Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ինչպես Լեռնային Ղարաբաղը կներգրավվի բանակցային գործընթացում

Ինչպես Լեռնային Ղարաբաղը կներգրավվի բանակցային գործընթացում
26.06.2016 | 10:09

Հունիսի 29-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Մարկ Էյրոն կքննարկեն Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման գործընթացը՝ հաղորդում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Ավելի վաղ ֆրանսիացիները պատրաստակամություն էին հայտնել էստաֆետն ընդունել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից, որ իբրև միջնորդ էր հանդես գալիս Ադրբեջանի և Հայաստանի նախագահների սամմիթում Սանկտ Պետերբուրգում:

Ճիշտ է, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքի խոսքով՝ «թեպետ հաջորդ հանդիպման հաստատված ժամկետ չկա, սակայն ԱՄՆ-ը, ՌԴ-ն, Ֆրանսիան իբրև համանախագահ երկրներ, ձգտում են հնարավորինս շուտ կազմակերպել նախագահների նոր հանդիպում»: Նա նկատել է, որ Իլհամ Ալիևն ու Սերժ Սարգսյանը հավատում են Լեռային Ղարաբաղի կոնֆլիկտի հանգուցալուծմանը խաղաղ ճանապարհով և հիմա «այդ անելու ամենալավ ժամանակն է»՝ բազմանշանակ ակնարկելով, որ ոչ «հաջորդ տարի, ոչ երկու տարուց, ոչ հինգ տարուց ավելի հեշտ չի դառնալու»: Միևնույն ժամանակ՝ ՈՒոռլիքը ուրվագծել է ևս մեկ սկզբունքային դիրքորոշում: Նա հայտարարել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կարևոր են համարում, որ «Լեռնային Ղարաբաղի դիրքորոշումը ներկայացված լինի»: Ավելի վաղ, ԵԱՀԿ ՄԽ ՌԴ համանախագահ Իգոր Պոպովն էր ասում, որ «որոշակի փուլում բանակցային գործընթացում կարող է ներառվել Ստեփանակերտը»:

Բայց ո՞ր փուլում: Եթե նկատի առնենք, որ ԵԱՀԿ ՄԽ-ն պատրաստել է փաստաթղթերի փաթեթ, որոնք պետք է արձանագրեն Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում կայացած համաձայնությունների գործնական իրականացման սկիզբը՝ զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմների ստեղծման և կոնֆլիկտի գոտում ԵԱՀԿ-ի գրասենյակի ընդլայնման ուղղությամբ, առանց այդ գործընթացում Ստեփանակերտի ներգրավման խնդիրը նույնիսկ տեխնիկապես հնարավոր չէ լուծել կամ շատ դժվար է: Բայց, ինչպես միշտ, կարևոր նշանակություն ունեն մանրամասները, որոնց մասին ավանդաբար կոնֆլիկտի կողմերն ու ՄԽ համանախագահները գերադասում են լռել: Այդ պատճառով մնում է միայն իրավիճակը մտովի լրացնել, երբ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Ադրբեջանին ու Հայաստանին կոչ արեցին «վերացնել մնացած խոչընդոտները ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի առաքելության ընդլայնման համար» և «հասնել առաջընթացի սուբստանտիվ բանակցություններում ու ԵԱՀԿ հետաքննությունների մեխանիզմների ստեղծման առաջարկում»: Կարելի է ենթադրել, որ Բաքուն զգուշանում է, որ իրադարձությունների առաջարկվող ընթացքը իրավիճակը սառեցնում է և իր համար պրոբլեմներ է ստեղծում ապագայում:

Այդ դեպքում ինչի՞ց է դժգոհ Հայաստանը: Չի բացառվում, որ այդ թեման կլինի Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի բանակցային օրակարգում, երբ նա մեկնի Լեռնային Ղարաբաղ իբրև ԵԱՀԿ գործող նախագահ: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին կարծում է, որ «իրավիճակը բավականին խոցելի է», առաջնային խնդիրը բոլոր դեպքերում վստահության միջոցների սահմանման միջոցառումների հաստատմանն է տրվում, շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմներին», որ պետք է ապահովի բարենպաստ հոգեբանական պայմաններ կոնֆլիկտի քաղաքական կարգավորմանն անցնելու համար: Բաքվի, Երևանի ու Ստեփանակերտի միջև բռնկված բանավեճը փուլային (փաթեթային) կամ կարգավորման այլ տարբերակի մասին, իր ամբողջ կարևորությամբ հանդերձ, երկրորդական է: Բայց այդ երկրորդականությունը կարևորվում է Իլհամ Ալիևի ու Սերժ Սարգսյանի հերթական հանդիպման ժամանակ Ֆրանսիայում, եթե Փարիզը, զարգացնելով Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի գաղափարները, առաջարկի ինչ-որ նոր փաստաթուղթ կամ սցենար կոնֆլիկտի կարգավորման մեջ: Իրոք, հո չեն կրկնելու Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում արդեն ձեռքբերվածը:

Այս դեպքում մենք բախվում ենք (ոչ պատահաբար) մի քանի համընկնող պահերի: 2014-ի հոկտեմբերին, երբ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հանդես եկավ իբրև միջնորդ Փարիզում Ալիևի ու Սարգսյանի հանդիպման, սամմիթը զուգադիպեց այն պահին, երբ Սոչիում կայացավ նման հանդիպում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ և վերջ դրեց շփման գծում իրավիճակի հերթական սրմանը: Ֆրանսիայում հիմա նախապատրաստվող հանդիպումը հաջորդում է հետպետերբուրգյան բանակցային շրջանին, որը կանգնեցրեց ապրիլյան սրացումը: Առաջ Փարիզը հայտարարում էր, որ չի բարձրաձայնել կոնֆլիկտի կարգավորման նոր հնարավոր սցենար: Փորձագետները ենթադրում էին, որ ֆրանսիական դիվանագիտությունը ճեղքում է ուզում արձանագրել այդ ուղղությամբ՝ առաջարկելով սեփական մեխանիզմները, իհարկե, ԵԱՀՄ ՄԽ շրջանակներում համաձայնեցված, որոնք կարող են տարբերվել նախորդ տարբերակներից: Բայց այն ժամանակ չստացվեց: Հիմա, երբ Բրիտանիան որոշեց ԵՄ-ից դուրս գալ, Ֆրանսիան իբրև ԵՄ անդամ, ԵԱՀՄ ՄԽ համանախագահ և Գերմանիան (ԵՄ անդամ և ԵԱՀԿ նախագահող) կարող են փորձել ապացուցել, որ իրենք պահպանել են արդյունավետ դիվանագիտության ունակությունը և կարող են ճեղքման հասնել Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման մեջ, որպեսզի ինչ-որ ձևով սքողեն ճգնաժամային վիճակը Եվրոպայում: Տեսնենք՝ ինչ կստացվի: Կանցնի՞ ԵՄ-ն աշխարհաքաղաքական տեստը Հարավային Կովկասում:
Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM


Հ.Գ. Մի տեսակ՝ սպորտային հետաքրքրության տպավորություն է ստեղծվում՝ հերթով համանախագահները փորձում են իրենց հնարքները կիրառել իբրև միջնորդ՝ պարբերաբար այդ առաքելությունը հանձնելով Մոսկվային: Բայց իսկապես, մանրամասների մեջ է սատանան. Փարիզի հանդիպումը նախապատրաստվում էր Սանկտ Պետերբուրգի հանդիպումից առաջ և օրակարգում Վիեննայի պայմանավորվածությունների կատարման ընթացքն էր՝ համանախագահները հունիսի սկզբին կոնֆլիկտի կողմերին էին ներկայացրել հետաքննության մեխանիզմների տեղակայման իրենց առաջարկների փաթեթը, բայց Մոսկվան կանխեց այդ հանդիպումը իր առաջարկներով: Գործնականում Սանկտ Պետերբուրգը ոչ թե Վիեննայի շարունակությունն էր, այլ՝ զուգահեռ գործընթաց նախաձեռնելու փորձ՝ ասպարեզ բերելով Բաքվի փափագած սուբստանցիոնալ բանակցությունների օրակարգը, և գուցե Փարիզը փորձ է դառնալու վերադառնալ Վիեննային: Փաստ է, որ համանախագահները իրականում նույն ճանապարհով չեն գնում, որքան էլ հայտարարում են, որ միասնական են՝ Արևմուտքն ունի իր գիծը, Ռուսաստանն՝ իր: Չափազանց հաճախ Ռուսաստանի և Ադրբեջանի գծերը համընկնում են, և եթե դա կոչվում է, որ Ֆրանսիան ու Գերմանիան փորձելու են նոր տարբերակ ներկայացնել, գուցե դա լինի հայկական գծին համընկնող: Թեպետ բոլոր գծերն էլ համատեղվում են, եթե օրակարգում Մադրիդյան (Կազանյան) սկզբունքներն են: Մտածել է պետք նոր սկզբունքների մասին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2159

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ