Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Ազգային պատկերարահ» միջազգային երաժշտական 12-րդ փառատոն

«Ազգային  պատկերարահ» միջազգային երաժշտական 12-րդ փառատոն
24.06.2016 | 08:45

Հունիսի 18-ից հուլիսի 7-ը հայ արվեստասերները հնարավորություն ունեն վայելելու «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնի համերգաշարը՝ ՀՀ ազգային պատկերասրահի որմնանկարների սրահում:


Փառատոնը բացող համերգը նվիրված էր աշխարհահռչակ տենոր, ՀԽՍՀ ժողովրդական և Լիտվայի վաստակավոր արտիստ Գեղամ Գրիգորյանի հիշատակին: Սա, ասես, մի յուրատեսակ շփում-հանդիպում էր հենց իր՝ լուսահոգի երաժշտի հետ, ում տարիներ առաջ այսպիսի հարց էի հղել իմ հարցազրույցի շրջանակներում. «Գեղամ Գրիգորյանի հետ հանդիպման սպասող ունկնդիրը ե՞րբ և ինչպիսի՞ հանդիպում կարող է ակնկալել»:
2008-ին էր այդ հարցազրույցը, և Գեղամ Գրիգորյանի պատասխանն այսպիսին էր. «Չգիտեմ: Եթե ես իմ մասնագիտական աշխատանքով եմ զբաղվում, ուրեմն դրա դիմաց պիտի լավ վճարվեմ: Իսկ եթե չեմ վճարվում, ուրեմն այլ աշխատանք եմ անում, և իմ մասնագիտությամբ զբաղվելու ժամանակը չունեմ: Երգելը լուրջ բան է: Կա՛մ պետք է միայն երգելով զբաղվել, կա՛մ չզբաղվել: Իսկ ես հիմա մտածում եմ բոլորովին այլ բան անելու և դրանով իմ ընտանիքի հոգսերը հոգալու, նրա բարեկեցությունն ապահովելու մասին: Կուզենայի զբաղվել իմ գործով, բայց այսօր ես այստեղ պետք չեմ ոչ մեկին, չեն էլ հետաքրքրվում, թե ինչ եմ անում: Երևի անհարմար մարդ եմ: Երևի ինքս պիտի գնայի-խնդրեի, բայց ես էլ չեմ ուզում ու չեմ կարող դա անել: Իհարկե, շատ վիրավորված եմ, բայց չեմ կարող թույլ տալ, որ վիրավորանքս տարածվի ազգիս վրա, այն մարդկանց վրա, որոնք չեն հասկանում, թե ինչ են անում: Իմ կարիերան ես արել եմ, մտել եմ պատմության մեջ՝ անկախ նրանից, թե այստեղ ինչպես կգնահատեն այդ փաստը: Ես գիտեմ իմ գինը և իմ տեղը»:


Հիմա, երբ մեզ հետ չէ մեծ երգիչը, ժամանակն ու մարդիկ այլ կարծիքի են: Ամեն դեպքում, դահլիճում հավաքվածներից շատերի հետ զրույցի ընթացքում լսեցի, որ եկել են համերգ հատկապես նրա համար, որ այն նվիրված է Գեղամ Գրիգորյանի հիշատակին, որ ենթադրում են, թե նման նպատակին միտված ծրագիրը չի կարող վատը լինել:


Իսկ ծրագիրն իրոք վատ չէր: Սիրով ու բծախնդրությամբ էր մշակված ու կառուցված: Որմնանկար-սրբապատկերների մթնոլորտում հնչող հոգևոր բնույթի արիաները, զուգերգերը, տերցետները, կվարտետները, գործիքային կատարումներն արժանի էին ոգեկոչելու Գեղամ Գրիգորյանի հիշատակը: Համերգային ծրագրի ընթացքում հանդես եկան Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի մեներգիչներ Արծվիկ Դեմուրչյանը (սոպրանո), Ալինա Փահլևանյանը (սոպրանո), Լիպարիտ Ավետիսյանը (տենոր), Դավիթ Բաբայանցը (բարիտոն), Սիլվա Պետրոսյանը ¥սոպրանո¤, Գոշ Սարգսյանը (բաս), Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Վահան Մարտիրոսյան)՝ դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ:
Ծրագրում ընդգրկված էին Բախի, Հենդելի, Մոցարտի, Ռոսինիի, Շուբերտի, Ֆոռեի, Պերգոլեզիի, Դուռանտեի, Ֆրանկի, Լուցցիի, Ստրադելլայի, Վալենտեի, Ֆերիլլիի, Ռախմանինովի ստեղծագործությունները:


«Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնը կայանում է 12-րդ անգամ՝ «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր գործընկերությամբ:
Փառատոնի հիմնադիր Մարիամ Շահինյանի հղումը մասնավորապես փաստում է. «Այս տարի ևս փառատոնը ունկնդրին կներկայանա գունեղ և բազմաժանր երաժշտական ծրագրով: Հպարտությամբ և գոհունակությամբ պիտի փաստենք, որ ամառային Երևանի այցեքարտ «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնը շարունակում է իր ընթացքը՝ խոստանալով բարձրարժեք արվեստի հետ հաղորդակցման անմոռանալի պահեր»:


Համերգաշարը կընթանա հետևյալ հաջորդականությամբ.
հունիսի 26 - հայ-ֆրանսիական երաժշտական խաչմերուկներ,
հունիսի 30 - երաժշտական ճանապարհորդություն,
հուլիսի 3 - համերգ՝ նվիրված Էդվարդ Միրզոյանի 95-ամյակին,
հուլիսի 7 - փառատոնի հանդիսավոր փակման համերգ:


Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1356

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ