Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Համամարդկային առաքելությունից մինչև ցեղասպանություն

Համամարդկային  առաքելությունից  մինչև ցեղասպանություն
24.06.2016 | 00:19

Յուրաքանչյուր ազգ ունի համամարդկային առաքելության իր յուրօրինակ բաժինն այս աշխարհում: Այն կարող է լինել փոքր կամ մեծ, լավ կամ վատ, օգտակար կամ վնասակար այլ ազգերի նկատմամբ, սակայն այս դեպքում էականը դա չէ, այլ ամեն ազգի գիտակցումն իր առաքելության այս աշխարհում, որը պարփակված չէ իր նեղ, ազգային խնդիրների մեջ: Համաշխարհային առաքելության տեսլականն ու գիտակցումն են, որ տվյալ ժողովրդին դարձնում են հզոր, մշտապես օժտում հարատևելու ձգտմամբ, ընդլայնում նրա ֆիզիկական ու հոգևոր սահմանները, մասնակից դարձնում համաշխարհային գործընթացներին, և այդպիսի ժողովուրդն է, որ ստեղծում է քաղաքակրթություն: Արդյունքում տվյալ ազգն իր հաջողություններով ու ձախողումներով ոչ թե կղզիանում ու պարփակվում է իր սահմաններում, որի հաջողություններն ու ձախողումները չեն նկատում ու տեսնում համաշխարհային գործընթացներում, այլ, ընդհակառակը, այդ ազգի գոյընթացի ու շարունակականության բարգավաճմանը մասնակից են դառնում մնացյալ ժողովուրդները:

Ինչքան ոգով լեցուն է այդ ազգի համաշխարհային առաքելության բովանդակությունը, այնքան այն առաջատար է համայն աշխարհում: Իսկ հարատև ու հզոր առաքելություն ունեցող ազգերը, ինչպես ցույց է տվել պատմությունը, հոգևոր առաքելություն ունեցող ժողովուրդներն են: Այդպիսի ժողովուրդները ստեղծում են նոր արժեքներ ու փոխանցում նաև մյուսներին: Հատկապես առաքելության այդ գործոնը առավել ցայտուն է արտահայտվում իրենց ստեղծած մշակույթի և հոգևոր արժեքների կոդեքսների ամբողջության մեջ: Ինչքան առողջ է տվյալ ազգի հասարակությունը, այնքան ազդեցիկ են նրա ստեղծած արժեքները, որոնցից ազդվում են այլ ժողովուրդներ, իսկ իրենց առաքելությունը կորցրած ազգերը հաճախ ամբողջությամբ ընդունում են լոկոմոտիվի դերակատարություն ունեցող առաջատար ազգերի արժեհամակարգային ազդեցությունը և դառնում մատակարար տվյալ ժողովուրդների առաքելության իրագործման մեջ, ոչ թե իրագործում իրենց տրված յուրահատուկ առաքելությունը: Թերթելով պատմությունը՝ կարող ենք նկատել, որ համաշխարհային գործընթացներ ստեղծող ժողովուրդներն առաջնորդվում են համաշխարհային առաքելության տեսլականներով: Կարելի է հիշատակել, օրինակ, հրեաներին իրենց սիոնիզմով ու ընտրյալ ազգ լինելու զգացումով, որ համարում են իրենց Աստծո ընտրյալ ազգ, որը պիտի կառավարի ամբողջ աշխարհը: Ռուսները՝ բյուզանդական կայսերական ուղղափառության ջահակրի հետնորդի զգացումով, որը արտահայտված է նաև իրենց գերբի վրա, ԱՄՆ-ը՝ աշխարհում դեմոկրատիա տարածելու կարգախոսով, Չինաստանն իր «երկնամերձ» առաքելության կոնֆուցիական բարոյական կոդեքսներով և այլն: Մենք այդ ամենը կարող ենք տեսնել նաև այդ ժողովուրդների գրականության, մշակույթի մեջ, հոգևոր ոլորտում, որովհետև տվյալ ժողովուրդների անհատները կերտել են նշանակալի համաշխարհային արժեքներ: Աշխարհի մեծամասնությունը ճանաչում է Շեքսպիրին, Դոստոևսկուն, Վիկտոր Հյուգոյին, Բալզակին, Բայրոնին, Տոլստոյին, սակայն աշխարհի մեծամասնությունը չգիտի, թե ովքեր են Հովհաննես Թումանյանը, Եղիշե Չարենցը, Պարույր Սևակը, ինչքան էլ նրանք խորունկ և արժեքավոր երկեր ստեղծած լինեն: Հարցն այն է, որ մենք ամփոփվում ենք ավելի շատ մեր ազգային մտահորիզոնում՝ կենտրոնանալով մեր «դարդերի» ու խնդիրների վրա:

Բայց այդ դեպքում Աֆրիկայի կամ Հարավային Ամերիկայի բնակիչն անհաղորդ է քո ստեղծած արժեքին, և, բնականաբար, տվյալ հեռավոր աշխարհամասի ժողովուրդը ճանաչելու է համաշխարհային առաքելություն կերտող ազգի անհատականությանը: Անշուշտ, մենք՝ հայերս, անհատական մակարդակում մեր մեծ ավանդն ունենք համաշխարհային հարթակում, բայց եթե ուշադրություն դարձնենք, հայ անհատների մեծամասնությունը այդ բարձունքին հասել է ոչ թե իբրև Հայաստանի քաղաքացի և հայոց հողում, այլ իբրև մի օտար երկրի քաղաքացի՝ առաջնահերթորեն ներկայացնելով այդ երկիրն ու ազգը: Ծագումով հայ լինել, սակայն այլ ազգի ու պետության դրոշի ներքո ստեղծել համաշխարհային արժեք, նշանակում է, որ տվյալ անձնավորությունը մասնակից է, առաջին հերթին, ուղիղ իմաստով տվյալ ազգի համաշխարհային առաքելությանը համայն աշխարհում, ոչ թե հայ ազգի ու պետության յուրահատուկ առաքելությանը: Մենք կարող ենք նկատել, որ համաշխարհային առաքելություն թելադրող ազգերը քաղաքակրթություն թելադրող կենտրոններն են, իսկ մնացյալը՝ թե՛ հավաքական, թե՛ անհատական առումով մատակարարների և ծառայությունների իրագործման դեր են կատարում և հետևում նրանց, պատճենում, տեղայնացնում նրանց թելադրած արժեքներն իրենց հասարակություններում: Բայց ուրախալի է, որ վերջերս մեկ այլ համաշխարհային հոգևոր արժեք կերտող կենտրոններից մեկը՝ Հռոմեակաթոլիկ եկեղեցին, ժամանակակից մարդկության լայն հասարակությունների ճանաչման համար լույս ընծայեց 10-րդ դարում համաշխարհային քրիստոնեական արժեք կերտած սբ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության»-ը և սբ Գրիգոր Նարեկացուն դասեց իրենց նշանավոր վարդապետների շարքին: Մյուս կողմից՝ քրիստոնեական աշխարհը մեզ մեծ մասամբ ճանաչում է ծագումով պարթև սբ Գրիգոր Լուսավորչի միջոցով, ով ընդհանրական եկեղեցու սուրբ է համարվում և հիշատակվում է և՛ կաթոլիկ, և՛ օրթոդոքս եկեղեցիներում:

Ըստ իս, մենք 5-րդ դարից հետո կորցրել ենք մեր համաշխարհային առաքելության տեսլականն ու գիտակցումը ազգային հավաքական մակարդակում: Այն ոսկեդարը, որը վերընծայվեց 5-րդ դարում, չունեցավ իր հոգևոր շարունակական սահմանների ընդլայնումը, այլ մնաց նեղ, ազգային շրջանակներում: Մենք կարողացանք աղվաններին դարձնել քրիստոնյա, մեծ դերակատարություն ունենալ վրաց եկեղեցու ձևավորման և զարգացման մեջ մինչև 7-րդ դար: Որոշ հայ քարոզիչներ հասան մինչև Դանիա, Սկանդինավիա, Բրիտանիա, Մոնղոլիա և այլուր՝ քարոզելով, տարածելով և հիմք դնելով քրիստոնեությունն այդ ժողովուրդների մեջ, բայց ազգային համընդհանուր առաքելության տեսակետից այդ ամենը մարեց, որովհետև մենք չձևավորեցինք մեր առաքելության դոկտրինն այս աշխարհում:

Հին աշխարհում մենք հունա-հռոմեական և պարթևական քաղաքակրթական մրցասպարեզում փորձեցինք Տիգրան Մեծի ջանքերով գերիշխող դարձնել հայկական արիական համաշխարհային առաքելության քաղաքակրթական հիմքերը, բայց այն ներքին և արտաքին դրդապատճառներով փլուզվեց հունա-հռոմեական և պարթևական արդեն իսկ կայացած արիական արժեհամակարգերի հետ բախվելիս և երկարատև չեղավ: Ճիշտ ժամանակին պետականորեն ընդունեցինք բարձրարժեք համամարդկային բնույթ ունեցող քրիստոնեությունը՝ դառնալով աշխարհում համաշխարհային քրիստոնեական արժեհամակարգի առաքելության իրագործման ռահվիրա, սակայն չկարողացանք դառնալ դրա իրագործողը, այսինքն՝ դառնալ այնպիսի քրիստոնեական կենտրոն, որտեղից ճառագեին համաքրիստոնեական քաղաքակրթական հիմնադրույթները: Մենք չկարողացանք մեր հոգևոր սահմաններն ընդլայնել, օրինակ՝ պարթևների, պարսիկների մեջ դոմինանտ դարձնել քրիստոնեությունը և այդ հոգեշնորհ գործն իրականացնել ազգային հավաքական իմաստով նաև հետագայում Հայաստան ներխուժած քոչվոր ցեղերի մեջ:

Անշուշտ, կարող ենք պատճառաբանել, որ պետականությունից զուրկ էինք ու օտար տիրապետողների ճնշման ներքո էինք, սակայն աստվածահաճո հասարակությունն Աստծո օրհնությամբ կարող է տալ անհատներ, ովքեր իրենց մարտիրոսությամբ և անձնվիրությամբ կարող են վերափոխել այլ ազգերի: Պատմությունը ցույց է տալիս, որ այն ազգերը, որոնք կորցնում են իրենց առաքելությունը, կա՛մ վերանում են, ձուլվում այլ ազգերի մեջ, կա՛մ էլ սպասարկող դեր կատարում անհատական և հավաքական առումով:


Այդուամենայնիվ, վերջին շրջանում վերածնության որոշակի նշույլներ են զգացվում: Առաջին քայլերն այդ առումով արվեցին քրիստոնեության 1700-ամյակին նվիրված միջոցառումներով և կաթոլիկ եկեղեցու որոշակի քայլերով, ինչպես նաև Հռոմի պապի արդեն երկրորդ անգամ կատարվող այցի կարգախոսով՝ այցելություն իբրև առաջին քրիստոնյա երկիր: Բայց այս միջոցառումների շարքը բավարար չէ: Հետաքրքրական քայլ կատարեց նաև ռուսաստանաբնակ Ռուբեն Վարդանյանը՝ «Ավրորա» մրցանակաբաշխության մեկնարկը տալով, որովհետև դա նույնպես համաշխարհային առաքելության վերականգնման ազդակ է, ուր հայոց ազգը բարձրացնում է արդարության, ճշմարտության, մարդասիրության և բարության լուսափայլ ջահը համայն մարդկության մեջ: Եվ եթե այդ գործընթացը շարունակվի, այն իրավամբ կարող է դառնալ համամարդկային առաքելության տեսլական:

20-րդ դարասկզբի իտալացի հանրահայտ քաղաքական գործիչ Անտոնիո Գրամշին, խոսելով Հայոց ցեղասպանության մասին, դեռևս այդ ժամանակներում նշում է, որ հայերը պետք է սոցիալապես ներգրավված լինեն համամարդկային գործընթացներում: Նա ասում է, որ հայերը ներփակված են իրենց ազգային խնդիրներով, այն դեպքում, երբ աշխարհին հետաքրքրում են համամարդկային խնդիրները, և երբ հայ ազգը սկսի մասնակից դառնալ համաշխարհային գործընթացներին, այդժամ աշխարհը կսկսի ուշադրություն դարձնել հայոց խնդիրներին: Արդ, առաջինը ստանձնելով քրիստոնեական համամարդկային արժեհամակարգի Լույսը տարածելու «առաքյալ-պետության» խորհրդանիշը, դրա փոխարեն դարձանք ներփակված և կրավորական՝ նեղ ազգային սահմաններում: Կարող ենք արդարանալ, որ պատմական իրադարձություններն են ստիպել, սակայն նույնանման պատմական իրավիճակներում էլ հենց ծնվեցին առաքյալներ, ովքեր իրենց մարտիրոսությամբ վերափոխեցին անպարտելի Հռոմեական կայսրությունը, մինչդեռ մենք, կորցնելով մեր առաքելությունը, չկարողացանք ծնել նոր առաքյալներ, ովքեր իրենց արյան գնով պիտի վերափոխեին և առողջացնեին թուրքական հասարակությունը:

Եվ արդյունքը եղավ այն, որ այդ քոչվոր ժողովուրդը ցեղասպանության ենթարկեց իր հոգևոր համամարդկային առաքելությունը կորցրած հայոց ազգին: Արդ, ժամանակն է, որ Աստծո օրհնությամբ վերականգնենք այն առաքելությունը, որն ստանձնել էինք 4-րդ դարում՝ պետականության մակարդակով: Իսկ դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է հոգևոր համակարգված հայեցակարգ ունենալ և հասարակությունը առողջացնել՝ առաջնորդվելով քրիստոնեական բարոյական նորմերով: Եվ ապագա պատմությունը ցույց կտա, թե իբրև հավաքական ժողովուրդ շարունակելու ենք մնալ համաշխարհային գործընթացներից դո՞ւրս՝ պարզապես համամարդկային ծառայություններ մատուցելով անհատապես այլ ազգերի տիրույթներում, թե՞ կդառնանք համաշխարհային գործընթացներին մասնակից մի ազգ՝ յուրօրինակ ու անկրկնելի առաքելությամբ՝ ընդլայնելով հոգևոր սահմանները հայկական նեղ ազգային մտայնությունից դուրս դեպի համաշխարհային ասպարեզ, քանի որ քրիստոնեությունը դեռևս 1-ին դարավերջին ընձեռել է այդ հնարավորությունը, որովհետև այն պարզապես ազգային կրոն չէ, այլ համամարդկային լույսի ուղենիշ և Քրիստոսի օրինակով՝ նոր մարդու կեցության ուղի:


Հովհաննես ՄԱՆՈՒԿՅԱՆ

Դիտվել է՝ 1001

Մեկնաբանություններ