Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Իլհամ Ալիևը պատմել է Սերժ Սարգսյանի հետ հանդիպման մանրամասները

Իլհամ Ալիևը պատմել է Սերժ Սարգսյանի հետ հանդիպման մանրամասները
27.06.2016 | 11:46

«Դրական է, որ Վիեննայի հանդիպումից մեկ ամիս անց ռուսական կողմի նախաձեռնությամբ Սանկտ Պետերբուրգում կայացավ նախագահների հերթական հանդիպումը: Մենք դա դրական ենք գնահատում: ԱԳՆ արտահայտեց Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումը և այդ դիրքորոշումը, բնականաբար, բաց է հասարակության համար»՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զինվորականների հետ հանդիպմանը՝ նրանց համար նոր շենքը շահագործման հանձնելու առիթով: Ալիևը ընդգծել է, որ պետերբուրգյան հանդիպումը դրական արդյունքներ ունի:

«Հույս ունեմ, որ գործընթացը կշարունակվի արագացված տեմպերով: Մենք վերստին բանակցությունների ենք գնում առանց որևէ նախապայմանի: Բանակցությունները պետք է լինեն առարկայական, բովանդակային, այլ ոչ թե վարվեն հանուն իմիտացիայի: Հանդիպման արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն, որը նույնպես ներկայացած է հանրությանը: Հայտարարության մեջ ամեն ինչ շարադրված է, այդ թվում՝ հարցի կարգավորման ճանապարհները: Միաժամանակ քննարկվել է ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի թվաքանակի մեծացման հարցը: Ճիշտ է՝ թիվը նշված չէ, բայց ես կարող եմ ասել՝ եթե այսօր 6 մարդ է աշխատում, թիվն առավելագույնը 2-2,5 անգամ կարող է ավելանալ, այսինքն՝ խոսքը մեծ առաքելության մասին չէ: Եթե հաշվի առնենք, որ շփման գիծը տասնյակ կիլոմետրերով է չափվում, այլ իմաստ պետք չէ փնտրել: Մանդատն էլ իր տեղում է, ոչ մի փոփոխություն չկա, 6-ի փոխարեն 12, 13 կամ 14 աշխատակից կլինի ու վերջ: Ինչ վերաբերում է հայերի առաջադրած պայմանին՝ միջադեպերի հետաքննության մեխանիզմների կիրառման հարցում, ես գտնում եմ, որ այս փուլում դրա կարիքը չկա: Նախ՝ այդ մեխանիզմները չկան, ոչ ոք կոնկրետ չի ասում, թե իրենցից ինչ են ներկայացնում այդ մեխանիզմները, ուրեմն ճիշտ չէ այսօր այդ հարցը քննարկել: Երկրորդ՝ ո՞րն է իմաստը: Եթե նկատի է առնվում կոնֆլիկտի «սառեցումը» և ինչ-որ լրացուցիչ միջոցներ ձեռնարկելը շփման գծում, Ադրբեջանը, իհարկե, դրան չի գնա: Դա կարող է լինել բանակցային գործընթացի դրական դինամիկայի դեպքում, որ մենք տեսնենք կոնկրետ արդյունքներ, որ մենք իմանանք մեր տարածքների ազատագրման ժամկետները, այդ դեպքում կարող են մշակվել տարբեր մեխանիզմներ, միայն այդ ժամանակ այս հարցը կարող է քննարկվել», -ասել է նախագահը:


«Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը պետք է կարգավորվի փուլ առ փուլ: Վիեննայի հանդիպման ժամանակ չեն ընդունվել Հայաստանի ներկայացրած պայմանները: Սանկտ Պետերբուրգի հանդիպումն ունի դրական արդյունքներ»՝ կրկնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը պետք է կարգավորվի միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության սահմաններում: Ադրբեջանը թույլ չի տա իր տարածքում ստեղծել երկրորդ հայկական պետություն:
«Հա-ադրբեջանական Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտում միջազգային իրավունքը չի աշխատում: Չնաած դրան՝ մեր երկիրը շարունակում է դիվանագիտական ու քաղաքական ջանքեր գործադրել»՝ ասել է պետության նախագահը:


Հիշեցնենք, որ ավելի վաղ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը հայտարարել էր, որ Սանկտ Պետերբուրգի հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռքբերվել ղարաբաղյան հարցի փուլային կարգավորման մասին: «Փուլային կարգավորումը նախատեսում է նախ Ադրբեջանի հինգ, ապա երկու օկուպացված շրջանների ազատագրում»՝ ասել էր Նովրուզ Մամեդովը ադրբեջանական հեռուստաընկերություններին հարցազրույցում:
Haqqin.az


Հ.Գ. Նալբանդյանը կարող է ասել, որ Մամեդովը հանդիպմանը ներկա չէր, Զախարովան կարող է հորդորել, որ չաղավաղեն հայտարարության բովանդակությունը, իսկ երբ Ալիևն է կրկնում՝ մենք կասենք, որ դա ներքին օգտագործման համար է: Ամբողջ խնդիրն այն է, որ ներքին, թե արտաքին իրականում Վիեննան և Սանկտ Պետերբուրգը զուգահեռ բանակցություններ էին, այլ ոչ թե մեկը մյուսի շարունակությունը և այն ինչ ասում է Իլհամ Ալիևը ինչ-որ չափով կրկնությունն է Կազանյան սկզբունքների, ու՝ ի՞նչ: Հռոմի պապը գնաց և ժամանակն է, որ հայկական կողմը պատասխանի երեք օր առաջվա հրապարակմանը: Ռուսները, իհարկե, պատասխանում են, բայց նրանց պատասխաններն ավելի շատ հարցեր են առաջացնում: Ու՝ ընդհանրապես՝ եթե տարածքները պահելը պատերազմ է նշանակում, ի՞նչ է նշանակելու տարածքները հանձնելը՝ Նախիջևանի օրինակով «ինքնավարության» դիմաց: Ստեփանակերտը կշարունակի՞ «ոչ մի թիզ հող թշնամուն» պնդել: Դիվանագիտության մուսաները լռում են, երբ կրակում են հրանոթները: Հիմա ինչո՞ւ են լռում: Տարածքները չեն կարող ու չպիտի հանձնվեն՝ սա է միակ պատասխանը: Բանակցե՞լ են այսքան տարի այդ թեմայով, քառօրյա պատերազմը իրավիճակ է փոխել, ու՝ վերջ: Միևնույն է, եթե ոչ պատերազմով, Իլհամ Ալիևի նպատակը Ղարաբաղը դատարկելն է՝ նրան պետք է տարածքն առանց հայերի: Իսկ Ղարաբաղից հետո գալու է Հայաստանի հայաթափման հերթը, չէ որ «Էրիվանը ադրբեջանական հող է» ու կա Սևանում ձուկ որսալու ցանկությունը:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1494

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ