Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

75 տարի առաջ ուզում էին ոչնչացնել ոչ միայն ԽՍՀՄ-ը, այլև նրա բոլոր ժողովուրդներին

75 տարի առաջ ուզում էին ոչնչացնել ոչ միայն ԽՍՀՄ-ը, այլև նրա բոլոր ժողովուրդներին
28.06.2016 | 00:30

2016 թվականի հունիսի 22, ամենատարբեր պատճառներով ու հիմքերով բարոյազանցության ճիրաններում հեծող ժամանակակից Հայաստան... Այս անգամ խոսենք իշխանության և գործող բոլոր քաղաքական ուժերի բարոյազանցության մասին։ Կարծում եք այն պատճառով, որ սկսած 1991-ից իշխանություններն անկարո՞ղ եղան կազմակերպել ու գոնե ոչ մուրացկանական կյանք ապահովել իրենց ժողովրդի համար, որը չի կազմում, ասենք, Թեհրանի ներկա բնակչության 1/6 մասն անգամ։ Ո՛չ։ Անվիճելի է, որ անկախության վերականգնումից հետո Հայաստանում չի եղել և չկա մի իշխանություն, որ մտածեր բացառապես ժողովրդի մասին, ոչ թե իր կամ այն մասին, թե ինչ կասեն Վաշինգտոնում ու Մոսկվայում։ Կրթության բարեփոխություն, իրենք ասում են, արել են։ Այս նպատակով Արևմուտքի տրամադրած փողն արագորեն «իրացվեց»։

Բարեփոխություն չկա, որովհետև կրթություն, որը, ինչպես հայտնի է, սկսվում է երեխաների նախադպրոցական դաստիարակությունից, փաստորեն, գոյություն չունի. բոլոր այս կամ այն նվաճումները, որոնցով նշվում են մեր երեխաները երկրի ներսում կամ արտասահմանում, 99 %-ով պայմանավորված են երեխաների զուտ անձնական ընդունակություններով։
Բայց կրթության ոլորտի մասին խոսակցությունը թողնենք մասնագետ գիտնականներին, բուհերի դասախոսներին, ուսուցիչներին և այլն։ Բոլորին եմ հավաստիացնում՝ մեկ-երկու հոդվածով խոսակցությունը չի սահմանափակվի, այն կլինի տևական ու ծանր, այդ թվում՝ հոգեբանորեն ծանր։ Հիմա խոսենք բարոյազանցության կամ էլ բարոյական անկման, իշխանությունների բարոյալքման մասին, և խոսենք այլ պատճառով։

75 տարի առաջ՝ 1941-ի հունիսի 22-ին, նացիստական Գերմանիան հարձակվեց մի երկրի վրա, որն այլևս չկա՝ ԽՍՀՄ-ի վրա։ Բայց մենք՝ ամբողջ Հայաստանն ու ամբողջ Արցախը, այսպես թե այնպես, ծնվել ենք այնտեղ՝ ԽՍՀՄ-ում։ 1941-45 թթ. հայրենական պատերազմում զոհված գրեթե 27 միլիոն ԽՍՀՄ քաղաքացիներից մի քանի հարյուր հազարը Հայաստանի, Արցախի, այն ժամանակվա Խորհրդային Միության մյուս մասերի հայեր էին։ Եվ վաղուց է հայտնի, որ Երկրորդ աշխարհամարտում փոքրաթիվ հայ ազգի կրած կորուստները համադրելի են ԱՄՆ-ի կորուստների հետ։ Եվ ահա, երբ 2016-ի հունիսի 22-ին ամբողջ աշխարհում (նույնիսկ Գերմանիայում, ընդ որում նաև ազգությամբ գերմանացիները) նշում էին Հիշատակի ու Սգո օրը, Հայաստանում ձևացնում էին, թե...


Պետք է հասկանալ, որ նախագահ Սերժ Սարգսյանն ու կառավարող հանրապետական կուսակցությունը «սուսուփուս» որոշել են վերադառնալ ՀՀՇ-ի որդեգրած երբեմնի գծին՝ «դա մեր պատերազմը չէր»։ Անցած տարի՝ Մեծ հաղթանակի 70-ամյակին, Հայաստանը մայիսի 9-ին ձեռնպահ մնաց «Անմահ գունդ» ակցիայից, իսկ այս տարի այն անցկացվեց այնքան անգրագետ, որ ակամա ուզում ես ենթադրել, որ, երևի, անհարմար են զգացել. բայց միևնույն ժամանակ «Անմահ գունդ» ակցիայի անցկացման անիմաստ ձևով իշխանություններն ու «գործող վերնախավերն» ազդանշանում էին իրենց արևմտյան տերերին՝ Հայաստանում «քաղաքական մոդայի» պատվիրատուներին, որ իրենք հաստատ «ռուսների հետ չեն»։

Եվ ահա 2016 թ. հունիսի 22-ն է, և լռություն։ Ժամանակակից Հայաստանը հիշելու ոչինչ չունի՞, չկա՞ն մարդիկ, որոնց համար Հայաստանը պետք է մինչև օրս սգա։ Բայց, ախր, սա ստորություն ու սրբապղծություն է, Հայաստանի իշխանություն և «գործող վերնախավեր»։ Եվ եթե դուք այդ աստիճանի ստորության եք ընդունակ, ապա ի՞նչ հիմունքներով եք ձեզ իրավունք վերապահում առաջնորդելու մի ժողովրդի, որը 1941-45 թթ. Մեծ հայրենականում նույնքան զոհեր է տվել, որքան ձեր պաշտելի ԱՄՆ-ը։


Եվ այսպես, այսօրվա իրողությունները ստիպում են վերադառնալ հետևյալ հարցին. ի՞նչ է եղել մեր ժողովրդի համար այդ պատերազմը։ Բազմիցս գրվել է, թե մեր նախնիները ինչ լայն մասնակցություն են ունեցել Մեծ հայրենականին, ինչպես նաև օկուպացված եվրոպական երկրներում ծավալված պարտիզանական շարժմանը։ 1941-ի հունիսի 22-ից մինչև 1945-ի մայիս խորհրդային բանակ է զորակոչվել մոտ 600 հազար հայ։ Պատերազմի տարիներին ԽՍՀՄ-ում կազմավորվել է վեց հայկական դիվիզիա. ուրիշ ոչ մի երկրում չեն եղել նման զուտ հայկական զորամիավորումներ։ 1941-ի հունիսի 29-ին ՀԿԿ կենտկոմի որոշմամբ հանրապետությունում ստեղծվեցին ռազմական նշանակության օբյեկտների պաշտպանության և թշնամական դիվերսանտների դեմ պայքարի կործանիչ ավիացիոն գումարտակներ։ Գումարտակների կազմի մեջ մտնում էր 12 հազար մարդ, որոնցից 8 հազարն այնուհետև մեկնեց ռազմաճակատ, այդ թվում 700-ը որպես դեսանտային պարաշյուտիստ։ Հայերը գերմանաֆաշիստական զավթիչների դեմ մարտի մեջ մտան պատերազմի հենց առաջին օրը. մասնավորապես, Բրեստի ամրոցում ու նրա մերձակայքում պատերազմի սկզբին ծառայում էր ավելի քան 200 զինվոր ու սպա։ Մոտակայքում հերոսական մարտեր էր մղում գեներալ-մայոր Քրիստափոր Ալավերդյանի գլխավորած դիվիզիան։ Մոսկվայի հերոսական պաշտպանության մասնակիցների թվում նշվում են Հարավարևմտյան ռազմաճակատի հրետանու պետ, գեներալ-լեյտենանտ Միքայել Բարսեղյանի և 33-րդ բանակի շտաբի պետ, գնդապես Ստեփան Գինոսյանի անունները (վերջինս հետագայում ստացավ գեներալ-մայորի կոչում)։ Լենինգրադի մերձակա մարտերում աչքի ընկավ Բալթյան նավատորմի ականավոր գրոհային օդաչու, հետագայում Խորհրդային Միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանը։

Թշնամուց Սևաստոպոլի երկաթգծերը պաշտպանում էր «Ժելեզնյակ» զրահագնացքը, որի հրամանատարն էր Գուրգեն Սահակյանը։ Աստված սիրեք, մի՞թե իրոք այսօրվա հայերը հիշողության կորուստ ունեն։ Մենք հո Հայաստանի իշխանությունները չե՞նք, մենք հո բոլորս այսօր կուսակցությունների անդամներ չե՞նք։ Ախր, մենք պարտավոր ենք հիշել, որ պատերազմի զորակոչված ամեն երկու հայից մեկը չի վերադարձել մարտադաշտերից։ Այդ մենք չէի՞նք, որ հենց վերջերս ինտերնետով մեկ պարծենում էինք, որ Ռայխսթագի ավերակների վրա հայերը «Քոչարի» են պարել, և այդ պատմական ժապավենը կա ամբողջ աշխարհում։
Եվ հարկավոր է նաև մշտապես հիշել Թուրքիայից ԽՍՀՄ-ի հարավարևմտյան սահմանը պաշտպանող զորամիավորումների մասին։ Այն ժամանակ ոչ ոքի համար գաղտնիք չէր, որ թուրքերը, ինչպես և ճապոնացիները, սպասում էին Ստալինգրադում Հիտլերի հաղթանակին, որպեսզի պատերազմի մեջ մտնեին Գերմանիայի կողմից։ Այնպես որ, արևելյան ռազմաճակատում գերմանական զորքերի ցանկացած, անգամ տեղային պարտություն գերմանական ֆաշիզմի ջախջախմանը հայ ռազմիկների ցանկացած մասնակցություն, ցանկացած շարքային հայի համար նաև ազգային նոր ողբերգությունից փրկություն էր նշանակում։ Հանրահայտ է, որ Բեռլին-Անկարա-Տոկիո առանցքի ծրագրով հենց Թուրքիան պետք է զավթեր Անդրկովկասը։ Այդ ժամանակ Խորհրդային Հայաստանի սահմանագլխին կանգնած էր թուրքական 28 ընտիր դիվիզիա, որոնք սպասում էին Ստալինգրադի ճակատամարտի ելքին, որը ճակատամարտ էր նաև հայ ժողովրդի փրկության համար։

Համենայն դեպս, 2015-2016 թթ. պետության բարձրաստիճան պաշտոնյաներից ոչ ոք բառ անգամ չարտասանեց այդ մասին։ Բայց չէ՞ որ Ստալինգրադում հաղթանակի արդյունքը հենց այսօրվա անկախ Հայաստանն է։ Եվ կա՞ մեկը, որ հիշի, որ Հայաստանի իշխանությունների կամ քաղաքական կուսակցությունների նախաձեռնությամբ մեր երկրում Հիշատակի օր անցկացված լինի Ստալինգրադում գերմանացիների դեմ խորհրդային զորքերի տարած հաղթանակի կապակցությամբ։ Ես նման բան չեմ հիշում։ Ոչ, իհարկե, Ռուսաստանի դեսպանության «խնդրանքով» կամ «Մոսկվայի զանգով», այլ ինքներս, մեր խղճով (եթե խիղճ ասած բանն ունեն այսօրվա իշխանություններն ու այսօրվա կուսակցությունները)։ Նման բան եղե՞լ է։ Ոչ։


Պատերազմին իբր չեզոք Թուրքիայի հանկարծակի մասնակցության սպառնալիքը ԽՍՀՄ բանակային հետախուզությանը հայտնի էր դեռ 1941-ին։ Եվ նախապատրաստում էին դրան Հայաստանը, նախապատրաստում էին։ Նախապատրաստում էին լեռներում ու ձորերում նախապես սարքավորված բազաներն ու ճամբարները, որպեսզի թուրքական ագրեսիայի դեպքում արագ ու հնարավորինս շատ մարդ փրկեին թուրք գազանից։ Հայաստանի իշխանություններ, Հայաստանի քաղաքական կուսակցությունների անդամներ, դուք չե՞ք ամաչում ձեր այդ հայրենակիցներից։ Այն ժամանակ ամբողջ հանրապետությունն էին նպատակասլաց նախապատրաստում թուրքական ագրեսիային և օկուպացիային պարտիզանական դիմադրություն ցուցաբերելուն, դուք տեղյա՞կ եք։ Թե՞ ձեզ «նոր տերերը» նոր օրակարգ են թելադրել և շարունակում են թելադրել. կամաց-կամաց, անաղմուկ նպաստել այն բանին, որ ազգի հիշողությունից ջնջվի ամբողջ բացասականը Թուրքիայի և թուրքերի մասին։ Իսկ մի՞թե ո՛չ դուք, ո՛չ ձեր նոր տերերը մինչև հիմա չեք հասկացել, որ դա անհնար է։ Մի՞թե Սերժ Սարգսյանն ինքը չհամոզվեց դրանում, երբ Սիրիա և Լիբանան էր գնում իր ֆուտբոլային դիվանագիտությունը քարոզելու և «հայ-թուրքական արձանագրությունները» գովաբանելու համար։ Մի՞թե մեր նախագահն իր «ամերիկացի գործընկերներին» չի զեկուցել, թե թուրքերին քծնելու այդ քայլին ինչ զայրույթով արձագանքեցին հենց միայն Սիրիայի և Լիբանանի հայերը։ Եվ մի՞թե իշխանություններն ու թրքասեր քաղգործիչները չեն տեսել, որ Երևանի Հանրապետության հրապարակում Հայաստանի քաղաքացիները զանգվածաբար փաստաթուղթ էին ստորագրում ընդդեմ հայ-թուրքական արձանագրությունների։

Եթե ո՛չ տեսել, ո՛չ լսել են, ապա դա առնվազն լիակատար պրոֆանպիտանության դրսևորում է։


Չարժե ակնարկել Ռուսաստանին, թե այնտեղ, իբր, Լենինգրադի շրջափակման հանցակից ֆիննագերմանացի Մաններհայմի հուշատախտակ են փակցրել։ Փակեք աչքներդ՝ չկա ԽՍՀՄ-ը, չկա Ռուսաստանը։ Ի՞նչ է, դուք չգիտե՞ք, որ Գերմանիայից առաջ կենտրոնացված կուտակարաններում (այն ժամանակ դրանք «համակենտրոնացման ճամբարներ» չէին կոչվում) մարդկանց ոչնչացնում էին հենց թուրքերը, իսկ նրանց հրահանգներ էին տալիս «Իթթիհադ-վե-թերեքքիի» ղեկավար դյոնմեները՝ նույն երիտթուրքերը։ Ի՞նչ է, չգիտե՞ք, որ գերմանացի նացիստները շատ գործերում պատճենում էին իթթիհադականներին, և որ ստահակ «դոկտոր Մենգելեից» դեռ շատ առաջ գազանությամբ և հայ երեխաների ու կանանց վրա դրված փորձերով աչքի էր ընկնում ոմն երիտթուրք «դոկտոր Նազիմ»։


Երբեմն վեճեր են լինում. ի՞նչ կլիներ, եթե հաղթեին, այնուամենայնիվ, գերմանացիները։ Ռուս վտարանդի (ոչ կոմունիստ) պատմաբան Ա. Ս. Կազանցևը այսպես է գրել այն տարիներին գերմանացիների ստեղծած լեգեոներների կովկասյան ստորաբաժանումների մասին. «Բաժանման (Ռուսաստանի) պլանների կատարման կարգով տարբեր ազգությունների ռազմագերիներից (և կամավորականներից) ստեղծվում էին գումարտակներ, որոնք գազանային ատելությամբ էին դաստիարակվում ոչ միայն բոլշևիզմի որպես ամենայն ռուսականի հանդեպ... արհեստականորեն այլանդակ, չարանենգ շովինիզմ էր բորբոքվում։ Նման գումարտակներում քարոզչությունը ոչ թե հակասովետական էր, այլ հենց հակառուսական։ Ռուսներին անվանում էին ոչ այլ կերպ, քան «զավթիչներ» և պատմական թշնամիներ»։

Մյուս կողմից, ծրագրվում էր տարբեր ժողովուրդների գրգռել արդեն նաև իրար դեմ։ Նացիստական գաղափարախոս Ա. Ռոզենբերգը գրում էր. «Կովկասի ցեղերի ու ազգությունների սահմանազատումը իրարից... կհեշտացներ գերմանական հրամանատարության տիրապետությունը նրանց նկատմամբ... Տարբեր ազգությունների միջև հակասությունների վերածնման նպատակով զորամասի օգտագործման բուն փաստն արդեն քաղաքական հանգամանք է»։ Հայաստանին և ամբողջ Կովկասին կսպասեր բազմաթիվ և անվերջանալի «վեճերի», գուցե և պատերազմների մի շարան, որտեղ գերմանացիները հանդես կգային իբրև «գերագույն հաշտարարներ»։ Թուրքերի հանդեպ Հիտլերի այն առանձնահատուկ «սիրո» և վստահության պարագայում, որոնց մասին նա չէր խորշում խոստովանել, դժվար չէ գուշակել, թե ինչ կսպասեր մեր ժողովրդին... Լավ կլիներ, որ մեր իշխանություններն ու «գործող վերնախավերը» միշտ հիշեին դա։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 3303

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ