Թբիլիսիում իրավիճակը շարունակում է լարված մնալ․ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարներն աղբամաններով, երկաթե արգելապատնեշներով և ձեռքի տակ ընկած այլ առարկաներով բարիկադներ են կառուցում։ Ոստիկանությունը պարբերաբար արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ, ջրցան մեքենաներ և հատուկ այլ միջոցներ է կիրառում մայրաքաղաքի կենտրոնական պողոտաները բացելու համար:                
 

«Ինն օր, որոնք ցնցեցին աշխարհը»

«Ինն օր, որոնք ցնցեցին աշխարհը»
24.06.2016 | 09:25

Այս հայտնի խոսքերով կարելի է բնորոշել Արամ Խաչատրյանի անվան դիրիժորների միջազգային մրցույթը, որը տեղի ունեցավ Երևանում` հունիսի 6-14-ին։ Այդ մրցաշարում յուրաքանչյուր տարի ներկայացվում էր մեկ մասնագիտություն՝ ջութակ, դաշնամուր, թավջութակ։ Իսկ այս տարվանը՝ 12-րդը, դարձավ դիրիժորների 1-ին մրցույթը։ Եվ այն ընդգրկվեց Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի ցուցակում։ (Ի դեպ, նույն օրերին Երևանում տեղի ունեցավ նաև ֆեդերացիայի հոբելյանական՝ 60-րդ, վեհաժողովը, որի մասնակիցներն այցելեցին նաև Ծիծեռնակաբերդ)։

Ամեն երկիր չէ, որ ի վիճակի է նման մրցույթ անցկացնելու։ Այսպիսի մրցույթ հնարավոր է լինում միայն այնտեղ, որտեղ գոյություն ունեն միջազգային չափանիշներին համապատասխանող սիմֆոնիկ նվագախմբեր, դասական երաժշտության ընկալման կուլտուրա ունեցող հանրություն, դիրիժորական արվեստի հարուստ ավանդույթներ և այլն։ Եվ ամենակարևորը՝ բարձրակարգ սիմֆոնիկ նվագախումբ, որը կկարողանա ստանձնել պաշտոնական նվագախմբի պարտականությունները։ Իսկ դա մեծ պատասխանատվություն է։ Մեծն Առնոլդ Շյոնբերգն ասում էր, թե որևէ նորաստեղծ գործի առաջին կատարումը հարկ է վստահել լավագույն կատարողներին, որպեսզի անհաջողության դեպքում կոմպոզիտորը չկարողանա իր ստեղծագործության թերությունը վերագրել կատարողին։ Ահա այսպես էլ մրցույթներում նվագախումբը պետք է վեր լինի կասկածից, որպեսզի մրցակիցներին տրված գնահատականները լինեն հնարավորինս ճշգրիտ։ Փառք Աստծո, այդպիսի հուսալի նվագախումբ Հայաստանն ունի՝ մեր Երիտասարդական պետական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ։ Եվ ոչ միայն պաշտոնական նվագախումբն էր հուսալի, այլև ժյուրին իր անաչառությամբ, որ միշտ չի պատահում։ Հուսալի էին ու կայուն ունկնդիրները, հուսալի էր նաև համերգասրահն իր «ակուստիկայով» և, եթե կարելի է ասել, իր «սեյսմակայունությամբ»։ Եվ ահա թե ինչու։


Երաժշտագետ Յուլի Կրեմլյովը գրում է, թե ինչպես է Լոնդոնում տեղի ունեցել Հայդնի «Հրաշք» անունը կրող սիմֆոնիայի պրեմիերան. «Երբ Հայդնը հայտնվեց բեմում և մոտեցավ դիրիժորական նոտակալին, ունկնդիրներից շատերը դահլիճի միջին մասից տեղափոխվեցին առաջ, որ հայտնի կոմպոզիտորին տեսնեն մոտիկից... Եվ հանկարծ առաստաղից պոկված ահռելի ջան ընկավ դատարկված աթոռների վրա... «Հրա՛շք, հրա՛շք»,- բացականչեցին փրկված ունկնդիրները։ Ինքը՝ Հայդնը, խորապես հուզված էր, որ ակամա դարձավ այդքան մարդկանց փրկության պատճառը։


Այս դեպքը նախկինում վերագրում էին 96-րդ սիմֆոնիային, որն անվանել են «Հրաշք»։ Սակայն վերջերս երաժշտագետները պարզեցին, որ հիշյալ դեպքը տեղի է ունեցել 1794 թ., 102-րդ սիմֆոնիայի պրեմիերային։


Ինչո՞ւ մանրամասնեցինք այս դիպվածը։ Բանն այն է, որ հենց այդ 102-րդ սիմֆոնիան էր մրցույթի կազմկոմիտեն ընդգրկել պարտադիր երկերի ցուցակում։ Մրցույթում հատկապես աչքի ընկավ խորվաթ դիրիժոր Միրան Վոպոտիչի կատարումը։ Եվ դա ոչ միայն նրա արտիստականության, հմայիչ ու բովանդակալից ժեստերի, սիմֆոնիայից ճառագող հումորով ունկնդիրներին «վարակելու» շնորհիվ։ Ոչ բոլորը գիտեն, որ Հայդնը իր արվեստում այնքան շատ է օգտագործել խորվաթական մեղեդիների հնչերանգներ, որ այդ երկրում նրան համարում են խորվաթ կոմպոզիտոր։ Ահա թե ինչու Միրանի մեկնաբանությունն այդքան հոգեհարազատ էր հայդնյան ոճին։ Գուցե հենց դա էր պատճառը, որ ժյուրիի անդամ Միխալիս Էկոնոմուի և Աթենքի սիմֆոնիկ նվագախմբի սահմանած «Հայդնի 102-րդ սիմֆոնիայի լավագույն մեկնաբանություն» անվանակարգում մրցանակը շնորհվեց հենց Միրան Վոպոտիչին։
Ինչպես Հայդնի նշված սիմֆոնիան, Խաչատրյանի 2-րդ սիմֆոնիայի ֆինալը, Սպարտակի և Ֆրիգիայի Ադաջոն, այնպես էլ Էդվարդ Հայրապետյանի «Պավան» պիեսը, մտնում էին մրցույթում կատարվելիք պարտադիր գործերի ցուցակի մեջ։


Քանի որ «Պավանը» նորաստեղծ գործ է, հարկ կա փոքր-ինչ մանրամասնելու։ Պավանը 16-րդ դարում տարածված պալատական հանդիսավոր պարերից է։ Ծագման մասին կա երկու տեսակետ. համաձայն մեկի՝ այն իսպանական պար է, մյուս վարկածով այն իտալական պար է, և «պավանա» (padovana) բառը նշանակում է Պադուա քաղաքի բնակչուհի։ (Եթե այդպես է, ուրեմն, նկատի ունենալով իգական սեռը, ճիշտ կլինի արտասանել և գրել «պավանա»)։ Ժամանակի ընթացքում պարի այդ տեսակը, ժանրը ներմուծվել են կոմպոզիտորական արվեստ՝ որպես տարբեր հոգեվիճակների դրսևորում, սակայն նրա հանդիսավորությունը, խոհականությունը մնացել են անփոփոխ։ Է. Հայրապետյանի «Պավանը» ներշնչված է Մորիս Ռավելի «Ննջեցյալ արքայադստեր պավանա» ստեղծագործությամբ և նվիրված է Ռավելին։
Մեր զրույցում Է. Հայրապետյանը նշել է, որ մրցույթի բոլոր կատարումներն էլ ուշագրավ էին հենց իրենց տարբերությամբ, տարբեր դիտակետերով, ինչը համակողմանի լուսաբանեց «Պավանը», որի հնչյունազանգվածն ասես ամեն անգամ «աչքիդ առջև» նորովի է ծավալվում ու ծփում, ինչպես հավերժի ծովը։ Հիրավի, հավերժությունն է խորհրդանշում նաև երկի կառուցվածքը՝ «ռոնդո» ձևը. ասես տեղի է ունենում հավիտենական մի պտույտ, որտեղ կայուն կրկնանվագը, հերթագայվելով անցողիկ դրվագներով, ամեն անգամ վերադառնում է «ի շրջանս յուր»։ Մեղմոցներով մշուշված լարայինների մեղմօրոր ծփանքը մերթ ընդ մերթ բորբոքվում է փողայինների ներխուժող փոխկանչերով, որոնք ի վերջո մարում են լռության «ծովում»։ Ակամա հիշում ես Դեբյուսիի երկրպագու Սեն-Ժոն Պերսի պոեզիան. «Եվ ահա Ծովը հայտնվում է մեզ դրամայի քարեղեն աստիճանների վրա... Օ Ծով, ծծմայր ամենամեծ Արվեստների»...


Է. Հարությունյանի «Պավանը» այնքան հարուստ է ասոցիատիվ կապերով, որ հիշեցնում է և՛ Սիբելիուսի «Տուոնելայի կարապը», և՛ Դեբյուսիի «Ծովը», և Չառլզ Այվզի «Անպատասխան մնացած հարց»-ը, իսկ պոեզիայում՝ նույն Սեն-Ժոն Պերսի «Ծովեզերքներ» քերթվածը։
Ահավասիկ.


Եվ դա երգն է ծովի, որ երգված չի եղել երբեք,
Եվ դա Ծովն է մեր մեջ, որ երգելու է այդ երգը.
Ծովը, որ կրում ենք մեր մեջ,
մինչև շնչի հափրանքը
և վերջաբանը շնչի,
Ծովը մեր մեջ, որ տանում է աշխարհով մեկ
Մետաքսավետ ծփանքները ծովամեջքի
Եվ վիթխարի թարմությունն
իր հանկարծագյուտ...


Ահա այսպիսի զուգահեռներ արթնացրին Հայրապետյանի ծովերգությունը՝ «Պավանը», և Ջուն Սան Պարկի մեկնաբանությունը, որի համար նա արժանացավ հատուկ մրցանակի։ Եվ քանի որ կորեացի դիրիժորը գալա-համերգը պիտի եզրափակեր Խաչատրյանի 2-րդ սիմֆոնիայի ֆինալով, ժյուրին, որպես խրախուսանք, հնարավորություն տվեց նույն համերգում «Պավանով» հանդես գալու ճապոնացի դիրիժոր Տոսիֆումի Կանային։ Այնպես որ, ճշմարիտ էին մրցույթի հանդիսավարներ, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն, պրոֆեսոր Արմինե Գրիգորյանը և ջութակահար Կարեն Շահգալդյանը, որ ասացին, թե մրցույթում պարտվողներ չկան, բոլորը հաղթող են։ Հիրավի, ոչ մի մասնակից առանց որևէ խրախուսական մրցանակի չմնաց, և դրա նպատակն էր նպաստել նրանց արվեստի հետագա կատարելագործմանը։


Օրինակ, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի սահմանած «Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի Ադաջոյի լավագույն մեկնաբանություն» մրցանակը ստացած Ջուն Սան Պարկը հրավիրվել է նաև 2016-2017 թթ. համերգաշրջանում հանդես գալու Երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի, ինչպես նաև Կաունասի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։


Իսկ Բեատրիս Վենեցին (Իտալիա) 2016-2017 թթ. կլինի Երիտասարդական նվագախմբի գլխավոր դիրիժորի ասիստենտ։ Անմասն չմնաց նաև Երիտասարդական նվագախումբը։
Մրցանակը հանձնելիս ժյուրիի անդամ Մարկ Հիլդրյուն (Մեծ Բրիտանիա) նշեց, որ «մրցույթի հերոսներն իրականում հենց այս նվագախմբի երաժիշտներն են, որոնք ամենօրյա տևական փորձեր, համերգներ են ունեցել 12 դիրիժորների հետ»։ Իսկ մինչ այդ մրցույթի ծրագիրը նվագախումբը յուրացրել է իրենց մաեստրոյի՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։
Տեղին է հիշել մի գեղեցիկ դեպք անցյալի դիրիժորների կյանքից։ Տարիներ առաջ Երևան էր հրավիրվել Խորհրդային Միության պետական սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Կոնստանտին Իվանովը, որը կայանալիք համերգի համար Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ փորձում էր Բեթհովենի 7-րդ սիմֆոնիան։ Դեռ չավարտած՝ նա հարցրել էր նվագախմբին. «Մինչ այժմ ո՞ւմ հետ եք կատարել այս սիմֆոնիան»։ Պատասխանն էր. «Միքայել Մալունցյանի»։ Մաեստրոն ժպտաց ու հրաժեշտ տվեց, ասելով. «Մնացյալը՝ համերգին»։ Դույզն-ինչ չթերագնահատելով մրցույթի մասնակիցների տաղանդը, ներդրումը, վառ անհատականությունը, կարող ենք պատկերավոր ասել, որ կատարվող գործերի յուրաքանչյուր տակտի խորքում կարելի էր նկատել մաեստրո Սմբատյանի «մատնահետքերը»։ Որպեսզի ասվածը չափազանցություն չդիտվի, մեջբերենք Հիլդրյուի գնահատականը. «Աշխարհի ամենահիանալի նվագախմբերից մեկն այստեղ է, ձեր քաղաքում»։


Յուրատեսակ մրցանակ կարելի է համարել այն, որ հաղթողին հնարավորություն էր տրված գալա-համերգին նվագախումբը ղեկավարելու Ա. Խաչատրյանի դիրիժորական փայտիկով, որը հատուկ այդ նպատակով բերվել էր տուն-թանգարանից (ինչպես Ճենովայի մրցույթում Պագանինիի ջութակը)։ Եվ քանի որ 1-ին տեղը կիսել էին Պարկը և Վոպոտիչը, երկու հաղթողներն էլ արժանացան Ա. Խաչատրյանի «մատնահետքերով» այդ կախարդական փայտիկով հանդես գալու պատվին։ Նույնիսկ թվաց, թե ելույթից առաջ երախտապարտ Վոպոտիչն այդ փայտիկով խաչակնքեց։ Իսկ Ջուն Սան Պարկը, զինված մեծ կոմպոզիտորի զորավոր փայտիկով, Երիտասարդական նվագախմբի հետ, Արամ Խաչատրյանի «պատերազմական» սիմֆոնիայի վերջին հաղթական ակորդով հավերժացրեց նրա անվան դիրիժորների առաջին մրցույթը։

Դանիել ԵՐԱԺԻՇՏ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2893

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ