտանիքի անդամների ճակատագիրը չթողնելով պատահականությունների վրա ու բախտի քմահաճույքին, բայց երկրի կարևոր խնդիրները, երկրի ու նրա քաղաքացիների անվտանգության հարցը վերջնականապես թաղել են անորոշության մշուշի մեջ:


Կաշառք տալու ու կաշառք վերցնելու նվաստացուցիչ գործարքներից հեռու մնալը, չծխելը, չխմելը, միայն գիտությամբ զբաղվելը, միայն սեփական աշխատանքով ապրելը իմ կյանքում սկսվեցին ու համոզմունք դարձան մեկ բռունցքաչափ քարի հետ կապված պատմությունից հետո, կյանքից սովորած այդ դասից ես շատ գոհ եմ: Իմ ուսանողներին ու ասպիրանտներին մշտապես նույն քարոզն եմ արել՝ մի՛ շեղվեք, մի՛ մտեք խարդախ գործերի ու գործարքների մեջ, որովհետև այնտեղից դուրս գալը շատ դժվար է լինելու, ապրեք այն ազնիվ կյանքով, որը Աստված ձեզ համար նախատեսել է ի վերուստ, ու այս ամենը փոխանցեք ձեր սերունդներին և դուք կապրեք ազատ, անկաշկանդ, պատվով ու խաղաղությամբ: Այս մոտեցումը կարևոր է հատկապես գիտությամբ զբաղվող մարդկանց համար, որոնց միտքը պետք է միշտ ազատ ու անկախ լինի, հեռու այն խարդախ գործարքներից, որոնք բրեժնևյան տարիներին շատերի համար դարձել էին ապրուստի միջոց ու սեփական կարիերան դասավորելու ձև, կյանքի նորմա, ապրելակերպ, որոնցով հագեցած էր Խորհրդային Հայաստանի ու Խորհրդային Միության քաղաքական ու տնտեսական կյանքի առօրյան, որը, ի վերջո, ոչ մի լավ բանի չբերեց, թեև կոմսոմոլի ակտիվիստ ու մեր ուսանողական ընկերը և նրա նման շատերը նյութապես շահեցին:


Իջևանի «մեռած հոգիների» փողերով Բարոյանը կարողացավ իր համար ԳԱԶ-21 մեքենա գնել և խարդախությունների վարակն ու փառքը տարածել Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ուսանողության և դասախոսության շրջանում: Դրանք Գորբաչովի «перестройка»-ն նախապատրաստողներն էին, որոնք աճեցին, բարգավաճեցին, բազմացան ու տարածվեցին անծայրածիր Խորհրդային Միության ողջ տարածքով մեկ ու միասնաբար երկիրը տարան դեպի կործանում: Նրանց նմանները ջանք ու եռանդ չեն խնայում հզոր երկիրը քանդելու և մաս-մաս անելու հարցում Գորբաչովին մեղադրելու համար՝ թաքցնելով սակայն այն պարզ ճշմարտությունը, որ երկրի տնտեսությունը քայքայելու, մաս-մաս անելու գործում, առաջին հերթին, չափազանց մեծ է բազմաթիվ գործիչների անձնական պատասխանատվությունը:

Այնպես որ, եկեք Գորբաչովին հանգիստ տանք ու մտածենք մեր անելիքների, մեր արածների ու չարածների մասին, թե ինչպե՞ս է պետք այսուհետ ապրել ու մեր սեփական աշխատանքով զարգացնել մեր երկիրը՝ մերօրյա պայմաններում, որպեսզի կարողանանք մեր ժողովրդին հեռու պահել փորձանքներից:


Իհարկե, Գորբաչովն էլ մի «իսան» չէր՝ ընդամենը մեկը այն հազարավոր խորհրդային պետական ու կուսակցական գործիչներից, որոնք իրենց հանցավոր գործելաոճը վերցրին ու տեղափոխեցին մեր օրերը ու շարունակում են իրենց կործանարար գործը արդեն հետխորհրդային երկրներում: Քանդել, թալանել, գողանալ՝ միշտ պատրաստ են, ի վիճակի են, միայն թե հարմար ասպարեզ բացվի: Եկեք ազնիվ լինենք ու ընդունենք, որ Գորբաչովը երբեք չէր կարողանա երկիրը քանդել, եթե չլինեին «մեռած հոգիների» տեխնոլոգիաները զարգացնող ու դրանց հաշվին ապրող և բարգավաճող խորհրդային «շուստրի» քաղաքացիները: Այդ «շուստրիները» շատ են նաև մեր օրերում ու գործում են Հայաստանի տարբեր իշխանական օղակներում՝ կառավարությունում, Ազգային ժողովում, դատարաններում, և, ինչպես մեզ հայտնի դարձավ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո, նաև հայկական բանակում:
Հատկանշական է, որ աշխատավարձի կեղծ ցուցակների հաշվին բարգավաճած իջևանյան հերոս-ակտիվիստներից երեքը հետագայում ավարտեցին ՎՊՇ-ն ու դարձան Հայաստանի մասշտաբով խոշոր կուսակցական ու խորհրդային գործիչներ: Վտանգավորը ոչ թե նրանց կողմից անաշխատ եկամուտների ստացումն ու պետական փողերի յուրացումն էր, այլ այն անառողջ միջավայրը, որը նրանք ստեղծեցին ուսանողության շրջանում, այն հոգեբանությունն ու համոզմունքը, որ Սովետական Միությունում ֆինանսական հաջողությունների հասնելու, հարուստ ու կյանքում հաջողակ մարդ դառնալու համար պետք է գնալ խարդախ ու անօրինական ճանապարհներով: Հայաստանում «մեռած հոգիների» տեխնոլոգիաները այսքանով չէին սահմանափակվում, այլ զարգանում էին տարաբնույթ զարտուղի ճանապարհներով: Անկախ Հայաստանի դպրոցներում, ուսումնարաններում ու բուհերում շատ է տարածված «լևի» աշակերտներ և ուսանողներ պահելը. դպրոցականը կամ ուսանողը ապրում է Հայաստանից դուրս, բայց նրա անունը պահվում է հայկական մատյաններում, թվանշաններ են դրվում, քննություններ են ընդունվում, դասարանից դասարան, կուրսից կուրս են փոխվում, ու այդ ամենը, բնականաբար, արվել է ՀՀ գիտության ու կրթության նախարարության չինովնիկների հետ համատեղ՝ փող աշխատելու նպատակով:

Հայաստանի դպրոցներում և ինստիտուտներում կիրառվող «մեռած հոգիների» տեխնոլոգիական տարբերակը նորություն է, որը նույնիսկ Չիչիկովի մտքով չէր կարող անցած լինել ու կիրառվել: Հիշեցնեմ, որ «մեռած հոգիների» տեխնոլոգիան զուտ ռուսական ծագում ունի, որը շատ լավ ներկայացված է Նիկոլայ Գոգոլի համանուն վեպ-պոեմում՝ գիշատիչ-սպառող Չիչիկովի կերպարով: «Մեռած հոգիների» տեխնոլոգիաները Ստալինի օրոք շրջանառությունից դուրս մղվեցին՝ չհարմարվելով ռեպրեսիոն համակարգի առանձնահատկություններին, բայց բրեժնևյան տարիներին նրանք նորից հետ վերադարձան ու հետևողականորեն սկսեցին ներդրվել խորհրդային կյանքի բոլոր բնագավառներում, ներդրվեցին ու զարգացան՝ կլանելով նաև մեր ազատ-անկախ Հայաստանի ներկայիս բիզնես միջավայրը: Բրեժնևյան տարիներին նրանց հետևորդները միայն շատացան ու աճեցին ձնագնդի նման:


Սեփական գրպանի համար շատ փող աշխատելու համար խորհրդային տարիներին ավելի լավ արդյունքներ էր տալիս արտադրական պրոցեսների կազմակերպման հաջորդ տարբերակը, որը հանրությանը ավելի հայտնի է «ստվերային տնտեսություն» անունով: Այստեղ տարբերակները շատ են: Կարելի է սեփական գործը սկսել՝ առանձին, առանց համապատասխան ձևակերպումների: Խորհրդային տարիներին դա, կարելի է ասել, բացառվում էր կամ, ամեն դեպքում, խոշոր մասշտաբների չէր հասնում, որովհետև Խորհրդային Միությունում սեփական նախաձեռնությամբ արտադրական կամ տնտեսական գործունեությամբ զբաղվելը արգելված էր օրենքով: Ճիշտ է, Գորբաչովի ժամանակ սկսեց խրախուսվել աշխատանքի կազմակերպման ձևը կոոպերատիվների միջոցով, որը դարձավ ստվերային տնտեսության դրոշակակիրը, բայց մինչ այդ էլ խորհրդային ստվերային տնտեսությունը գտնվում էր իր բարձրության վրա: Հիմնականում այն զարգանում էր պետական ձեռնարկությունների բազայի վրա, նրանց կից:

Եթե ընդունենք, որ կապիտալիստների մոտ բոլոր ձեռնարկություններն աշխատում են իրենց արտադրական կարողությունների մաքսիմումով, ապա խորհրդային ձեռնարկություններն աշխատում էին իրենց ուժերի ներածի կիսով չափ՝ տեղ թողնելով ստվերային տնտեսության զարգացման համար, բայց այդ մասին՝ հաջորդ դասին:
(շարունակելի)

Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ

Դիտվել է՝ 2475

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ