Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև հակամարտության ավարտը մեծապես կախված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից և նրա որոշումից՝ հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ «Հուսով եմ՝ պարոն Պուտինը պատրաստակամություն կհայտնի անկեղծորեն բանակցելու՝ ըստ միջազգային հանրության և ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար սկզբունքների՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, անկախության»,- ասել է Բլինքենը:                
 

Հանուն «համաշխարհային ռևոլյուցիայի շահերի»

Հանուն «համաշխարհային ռևոլյուցիայի շահերի»
28.06.2016 | 11:47

(սկիզբը՝ այստեղ)

Скачко-ն, լիովին անտեսելով ժողովուրդների իրավունքների միջազգային իրավական նորմերը, ամբողջովին կանգնած է թուրք զավթիչների ավազակային տեսակետի վրա, որի համաձայն բավական է սրի քաշել որևէ ժողովրդի և բռնի ուժով տեղահան անել ու արտաքսել իր երկրից, որպեսզի «օրինական» ճանաչվի բանդիտի իրավունքն այդ ժողովրդի հայրենիքի նկատմամբ, այն ճանաչվի արդեն որպես բանդիտի սեփականություն:
Այդ իմաստով էլ նա գրում է. «Բայց ճշմարիտ է նաև այն, որ ներկայումս այդ տեղերում (Արևմտյան Հայաստանում- Ն. Կ.) հայ ազգաբնակչությունը հազիվ 5-10 % է (Հարբորդի ամերիկյան կոմիսիայի 1919 թ. տվյալներով, որը, իհարկե, հակված չի եղել նվազեցնելու հայ ազգաբնակչության տոկոսը)»:


«Բացի այդ,- շարունակում է այնուհետև Скачко-ն,- (ռեալ ուժի տեսակետից) Վանի և Բիթլիսի իրական տերերը ոչ թե թուրքերն են, այլ քրդերը, որոնք ոչ մի գնով չեն համաձայնի իրենց հողերը Հայաստանին հանձնելուն»:
Եվ որպես փաստարկ, բերում է հետևյալ էպիզոդը. իբր թե Մոսկվայի թուրքական արտակարգ դեսպանության ներկայացուցիչը Անկարայի Ժողովրդական ժողովին զեկուցել է, թե Ռուսաստանը բանակցությունների պայման է առաջադրում Վանի և Բիթլիսի զիջումը Հայաստանին: Այդ ժամանակ, իբր թե, քուրդ դեպուտատները բացականչել են.
-Տվե՜ք... Բայց թող հայերը փորձեն գալ և վերցնել:


Այս պատճառով էլ Скачко-ն եզրակացնում է, թե ուժերը լրջորեն հաշվի առնելու դեպքում, հայերը պետք է հասկանան, որ իրենք այդ վիլայեթները վերցնելու հնարավորություն չունեն. «Դրանք վերցնել կարող են միայն Ռուսաստանի օգնությամբ, բայց նրանք պետք է հասկանան նաև, որ ռուսական Կարմիր բանակը այդպիսի պայմաններում երբեք չի նվաճի Վանը և Բիթլիսը նրանց համար, որովհետև Հայաստանի շահերի համար ներխուժել Թուրքիա կնշանակեր թուրք ժողովրդին և ամբողջ Արևելքին ապացուցել, որ Սովետական Ռուսաստանը շարունակում է Ցարական Ռուսաստանի քաղաքականությունը և ռուսական կոմունիզմը հանդիսանում է միայն քողարկված ռուսական իմպերիալիզմ»:


Դժվար չէ նկատել, որ Скачко-ն անտեսում է հարցի մյուս, թերևս ավելի լուրջ կողմը. ինչո՞ւ չի կարելի ենթադրել ճիշտ հակառակը, որ անտեսելով այնպիսի մի հարստահարված և կողոպտված ժողովրդի ազգային շահերը, ինչպիսին է հայ ժողովուրդը, ձեռք մեկնելով հայերի և Արևելքի մյուս ժողովուրդներին դարերով կեղեքող թուրքական իմպերիալիստներին, հավերժացնելով թուրքական լուծը Հայաստանի վրա, դրանով իսկ Սովետական Ռուսաստանը, փաստորեն, ձգտում է հավերժացնել թուրքական իմպերիալիզմի լուծը նաև քրդերի, արաբների, հույների և մյուս ճնշված ժողովուրդների նկատմամբ, որ այդպիսով ռուսական կոմունիզմը, փաստորեն, հանդիսանում է իմպերիալիստական բռնակալության քողարկված պաշտպանն ու զինակիցը, փոքր, ճնշված ժողովուրդների շահերը մեծ ազգերի զավթողական շահերին ենթարկելու պաշտպանն ու ջատագովը: Հավանաբար հենց այդպես էլ ընկալեցին սովետա-թուրքական ռազմական և քաղաքական զինակցությունը 1920-1921 թվականներին, որի հետևանքով էլ, իրականում, Արևելքի և ոչ մի ժողովուրդ չարձագանքեց скачко-ների, պավլովիչների կոչերին՝ համաշխարհային ռևոլյուցիայի հաղթանակի և եվրոպական կապիտալի տիրապետությունը տապալելու անհրաժեշտության մասին: Արդյո՞ք դա չէր պատճառը, որ Արևելքի ճնշված ժողովուրդներից և ոչ մեկը չհարեց «ռևոլյուցիոն» հորջորջված քեմալական Թուրքիային, բացի Սովետական Ռուսաստանից և Ադրբեջանից, և, ընդհակառակը, բոլոր արաբական ժողովուրդներն էլ գերադասեցին ընդունել Անգլիայի, Ֆրանսիայի մանդատները, պոկվեցին Թուրքիայից, համոզված լինելով, որ այդպիսով ավելի շուտ կհասնեն քաղաքական ազգային ինքնորոշման:


Պատմությունը լիովին հաստատեց հենց այս ենթադրության ճշտությունը: Վերջապես, ինչո՞ւ չենթադրել, որ եթե հենց սկզբից Սովետական Ռուսաստանի օգնությամբ (այն ոսկին, զենքը, հանդերձանքը և կամավորական գնդերը, որ տրամադրվում էին ռևոլյուցիայի դիմակ հագած թուրք փաշաներին ու բեկերին-եթե այդ օգնությունը տրվեր ճնշված և ինքնորոշման ձգտող հայ ժողովրդին) ստեղծվեր իրոք մեծ Հայաստան, ապա այսօրվա փոքրիկ Սովետական Հայաստանի փոխարեն մենք կունենայինք մեծ Սովետական Հայաստան, որի օրինակը հսկայական հեռանկարային դեր կարող էր խաղալ Մերձավոր և Միջին Արևելքի ճնշված ժողովուրդների համար, նրանց՝ ռևոլյուցիայի ավելի ակտիվ ռեզերվներ դարձնելու տեսակետից: Մյուս կողմից, այդ փաստը աշխարհին ցույց կտար, որ անպատիժ չեն կարող մնալ փոքր ժողովուրդների իրավունքները ոտնահարողները, և իսկական պատմական դաս կհանդիսանար առաջին հերթին հենց թուրք ժողովրդի համար, որը կբռներ իսկական սոցիալական ռևոլյուցիայի ուղին և ոչ թե կդառնար Քեմալ փաշայի ռևոլյուցիոն կատակերգության կույր գործիքը փաշաների տիրապետությունը և ստրկական լուծն իր ուսերին հավերժացնելու համար:


Սրանք հարցեր են, որոնց կողքով լռությամբ են անցել նրանք, ովքեր շտապել են թուրքական իմպերիալիզմի շահերին զոհաբերել Հայաստանը և հայ ժողովրդին, կարծելով, թե դրանով «նպաստում են» ռևոլյուցիայի զարգացմանը Արևելքում, և «ապահովում են» կոմունիզմի հաղթանակը Եվրոպայում և ... Թուրքիայում:
Եվ ցավալին այն է, որ աշխարհը երբեք չի հավատացել այդ զառանցանքին, նույնիսկ այդ առասպելի հորինողները հենց 1921-1922 թթ. արդեն գիտակցեցին, որ չարաչար մոլորության են մատնված, սակայն հրապարակավ չխոստովանեցին իրենց հիասթափությունը, որովհետև արդեն շատ ուշ էր սխալն ուղղելու համար, ուստի և գերադասեցին լռել, մինչդեռ այդ միրաժին կուրորեն հավատացող հայերից շատերը մինչ օրս էլ շարունակում են իրենց հրապարակախոսական և գիտական «հետազոտությունների» մեջ կրկնել նույն скачко-ների, պավլովիչների ցնորամտությունները «ռևոլյուցիոն» Թուրքիայի, հայ նացիոնալիստների «իմպերիալիստական» ձգտումների մասին»:


Բայց շարունակենք ունկնդրել Скачко-ին մինչև վերջ: Նրա կարծիքով՝ Սովետական Ռուսաստանը թեկուզ արդեն սոցիալիստական դարձած Հայաստանի համար չի կարող պայքար սկսել Թուրքիայի դեմ, որովհետև,- ասում է նա,- այդ «կնշանակեր ձախողել անգլիական իմպերիալիզմի դեմ ռևոլյուցիոն պայքարն ամբողջ Արևելքում»: Ավելին՝ «եթե նույնիսկ ժամանակակից Հայաստանում ծվարած փախստականները Վանից և Բիթլիսից ենթարկվեին աներևակայելի զրկանքների, եթե Թուրքիայում մնացած հայերը,- գրում է Скачко,-ն,- ներկայումս էլ շարունակեին ենթարկվել հալածանքների և հարստահարությունների կառավարության կողմից (ուզում է ասել, եթե Քեմալն էլ հայերի հետ վարվի այնպես, ինչպես Թալեաթն ու Էնվերը- Ն. Կ.), միևնույն է, Հայաստանին միառժամանակ ոչինչ չի մնում, քան հաշտվել դրա հետ և զոհաբերել համաշխարհային ռևոլյուցիայի շահերին և՛ իր նախկին տերիտորիաները, և՛ այնտեղ մնացած իր ժողովրդի խմբերը:

«Армении,- շարունակում է նա ցինիկորեն,- придется отказываться не только от территории, на которые она претендовала, но даже и от тех, которые уже входили в состав независимой Армении»: Խոսքը վերաբերում է ոչ միայն Արևմտյան Հայաստանին, այլև Կարսին և Արդահանին, որոնք «չպետք է դառնան կռվախնձոր Թուրքիայի և Հայաստանի միջև»,- խրատում է մեզ Скачко-ն:


Ինչո՞ւ, գուցե հարցնի ընթերցողը: Որովհետև,- պատասխանում է նա,- այդ մարզերի գրավումը դաշնակցական կառավարության կողմից հանդիսացել է «акт чисто импе-риалистическим», քանի որ նրանց բնակչության 67 %-ը (? !) մահմեդական է, ուստի և այդ մարզերը պահանջել ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքով «Армения не имеет никакого права»: Այդ մի կողմից:


Մյուս կողմից էլ,- գրում է Скачко-ն,- Կարսի և Արդահանի խնդրով շահագրգռված է ոչ միայն Հայաստանը, այլև Ռուսաստանը, որովհետև այդ վայրերը պլացդարմ են Կովկասի դարպասների մոտ:


«Кто владеет Карсом, тот владеет Закавказьем»: Բերելով Մարքսի այս խոսքերը, հոդվածագիրը ավելացնում է. բայց և այնպես «Սովետական Ռուսաստանը միջազգային հարցերին չի նայում իր «պետական» շահերի տեսակետից. նա հավատում է համաշխարհային պրոլետարական ռևոլյուցիայի հաղթանակին և գիտե, որ այդ հաղթանակի հետևանքով բոլոր պլացդարմները և նախադռները կորցնում են իրենց ամեն մի նշանակություն, այդ պատճառով էլ Սովետական Ռուսաստանը անընդունելի չի համարելու իր համար Կարսի և Արդահանի զիջումը և ժամանակավոր հանձնումը Թուրքիայի ձեռքը»:


Ինչպես նկատում է ընթերցողը, այստեղ մենք արդեն գործ ունենք Скачко-ի հինգերորդ նորամուծության հետ մարքսիզմ-լենինիզմի տեսական գանձարանում:
Ստացվում է, որ սովետական պետության համար նշանակություն չունեն իր պետական շահերը միջազգային հարցերում, որովհետև, նա ղեկավարվում է միայն համաշխարհային ռևոլյուցիայի հեռանկարի շահերով:


Սակայն մարքսիզմ-լենինիզմը պրակտիկայում՝ սովետական կառավարության արտաքին քաղաքականության պրակտիկայում, մեզ այլ բան է ասում, ճիշտ հակառակը՝ միջազգային բոլոր հարցերը քննելիս սովետական պետությունը ելնում է նախ և առաջ իր սեփական-պետական շահերից: Այլ կերպ էլ չէր կարող լինել, որովհետև սովետական պետությունը, հույսը դնելով համաշխարհային ռևոլյուցիայի հեռանկարի վրա և հավատալով նրա հաղթանակին՝ անընդհատ զիջումներ անելով կապիտալիստական տերություններին, վաղո՜ւց արդեն դադարած կլիներ գոյություն ունենալուց: Ավելին, սովետական պետությունը, ղեկավարվելով առաջին հերթին իր պետական շահերով, միջազգային հարցերում ոչ միայն աշխատում է ոչ մի զիջում չանել կապիտալիստական երկրներին, այլև ամեն միջոցի դիմում է հետ պահանջելու առաջներում կատարած այս կամ այն հարկադրական զիջումները, ուղղել պատմական անարդարությունները և նույնիսկ կորզել զիջումներ իր շահերի օգտին կապիտալիստական երկրներից: Հիշենք, թեկուզ, Արևմտյան ՈՒկրաինայի և Բելոռուսիայի, Մոլդավիայի և Հարավային Սախալինի հետգրավումները, որոնցից զրկվել էր Ռուսաստանը 1918-1921 թվականներին, հիշենք Կուրիլյան կղզիների հետգրավումը, որ Ռուսաստանը կորցրել էր ռուս-ճապոնական պատերազմում և որոնց կապակցությամբ նույն Ստալինը հրապարակայնորեն կրկնեց Կլեմանսոյի հայտնի ֆրազը, թե 40 տարի մենք սպասում էինք այս ժամին, հիշենք վերջապես, Վիբորգի շրջանի վերցնելը Ֆինլանդիայից և այլն, և այլն:
Միայն Հայաստանի նկատմամբ է, որ չի հիշվում պատմական անարդարությունն ուղղելու անհրաժեշտությունը, հավանաբար այն պատճառով, որ այժմ էլ Հայաստանը դիտվում է իբրև զոհ ինչ-որ շահերի, ռևոլյուցիայի՞, թե՞ նույն թուրքական իմպերիալիզմի շահերին, դժվար է կռահել: Բոլոր դեպքերում կատարյալ սուտ է և անշնորհք քաղաքական դեմագոգիա Скачко-ի հինգերորդ այդ տեսական հայտնագործությունը, որի նպատակն է մոլորեցնել և հիմարացնել աբովների, կարինյանների նման կույր մարդկանց:


Եվ այսպես, համաշխարհային կոմունիզմի հաղթանակը մեծագույն ազգային զոհողություններ է պահանջում, այդ միևնույն է, թե թուրքական ագրեսիվ նացիոնալիզմի մոլոխն է զոհեր պահանջում, ուստի և պետք է լիովին բավարարվեն Թուրքիայի «պետական-ազգային» այդ իմպերիալիստական պահանջները: Այդ պահանջները բավարարված կլինեն, եթե Հայաստանը և հայ ժողովուրդը զոհաբերվեն Թուրքիային: Դրա դիմաց Անգորայի կառավարությունից պահանջվում է, որ Թուրքիան էլ, ազգային զոհաբերություններ չանելով հանդերձ, այնուամենայնիվ, որոշ զիջումներ անի ռևոլյուցիայի շահերին՝ հասկանա, այո, այդ էլ մեծ «զիջում» է, գրեթե «ազգային զոհողություն», միայն հասկանա, որ «Սովետական Հայաստանը ամենևին էլ դաշնակցական Հայաստանը չէ, որ հայ կոմունիստների և դաշնակների միջև ոչ մի ժառանգական կապ չկա, դրա համար էլ անհեթեթություն կլիներ Սովետական Հայաստանին վերաբերվել այնպիսի թշնամանքով, ինչպես դաշնակցական Հայաստանին, և պահանջել հայ կոմունիստներից իրագործել դաշնակցականների հետ կնքած պայմանագիրը»:
(շարունակելի)

Նիկոլայ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Պատմաբան
15-18.12.1961 թ.

Դիտվել է՝ 2274

Մեկնաբանություններ