Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Բժշկության մեջ` արվեստագետ, արվեստում՝ բժիշկ

Բժշկության մեջ` արվեստագետ, արվեստում՝ բժիշկ
24.06.2016 | 09:19

Այս տարվա գարունը անցավ մեծ ողբերգություններով։ Ապրիլի 9-ին մեծ կորուստ ունեցավ նաև հայ բժշկությունը։ 69 տարեկան հասակում անժամանակ կյանքից հեռացավ հայտնի բժիշկ, Հայաստանում կոսմետիկ վիրաբուժության հիմնադիր ՀՐԱՉԻԿ ԿՈՍՏԱՆՅԱՆԸ։

Հրաչիկ Կոստանյանը լայն հետաքրքրությունների և ընդունակությունների տեր, բազմակողմանի զարգացած անձնավորություն էր։ Այսօր երբ փնտրում ենք արխիվներում, այս անվանը հանդիպում ենք երկու իրարից խիստ տարբեր ոլորտներում՝ կինեմատոգրաֆիայում և հայ բժշկության պատմության մեջ։ Թվում է՝ գործ ունենք նույն անունը կրող երկու տարբեր անհատականությունների հետ։ Սխալվում ենք՝ դա նույն անձն է՝ նույն Հրաչիկ Կոստանյանը։
Վաթսունականների կեսերին Իջևանի Սարիգյուղից նա Երևան եկավ մեծ ծրագրերով և նպատակներով։ Եթե հետևենք, կարելի է նկատել, որ որոնումները, նորարարությունը նրա կյանքի մշտական ուղեկիցն են եղել։ Նույն տարում նա ընդունվեց Երևանի բժշկական ինստիտուտ՝ հաջողությամբ հանձնելով ընդունելության քննությունները։

Այդ տարվա քննությունների վերաբերյալ «Խորհրդային Հայաստան» թերթում տպագրված հոդվածում նրա անունը հիշվում է որպես հարցերին առավել հետաքրքիր պատասխանած դիմորդի։ Այստեղ էլ նա դուրս էր ստանդարտներից։ Մեկ տարի անց նա անսպասելիորեն, զուգահեռ ընդունվեց «Հայֆիլմին» կից դերասանական ստուդիան, աշակերտելով հայտնի ռեժիսոր Դմիտրի Կեսայանցին։ Նրա տոհմում դերասաններ չկային, ճիշտն ասած՝ բժիշկներ ևս չկային. նա ուսուցիչների մտավորական ընտանիքից էր։ Այստեղ դրսևորվեց նորի մշտական որոնումների նրա բնավորությունը։ Ցերեկը բժշկական ինստիտուտում էր սովորում, երեկոյան՝ դերասանական դասընթացներում։ Կոստանյանն իր կյանքում միշտ աչքի է ընկել առանձնահատուկ նպատակասլացությամբ ու գործունեության արդյունավետությամբ։
Առաջինը ստացավ դերասանի վկայագիրը, 1970-ին գերազանցությամբ ավարտելով դերասանական ստուդիան՝ նա արագորեն, մի քանի տարում նկարահանվեց մեկ տասնյակ ֆիլմերում։ Առաջին դերը կինոյում խաղացել է դեռևս ուսանողական տարիներին։ Առաջին գլխավոր դերը ստանձնեց հետագայում Բուլղարիայում մեծ ճանաչում ստացած ռեժիսոր Գեորգի Դյուլբերովի «Տակառագործը» ֆիլմում։ Այստեղ նա կերտեց փոքր ինչ անբռնազբոս, ծիծաղելի, բայց զարմանալիորեն լուսավոր բուլղարացի վարպետի կերպարը, որը նրան բերեց «Լավագույն տղամարդու դեր» մրցանակը Կինոյի համամիութենական պետական ինստիտուտի (ԹթԼԽ) 7-րդ ուսանողական փառատոնում։


Կոստանյանը նկարահանվել է մեր հայտնի ռեժիսորներ Հ. Մալյանի, Ֆ. Դովլաթյանի, Ա. Մանարյանի, Լ. Գրիգորյանի, Դ. Կեսայանցի ֆիլմերում, որոնցից են՝ «Չախչախ թագավորը», «Հայրիկ», «Կրակոց սահմանի վրա», «Մեր պապերի քայլերգը» («Մեքենան տանիքի վրա»), «Վերադարձ», վերը հիշատակած «Տակառագործը» և այլն, կատարելով տասնյակ դերեր՝ գլխավոր և էպիզոդիկ։


Հրաչյա Կոստանյանը մտավ հայ կինեմատոգրաֆ յուրահատուկ անցումային շրջանում։ Փորձեր էին կատարվում նոր որակի անցնելու, շոշափելու նոր թեմաներ, հայ կինեմատոգրաֆի առաջատարներ էին դառնում ռեժիսորներ Հենրիկ Մալյանը, Ֆրունզե Դովլաթյանը, սցենարիստ Աղասի Այվազյանը, որոնց հետ այդ տարիներին ակտիվ ստեղծագործական համագործակցության մեջ էր Հրաչիկ Կոստանյանը։ Անշուշտ, շարունակելով դերասանական կարիերան, նա բացահայտվելու և դրսևորվելու ավելի մեծ հնարավորություններ կունենար հետագայի ավելի կատարյալ ֆիլմերում։ Այս շրջանի նոր ուղղության ֆիլմերում նա հաջողությամբ հանդես էր գալիս այնպիսի արդեն կայացած և հայ դերասանական աշխարհում առաջնությունը ստանձնած դերասանների հետ, ինչպիսիք էին Մհեր Մկրտչյանը, Ազատ Շերենցը, Վարդուհի Վարդերեսյանը, Խորեն Աբրահամյանը, Գալյա Նովենցը, Արմեն Սանթրոսյանը և այլք։


Հրաչիկ Կոստանյանը կինոյում ունիվերսալ արտիստական խառնվածք ուներ, կարողանում էր կատարել տարբեր ժանրերի և նկարագրերի դերեր՝ նույն հավասարակշռությամբ և կայունությամբ։ Խաղում էր բնական, թեթև, անբռնազբոս, իրագործում էր առաջադրված խնդիրները՝ լրացնելով և նպաստելով դրսևորվելու իր հետ հանդես եկող առաջին կարգի մեծություններին։ «Հայրիկ» ֆիլմում նա Լևոնի դերով հաջողությամբ իրականացրեց այդ շրջանի համար գրեթե առաջնային դարձած ավանդական արժեքների ու նոր ժամանակների հոգեբանական բախման հավերժական թեման։


Կինոն նրա համար ժամանակավոր հոբբի չէր ամենևին, սակայն նա կանգնած էր ի վերջո կյանքի հիմնական մասնագիտությունն ընտրելու երկընտրանքի առջև։
Դրամատիկական թատրոնի և կինոյի դերասանի դիպլոմից մեկ տարի անց Հրաչյա Կոստանյանը, ավարտելով Երևանի պետական բժշկական ինստիտուտը, ստացավ նաև բժիշկ-վիրաբույժի դիպլոմը և այս ասպարեզում ընտրեց մի ուղղություն՝ պլաստիկ վիրաբուժությունը, որը չկար Հայաստանում։ Այն տարիներին դիմածնոտային կոսմետիկ վիրահատությունների անհրաժեշտության դեպքում մեզ մոտից մեկնում էին հիմնականում Թբիլիսի կամ Մոսկվա։ Նա փաստորեն Հայաստանում պլաստիկ վիրաբուժության հիմնադիրն է։ 1975 թվականին Մոսկվայի կոսմետոլոգիայի և պլաստիկ վիրաբուժության գիտահետազոտական ինստիտուտում անցնելով վերապատրաստումը՝ նա վերադարձավ Հայաստան։ Մոսկվայից ուղարկված բնութագրում նրա մասին արդեն նշվում էր որպես նախաձեռնող, մեծ էրուդիցիայի տեր, կարգապահ անձնավորություն, ընդգծվում էին խոր մասնագիտական գիտելիքները և զգայուն վերաբերմունքը հիվանդների նկատմամբ։


Նույն թվականին, ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, առաջին անգամ Հայաստանում, հանրապետական կլինիկական հիվանդանոցի քիթ-կոկորդի բաժանմունքին կից բացվեց պլաստիկ վիրաբուժության հանրապետական կենտրոնը։ Իր առաջին վիրահատությունը Հայաստանում Կոստանյանը կատարեց 1976 թվականի ապրիլին, այնուհետև, քանի որ առկա էր մեծ պահանջարկ, գործը գնաց առավելագույն հագեցածությամբ։ Օրական 4-10 վիրահատություն էր կատարում, տարեկան՝ 400-700։ Ցերեկներն ամբողջովին զբաղված էր վիրաբուժությամբ, երեկոները՝ կինոնկարահանումներով։ Կարճ ժամանակում պլաստիկ վիրաբուժությունը ամբողջովին կլանեց նրա ժամանակը՝ դառնալով նրա հիմնական կոչումը։


1983 թվականին Երևանում ստեղծվեց Կոսմետոլոգիայի և պլաստիկ վիրաբուժության ՓԲԸ-ն, որտեղ Հրաչյա Կոստանյանը ստանձնեց բաժնի վարիչի, ապա՝ վիրաբուժության գծով գլխավոր բժշկի պաշտոնը։ Կենտրոնը Հայաստանում առաջինն էր, որ ներկայացնում էր «բժշկական կոսմետոլոգիա» ծառայությունը։ Հայաստանի համար կարևոր պահ էր նման ծառայության կազմակերպումը։ Համեմատաբար փոքրիկ, 10 սենյակից բաղկացած հիվանդանոցը տարիների ընթացքում զարգացավ, ընդլայնվեց, ստեղծվեցին նոր ծառայություններ։ Հրաչիկ Կոստանյանի ղեկավարությամբ բացվեց հանրապետության առաջին պլաստիկ վիրաբուժության բաժանմունքը, որն այսօր էլ առաջատար դիրք է զբաղեցնում ոլորտում։
Հետևելով նորարարության իր բնատուր ձիրքին, Հրաչյա Կոստանյանը ամեն ինչում ձգտել է հայրենական կոսմետիկ վիրաբուժությունը բարձրացնել ժամանակակից առաջատար մակարդակների։ Եվ մեծապես հաջողել է այս բնագավառում։ Նա առաջինը Հայաստանում իրականացրեց պլաստիկ վիրահատությունը՝ շնչառության վերականգնումով։ Կոստանյանն այն բժիշկն էր, որ երբեք չէր ընկնում քանակի և ձևի հետևից, արհեստականորեն չէր խթանում իր գործունեությունը։ Ընդհակառակը՝ վիրաբուժական միջամտությանը միշտ դիմել է միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ Ինքն էլ ունենալով միանգամայն հայկական քիթ՝ երբեք չի մտածել այն «շտկելու» մասին։ Հումորով նկատում էր, որ բազմիցս դեպքեր են եղել, որ թերահավատությամբ են մոտեցել իրեն, չեն հավատացել, որ այն հայտնի, ճանաչված կոսմետիկ վիրաբույժն է, քանի որ իր իսկ քիթը չի կարողանում «կարգի բերել»։

Նա միշտ վշտանում էր, որ մեր կանանց, իր խոսքերով, թվում է՝ իրենց ամբողջ դժբախտությունն իրենց քթի մեջ է։ «Պլաստիկ վիրաբուժությունն ունի իր ցուցումներն ու հակացուցումները։ Եթե կա ցուցում, ուրեմն պետք է վիրահատվի, եթե ոչ՝ ի՞նչ է նշանակում ընկնել մոդայի հետևից»,- նկատում էր նա՝ իր կյանքի ընթացքում 15 780 վիրահատություն կատարած պլաստիկ վիրաբույժը։ Ցավով հավելելով, որ մեզանում ամեն ինչ դարձյալ գալիս ու հանգում է անձնական շահագրգռություններին, փողին։


Հրաչյա Կոստանյանը փառքի, կոչումների հետևից երբեք չի ընկել իր կյանքի ընթացքում։ Երևի դրա ժամանակն էլ չուներ, այնքան հագեցած էր նրա մասնագիտական գործունեությունը։ Նա մեծ հետք թողեց Հայաստանում իրենով իսկ սկիզբ առած վիրաբուժության այս ճյուղի պատմության մեջ։ Նրա հետնորդները՝ արդեն բարձունքների հասած մասնագետներ, նրա մասին հիշատակելիս միշտ բնութագրում են՝ իմ ավագ գործընկերը և ուսուցիչը։ Նա խիստ հայրենասեր էր, ապրում էր երկրի հոգսերով և իրեն չէր տեսնում հայրենիքից դուրս։ Շատ ծանր էր տանում իր ավագ և կրտսեր որդիների հեռանալը Հայաստանից. նրանք բարձրակարգ մասնագետներ են ԱՄՆ-ում և Կանադայում։

Անչափ կարոտում էր։ Միջնեկ որդին՝ Արմենը, բարձր մակարդակով շարունակում է հոր գործը Հայաստանում։ Նա պարտադիր ստիպողականությամբ պահեց Հայաստանում՝ շարունակելու իր գործը։ Իր ընտանիքով Հրաչիկ Կոստանյանը հայ բժիշկների մի հրաշալի գերդաստանի հիմնադիրը դարձավ։ Կինը՝ Անուշ Կոստանդյանը, փորձառու ակնաբույժ է, բուհն ավարտելուց հետո անփոփոխ աշխատում է Հայաստանում առաջատար՝ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում։


Ժամանակի ընթացքում, իր մասնագիտության նկատմամբ խիստ պահանջարկի և ծանրաբեռնվածության պատճառով ստիպված լինելով աստիճանաբար թողնել իր կյանքի մյուս ճակատագրական նախասիրությունը՝ կինոն, Հրաչյա Կոստանյանը, իր իսկ վկայությամբ, չի հակադրել այս երկու մասնագիտությունները։ Երկուսի հիմքում էլ ընկած է ստեղծագործությունը։ «Մարդկանց նվիրել գեղեցկություն. դրանից լավ բան աշխարհում չկա»,- սիրում էր կրկնել նա։ Բժշկության մեջ նա իրեն համարում էր արվեստագետ, արվեստում՝ բժիշկ։ Պլաստիկ վիրաբույժների մոտ սա պատահական հակվածություն չէ։ Հայտնի է, օրինակ, որ վրացի հանրահայտ վիրաբույժ Ցոպե Խուցիձեն ամբողջ կյանքում երազել է նկարիչ դառնալ։ Բավականին հաջողված նկարների հեղինակ էր նաև Հրաչիկ Կոստանյանը։ Եթե նայենք նրա թողած երիտասարդական շրջանի կտավները, դժվար չէ նկատել, որ այստեղ ևս նա բնատուր շնորհ և ասելիք ուներ։ Բժշկական այս մասնագիտության ներկայացուցիչների համար սովորական է ձգտումը՝ իրենց աշխատանքը բարձրացնելու արվեստի ստեղծագործության մակարդակի։ Դա լիովին վերաբերում է և Հրաչիկ Կոստանյանին։ Չխախտել անհատականությունը, պահպանել դեմքի հարմոնիան, կատարելագործել իրեն վստահած մարդու կերպարը, ինչպես առասպելական քանդակագործ Պիգմալիոնն էր անում. սա էր համարում իր կոչումը բժիշկ, Հայաստանում պլաստիկ վիրաբուժության հիմնադիր, արվեստագետ Հրաչիկ Կոստանյանը։


Հրաչյա ՎԱՐԴԱՆՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3949

Մեկնաբանություններ