Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Աշխարհաքաղաքական կենտրոններում Արցախն այսուհետ համարվում է Ադրբեջանից դուրս տարածք

Աշխարհաքաղաքական կենտրոններում Արցախն այսուհետ համարվում է Ադրբեջանից դուրս տարածք
24.06.2016 | 00:11

Սովորաբար Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ տարբեր մակարդակների բանակցային հանդիպումներից հետո հանրությանը մատուցվում են շատ ժլատ տեղեկություններ։ Եվ բացի պաշտոնական հայտարարություններից ու հաղորդագրություններից, մնացածի մասին մնում է, թերևս, միայն կռահել։ Բնականաբար, բացառություն չէ նաև սանկտպետերբուրգյան վերջին եռակողմ հանդիպումը, որը, ինչպես միշտ, ունեցավ իր պաշտոնական արդյունքը և բազմաթիվ ոչ պաշտոնական վարկածներ՝ տեղի ունեցածի շուրջ:


Հատկանշական է, որ պաշտոնական գնահատականների մասով գործընթացի մասնակից և միջնորդ հանդիսացող կողմերն այս անգամ գրեթե բացառիկ կերպով միակարծիք էին:
Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարեցին, թե արդյունքները զուսպ լավատեսության հիմքեր տալիս են։ Մանրամասներին տեղյակ մարդկանց գնահատականներն ընդհանուր առմամբ սուղ էին ու զուսպ։ Նախագահների մակարդակով ոչ մի հայտարարություն չեղավ, սակայն հատկանշական է, որ բավականին գոհ էին հակամարտող կողմերի արտգործնախարարները: «Նախագահների հանդիպումն անցավ կառուցողական: Թեև չի կարելի խոսել ճեղքման կամ էական առաջընթացի մասին, բայց կողմերն առաջ են շարժվում և պայմանավորվել են շարունակել բանակցությունները: Հնարավոր է նախագահների նոր հանդիպման նախապատրաստում, և արտգործնախարարներին հանձնարարվել է Մինսկի խմբի համանախագահների հետ համապատասխան նախապատրաստական աշխատանքներ տանել և շարունակել կողմերի դիրքորոշումների համաձայնեցման հետագա բանակցությունները»,- Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումից հետո ասել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը համաձայնել է գործընկերոջ հետ:

«Միայն կարող եմ ավելացնել, որ կա տեղաշարժ: Իհարկե, լիովին համաձայն եմ գնահատականի հետ, որ չենք կարող ասել, թե բեկումնային հանդիպում էր, բայց սկզբունքորեն առկա է ավելի շատ փոխըմբռնում, կողմերի դիրքորոշումների առավել գիտակցում, և ամենակարևորը` կա առաջ գնալու անհրաժեշտության մասին ընդհանուր համաձայնություն»,- ավելացրել է Է. Մամեդյարովը: Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ բանակցությունները, բնականաբար, ընթանում են «մադրիդյան սկզբունքների» հիման վրա: Բնականաբար, նա նաև նկատել է, որ գործընթացը տեղապտույտի մեջ էր ադրբեջանական կողմի ոչ կառուցողական դիրքորոշման պատճառով: «Ադրբեջանական կողմը չէր ընդունում անգամ մադրիդյան փաստաթղթի, սկզբունքների գոյությունը: Այսօր բանակցությունները վարվում են հենց այդ սկզբունքների հիման վրա, այնպես որ՝ հուսանք, որ բանակցությունները կշարունակվեն կառուցողական ոգով»,- հավելել է Է. Նալբանդյանը:


Եվ վերջապես՝ ինչ վերաբերում է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների՝ բանակցությունների շուրջ ամփոփիչ համատեղ հայտարարությանը, ապա դրանից ուղղակի բխեց, որ, այնուամենայնիվ, կոնկրետ համաձայնություն է ձեռք բերվել մեծացնելու հակամարտության գոտում միջազգային դիտորդների թվաքանակը: Բացի այդ, դիվանագիտական ձևակերպումներից հասկանալի է դառնում, որ «փոխըմբռնման հասնելու որոշ հանգամանքներ» արդեն կան, որոնց լուծումը հնարավորություն կընձեռի պայմաններ ստեղծել առաջընթաց արձանագրելու ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում: Իսկ թե դրանք ինչ հանգամանքներ են, մի քանի օր անց բացեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը: Վերջինս հայտարարեց, որ Սանկտ Պետերբուրգում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները Լեռնային Ղարաբաղի հակամարտության փուլային կարգավորման շուրջ համաձայնության են եկել:


«Հանդիպման ժամանակ հավանություն է տրվել հակամարտության փուլային կարգավորմանը: Այսինքն՝ պետք է ազատագրվեն 5 շրջանները, այնուհետև՝ ևս 2 շրջան, ապա պետք է որոշվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը: Կողմերը համաձայնության են հասել այդ ուղղությամբ»,- ասել է Մամեդովը: ՈՒ թեպետ այս ճշգրտումը պաշտոնական Երևանի, ի դեմս ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, հերքմանն արժանացավ՝ նշելով, որ Սանկտ Պետերբուրգում ԼՂ հիմնահարցի հանգուցալուծմանը վերաբերող որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել, այնուհանդերձ, ոչ պաշտոնական տեղեկատվական արտահոսքերը նույնպես վկայում են, որ գործընթացները սկզբունքորեն և ընդհանուր առմամբ բխում են հենց խնդրի լուծման փուլային այդ տիրույթում:


Ինչպես և սպասվում էր, մշտադիտարկման մեխանիզմների ներդրման կամ ընդլայնման գաղափարի հերթական ամրագրումը պաշտոնական փաստաթղթերում հայկական կողմը ներկայացնում է որպես իր ձեռքբերում: Քանի որ, եթե շփման տարածքը վերահսկվում է, և արձանագրվում է, թե ում կողմից են արվում հրադադարի խախտումները, ապա դա նվազեցնում է հրադադարի խախտման հնարավորությունը, ինչը, բնականաբար, անուղղակիորեն նպաստում է եղած ստատուս քվոյի պահպանմանը և որոշ ժամանակով երկարաձգմանը։ Մինչդեռ ուշադրության է արժանի այն փաստը, որ հայտարարության մեջ ընդամենը խոսվում է դիտորդների քանակի ավելացման մասին և իրականում անդրադարձ չկա մշտադիտարկման տեխնիկական միջոցների ներդրման մեխանիզմներին և դրանց ֆինանսավորման հարցերին: Այսինքն՝ այս պարագայում խոսել շփման գոտում մշտադիտարկման համապարփակ մեխանիզմի ներդրման մասին, մեղմ ասած, չափազանց լավատեսական է թվում և գործնական նշանակություն գրեթե չունի:


Ինչևէ, պաշտոնական ժլատ ձևակերպումներն արդեն իսկ թույլ են տալիս ենթադրել, որ այն, ինչ արձանագրված է ընդհանուր հայտարարության մեջ, մատնանշում է, որ կողմերն իրոք սկսում են առաջնորդվել մադրիդյան փուլային սկզբունքներով։ Եվ այդ ճանապարհային քարտեզով ընթանալու համար առաջին հերթին ամրապնդվում են բանակցությունները համեմատաբար խաղաղ պայմաններում վարելու նախապայմանները: Հակառակ դեպքում, երբ կողմերը պատերազմում են, համապարփակ, վերջնական փաստաթղթի մասին խոսք լինել, իհարկե, չի կարող։ Սա մեծ համաձայնագրին հասնելու երկար ու բարդ ճանապարհի միայն առաջին քայլն է, որին կողմերը հանգել են։ Եվ փաստացի Սանկտ Պետերբուրգում վերահաստատվել է բանակցային գործընթացի ճանապարհային քարտեզը և տրվել գործողությունների մեկնարկը։


Թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը համաձայնել են ընթանալու մադրիդյան սկզբունքներով, սակայն երկուսի համար էլ այդ գործընթացը հղի է բավականին լուրջ և յուրաքանչյուրի համար գերզգայուն պրոբլեմներով։ Հայաստանի դեպքում, հասկանալի է, որ ազատագրված, կամ ինչպես ՀՀ նախագահն է ասում, անվտանգության գոտի հանդիսացող տարածքների զիջումն է, իսկ Ադրբեջանն ի վերջո պետք է համաձայնի Արցախում անցկացվելիք հանրաքվեին, որի արդյունքները կանխատեսելի են բոլորին։ Եթե որևէ ֆորսմաժորային իրավիճակ չստեղծվի, կամ աշխարհաքաղաքական կոլապսներ տարածաշրջանում չլինեն, ապա պարզ է, որ Արցախն այլևս երբեք դեֆակտո ու դեյուրե Ադրբեջանի կազմում չի հայտնվի։ Թե ինչ սխեմայով է դա ընթանալու, կարելի է կռահել։ Թեև այդ մասին վերլուծություններ, տեղեկատվական արտահոսքեր բավականին հաճախ են լինում։

Մասնավորապես, արդեն առիթ ունեցել ենք անդրադառնալու ռուսաստանյան որոշ իշխանամերձ լրատվական աղբյուրների պնդումներին, որ մադրիդյան ներկայիս փոքր-ինչ ճշտված ճանապարհային քարտեզի իրագործման վերջնանպատակը լինելու է այն, որ փոխզիջումային փուլային հաջորդական քայլերի արդյունքում հայկական կողմի ազատագրած 5-6 բուֆերային տարածքների զիջման դիմաց Լեռնային Ղարաբաղում անցկացվելու է կարգավիճակը ճշտող հանրաքվե: Ընդ որում, ինչ վերաբերում է ԼՂՀ կարգավիճակին, ապա ռուսական աղբյուրները նշում են, որ միջազգային հանրությունը և մասնավորապես Արցախի խնդրով անմիջապես զբաղվող աշխարհաքաղաքական կենտրոններն այսօր ավելի շատ հակված են այն գաղափարին, որ ոչ թե հռչակվելու է Արցախի անկախությունը, այլ հանրաքվեում դրվելու է Հայաստանի հետ միավորվելու հարցը։ Այս դեպքում շատ հարցեր՝ կապված հետագա անվտանգության, երաշխիքների հետ, վերանում են, քանի որ այդ դեպքում սկսում է աշխատել ՀԱՊԿ պայմանագիրը, և տարածքի ընդհանուր երաշխավորը դառնում է ռազմաքաղաքական առումով ՀԱՊԿ-ը, հատկապես Ռուսաստանի Դաշնությունը, իսկ քաղաքական առումով՝ ամբողջ միջազգային հանրությունը, որը, բնականաբար, ճանաչելու է բանակցային շրջանակներում անցկացված հանրաքվեի արդյունքները։


Տրամադրությունների շոշափման առումով բավականին հետաքրքիր էր Եվգենի Սատանովսկու Արցախ կատարած այցելությունը։ Սատանովսկին շատ հայտնի արևելագետ է, Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահն է, ազդեցիկ վերլուծաբան, բացի այդ, համարվում է, որ վերջինս շատ մոտ է կրեմլյան վարչակազմին, նրա վերլուծություններն ու խորհուրդները հաշվի են առնվում ՌԴ բարձրագույն օղակներում՝ նախագահի վարչակազմի և անձամբ նախագահի կողմից։ Արևելագետն Արցախում հանդիպեց ղարաբաղյան ռազմաքաղաքական էլիտայի՝ քաղաքական ղեկավարության, մտավորականության հետ։ Այցելությունից հետո նա հարցազրույց տվեց ադրբեջանական haqqin.az կայքին և աչքի ընկավ բավականին կոշտ ու առանց դիվանագիտական սեթևեթանքների հայտարարություններով։ Սատանովսկին ադրբեջանական կայքին ուղղակի հայտարարեց, որ իրական քաղաքականության և ռազմական տեսակետներից Ղարաբաղի՝ Ադրբեջանի մաս կազմելու հարցն ամբողջովին փակված է։ Նա փաստացի ասում է, որ Ադրբեջանն այդ իրողության հետ պետք է հաշտվի։

Ըստ նրա՝ Ադրբեջանն Արցախը կարող է վերադարձնել միայն ԼՂՀ ամբողջ բնակչության ոչնչացման դեպքում, սակայն նա նախազգուշացնում է, որ այդ պարագայում պատերազմը կարող է տեղափոխվել բուն Ադրբեջանի տարածք թե՛ ռազմական գործողությունների տեսքով, թե՛ Ադրբեջանում ազգամիջյան լարվածության ստեղծման հեռանկարով՝ ուղղակիորեն նշելով լեզգիների և թալիշների գործոնը։ Եվգենի Սատանովսկին հասկացնում է, որ հարևանները, այդ թվում՝ Իրանն ու Թուրքիան, աչք ունեն Ադրբեջանի նավթային, գազային ռեսուրսների վրա և բացարձակապես դեմ չեն լինի օգտվելու պերմանենտ պատերազմական գործողություններում թուլացող Ադրբեջանի թուլություններից։ Նա նաև նշում է, որ Իլհամ Ալիևը, որ իր գնահատմամբ նախկին Խորհրդային Միության տարածքի ամենագրագետ նախագահներից մեկն է, պետք է այս ամենը վերջնականապես հասկանա։ Վերլուծաբանը հույս է հայտնում, որ Իլհամ Ալիևի կրթությունը նրան թույլ չի տա սխալվել և խախտել ստատուս քվոն։
Սատանովսկու այցը Ղարաբաղ ուներ մի քանի նպատակ. նախ՝ անհաշտ արցախցիներին, որոնք բավականին կոշտ են տրամադրված փոխզիջումների հարցում, հասկացնել, որ փոխզիջումները միջազգային հանրության պահանջն են և բխում են այսօրվա իրողություններից։ Մյուս կողմից` Սատանովսկու ու հավանաբար ապագայում նաև այլ փորձագետների միջոցով Ադրբեջանի հանրությանը սովորեցնում են այն մտքին, որ աշխարհաքաղաքական կենտրոններում Արցախն այսուհետ համարվում է Ադրբեջանից դուրս տարածք, և դրա հետ Ադրբեջանի հանրությունը, ուզի, թե չուզի, պետք է հաշտվի: Առայժմ առաջին հայացքից «անվտանգության գոտիների տարածքներ» զիջելու շատ ուժեղ դիմադրություն չի երևում Հայաստանում: Սակայն դա չի նշանակում, որ դրան ընդդիմացող քաղաքական և հասարակական ընդդիմություն չկա: Նման ընդդիմություն իրականում կա, ընդ որում՝ և՛ ակտիվ, և՛, այսպես ասած, խուլ։ ՈՒ պատահական չէ, որ Սանկտ Պետերբուրգում նախագահների հանդիպման օրը ձերբակալվեցին փոխզիջման գաղափարին դեմ հանդես եկող ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկը՝ Ժիրայր Սէֆիլյանը, և մի քանի այլ անձինք։ Դա, ըստ հայաստանյան լրատվամիջոցների և փորձագիտական հանրության, յուրահատուկ հաղորդագրություն էր համանախագահող երկրներին և հատկապես Ռուսաստանին այն մասին, որ Հայաստանի իշխանությունները լրջորեն կատարում են իրենց տնային աշխատանքը՝ իրականացնելով ոչ միայն քարոզչություն, այլև, եթե պետք է լինում, կոշտ գործիքներով համապատասխան մթնոլորտ են ստեղծում երկրում, այնպիսի մթնոլորտ, որը չի խոչընդոտի մադրիդյան սկզբունքները կյանքի կոչելուն։


Որ ամեն ինչ հարթ չի անցնում, առավել ևս բարդություններ են լինելու ապագայում, վկայում է նաև այն, որ սանկտպետերբուրգյան հանդիպումից և այնտեղ ձեռք բերված հրապարակային ու ոչ հրապարակային արդյունքներից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շտապեց գնալ Արցախ՝ այնտեղի ռազմաքաղաքական ղեկավարության հետ խորհրդակցելու նպատակով, քանի որ առանձնապես գաղտնիք չէ, որ Արցախում ամենևին ոգևորված չեն առկա բանակցային գործընթացներով: Պատահական չէ, որ օրերս «Նեզավիսիմայա գազետան», անդրադառնալով նախագահների հանդիպմանը, նկատել է, որ Հայաստանի ղեկավարությունը ցայտնոտի մեջ է։


Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1789

Մեկնաբանություններ