Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ինչո՞ւ է լռում Մոսկվայում Հայաստանի դեսպանը, և ինչո՞ւ է այդքան վեհերոտ ՀՀ ԱԳՆ-ն

Ինչո՞ւ է լռում Մոսկվայում Հայաստանի դեսպանը, և ինչո՞ւ է այդքան վեհերոտ ՀՀ ԱԳՆ-ն
24.06.2016 | 00:18

2016-ի հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցան հանդիպումներ ու բանակցություններ, որոնք թեկուզ և ներկայացվում էին որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի (ՄԽ) շրջանակներում ընթացող իրադարձություններ և որպես Արցախի հարցի առնչությամբ 2016 թ. մայիսի 16-ին կայացած Վիեննայի բանակցությունների, ինչպես նաև 2009-13 թթ. ընկած ժամանակամիջոցում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ամրագրած գործընթացների շարունակություն, սակայն այդ բանակցությունները միանգամայն առանձին էջ էին արցախյան խնդրի կարգավորման պատմության մեջ: Սանկտ Պետերբուրգի հանդիպումներից թե՛ առաջ, թե՛ հետո մեկնաբանությունների ու կարծիքների պակաս չկա: Մեր կարծիքով, առայժմ շուտ է գնահատականներ տալ և փորձել հետևություններ անել ժլատ տեղեկատվական հաղորդագրություններից, բայց կա այլ բանի անհրաժեշտություն. խորամուխ լինել, թե ինչպես էին, ըստ էության, ապշերոնցի մեր թշնամիները այս ամենին պատրաստվել:

Ամենատարբեր, այդ թվում՝ հայրենական, լրատվամիջոցներում ադրբեջանցի «մասնագետների» տեսակետների ու հայտարարությունների տիրաժավորման պակաս չկա: Մեր գործը չէ, թե ինչով են պայմանավորված հակառակորդի այդչափ մեծ սպասելիքները, ամենայն հավանականությամբ, նրանով, որ մեզանում, սկսած գերագույն գլխավոր հրամանատարից, պաշտոնապես այն միտքն է արտահայտվել, որ «մի 200-300 մետրի համար» ոչ ոք չի պատրաստվում զոհաբերելու մեր զինվորներին: Հարց է ծագում՝ լավ, բայց ինչո՞ւ անպայման զոհաբերել: Այս կերպ բառերը անզգուշորեն ցրիվ են տալիս միայն «կապիտուլյանտները», նրանք, ովքեր կանխավ տրամադրված են անձնատուր լինելու: Բերգամոցի Տրուֆալդինոն, ինչպես հայտնի է, փորձում էր բավարարել ընդամենը երկու տիրոջ քմայք, բայց էլի երբեմն չէր կարողանում: Բայց մերոնք նախագահնե՜ր են, գերագույն գլխավոր հրամանատարնե՜ր, որ ինչ-որ չափանիշների ու հանգամանքների բերումով համարվել և համարվում են ամենախելացիներն ու ամենախորամանկները, ամենախորաթափանցները և... Մնացածը չասեմ: Ամենատարբեր պաշտոնների երևանցի «տրուֆալդինոները», այս տարվա դրությամբ, երբեք առանձնապես հաջողակ չեն եղել իրենց արտաքին «տերերին» ծառայելու գործում:

Հայտարարվել է, օրինակ, որ տարածաշրջանային այցերի շրջանակներում Հայաստան է գալու նաև Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Կարծում եք, նա Երևան է գալու, որ օվսաննա՞ երգի մեր հանճարեղ իշխանությունների հետ: Գրազ կգամ, որ ոչ: Իրանական դիվանագիտության արևելյան սիրալիրության թիկունքում միշտ կոնկրետ ու նույնիսկ կոշտ (հատկապես Իրանի հակառակորդների կամ հակառակորդների «վեցյակի» նկատմամբ) թելադրանքներ ու վերջնագրեր են թաքնված: Ի՞նչ կապակցությամբ, կարող են հարցնել ոմանք, Իրանը պետք է ինչ-որ կոշտ բաներ ասի Հայաստանի իշխանություններին: Շատ բաների, նույնիսկ հենց Արցախի, հատկապես այս տարվա չորսօրյա ողբերգական իրադարձությունների մանրամասների առնչությամբ: Ռոհանին, անշուշտ, պակաս կոշտ չի խոսի նաև Բաքվում (գուցե նույնիսկ Իրանի բարձրագույն իշխանության մի որևէ այլ ներկայացուցիչ): Իլհամ Ալիևը, պետք է ենթադրել, մինչև հիմա ցնցումների մեջ է ընկնում, երբ հիշում է, թե ինչ սարսափ ապրեց 2006 թ. ամռանը այն բանից հետո, երբ Իրանի պաշտպանության նախարարի ձեռքից ստացավ Ադրբեջանի տարածքի 28 թիրախների ցուցակը (որոնցից չորսը՝ հենց Բաքվում), որոնց, «ի դեպս», կխփեն ցանկացած ագրեսորի զսպման իրանական համապատասխան ուժերը: Հիմա առիթը՝ Իրանի երկու հյուսիսային հարևաններին հիշեցնելու, որ իրենք ռազմական կամ այլ առումներով թզուկներ են Իրանի համար, պակաս լուրջ չէ, քան 2006-ին. վերստին «ԱՄՆ-ի նախաձեռնությամբ» Հայաստանն ու Ադրբեջանը ինչ-որ բան են «ձեռնարկում», որից հետո օրախնդիր է դառնում ԼՂՀ-ի շուրջ անվտանգության գոտու և այդ գոտում ինչ-ինչ միջազգային ուժերի ենթադրական տեղաբաշխման հարցը: Կարծում եմ՝ Ռոհանին երևանցիներին ու բաքվեցիներին հաստատ կհիշեցնի, որ իրենք մտադիր չեն «խոզերի առջև մարգարիտներ շաղ տալու», այսինքն, «անմատչելի մտքեր շռայլելու լսողներին», քանի որ ԼՂՀ-ի շուրջ անվտանգության գոտու հարցը միաժամանակ նաև Իրանի հյուսիսային սահմանների անվտանգության հարցն է:


Բայց ասում են, որ մտադիր է տարածաշրջան այցելել նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Իր ժպիտով Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին ի՞նչ պիտի ներշնչի Ռուսաստանի առաջնորդը, եթե նա Սանկտ Պետերբուրգում արդեն «խորհրդակցել է» նրանց հետ, և եթե նա արդեն իմանա, թե Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը ինչ «հանդիմանանք» են ստացել նախագահ Ռոհանիից: Չէ՞ որ Երևանն ու Բաքուն կլռեն ու ոչ մի ճիշտ բան չեն ասի: Դե, ասենք, ճշմարտությանը մոտ մի բան կփորձեն ասել Հայաստանի և Ադրբեջանի դիվանագետները: Իսկ ահա այստեղ մեր երկիրը մի շատ մեծ բացթողում ունի. մեր երկիրը, ասես, արտգործնախարարություն չունի, մենք դեսպաններ ու հյուպատոսներ չունենք: Իսկ առհասարակ ինչո՞վ են զբաղված մեր այդ դեսպաններն ու հյուպատոսները: Հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ համանախագահ երկրների տարածքներում, առաջին հերթին՝ ԱՄՆ-ում և Ռուսաստանում:

Թե ինչով են զբաղված Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցիչները, անզեն աչքով էլ նկատելի է: Իսկ մերոնք գուցե զբաղված են հայրենիքի փրկության ծրագրի շտապ մշակմա՞մբ: Կամ էլ, ասենք, խիստ զբաղված են այդ ծրագրերում հայկական սփյուռքի ներգրավմա՞մբ, ԼՂՀ-ի միջազգային ճանաչման խնդրո՞վ:
Ահա մեկ օրինակ, թե ինչպես էին ապշերոնցի (կուզեք անվանեք «խավիարային», կուզեք՝ «գազային», ի՞նչ է, մեր ծաղրը նվազեցնելո՞ւ է գործի արդյունավետությունը, երբ մենք գիտենք, որ ծախու պատգամավորներ, պաշտոնյաներ ու լրագրողներ կան ոչ միայն Մոսկվայում, ծախու են նաև «եվրաարևմտյան Լինդբլադները») դիվանագետները դեռ մեկ տարի առաջ են նախապատրաստվել Արցախի շուրջ բանակցությունների «ամառային սեզոնին»: Ահա, օրինակ, Մոսկվայում Բաքվի դեսպան, լճացման շրջանի «խամրած սոխակ» Փոլադ Բյուլբյուլօղլու հունիսի 7-8-ին «Московский комсомолец» թերթին տված հարցազրույցը: Հիմա չեմ վերցնի ու մեկիկ-մեկիկ կրկնի նախկին երգչի մտքի «գոհարները». դա անշնորհակալ և անօգուտ բան է: ՈՒմ հետաքրքիր է, կարող է կարդալ համացանցում: Սակայն որոշ բաների վրա, այնուամենայնիվ, պետք է սրել ուշադրությունը, նախ և առաջ իմանալու, թե ինչու էր հունիսի 8-ից հետո լռում Մոսկվայում Հայաստանի դեսպանությունը: Նրանք, ի՞նչ է, ուղարկվել են այնտեղ «գործ անելո՞ւ», թե՞ «ղուշ թռցնելու»:

Ասենք թե, Բյուլբյուլօղլին բրեժնևյան շրջանի նախկին երգիչ է, է՛, հետո՞ ինչ: Օլեգ Եսայանն էլ, ոնց որ, ԼՂՀ-ի վարչապետ է եղել. հապա էլ ո՞վ, եթե ոչ այդ կադրերը պետք է հիմա առավելագույնս ակտիվ լինեն դիվանագիտական ասպարեզում և նույնիսկ (իսկ ինչո՞ւ ոչ) անձնական օրինակով կամ ինչ-որ կրակոտ խոսքերով ու հայտարարություններով հասկանալ տան թե՛ մեր սփյուռքին, թե՛ թշնամուն, որ ամեն ինչ պատրաստ է ուժերի ու միջոցների համախմբմանը, բոլորը պատրաստ են մարտնչելու միասնական կուռ շարքերում:
Իրավունք չուներ լռելու Հայաստանի ոչ մի դեսպան, լիներ դա Եսայանը, թե անձայն Փոլադի մեծ բարեկամ, կոմպոզիտոր Սմբատյանը, այդպիսի սադրիչ հարցազրույցի հրապարակումից հետո: Եվ այսպես, սկսենք էականից, պատերազմի քարոզից. «Ես, որպես Ադրբեջանի քաղաքացի, որպես մի մարդ, որի արմատները Ղարաբաղից են, որի հայրական տունը Շուշիում է, որը հիմա զավթված է, հայտարարել ու էլի հայտարարում եմ, որ պատրաստ եմ անձամբ մասնակցելու զավթիչներից իմ հայրենի հողերի ազատագրման հայրենական պատերազմին»: Իսկ ինչ է, պարոն Եսայանի արմատները Արցախից չե՞ն: Եվ նա պատրաստ չէ՞ զենքը ձեռքին պաշտպանելու հարազատ հողը: Լավ, ասենք թե Մոսկվայում Հայաստանի ներկա դեսպանը հիվանդագին վախկոտ է:

Սակայն «Московский комсомолец» թերթի ընթերցողների ուշադրությունը, ընդ որում, անմիջապես «տաք հետքերով», պարոն Եսայանը պարզապես պարտավոր էր հրավիրել ռուսական լրատվամիջոցով օտար երկրի դեսպանի կողմից պատերազմի քարոզի անթույլատրելիության վրա, այլապես ինչո՞ւ էր ընդունում ՌԴ-ում Հայաստանի դեսպան դառնալու առաջարկությունը: Ի՞նչ օգուտ, որ Երևանում և Ստեփանակերտում մարդիկ եղան, որ արձագանքեցին Փոլադ Բյուլբյուլօղլու կատաղությանը: Այդ բանը պետք է աներ նա, ով ի պաշտոնե էր պարտավոր անել: Մի հարց Հայաստանի նախագահին. իսկ հանուն ինչի՞ եք Դուք աշխատավարձ վճարում մի, այսպես ասած, ձրիակերի, որը չի կատարում իր անմիջական պարտականությունները, որոնցից է նաև արձագանքը հավատարմագրության երկրում ցանկացած հակահայ դրսևորումներին: Ո՞Ւր է պարոն Եսայանի դեմարշը և՛ «MK»-ի խմբագրության, և՛ Ռուսաստանի ԱԳՆ-ի, ինչպես նաև Ֆրանսիայի արտգործնախարարության և ԱՄՆ-ի պետդեպարտամենտի հասցեին: Մենք Հայաստանում Եսայանի նման քայլերի մասին չենք լսել, հետևաբար, նա ծպտուն չի հանել:


Վերցնենք ապշերոնցի «ծլվլանի» հարցազրույցի ուրիշ կարևոր դրվագներ. «Ամբողջ աշխարհը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը նրա առկա սահմաններում: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, որի որոշումները պարտադիր բնույթ են կրում, դեռ 1993 թվականին ընդունել է չորս բանաձև՝ 822, 853, 874, 884: Դրանցում ՄԱԿ-ի ԱԽ-ն, «հավաստելով Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը», «տարածքներ ձեռք բերելու համար ուժի գործադրման անթույլատրելիությունը», պահանջել է «զավթիչ ուժերը միակողմանիորեն հանել» Ադրբեջանի՝ նրանց կողմից գրավված տարածքներից: 2008 թվականին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունեց «Իրադրությունը Ադրբեջանի գրավյալ տարածքներում» 62/243 բանաձևը, որում հերթական անգամ ամրագրված է համաշխարհային հանրության դիրքորոշումը, պահանջելով «հայկական բոլոր ուժերը անհապաղ, լրիվ և անվերապահորեն հանել Ադրբեջանի Հանրապետության բոլոր գրավյալ տարածքներից»: Ի՞նչ է, մի՞թե պարոն Եսայանին պարզ չէ կամ հայտնի չէ, որ Բյուլբյուլօղլին ստում է: Թե՞ պարոն Եսայանը ամենևին ռուսերեն չգիտե, որպեսզի (թեկուզ դարձյալ լրատվամիջոցներով) զսպի իր ապշերոնցի «ընդդիմախոսին» և տեղը դնի: Լավ, թող իր պաշտոնական պատասխանը գրեր Արցախի բարբառով: Դե, պարոն Եսայանը ԼՂՀ-ի պետական որևէ լեզու պիտի իմանա՞ր, թե՞ ոչ: Լավ, ասենք, մարդը ո՛չ ռուսերեն, ո՛չ հայերեն, ո՛չ էլ արցախերեն գիտի: Չէ՞ որ նա անձամբ ծանոթ է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովին, ով, այդ պաշտոնից հեռանալուց հետո (1997 թ.), բազմիցս հրապարակայնորեն, բանավոր ու գրավոր պարզաբանել է, թե ինչու են անօրինաչափ, նախ, Բաքվի կողմից ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի բոլոր վկայակոչումները, և երկրորդ, ինչու են անօրինաչափ այն կարգի պնդումները, թե «ամբողջ աշխարհը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»: Ինչպես ասում են, եթե ճանաչեին, ապա չէր լինի ԵԱՀԿ ՄԽ-ն, չէր լինի կարգավորման գործընթաց, ամեն տեսակի «սկզբունքներ», այդ թվում` այն սկզբունքը, որը նախատեսում է Արցախ-ԼՂՀ-ի կարգավիճակը որոշել հենց իրենց՝ Արցախի հայերի կարծիքը և ցանկությունները հաշվի առնելով: Այսինքն, աշխարհը, ախր, առանց այլևայլության, լռելյայն արձանագրել է, որ նախկին ԱԽՍՀ-ի ոչ մի տարածքային ամբողջականություն չի ճանաչում: Բայց որպեսզի այս ամենը մատչելի եղանակով և այն էլ ռուսական լրատվամիջոցներով հասցվի ինչպես Ռուսաստանի, այնպես էլ աշխարհի հասարակությանը, պետք է գոնե մի քիչ լինել ոչ միայն պրոֆեսիոնալ, այլև շատ գրագետ մարդ: Եթե պարոն Եսայանը իրեն այդպիսին չի համարում, ապա ինչո՞ւ է շարունակում բազմած մնալ Մոսկվայում Հայաստանի դեսպանի աթոռին:


Եվ վերջապես, ապշերոնցի ձայնակորույս «դեղձանիկի գեղգեղանքը» հայկական ատոմակայանի մասին: Իհարկե, Բյուլբյուլօղլուն կարող էին և կարող են պատասխանել ՀԱԷԿ-ի անվտանգ շահագործման բնագավառի հայ և ռուս մասնագետները: Բայց ինչո՞ւ: Մի՞թե տվյալ դեպքում մենք գործ ունեինք ՄԱԳԱՏԷ-ի կաշառված փորձագետի հետ, որպեսզի պատասխանը պատրաստեին այդ հարցի համար պատասխանատու մասնակիցները՝ Հայաստանի և Ռուսաստանի փորձագետները: Ո՛չ: Դժգոհությունները հնչել են անգրագետ մեկի կողմից, բայց, ի տարբերություն Օլեգ Եսայանի, կոնկրետ ԱԷԿ-ի անվտանգ շահագործման բնագավառում անգրագետ մեկի՝ դիվանագիտական կարգավիճակով ապշերոնցի նախկին երգչի կողմից: ՈՒրեմն, պատասխանն էլ պետք է հնչեցներ, ընդ որում, անհապաղ, Հայաստանի դեսպանը: Հապա ինչո՞ւ է այդպես խուլ ու վեհերոտ լռում պարոն Օլեգ Եսայանը: Եթե նա ոչինչ չի կարողանում գտնել կապը կտրած «մեղմ» պանթյուրքիստին համարժեք պատասխան տալու համար, ապա ավելի լավ չէ՞ հրաժարականի դիմում ներկայացնի իր վերադասին: Իմաստ չունի ակնարկելու Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի հունիսի 9-ի «օրապակաս» ռեպլիկը. Բյուլբյուլօղլու սադրիչ հարցազրույցի մասին ո՛չ դեսպան Եսայանի նոտայի, ո՛չ Հայաստանի ԱԳՆ-ի նոտայի մասին ոչ ոք ոչինչ չի լսել:

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2410

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ